Նիկոլի հետ կուկուռուզ ուտելն Ալենին չփրկեց
ՎերլուծությունԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին մասը: Եթե նայում ենք այդ ցուցակին ոչ թե որպես հերթական կուսակցական փաստաթուղթ, այլ որպես իշխանության ներսի իրական կառուցվածքի հայելային արտացոլում, ապա առաջին բանը, որ աչքի է ընկնում, հետեւյալն է՝ սա արդեն վաղուց «հեղափոխական թիմի» ցուցակ չէ։ Սա դասական իշխող համակարգի ցուցակ է՝ իր կենտրոնացվածությամբ, իր հիերարխիայով եւ, ամենակարեւորը, ոմանց հանդեպ լուռ անվստահությամբ։ Եվ ի տարբերություն ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակների՝ այստեղ հիմնական ինտրիգը ոչ թե այն է, թե ով է առաջին համարում, այլ` ով իրականում որքան ազդեցություն ունի դեռ իշխանական երկար ցուցակի ներսում։
283 հոգանոց ցուցակի վերին հատվածում հավաքված են այն մարդիկ, որոնք ոչ միայն պաշտոններ ունեն, այլ նաեւ արտացոլում են իշխանության թե՛ ապագայի քաղաքական տեսլականը, թե՛ այն, ովքեր են շարունակում մնալ Փաշինյան Նիկոլին ամենահավատարիմների շարքում:
Այսպիսով՝ գլոբալիստներին ավելի հարազատ, հակառուսական թունդ հռետորաբանությամբ աչքի ընկած, Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ ջերմ հանդիպում ունեցած Ալեն Սիմոնյանը, որն այժմ զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, իշխող թիմի վերին «կռուգում» չկա: Նա հայտնվել է 14-րդ հորիզոնականում: Ալեն Սիմոնյանին չօգնեց քարոզչական «ուրախ ավտոբուսում» Փաշինյան Նիկոլի հետ «կուկուռուզ» ու «պեռաշկի» ուտելը: Մինչդեռ բարձր գնահատվեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պարելը նույն ավտոբուսում, եւ վերջինս դարձավ առաջին կին պատգամավորի թեկնածուն ՔՊ-ի ցուցակում:
Հատկանշական է նաեւ այն, որ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ցուցակում 7-րդ տեղում է: Այո՛, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբինյանն ավելի գնահատվեց իշխող թիմում: Ըստ էության, սա նշանակում է, որ ՔՊ-ում գլոբալիստները հետ են մղվում, իսկ Թուրքիայի համար ընդունելի գործիչներն առաջ են գնում: Եվ ահա այս համատեքստում պետք է դիտարկել այն, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում:
Ցուցակում հակակշիռների դասավորությունը նաեւ հուշում է, որ իրականում զգուշորեն կառուցված հավասարակշռություն է դրվել ցուցակի հիմքում, որտեղ յուրաքանչյուրը հակակշիռ է մյուսների նկատմամբ։ Սա վկայում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը լիարժեք չի վստահում որեւէ մեկին այնքան, որ թույլ տա դառնալ անկասկած «երկրորդ մարդ»։
Այնպես որ, հիմա մնում է Ալեն Սիմոնյանին «կուկուռուզի» փոխարեն՝ մատները կրծել եւ հասկանալ՝ իշխանության հնարավոր վերարտադրության դեպքում՝ արդյոք ԱԺ նախագահի աթոռը վերապահվելու է իր տեղակալ Ռուբեն Ռուբինյանին, թե՞ ցուցակում անմիջապես իրեն հաջորդող ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, ինչի մասին տեւական ժամանակ է մամուլում խոսակցություններ են շրջանառվում։
«ՍԵՎԵՐԻ ՈՒ ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» ԲԱԺԱՆՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՆ
Իսկ թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, ոչ պակաս ուշագրավ է: Գործարար Սամվել Կարապետյանի նախընտրական թիմի մամուլի խոսնակի վերջին հայտարարությունը՝ թե «բաց են նոր ուժերի համար, ովքեր նախկինում չեն եղել իշխանություն», առաջին հայացքից կարող է ընկալվել որպես թարմացման եւ քաղաքական դաշտի վերակազմավորման կոչ։ Սակայն եթե փորձենք խորանալ այս ձեւակերպման բովանդակային շերտերի մեջ, կտեսնենք, որ այն ոչ այնքան նոր գաղափար է, որքան արդեն ծանոթ քաղաքական տեխնոլոգիայի վերարտադրություն։
