50 տարի սրտի պահպանության գործում․ Հանճարեղ սրտի վիրաբույժ Բագրատ Ալեքյանը 75 տարեկան է
ԱռողջապահականՀոբելյան
Բագրատ Գեղամի Ալեքյանը փայլուն սրտի վիրաբույժ է, Ռուսաստանի առողջապահության նախարարության ռենտգենյան էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գլխավոր մասնագետ է, պրոֆեսոր (1993), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (2005), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2011), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2013), Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2011): Ալեքյանի գրչին են պատկանում ավելի քան 900 գիտական աշխատություններ, այդ թվում՝ 11 մենագրություններ ու գրքեր: Բագրատ Ալեքյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր է գիտության և տեխնոլոգիայի բնագավառում (2015), Ռուսաստանի Դաշնության շքանշանների ասպետ է՝ «Բարեկամության» (2006), «Պատվո» (2014) և «Ալեքսանդր Նևսկու» (2021), ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2016) և 1-ին աստիճանի (2021) շքանշանների՝ «Հայաստանում սրտանոթային վիրաբուժության զարգացման գործում ունեցած ներդրման համար»: Երևանի կլինիկաներից մեկում ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքը կոչվում է Բագրատ Ալեքյանի անունով։
Բագրատ Ալեքյանի պապը՝ Բագրատ Ալեքյանը, ծնվել է 1872 թվականին Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում՝ աղքատ գյուղացիական ընտանիքում։ 33 տարեկանում նա ամուսնացել է Վարդանուշ Սարդարյանի հետ։ Նրանք զբաղվել են հողագործությամբ, իսկ ձմռան ամիսներին ապրուստը վաստակում էին դերձակությամբ։ Նրանք ունեցել են յոթ երեխա։ Գեղամը՝ որդիներից ավագը՝ մեր հոբելյարի հայրը, 1937 թվականին նշանակվել է դպրոցականների համար հրատարակվող «Պիոներ կանչ» թերթի պատասխանատու խմբագիրը։ 1940 թվականին Գեղամ Բագրատովիչը ընտրվել է Հայաստանի Լենինյան կոմունիստական երիտասարդական միության (ԼԿԵՄ) Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար։ 1942-1948 թվականներին նա ղեկավարել է հանրապետության կոմերիտմիությունը։ Այնուհետև նա զբաղեցրել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղարի, Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղարի և Լենինականի (Գյումրու) շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնները։ Աշխատանքային կարմիր դրոշի եռակի, ինչպես նաև «Պատվո նշան» շքանշանի ասպետ է։
Իր «Պատգամ իմ զավակներին» («Наказ чадам моим») գրքում Գեղամ Բագրատովիչը գրել է. «Հազար անգամ ճիշտ է մեր հանճարեղ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որն ասում է. «Մարդ չպիտի մտածե աշխարհից բան տանելու մասին, այլ աշխարհում բան թողնելու մասին»»: Այս պատգամին է իր ողջ կյանքի ընթացքում հետևել նշանավոր պետական ու հասարակական գործչի որդին՝ ականավոր սրտի վիրաբույժ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանը։
1980 թվականին Բագրատ Գեղամովիչը պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը «Հետինֆարկտային կարդիոսկլերոզ ունեցող սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների սրտասնույց անոթները, հեմոդինամիկան և սրտամկանի կծկողական ֆունկցիան վիրաբուժական բուժման տեսանկյունից» թեմայով։
