Քանի կոպեկի արժեք ունի Անդոյի որդու «բարձրակարգությունը»
ՎերլուծությունՀայաստանի ներքաղաքական դաշտը նորից ցնցվեց մի արտահայտությունից, որը, առաջին հայացքից, կարելի էր ներկայացնել որպես անհաջող ձեւակերպում, բայց իրականում բացեց շատ ավելի խորքային խնդիրներ: Խոսքը ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին է, որի հայտարարությունը ոչ միայն հանրային լայն վրդովմունք առաջացրեց, այլ նաեւ վեր հանեց իշխանության ներսում ձեւավորված վտանգավոր մտածելակերպը՝ հասարակությունը «կարգերի» բաժանելու մասին։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի խոսքերը՝ թե իր որդին «շատ բարձրակարգ տղա է» եւ, ենթադրաբար, դրա համար չի ծառայել բանակում, հնչեցին այնպիսի շրջանում, երբ հայկական հասարակությունը դեռ չի հաղթահարել պատերազմի ծանր հետեւանքները։ Այս խոսքերը պարզապես անզգույշ չէին։ Դրանք հնչեցին որպես գնահատական՝ ուղղված հազարավոր ընտանիքների, որոնց որդիները ծառայել են, կռվել են, զոհվել են կամ մինչ օրս անհետ կորած են համարվում։
Քոչարյանը, իհարկե, փորձեց հետագայում մեղմել իրավիճակը՝ ներողություն խնդրելով եւ նշելով, թե իր նպատակը եղել է կրթության եւ գիտության կարեւորությունը ընդգծելը։ Սակայն նման դեպքերում ներողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես անկեղծ զղջում, այլ որպես քաղաքական վնասների նվազեցման գործիք։ Հանրության համար արդեն կարեւոր չէր, թե ինչ էր ուզում ասել պատգամավորը։ Կարեւորն այն էր, թե ինչ ասաց իրականում։
Այս պատմությունը հարվածեց ամենազգայուն կետին՝ արդարության զգացմանը։ Երբ երկրի բարձր պաշտոն զբաղեցնող անձն ակնարկում է, որ իր որդին «ավելի բարձր կարգի» է, քան բանակում ծառայող մյուս երիտասարդները, նա փաստացի արժեզրկում է զինվորական ծառայությունը՝ որպես հավասարության եւ պարտքի հիմնարար ինստիտուտ։ Իսկ դա արդեն ոչ միայն բարոյական, այլ նաեւ պետական մտածողության խնդիր է։
Պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի արձագանքը պատահական չէր։ Նրա պահանջը՝ Քոչարյանը պետք է ոչ միայն ներողություն խնդրի, այլեւ վայր դնի մանդատը, հնչեց որպես հանրային պահանջի ձեւակերպում։ Նրա հարցադրումը պարզ էր ու դիպուկ՝ եթե մի տղա «բարձրակարգ» է, ապա սահմանին կանգնած մյուսներն ի՞նչ են։
Այս ֆոնին հատկապես խոսուն է դառնում ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի օրինակը։ Նա ժամանակին հրաժարվեց մանդատից՝ համեմատաբար ավելի փոքր աղմուկի պայմաններում։ Դա ցույց տվեց, որ քաղաքական պատասխանատվության մշակույթը, թեկուզ մասամբ, գոյություն ունի։ Բայց այսօր նույն այդ մշակույթը կարծես ընտրովի է դարձել։ Երբ հարցը վերաբերում է իշխանության առանցքային դեմքերին, նույն չափանիշներն այլեւս չեն գործում։
Սակայն ամենածանր հարցերից մեկը մնում է անպատասխան։ Եթե օրենքը թույլ է տվել, որ Քոչարյանի որդին չծառայի՝ կրթության կամ գիտության հիմքով, ապա ինչո՞ւ նա չի մասնակցել 2020 թվականի պատերազմին՝ որպես կամավոր։ Այդ պատերազմը, որը դարձավ ազգային ողբերգություն, պահանջում էր ոչ միայն օրենքով սահմանված պարտականություն, այլեւ` անձնական պատասխանատվություն։ Եվ այստեղ արդեն հարցը դուրս է գալիս իրավական դաշտից ու մտնում բարոյականի մեջ։
Հասարակության մի զգալի հատված այս իրավիճակը ընկալում է որպես երկակի ստանդարտների հերթական դրսեւորում։ Երբ իշխանության ներկայացուցիչները խոսում են հայրենասիրությունից, բայց իրենց սեփական ընտանիքներում այլ մոտեցումներ են գործում, առաջանում է անվստահություն, որը շատ ավելի վտանգավոր է, քան ցանկացած քաղաքական ճգնաժամ։
Նույնիսկ իշխանության ներսում եղան արձագանքներ։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում որդին, ի դեպ, ծառայության մեջ է, փաստացի հակադարձեց՝ ընդգծելով, որ բանակում ծառայելը պատիվ է եւ չի կարող փոխարինվել որեւէ այլ արժեքով։ Սա ցույց տվեց, որ խնդիրը միայն ընդդիմության բարձրացրած աղմուկը չէ։ Այն ներթափանցել է նաեւ իշխանության ներս։
Բայց ամենակարեւոր հարցը մնում է՝ արդյոք ներողությունը բավարար է նման իրավիճակում։ Երբ խոսքը վերաբերում է պետական մտածողությանը, հասարակության նկատմամբ վերաբերմունքին եւ ազգային արժեհամակարգին: Ի վերջո, ներողությունը չի կարող լինել վերջակետ։ Այն կարող է լինել միայն սկիզբ՝ պատասխանատվության ճանապարհի։
Այսօր հասարակությունը կանգնած է պարզ ընտրության առաջ՝ ընդունել այս ամենը որպես հերթական սկանդալ եւ անցնել առաջ, թե պահանջել իրական պատասխանատվություն։ Իսկ պատասխանատվությունը քաղաքական համակարգում ունի շատ կոնկրետ ձեւ՝ մանդատը վայր դնել։ Հակառակ դեպքում «բարձրակարգ» բառը կմնա ոչ թե որպես պատահական վրիպում, այլ որպես իշխանության իրական վերաբերմունքի խորհրդանիշ սեփական ժողովրդի նկատմամբ։ Իսկ գուցե հատո՞ւկ էր «վրիպել» Քոչարյան Անդրանիկը, որը ՔՊ-ի նախընտրական ցուցակում հայտնվել է 64-րդ տեղում: Չէ որ նրա մատուցած ծառայությունները Նիկոլ Փաշինյանին չեն գնահատվել, եւ նա այդպես էլ տեղ չգտավ իշխանական առաջին «կռուգում»: Հետեւապես, Քոչարյանին էլ ոչինչ չէր մնում, քան առանց այն էլ խայտառակ վիճակում գտնվող ՔՊ վարկանիշը վերջնականապես հավասարեցնել զրոյի՝ բացահայտելով այս իշխանության ոչ միայն հակաեկեղեցական, այլեւ հակաբանակային դեմքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