Ի վերջո, ինչո՞վ է տարբերվում այս մոտեցումը Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականին շրջանառության մեջ դրված «սեւերի ու սպիտակների» բաժանման տրամաբանությունից։ Այն ժամանակ եւս հանրությանը ներկայացվեց պարզեցված երկբեւեռ պատկեր՝ «մաքուր» նորերը ընդդեմ «կոռումպացված» նախկինների։ Այսօր նույն մեխանիզմը, ըստ էության, վերափաթեթավորվում է՝ «նախկիններ» եւ «ոչ նախկիններ» բաժանմամբ։
Սակայն այստեղ առաջանում է մի քանի էական հարց։ Նախ՝ արդյո՞ք քաղաքական փորձի բացակայությունը կարող է դիտարկվել որպես առավելություն։ Պետական կառավարման համակարգը պահանջում է ոչ միայն «նոր դեմքեր», այլեւ հստակ գիտելիք, փորձ եւ ինստիտուցիոնալ հիշողություն։ «Նախկին» լինելու հանգամանքը ինքնին չի կարող լինել որակական բացասական բնութագիր, ինչպես նաեւ «նոր» լինելը՝ ինքնին դրական։
Ավելին, եթե դիտարկենք՝ Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժման ներսը, ապա ակնհայտ է դառնում հակասությունը հայտարարված սկզբունքների եւ իրական կազմի միջեւ։ Շարժման քարոզչական շտաբի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 90 տոկոսը, ըստ տարբեր գնահատականների, կազմված է հենց այն մարդկանցից, ովքեր տարբեր փուլերում առնչություն են ունեցել նախկին իշխանական համակարգերի հետ։ Այսինքն՝ գործնականում մերժվում է այն, ինչ դե ֆակտո առկա է թիմի ներսում։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի ընտանիքը եւս անմասն չի եղել նախկին քաղաքական էլիտայից։ Նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, տարիներ շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր եւ համարվել է նախկին իշխանական համակարգի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Հետեւաբար, «նախկինների» վերաբերյալ կոշտ սահմանազատումը դառնում է առավել քան հարաբերական։
Եվ վերջապես՝ կա ամենակարեւոր հարցը։ Հայաստանի Հանրապետությունը շուրջ երեք տասնամյակ ձեւավորել է քաղաքական, վարչական եւ հասարակական շերտեր, որոնց զգալի մասը այս կամ այն կերպ առնչվել է իշխանության հետ։ Այս պայմաններում ո՞ւմ են պատկերացնում «նոր ուժերի» դերում։ Ո՞ւմ հետ են պատրաստվում աշխատել, եթե սկզբունքորեն սահմանափակում են համագործակցությունը «նախկինների» հետ։
Չի բացառվում, որ «բաց ենք նոր ուժերի համար» ձեւակերպման իրական հասցեատերը ոչ թե հասարակության լայն շերտերն են, այլ հենց գործող իշխանությունը։ Այսինքն՝ ստացվում է հետաքրքիր պարադոքս․ հրապարակավ մերժվում է «նախկինը», բայց դուռը, ըստ էության, բաց է մնում «ներկայի» համար։
Այս ամենը վկայում է, որ գործ ունենք ոչ թե գաղափարական նորարարության, այլ հին քաղաքական բաժանարար գծերի վերարտադրության հետ՝ պարզապես նոր փաթեթավորմամբ։ Իսկ հասարակությունը, որն արդեն մեկ անգամ անցել է «սեւ-սպիտակի» փորձության միջով, թերեւս հուսանք ունի բավարար փորձ՝ տարբերելու իրական փոփոխությունը քաղաքական հռետորաբանությունից։
ՉԿԱ Ո՛Չ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ո՛Չ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Ներքաղաքական դաշտում ձեւավորվող պատկերը գնալով ավելի հստակ է դառնում․ հայտարարվող միավորումների, «նոր էջերի» եւ «նոր որակի քաղաքականության» մասին բարձրագոչ ձեւակերպումների տակ իրականում շարունակվում է նույն՝ արդեն սպառված տրամաբանության վերարտադրությունը։ Եթե իշխանության դեպքում տեսնում ենք վերահսկվող բազմակենտրոնություն՝ անվստահության հաշվարկված բաշխմամբ, ապա ընդդիմադիր բեւեռում՝ հակառակ ծայրահեղությունը՝ կոշտ կենտրոնացում մեկ անձի շուրջ եւ քաղաքական դաշտի արհեստական սեղմում «կամ-կամ»-ի շրջանակում։
Սամվել Կարապետյանի թիմի կողմից շրջանառվող թեզը, ըստ որի, քաղաքական պայքարը հանգում է երկընտրանքի՝ «կամ գործող վարչապետը, կամ ինքը», առաջին հայացքից կարող է ընկալվել որպես հստակության դրսեւորում։ Սակայն իրականում դա քաղաքական դաշտի վտանգավոր պարզեցում է։ Այս մոտեցումը ոչ միայն բացառում է համագործակցության հնարավոր տարբերակները, այլեւ նախապես փակուղու մեջ է դնում ցանկացած հետընտրական սցենար, որտեղ անհրաժեշտ է լինում ճկունություն, բանակցային կարողություն եւ լայն կոնսենսուս։
Քաղաքական համակարգերում, հատկապես այնպիսի բարդ անվտանգային եւ արտաքին մարտահրավերներ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, «կամ-կամ»-ը գրեթե միշտ տանում է դեպի բեւեռացում, այլ ոչ թե կայունություն։ Իսկ բեւեռացված հասարակությունը, ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, հեշտ կառավարելի չէ նույնիսկ ուժեղ իշխանության համար, էլ չասած՝ նոր ձեւավորվող ուժերի։
Ավելին, նման կոշտ սահմանագծումը հակասում է նույն այդ թիմի կողմից հռչակված «բաց լինելու» սկզբունքին։ Եթե դու հայտարարում ես, որ պատրաստ ես ընդունել նոր ուժերի, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի նաեւ քաղաքական բազմազանության ընդունումը։ Սակայն երբ միաժամանակ գծում ես կարմիր գիծ՝ բացառելով այլ կենտրոնների գոյությունը, ստացվում է, որ «բաց լինելը» դառնում է ձեւական, իսկ իրական նպատակը՝ մենաշնորհային դիրքի ապահովումը ընդդիմադիր դաշտում։
Սա արդեն տեսել ենք։ Նման տրամաբանությամբ կառուցված քաղաքական նախագծերը սովորաբար ունենում են կարճաժամկետ մոբիլիզացիոն էֆեկտ, սակայն երկարաժամկետում բախվում են նույն խնդրին՝ համակարգային գործընկերների բացակայությանը։ Քաղաքականությունը միայն ընտրություն շահելը չէ․ այն նաեւ հետընտրական կառավարումն է, որտեղ առանց դաշնակիցների, առանց ինստիտուցիոնալ հենարանների, առանց փորձի՝ ցանկացած հաղթանակ կարող է վերածվել արագ ձախողման։
Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր դաշտում բացակայում է այն, ինչ կարելի է անվանել պրագմատիկ օրակարգ։ Քննադատությունը կա, երբեմն՝ սուր, երբեմն՝ նույնիսկ տեղին, բայց չկա հստակ առաջարկ այն մասին, թե ինչ է փոխվելու կառավարման համակարգում, արտաքին քաղաքականության մեջ, անվտանգության ոլորտում։ Փոխարենը առաջարկվում է պարզեցված քաղաքական բանաձեւ՝ անձերի փոփոխություն առանց համակարգային վերափոխման հստակ մեխանիզմների։
Ազգային միասնության մասին խոսելը այս պայմաններում դառնում է ավելի շուտ հռետորաբանություն, քան իրական քաղաքական նպատակ։ Միասնությունը ենթադրում է ներառականություն, տարբեր խմբերի շահերի հաշվառում, հակասությունների կառավարում։ Իսկ երբ քաղաքական դաշտը կառուցվում է բացառման, պիտակավորման եւ կտրուկ հակադրության վրա, միասնության մասին խոսքը կորցնում է իր բովանդակությունը։
Այս ամենի արդյունքում ձեւավորվում է մի պարադոքսալ իրավիճակ․ մի կողմից՝ կա հանրային պահանջ փոփոխության նկատմամբ, մյուս կողմից՝ այդ պահանջը սպասարկող քաղաքական ուժերը չեն առաջարկում այնպիսի մոդել, որը կարող է իրականում ապահովել կայուն եւ երկարաժամկետ փոփոխություն։ Արդյունքում ստեղծվում է փակ շրջան, որտեղ իշխանությունը պահպանվում է ոչ միայն իր ուժեղ կողմերի, այլեւ ընդդիմության թուլությունների հաշվին։
Եթե այս տրամաբանությունը չփոխվի, ապա ցանկացած չկայացած իշխանափոխության հիմնական պատասխանատվությունը բաժանվելու է ոչ միայն գործող իշխանության, այլեւ այն ուժերի միջեւ, որոնք հավակնում են այն փոխարինել, սակայն չեն կարողանում դուրս գալ նույն քառակուսի քաղաքական մտածողության շրջանակներից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