Այդ օրը նշանավոր իրադարձություն էր նրա բոլոր հարազատների ու մտերիմների համար։ Սակայն առանձնակի ուրախությամբ էին փայլում նրա ծնողների աչքերը, որոնք հատուկ եկել էին Մոսկվա։ Գիտական խորհրդի նիստից հետո՝ երեկոյան խնջույքի (բանկետ) ժամանակ, Բագրատ Գեղամովիչի ընկերների և հարազատների, ինստիտուտի ղեկավարների ներկայությամբ, հայրը, լսելով բազմաթիվ բարի խոսքեր իր որդու, նրա գործունեության ու հեռանկարների մասին, ասաց, որ, իր կարծիքով, որդին պետք է շարունակի իր աշխատանքը Մոսկվայում։
1986 թվականին Բագրատ Գեղամովիչը պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը «Խոշոր անոթների լրիվ տրանսպոզիցիա ախտորոշման ժամանակակից ասպեկտները՝ ռենտգենյան վիրաբուժական հետազոտությունների տվյալների հիման վրա» թեմայով, և, հուրախություն որդու, նրա հայրն ու մայրը կրկին եկան նրան աջակցելու։ Սկսվեց գաղտնի քվեարկությունը, բոլորը միաձայն քվեարկեցին ատենախոսության օգտին։ Բագրատի ծնողներին շնորհավորելու համար առաջինը մոտեցավ նրա գիտական ղեկավար և ուսուցիչ Յուրի Պետրոսյանը։ Ալեքյանը ցանկանում էր իր երախտագիտությունը հայտնել Վ. Ի. Բուրակովսկուն, սակայն նա առաջ անցավ նրանից. «Ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում ինձ, Գեղա՛մ Բագրատովիչ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ Ձեզ, որ Դուք մեր ինստիտուտին նվիրեցիք այնպիսի որդու, որը ոչ միայն Ձեր ընտանիքի, այլև մեր ինստիտուտի հպարտությունն է»։
Բագրատ Ալեքյանի աշխատանքային գրքում կա ընդամենը երկու գրառում՝ ինստիտուտ (ներկայումս՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության կենտրոն)՝ 1975-ից մինչև 2016 թվականը, իսկ 2016 թվականից մինչև օրս՝ Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոն՝ գիտության և նորարարական տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն։
Ի դեպ, Ալեքյանը 1975 թվականին ինստիտուտի բաժանմունք է ընդունվել ամենացածր՝ ավագ լաբորանտի պաշտոնով, իսկ 1992 թվականին նա արդեն գլխավորում էր այդ նույն բաժանմունքը։
***
Բագրատ Գեղամովիչը բախտ է ունեցել ավելի քան քառասուն տարի աշխատել Բակուլևի անվան վիրաբուժական կենտրոնում: Ալեքսանդր Նիկոլաևիչ Բակուլևը (1890–1967) ԽՍՀՄ-ում սրտանոթային վիրաբուժության հիմնադիրներից մեկն էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս և Լենինյան մրցանակի դափնեկիր:
Բակուլևը տարված էր ասեպտիկայով (ապանեխություն)՝ ստերիլ (մանրէներից զերծ, անմանրէ) պայմանների ստեղծմամբ։ Երբեք թույլ չէր տալիս ո՛չ իրեն, ո՛չ էլ իր աշակերտներին նույնիսկ աննշան անփութություն՝ երկար եղունգներ, զարդեր ձեռքներին, սպիտակ գլխարկի տակից դուրս ցցված մազեր։ Ոչ միայն վիրահատարանում, այլև բուժզննումների, խորհրդատվությունների կամ շրջայցերի ժամանակ։
Հիվանդների համար ստերիլ պայմաններ ստեղծելու սկզբունքին անպայմանն հետևում է նաև Բագրատ Ալեքյանը։
***
Եվ, ինչպես հավաստում է Ալեքյանը, իր ուսուցիչ, վիրաբույժ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ Յուրի Սամուիլովիչ Պետրոսյանը (1924–1994), բժշկության ոլորտի ամենակարկառուն մասնագետներից մեկն էր։ Հենց Պետրոսյանն էր, որ օգնեց Ալեքյանին հաղթահարել բոլոր դժվարությունները։
