Ինչպես է «Գավիթ» թատրոնը Մոսկվայում պահպանում ազգային ինքնությունը
ՄշակութայինԹԱՏՐՈՆ, ՈՐԸ ՏՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ
Մոսկվայի հայկական «Գավիթ» թատրոնը տասնհինգ տարուց ավելի է, ինչ դարձել է ոչ միայն մշակութային, այլեւ համայնքային կարեւորագույն օջախներից մեկը: Թատրոնը հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ։ Նա է տվել թատրոնի ստեղծման օրհնությունը եւ աջակցել դրա զարգացմանը: Մոսկվայի հայկական եկեղեցուն կից գործող այս թատրոնն առանձնանում է ոչ միայն իր խաղացանկով, այլեւ` մոտեցմամբ. այստեղ դերերը գրվում են կոնկրետ դերասանների համար, իսկ ներկայացումների հիմնական հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱՄԼԵՏ ՂԱԼԵՉՅԱՆՆ է: Նրա հետ «Իրավունք»-ը զրուցել է թատրոնի ներկայի, ապագայի ու առաքելության մասին:
«ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆ ՈՒՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԵՆԴ»
— Պարոն Ղալեչյան, այս պահին ի՞նչ ներկայացումների վրա եք աշխատում:
— Հիմա աշխատում եմ «Թակարդի» վրա, որը գրել եմ 2025 թվականին: Այն հանցագործ բլոգերների մասին է: Մյուս պիեսը՝ «Վարդագույն քաղաք»-ը, ռոմանտիկ վոդեւիլ է՝ նվիրված Երեւանին: Այն գրել եմ 2024-ին, սակայն դերակատարների հետ կապված խնդիր առաջացավ. մի քանիսը լքեցին Մոսկվան, իսկ դերերը գրված էին հենց նրանց համար: Ուստի՝ այդ ներկայացումը դեռ բեմադրել չեմ կարողացել: Հույս ունեմ, որ այս ամռանը կյանքի կկոչեմ այն:
Նաեւ ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն բեմադրել ենք «Ծնունդդ շնորհավոր, սիրելիս» ներկայացումը, որն էլի իմ գրած գործն է: Այն սոցիալական կոմեդիա է: Եվ հիմա մեր խաղացանկում է: Ներկա պահին մեր խաղացանկում կա «Մեկը երկուսի համար» ներկայացումը, որը մեծ սեր է վայելում հանդիսատեսի շրջանում: Խաղացել ենք մի քանի ռուսական քաղաքներում: Մոսկվայում խաղում ենք ամսական 4-6 անգամ: Ներկայացումը բեմ է բարձրացել 2021 թվականի դեկտեմբերին, եւ խաղում ենք մինչեւ այսօր: Ներկայացման մեջ զբաղված են Արման Նավասարդյանը եւ Աշոտ Քեշյանը: Այն կատակերգական ներկայացում է` Մոսկվայի հիվանդանոցներից մեկում երկու հայերի պատահական հանդիպման մասին: Արտագնա աշխատանքի եկած Արմենակը սխալմամբ հայտնվում է կլինիկայում, որտեղ արդեն գտնվում է հայ գործարար Արմենը: Նրանց վեճերում ու զավեշտական իրավիճակներում բացահայտվում են հայրենիքի, ընտանիքի եւ կյանքի մասին կարեւոր հարցեր: Այդ պիեսի մոտիվներով արդեն ֆիլմ է նկարվել, որը, հուսանք, շուտով էկրան կբարձրանա:
— Ֆիլմը Մոսկվայո՞ւմ եք նկարել:
— Այո, նկարել ենք Մոսկվայում՝ նույն դերակատարներով: Ֆիլմի ռեժիսորը ես եմ: Ֆիլմը նկարահանել ենք «Անդրեասյան եղբայրներ» կինոընկերությունում:
— Ունե՞ք նոր նախագծեր:
— Այո, այսուհետ մեր թատրոնն ունի երաժշտական բենդ, որը կոչվում է «Գավիթ մյուզիք փրոջեքթ»՝ Գավիթի երաժշտական նախագիծը: Թատրոնի երաժշտական ղեկավարը կոմպոզիտոր Արթուր Մկրտչյանն է՝ իմ ուսանողական տարիների ընկերը, ով 2018 թվականից ի վեր հեղինակել է իմ բոլոր ներկայացումների (այդ թվում՝ ամանորյա բեմադրությունների) երաժշտությունը։
Մեր առաջին համատեղ աշխատանքը «Վերջին արքա» ներկայացումն էր։ Նույն տարվա ամռանը այդ ներկայացմամբ հանդես եկանք նաեւ Հայաստանում. Դիլիջանում բացօթյա ներկայացում ցուցադրեցինք Սփյուռքից ժամանած շուրջ վեց հարյուր երիտասարդի համար։
