Կուսակցությունը հավաբուն չի, որ հետն անուն չկապվի. Գեւորգ Պետրոսյան
ՆերքաղաքականԸնտրություններին քաղաքական ուժերի առաջադրումների մեկնարկից ընդամենը 5 օր առաջ խորհրդարանական իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգրքում: Իշխանական պատգամավորների նախաձեռնած փոփոխությամբ՝ քաղաքական ուժերն այլեւս հնարավորություն չեն ունենա դաշինքի անվանման մեջ անձնանուն ներառել: Իհարկե, նման օրենք եղել է վաղուց, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի կիրառվել, եւ հիմա այն կրկին մտնում է ուժի մեջ: «Իրավունք»-ն այս մասին զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։
«ԳՈՐԾՈՂ ԹԱՓԱՌԱԽՈՒՄԲԸ ԱՆԳԱՄ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԻՑ»
— Պարոն Պետրոսյան, Ընտրական օրենսգրքում անձնանունների հարցը կրկին փոփոխության ենթարկվեց, սակայն այն արդեն իսկ ունեցել էր հստակ ձեւակերպում՝ անձնանուններով դաշինքներ չստեղծել: Հիմա կցանկանանք հստակ հասկանալ, ի՞նչ է փոխվել օրենքի մեջ:
— Օրենքի հետ կապված հստակ հիշել չեմ կարող, թե այդ մասին օրենսդրական ամրագրում կատարվել է, թե՝ ոչ, բայց հասկանալի է, թե ինչ են անում: Ցանկանում են արգելել, որ կուսակցության հետ անվանում կապվի: Կուսակցությունը դա հավաբուն չէ, որ հետն անուն չկապվի: Դա քաղաքական միավոր է, կազմակերպություն է: Այսինքն՝ սրանք այնքան վախեցած են Սամվել Կարապետյանից, որ անգամ անունն են ցանկանում հանել տալ: Նրանց քայլերը տրամաբանական չեն, քանի որ երբ կուսակցությունը գրանցվում է, ունենում է նախագահ, որը ռեգիստրում գրանցվում է: Այսինքն՝ դա ոչ գաղտնի տեղեկատվություն է, ոչ էլ այլ բան: Հիմա ի՞նչն է պատճառը, որ չեն ցանկանում դա հրապարակել: Ստացվում է, որ այդ գործող թափառախումբը անգամ վախենում է մարդկանց անուններից:
— Որքանով հիշում ենք, նման փոփոխություն եղել է արդեն վաղուց, այնուհանդերձ, հիմա ի՞նչն են փոխել:
— Փոփոխությունը, որը եղել է ժամանակին, դադարել է գործել: Հիմա հստակեցրել են սրանք, որպեսզի անունների հետ անմիջական կապ չստեղծվի: Դա կլինի Կարապետյանի ղեկավարած, թե Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը: Բաց չէ որ, կրկնում եմ՝ դա պետռեգիստրում գրանցված տվյալ է: Ասենք անվանմամբ, թե՝ չասենք, միեւնույնն է, այն հրապարակային տեղեկատվություն է:
Ախր հասկանում եք, այնպիսի անհեթեթությամբ են զբաղված, որը բացարձակապես կապ չունի անհրաժեշտության հետ, պարզապես, իրենք ամեն ինչ անում են, որ խճճեն իրավիճակը: Կողքից ով ինչ ասում է, Նիկոլ Փաշինը (զրուցակցի հատուկ ձեւակերպումն է, - հեղինակ) ընդունում է, թե էլ ինչ անեն, որպեզի վերարտադրվեն:
Ես կրկնում եմ՝ ո՛չ անձնապես ճանաչում եմ Կարապետյանին, ո՛չ մտերիմ եմ, բայց օբյեկտիվորեն ի՞նչ է դա փոխում, միեւնույնն է, բոլորն էլ գիտեն Կարապետյանի կուսակցություն: Սահմանադրության մեջ կա հստակ հոդված՝ 39-րդ, որտեղ ասվում է, որ անձինք ազատ են անել այն, ինչ արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Հիմա եթե «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ կապվում է Սամվել Կարապետյանի անունը, դա ո՞ւմ իրավունքն է խախտում: Հիմա, որ ասում ենք «Բարգավաճ Հայատան», բնականաբար, առաջին բառը գալիս է Գագիկ Ծառուկյան: Այն ժամանակ էլ «Ծառուկյան Դաշինքի» հետ կապված հարցեր եղան: Այսինքն, ամեն բան այնքան պարզ է, դա ի՞նչ մի օրենքով կարգավորելու հարց է:
«ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»
— Նախընտրական քարոզարշավը դե ֆակտո մեկնարկել է, բոլորն էլ ակտիվ դրա մեջ են: Առաջ նման բան չէինք նկատում, որ թույլատրվեր՝ ընտրություններից մեկ ամիս առաջ քարոզարշավ անցկացնել՝ այն էլ այս տեմպերով: Ստացվում է օրենքը երբեք չի արգելել քարոզարշավ անցկացնել անգամ 5-6 ամիս առաջ: Այդ դեպքում, ինչո՞ւ առաջ նման բան չենք տեսել:
— Տեսեք, Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածը, աննորմալ դրույթ ունի՝ այն է, որ քարոզարշավի համար սահմանված ժամանակահատվածը չի արգելում դրանից դուրս քարոզարշավ անցկացնել: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ եք ժամանակահատված սահմանել: Գրեիք, որ քարոզարշավը կարող է սկսվել տվյալ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց անմիջապես հաջորդ օրը: Դա աննորմալ դրույթ է, բայց, միեւնույն ժամանակ, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ասվում է, որ պետք է ապահովվի ընտրական գործընթացի մասնակիցների հավասար հնարավորություն: Իսկ այսօր մենք ակնհայտ տեսնում ենք, որ այդ հավասար հնարավորության մասով, օրենքի դրույթը կատարված չէ, քանի որ Նիկոլ Փաշինը, ում տեսնում է իրեն պոտենցիալ հակառակորդ, նրանց ենթարկում է անազատության: Նա ազատության մեջ «վխտում» է, այստեղ-այնտեղ ավտոբուսների մեջ պեռաշկի ուտելով, մարդկանց հետ հանդիպելով, իբրեւ թե շուկայում առեւտուր անելով, իսկ մյուս մարդիկ անազատության մեջ են: Քանի որ նա իրավաբանության տեսնակյունից անգրագետ է ու չի հասկանում, այս հանգամանքը հիմք է հանդիսանալու ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, քանի որ քարոզարշավը չի անցնում հավասար մթնոլորտում: Սա պետք է նկատի ունենալ եւ բազում անգամներ բարձրաձայնել, որ ընտրական գործընթացի մասնակիցները հավասար հնարավորություն չունեն իրենց դիրքորոշումները ներկայացնելու, կարծիք հայտնելու, հանդիպումներ կազմակերպելու ընտրողի հետ: Սա է իրականությունը:
— Այս իրավիճակը վերլուծելով կարո՞ղ ենք կանխատեսել, որ, այնուամենայինիվ, Փաշինյանը եւ ՔՊ-ն կվերընտրվեն:
— Իրականում, դրա հավանականությունը մեծ է, որ նրանք կվերարտադրվեն: Սակայն, պետք է ասմ, որ դրա մեղավորը ընդդիմությունն է: Բազմաթիվ առիթներով խոսել եմ այն մասին, որ ընդդիմությունը պետք է միավորվի: Իրավագիտության մեջ գոյություն ունի գերակա շահ հասկացություն: Հիմա գերակա շահը այս իշխանությունից ազատվելն է: Հետեւաբար, պետք է լինել մեծահոգի, զերծ մնալ անձնական այդ ամբիցիաներից: Անգամ եթե ինչ-որ ուժերի մեջ կան հակասություններ՝ մոռանալ դրանք, գնալ գերակա շահը լուծել: Պետք է միավորվել, սրան հեռացնել իշխանությունից եւ հետո իրենք թող պարզեն իրենց հարաբերությունները:
Ցավոք, այսօր ամեն մեկը ցանկանում է հեգեմոնի դերը ստանձնել՝ առաջատարը հռչակվել, դրա համար էլ այսօր միավորում չկա: Եթե արդար ընտրություններ լինեն եւ չկեղծվի, լցոնումներ չարվեն եւ այլն, ինքն իրենով 50 տոկոս չի կարող ապահովվել, այդ թվում եւ Նիկոլ Փաշինի ղեկավարած կուսակցություն կոչված քաղաքական կլուբը: Հետեւաբար, միավորվելն անհրաժեշտություն է: Այսօր սուր քննադատություններ են հնչում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց շուրջ, եւ այս պայմաններում շահող է դուրս գալիս Փաշինը: Այ երբ կլինի իրական ընդդիմության համախմբում, ամեն ինչ լավ կլինի: Տեսեք, այսօր նոր ուժեր են ի հայտ գալիս՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ եւ այլն, նրանք բոլորն էլ ընդդիմություն են ներկայանում: Բնական է, որ քաղաքական ուժն ի հայտ է գալիս, ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, որովհետեւ նա իշխանության մեջ ներգրավված չէ: Հիմա նրանք եթե չհամախմբվեն, այո՛, կհաղթի Նիկոլը:
Թող ոչ ոք չմտածի, թե ես անձնական շահ ունեմ այս ամենի մեջ, բոլորովին: Այստեղ տրամաբանությունն է գործում՝ միայն համախմբումը մեզ կհանի այս իրավիճակից ու արդեն Նիկոլ Փաշինը չի կարող այդքան կեղծել: Սակայն երբ ամեն մեկը գնում ասում է, որ ինքն է առաջատարը, թող իր հետեւից գնան, այստեղ իրար մեջ սկսվում է հակասություն, ատելություն, որից օգտվում է Նիկոլը: Հասարակ տրամաբանություն է, որը հասկանալու համար պետք չէ գիտությունների թեկնածու լինել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