Բագրատ Գեղամովիչը հիշում է ինչպես առաջին անգամ կորցրեց հիվանդին. նա մահացավ վիրահատությունից հետո։ Այդ ժամանակ նա լիովին կորցրեց իրեն, կորցրեց ինքնատիրապետումը և որոշեց որոշ ժամանակով թողնել աշխատանքը։ Սակայն ուսուցիչը հենց հաջորդ օրը նրան վիրահատության ուղարկեց՝ ցույց տալով, որ առաջին հերթին նա, այնուամենայնիվ, կյանքեր է փրկում։
Բագրատ Ալեքյան. «Դա 1978 թվականն էր։ Ծննդատնից տուն բերեցին ութժամյա մի երեխայի։ Սրտի ծանրագույն բնածին արատ՝ աորտայի և թոքային զարկերակի տրանսպոզիցիա։ Այս արատով երեխաները մահանում են կյանքի առաջին ժամերի ընթացքում։ Իմ ուսուցիչը՝ ականավոր վիրաբույժ Յուրի Սամուիլովիչ Պետրոսյանը, այս վիրահատությունն առաջին անգամ կատարեց ԽՍՀՄ-ում 1973 թվականին։ Իսկ հինգ տարի անց դրա անցկացումը վստահեց ինձ։ Մանրամասների վրա կանգ չեմ առնի։ Դա բացարձակապես զարմանալի վիրահատություն է։ Մի փոքրիկ, պարզապես կապույտ գույնի, հազիվ կենդանի երեխա։ Իսկ մեր միջամտությունից հետո երեխան աչքներիս առաջ կենդանանում է։ Կապտությունը անհետանում է, երեխան դառնում է վարդագույն։ Ապրում է»։
Ալեքյանը լավ հիշում է, թե ինչպես էր վիրահատում բնածին սրտի ծանր արատով այս ութժամյա փոքրիկ երեխային։ Այդ երեխաները մահանում են կյանքի առաջին ժամերի ընթացքում։ Վիճակը կրիտիկական էր։ Բժիշկը վիրահատությունը սկսեց սրտի կանգի ժամանակ, և սրտի մերսում կատարելիս սրտի մեջ մտցրեց հատուկ ձողախողովակ (կաթետեր) և անցք բացեց, որը թույլ տվեց երեխային վերականգնվել և ողջ մնալ։ Թե դրանից հետո քանի կյանք է փրկվել՝ ոչ ոք չի հաշվել։
***
Բագրատ Գեղամովիչի հոր կյանքում նշանակալի իրադարձություն էր 1980 թվականին Ձորաղբյուր գյուղում ամառանոցային հողամաս ստանալը: Որդու՝ Երևան կատարած այցելություններից մեկի ժամանակ նրանք անցնում էին այդ հատվածի մոտով, և Գեղամ Բագրատովիչն ասաց. «Այս վայրում մեր ամառանոցն է լինելու»: Անցան տարիներ, և Բագրատի ծնողները քայլ առ քայլ իրականացրին որդու կարծիքով ամառանոց կառուցելու անիրագործելի ծրագիրը:
1987 թվականին Բագրատ Գեղամովիչը իր ուսուցչի՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ակադեմիկոս Վլադիմիր Իվանովիչ Բուրակովսկու հետ (1922–1994) եղան իրենց ամառանոցում և այնտեղ տեսան կախարդական այգի՝ ստեղծված ծնողների տքնաջան աշխատանքով, ամայի հողի վրա։ Հետագայում Վլադիմիր Իվանովիչը հաճախ էր հիշում իր աշակերտի հորը և շրջապատողներին պատմում Ձորաղբյուրի «դրախտային անկյան» մասին։
***
Ըստ վիճակագրության՝ սրտանոթային վիրաբույժը իր գործունեության ընթացքում միջին հաշվով փրկում է ավելի քան 2500 կյանք։
Մեջբերենք մի հատված Բագրատ Գեղամովիչի հետ հարցազրույցներից մեկից.
«– Քանի՞ վիրահատություն եք ինքներդ կատարում։
– Տարեկան մինչև 1000 վիրահատություն (օրական 5-6)։
– Բագրա՛տ Գեղամովիչ, բայց դա չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է։
– Բացի դրանից, նաև իրական ռենտգենյան ճառագայթում։
– Իսկ Դուք առողջ ապրելակերպ վարո՞ւմ եք։ Ի՞նչ եք անում, որպեսզի ուժ ունենաք ժամերով վիրահատական սեղանի մոտ կանգնելու համար։
– Երբեք սպորտով չեմ զբաղվել։ Փոխարենը չեմ ծխում»։
