ԱՄՆ-ն որոշել է իր ռազմավարական պաշարներից համաշխարհային շուկա հանել մի քանի հարյուր միլիոն բարել նավթ
Թրամփը պնդում է, որ Իրանից էներգետիկ «նվեր» է ստացել՝ նշելով, որ այն կապված է Հորմուզի նեղուցի հետ։ Վերը նշված «նվերի» մասին իրագետ Արմեն Վարդանյանը նկատում է.
- Հորմուզի նեղուցի շրջափակումը և հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին բերել են գների կտրուկ աճի։ Մինչ պատերազմը նավթի բարելն արժեր մոտ 70$, հիմա՝ 119-120$։ ԱՄՆ-ն որոշել է իր ռազմավարական պաշարներից համաշխարհային շուկա հանել մի քանի հարյուր միլիոն բարել նավթ։ Կարծում եմ՝ Թրամփը հենց դա նկատի ուներ «լավ նվեր» ասելով։ Սրանից մեծ շահույթ կստանան նաև նավթ արտահանող այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը և Ադրբեջանը։
- Ձեր կարծիքով, կհաջողվի՞ ԱՄՆ-ին արաբական երկրներից կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի։
-Միասնական կոալիցիայի ստեղծումը կբախվի խոչընդոտների։ Ոչ բոլոր արաբական երկրներն են Իրանին նույն մակարդակի սպառնալիք համարում։ Ոմանք նախընտրում են չեզոքություն։ Սակայն Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները պատրաստ են միանալ արշավին, քանի որ ուղղակի հարվածներ են ստացել իրենց տարածքում գտնվող ամերիկյան բազաներին։ Սաուդյան Արաբիան և Կատարը պատերազմի այս մեկ ամսվա ընթացքում միլիարդներ են կորցրել։ Հաղորդվում է նաև, որ թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը դիտարկում է երկրի ավելի ակտիվ ներգրավվածության հնարավորությունը։ Կարծում եմ՝ տարածաշրջանում պատերազմը դեռ չի դադարի և կշարունակվի ևս երկու շաբաթ:

