Ժող ջան, լա՞վ ես. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԳործարար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ առաջնորդած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» նախընտրական դաշինքը հանդես եկավ հրատապ ասուլիսով ու բողոքի ակցիայով՝ կապված ընտրական օրենսգրքում այս օրերին փոփոխություններ կատարելու իշխանության նախաձեռնության հետ։ Մասնավորապես՝ օրենքով ուզում են արգելել կուսակցությունների կամ դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ ԱԺ-ի դիմաց, հիշեցնում էր ոչ թե քաղաքական պայքար, այլ՝ վատ կազմակերպված փիառի փորձ։ Ավելի շատ լրագրողներ ու ոստիկաններ կային, քան բուն ակցիայի աջակիցներ, ինչը դարձավ իշխանության ոչ թե զգոնության ու սթափության, այլ հեգնանքի առարկա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ էության, բացահայտ ծաղրի ենթարկեց ակցիան՝ ակնարկելով, որ հայտարարած թվերն ու իրականությունը որեւէ աղերս չունեն։ Իսկապես՝ եթե խոսվում էր հազարավոր աջակիցների մասին, ապա որտե՞ղ էին նրանք։ Որտե՞ղ էին այն 4 քաղաքական ուժերը, որոնք միացել էին նախաձեռնությանը։ Որտե՞ղ էին հայտարարված 27 հազար կամավորները։ Փաստացի՝ հրապարակում կանգնած էր մի քանի տասնյակ մարդ, եւ եթե սա է առաջատար ընդդիմադիր ուժը, ապա մնում է ավելացնել՝ վա՜յ մեզ:
Իսկ նիկոլական քարոզչամեքենայի հերթական թիրախը, մեղմ ասած, շոկային է՝ անգամ մեր օրերի խեղաթյուրված արժեհամակարգի ֆոնին։ Երեւանի Հակոբ Կոջոյանի անվան պետական կրթահամալիրի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆԸ, որը վաղուց արդեն հայտնի է իր ընդգծված իշխանական կողմնակալությամբ, այս անգամ անցել է բոլոր սահմանները՝ թույն ու թարախ թափելով 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հասցեին։ «Դուք մտավորական չեք… Դուք ողորմելի կամակատար եք…», - այսպիսի բառապաշարով է խոսում կրթօջախի տնօրենը, որը կոչված է սերունդ դաստիարակելու, բայց իրեն ամբողջովին նվիրել է Ամալյանի քննադատություններից իշխանությանը պաշտպանելու «սուրբ գործին»: Ավելին, տիկին Երեմյանը չի սահմանափակվել անձնական վիրավորանքներով։ Նա, փաստացի, կասկածի տակ է դնում նաեւ զոհվածի հիշատակի արժեւորումը՝ հայտարարելով, թե Ամալյանն իր դիրքորոշմամբ «զրոյացնում է որդու զոհաբերությունը»։ Այսինքն՝ իշխանամետ մտածողությունը հասել է այնտեղ, որ անգամ զոհվածի ծնողը պետք է «ճիշտ» կարծիք ունենա, հակառակ դեպքում՝ կենթարկվի հանրային պարսավանքի։ Այսքանից հետո՝ հարց է ծագում՝ ո՞վ եք դուք, որ դատեք որդեկորույս հորը:
ՔՊ-ական պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ էլ հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել: «Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի, նա բարձրակարգ մարդ է», - ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Եվ հարցն այստեղ այլեւս միայն մեկ անհատի խոսքը չէ։ Խնդիրը այն ենթատեքստն է, որը պարունակում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողի հնչեցրած միտքը: Փաստացի, ստացվում է, որ գիտելիքն ու «բարձրակարգ» լինելն ազատո՞ւմ են զինվորական ծառայությունից։ Եթե՝ այո, ապա ինչպե՞ս հասկանալ հազարավոր երիտասարդների ծառայությունը, որոնք, ըստ այս տրամաբանության, ստացվում է՝ կա՛մ բավարար «գիտելիք չունեն», կա՛մ «բարձրակարգ» չեն։ Ինչ խոսք, հասարակական արձագանքը չուշացավ։ Այդ շարքում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշել է. «Ժող ջան, լա՞վ ես... Ձեր ցածրակարգ ու շատ լավ գիտելիք չունեցող երեխեքը թող գնան ծառայեն, որ սուպերնախկին նիկոլական «հրեշ» Անդոյի կողմից գովաբանված իր տղան չգնա ծառայի... »:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