Հիվանդից հիվանդ, սրտից սիրտ առանց սպիների, օրական միջին հաշվով 5-6 վիրահատություն: Ականավոր սրտի վիրաբույժ Բագրատ Ալեքյանի շնորհիվ ռենտգենային էնդովասկուլյար վիրահատությունը, որը ոչ այնքան վաղուց թվում էր ֆանտաստիկա, դարձավ իրականություն: Նրա վիրահատության եզակիությունն այն է, որ այն կատարվում է ոչ թե բացված սրտի, այլ առանց կտրվածքների և առանց ընդհանուր անզգայացման: Այս վիրահատություններից հետո հիվանդը տուն է գնում երկրորդ օրը:
2023 թվականի մարտին Ռուսաստանում առաջին անգամ կատարվեց պտղի սրտի բնածին արատի շտկման վիրահատությունը։ Վիրահատությունը կատարեցին մեր հայրենակիցները՝ Աշոտ Գրիգորյանը և Բորիս Մկրտչյանը՝ Բագրատ Ալեքյանի աշակերտները։ Դուք միայն պատկերացրեք՝ երեխան դեռ չի ծնվել, բայց մոր արգանդում նրան բարձր տեխնոլոգիական վիրահատության են ենթարկում։
Ի դեպ, Ալեքյանը պատրաստել է 8 բժշկի և բժշկական գիտությունների 50 թեկնածուի, նրա ղեկավարությամբ պատրաստվել են ավելի քան 800 մասնագետներ ռենտգենյան էնդովասկուլյար ախտորոշման և բուժման ոլորտում։
***
2014 թվականից Բագրատ Ալեքյանը «Էնդովասկուլյար վիրաբուժություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է, «Structure Heart Diseases» (ԱՄՆ) և «Cardiology» (Իտալիա) միջազգային ամսագրերի, ինչպես նաև ռուս-հայկական «Նոև Կովչեգ» (Մոսկվա) անկախ թերթի խմբագրական կոլեգիաների անդամ է։
Ալեքյանի անձնական կյանքում նույնպես ամեն բան հիմնավոր է։ Իր ապագա կնոջ՝ Մարինայի հետ Բագրատը սովորել է առաջին դասարանից։ Այս տարի զույգը կնշի համատեղ կյանքի 55-ամյակը։ Մարինա Ալբերտովնան տաղանդավոր ծրագրավորող է և տնտեսագիտության թեկնածու։
Նունեն՝ նրանց գեղեցիկ դուստրը, ինքնուրույն է կառուցում իր կյանքը. «Ես դժվար ճանապարհ եմ անցել՝ ինքս ինձ և իմ արմատները ճանաչելու համար։ Մի ժամանակ «Որտեղի՞ց եք» հարցը ինձ փակուղու առաջ էր կանգնեցնում։ Ինչպե՞ս կարող է պատասխանել այդ հարցին ամերիկյան համալսարանի 20-ամյա ուսանողուհին Մոսկվայից, ծնունդով հայ, որը Լոնդոն է եկել համալսարանական փոխանակման ծրագրի շրջանակներում։ «Խաչմերուկում» ձեռագրի և Դիլիջանի դպրոցի նախագծի վրա աշխատանքը մեծապես օգնեցին ինձ գտնելու պատասխանը։ Այսօր, երբ ինձ հարցնում են՝ «Որտեղի՞ց եք», ես վստահորեն պատասխանում եմ. «Ես հայ եմ»։»։
***
Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր սիրելի՛ Բագրատ Գեղամովիչ։
Ձեր մտերիմներին ու գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու Ձեզ, լավ հայտնի են Ձեր անսպառ լավատեսությունը, բարձրակարգ պրոֆեսիոնալիզմը և գործին նվիրվածությունը։
Դուք հասել եք ապշեցուցիչ բարձունքների՝ Ձեր տաղանդը, Ձեր եզակի վիրահատությունները, որոնք ճանաչվել են համաշխարհային հանրության կողմից, Ձեր ստեղծագործ ձեռքերով անցած հիվանդների անկեղծ երախտագիտությունը, խոր ինտելեկտը, անսովոր համեստությունը, նուրբ, զգայուն հոգին և մարդկանց հանդեպ սիրով լի մեծ մարդկային սիրտը։
Դուք աստվածատուր բժիշկ եք։ Առողջությո՛ւն Ձեզ, Բագրա՛տ Գեղամովիչ, և անպայման՝ մարդկային մեծ երջանկություն։ Շնորհակալություն երկար տարիների բարեկամության համար։
Գունավոր ֆոնի վրա՝
«Գեղամ Ալեքյան։ Կյանք հանուն ապագայի» ժողովածուից (Մոսկվա, «ЮниПресс и К» հրատարակչություն, 2012, խմբագիր Գ. Ա. Միրզոյան)՝ նվիրված հոր հոբելյանական 100-ամյակին որդուց.