Եվ մինչ այսօր շարունակում ենք բեմադրել այդ ներկայացումը։ Ճիշտ է, այն հաճախ չենք խաղում՝ տարեկան ընդամենը մի քանի անգամ, քանի որ ներկայացումը արեւմտահայերեն է, իսկ Ռուսաստանում ոչ բոլորն են տիրապետում արեւմտահայերենին։ Այնուամենայնիվ, ներկայացումը միշտ ջերմ ընդունելության է արժանանում եւ մեծ արձագանք է գտնում հանդիսատեսի շրջանում։
«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ «ԱՆԱՎԱՐՏ ԴԱՏ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ»
— Աշխատանքում լինո՞ւմ են իրավիճակներ, որոնք հետո ժպիտով եք հիշում:
— Գրեթե ամեն ինչ ժպիտով ենք հիշում: Պատրաստվում էնք «Անավարտ դատ» ներկայացմանը: Ես, Հմայակը եւ Արգիշտն իրարից 4-5 տարվա տարիքային տարբերություն ունենք: Մեկը մի ռիթմով է խոսում, մյուսը՝ ուրիշ ռիթմով: Որպեսզի համախմբվենք, սկսեցինք տրենինգներ անել, իրար զգալ, սովորել: Պիեսի փորձերի ժամանակ տեքստը գիտեինք, միզանսցենը ես էի բեմադրել, բայց ընդհանուր ռիթմի բացակայության պատճառով իրար չէինք զգում: Դրա համար սկսեցինք Միխայիլ Չեխովի տրենինգները, շնչառական վարժություններն անել: Մի անգամ հատակին նստած` վարժություններ էինք անում, եւ տղաներից մեկը հանկարծ ծիծաղեց. «Պատկերացնո՞ւմ եք՝ 40 տարեկան տղերք ենք, մեր հասակակիցները զբաղված են մեքենա տանել-բերելով, ապրանք ընդունել-չընդունելով, իսկ մենք նստել ենք գետնին, շնչառական վարժություն ենք անում»: Ամեն անգամ ծիծաղով ենք հիշում այդ պահը:
— Ո՞րն է «Գավիթ» թատրոնի ամենակարեւոր ձեռքբերումը:
— Մեր թատրոնի ամենակարեւոր ձեռքբերումը հանդիսատեսի սերն է: Հանդիսատեսը մեզ սիրում է, եւ մենք էլ մեր հանդիսատեսին: Այդ սերը փոխադարձ է, եւ դա է ոգեւորում մեզ նոր աշխատանքներ անելու, դժվարությունները հաղթահարելու: Այս սիրո շնորհիվ ենք մենք արդեն 15 տարուց ավելի աշխատում, եւ տարեցտարի աճում է մեր հանդիսատեսի թիվը:
— Ռուս հանդիսատեսն ինչպե՞ս է ընդունում ազգային ու հոգեւոր թեմատիկայով ներկայացումները:
— Մեզ մոտ հիմնականում ազգային թեմատիկան է գերակշռում: Այն այնքան ջինջ ու անաղարտ է, որ չեն կարող չընդունել: Մենք ունենք ռուսերեն «Пчелиный луг» ներկայացումը, որը հայերի ու Հայաստանի մասին շատ հուզիչ դրամա է: Պատմությունը 90-ականների մասին է, երբ փակվել էին գործարանները, երկրում համատարած գործազրկություն էր: Չնայած ներկայացման մեջ անընդհատ խնդիր կա՝ ինչ-որ մեկը ստիպված է հեռանալ երկրից, այնտեղ չկան վատ մտքեր ու արտահայտություններ: Ոչ մի բացասական կերպար չկա, ոչ մի պատերազմի մասին խոսք չի գնում: Բայց մթնոլորտն ամբողջովին հուզիչ է: Տարիներ անց, երբ հրավեր ստացանք Եվրոպա գնալու, խնդիր առաջացավ, որ ռուսերեն չեն հասկանա: Իմ կինը, որը ներկայացումը երեք անգամից ավելի էր տեսել, զարմացած հարցրեց. «Ինչպես թե «Пчелиный луг»-ը հայերեն չի՞»: Այսինքն՝ այդքան հայկական է այն:
Այդ ներկայացմամբ, երբ առաջին անգամ Սանկտ Պետերբուրգ հյուրախաղերի գնացինք, այնտեղ պրոֆեսիոնալ թատերական քննադատ կար նստած, նրա հետ՝ այդ թատրոնի դերասաններն ու ռեժիսորները: Հետո նրանք մոտեցան, շատ ջերմորեն ողջունեցին մեր համարձակությունը, որ կարող ենք այդքան ազատ ու հանգիստ խոսել: «Пчелиный луг»-ը շատ լավ ընդունվեց թե՛ հայերի, թե՛ ռուսների կողմից:
Հանդիսատեսի կողմից շատ լավ ընդունվեց նաեւ «Беги, Гаянэ, беги» ներկայացումը, որն արդեն 18 տարի խաղում ենք: Ի դեպ, այս ներկայացումն ավելի շուտ է ստեղծվել, քան «Գավիթ» թատրոնը: Մինչ «Գավիթ»-ը հիմնելը, ես սկսեցի դասավանդել Հայորդաց տանը, եւ հայ դերասաններով ստեղծեցինք «Վերնատուն» թատերական միությունը, որտեղ բեմադրեցինք երեք ներկայացում, որից մեկն էլ այս էր: Կար ժամանակ, երբ մեր հանդիսատեսը 60-40 հարաբերակցությամբ էր. 60 տոկոսը ռուսներն էին, որ գալիս էին հայկական ներկայացում դիտելու:
Ունենք նաեւ «Մահու չափ մեղա» ռուսերեն ներկայացումը, որը թմրամոլ աղջկա պատմություն է: Այն մեծ արձագանք ստացավ ռուս հանդիսատեսի մոտ: Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի կրթական ոլորտից նույնիսկ առաջարկ ստացանք խաղալ դպրոցների բարձր դասարաններում, քանի որ ներկայացումն ունի նաեւ դաստիարակչական բնույթ:
«ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆ ԱՌԻԹ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ 7 ԸՆՏԱՆԻՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ»
— Թատրոնի մանկական ներկայացումները խաղում են միայն հայերե՞ն լեզվով:
— Այո, մեր բոլոր ամանորյա ներկայացումները հատուկ բեմադրվում են հայերեն, որպեսզի հայ երեխան առիթ ունենա լսելու հայոց լեզուն, իսկ հայ ծնողը առիթ ունենա նկատելու, թե որքանով է իր զավակը տիրապետում հայերենին:
— Դերասան-ռեժիսոր հարաբերություններն ինչպիսի՞ն են Ձեր թատրոնում:
— Այդ առումով մեզ մոտ նման է Ճապոնիային: Ինչպես գիտենք, ամբողջ աշխարհում աշխատանքի համար մարդ են փնտրում, իսկ Ճապոնիայում հասարակությունն այնպես է ձեւավորված, որ մարդու համար են աշխատանք փնտրում՝ հաշվի առնելով, թե նրան ինչն է ավելի հարմար: Նույնը մեր թատրոնում է: Պիեսների 90 տոկոսը ես եմ գրում, եւ ամեն դերասանի համար դերը գրվում է անհատապես:
Իմ դերասաններից շատերը թատրոնում են սովորել հայերեն խոսել: Նաեւ մեր թատրոնն առիթ է հանդիսացել 7 ընտանիքի ստեղծման: «Пчелиный луг»-ը, որի մասին խոսեցի, 2016 թվականից ի վեր մի քանի անգամ դադարեցրել ենք խաղալ, քանի որ գրեթե չի եղել ամիս, որ հղի կին չլինի բեմում: Այդ ներկայացման ընթացքում 13 երեխա է ծնվել: Արդեն ընտանիքների ստեղծումով ես համարում եմ, որ թատրոնը հաղթած է, որովհետեւ հայ ընտանիքներ են ստեղծվել, հայ երեխաներ են ծնվել: Շատ ամուր ընտանիքներ են ստեղծվել, որոնց կնքահայրը ես եմ:
— Երբեւէ զգացե՞լ եք Ձեր ներկայացումների ազդեցության ուժը:
— «Пчелиный луг» ներկայացումից հետո շատ մարդկանց գիտեմ, որ վերադարձել են Հայաստանում ապրելու: Մեր մոսկովյան իրականության մեջ մի բավականին հայտնի անձնավորություն ներկայացումից անմիջապես հետո մեկնեց հայրենիք: Մեր ներկայացման մեջ կա մի արտահայտություն. «Գնում եմ տուն, մտնում եմ այգիս, ձեռքերս մտցնում հողի մեջ: Հայրենի հողի ընդերքից ստանում եմ մեր պապերի աշխատասիրությունը, էներգիան»: Այս դրվագը շատ հաճախ եմ տեսնում սոցցանցերում, որ մեր հանդիսատեսը դա անում է: Այսինքն՝ այդքան է ներազդել ներկայացումը: Եվ իմ ամենօրյա աշխատանքով փորձում եմ պահպանել այդ էմոցիոնալ կապը, որպեսզի հայը չկտրվի Հայաստանից:
— Ձեր արվեստո՞վ ինչ կցանկանայիք պատմել աշխարհին:
— Ես ոչ մեկին ոչինչ չեմ ուզում ապացուցել, մանավանդ իմ արվեստով: Իմ ներկայացումները մեր հույզերի, մեզ հուզող թեմաների մասին են:
Մենք ապահովում ենք էմոցիոնալ կապը հայրենիքի հետ: Հավատքից, լեզվից հետո հայի համար շատ կարեւոր է այդ էմոցիոնալ կապը պահել: Երբ Սփյուռքի հայը դադարի էմոցիոնալ կապ ունենալ հայրենիքի հետ, Սփյուռքի եւ հայրենիքի կապը կկտրվի: Իսկ հայկական եկեղեցին միայն հոգեւոր մասը չի ապահովում, այլեւ ապահովում է այդ ազգային էմոցիոնալ կապը: Դրա գործոններից մեկն էլ հենց մենք ենք, որ գործում ենք եկեղեցուն կից:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
ՄՈՍԿՎԱ - ԵՐԵՎԱՆ