«Բագրատ Ալեքյան։ Որդու երախտագիտության խոսքեր
Այսօր, երբ իմ կյանքի 60 տարին արդեն անցյալում է, կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ, քանի որ ծնվել եմ բախտավոր աստղի տակ օջախում, որը ստեղծել են ծնողներս՝ Գեղամ Ալեքյանն ու Հայաստանի վաստակավոր ուսուցչուհի Աստղիկ Մուրադյանը։ Ես երջանիկ եմ, քանի որ 40 տարի ապրել եմ իմ սիրելի կնոջ՝ Մարինայի և մեր գեղեցիկ դստեր՝ Նունեի հետ։ Ես անսահման երջանիկ եմ, քանի որ ամբողջ կյանքում ինձ շրջապատել և հոգացել են իմ սիրելի քույրերը՝ Կիման, Ջեմման, Մելանյան, Վարդուշը, և իմ աներորդին՝ Ռոբերտ Գրիգորյանը, որն ինձ համար եղբայր դարձավ։
Հուշագրություններ գրել հորս մասին՝ այն մարդու, որն ինձ դաստիարակել, ճիշտ ուղու վրա է դրել, պարզվեց, որ ինձ համար ամենևին էլ հեշտ գործ չէր։
Իմ ծննդին Ալեքյանների տոհմը 18 տարի սպասել է։ 1933-1950 թվականներին Ալեքյանների ընտանիքում ծնվեցին իմ չորս քույրերը։ Բոլոր հարազատների ու մտերիմների հայացքներն ուղղված էին հորս, և նրանց մեջ մի հարց կար. «Ե՞րբ է տղա ծնվելու»։ (Տղան Ալեքյանների տոհմը շարունակելու հույսն էր)։ Հայրս սովորաբար կատակի էր տալիս՝ ասելով, թե իր 18 տարվա փորձը ցույց է տալիս, որ տղա ունենալը մի տղամարդու գործ չէ։ Բարեկամների մեծ մասն ընդունում էր այս կատակը, բայց, ինչպես հիշում էր հայրս, նրանցից ոմանք, ովքեր տղաներ ունեին, վիրավորվում էին նրանից այս ազատության համար։ Վերջապես, 1951 թվականի ապրիլի 15-ին, նրա ընտանիքում լույս աշխարհ եկավ երկար սպասված որդին։ Եվ երբ հորս հարցնում էին, թե ինչպես է տղա ունեցել, նա կատակում էր՝ արդեն ասելով. «Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանն ինձ օգնեց այս հարցում»։ Այդ ժամանակ կաթողիկոսն արդեն 80-ն անց էր։ Այդ ժամանակ հայրս աշխատում էր Էջմիածնում որպես Հայաստանի կոմունիստական կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար և իրեն կատակով համարում էր կաթողիկոսի տեղակալ «քաղաքական գործերով»...
1969 թվականին ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել եմ 1974 թվականին։
Այդ նույն տարվա դեկտեմբերին ծնողներիս հետ լուրջ խոսակցություն ունեցա Մոսկվայում ուսումս շարունակելու վերաբերյալ: Գալով Մոսկվա՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ինստիտուտում ես հանդիպեցի իմ ապագա ուսուցիչների՝ պրոֆեսոր Յու. Ս. Պետրոսյանի և ակադեմիկոս Վ. Ի. Բուրակովսկու հետ, և նույն օրը ստորագրեցի ինստիտուտում աշխատանքի ընդունվելու դիմումս: Վերադառնալով Երևան՝ անընդհատ մտածում էի, թե ինչպես ծնողներիս ասեմ, որ որոշել եմ գնալ Մոսկվա, աշխատել հեղինակավոր գիտական կենտրոնում, բարձրացնել մասնագիտական մակարդակս և, ըստ էության, մասնագիտություն ձեռք բերել: Ծնողներս այլևս երիտասարդ չէին և, բնականաբար, ամբողջ կյանքում երազել էին մինչև իրենց կյանքի վերջին օրերը անցկացնել իրենց միակ որդու և նրա ընտանիքի հետ այն տանը, որն իրենք էին նրանց համար ստեղծել:
Խոսակցությունը չափազանց ծանր էր թե՛ ինձ, թե՛ ծնողներիս համար (իմ որոշումը նրանց անակնկալի բերեց): Մոսկվայում լինելուս մասին կարճ պատմելուց հետո հայրս շատ արագ և իմաստուն կերպով, բայց դողացող ձայնով ավարտեց խոսակցությունը՝ ասելով, որ այդ որոշումը ճիշտ է. ձուկը պետք է ծովում ապրի: Նկատի ունենալով, որ ես պետք է մասնագիտանամ գիտական լավ կենտրոնում, առաջիկա մի քանի տարիների ընթացքում պաշտպանեմ թեկնածուական ատենախոսություն և վերադառնամ Երևան՝ շարունակելու իմ գիտական ու գործնական աշխատանքը»:
Լուսանկարում՝
Պիոներ Բագրատ Ալեքյանը, 13 տարեկան
Ալեքյանները, մեծ ընտանիքը, 1967 թ., Բագրատը (վերևի շարքում, ձախից երկրորդը)
Այն երեխան, որը Ռուսաստանում առաջին անգամ հիբրիդային վիրահատության է ենթարկվել՝ միջփորոքային միջնապատի արատը (դեֆեկտ) վերացնելու համար՝ առանց արհեստական արյան շրջանառության։
Ձախից՝ Բագրատ Ալեքյանը, աջից՝ նրա ամերիկացի գործընկեր Զահիդ Ամինը

