Որպես կանոն ամուսնության պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում։
Շատերը չգիտեն, որ 2012 թվականից գործում էր որոշում, որը թույլ էր տալիս որոշակի դեպքերում ամուսնություն գրանցել ՔԿԱԳ-ի աշխատավայրից դուրս՝ տանը, հիվանդանոցում, բանտում կամ այլ վայրում։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Իրավաբան.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 412-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշումը, որը կարգավորում էր ՔԿԱԳ-ի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցումը։
Ի՞նչ էր թույլ տալիս 2012թ. որոշումը
2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշմամբ ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող էր կատարվել ամուսնության պետական գրանցումը հետևյալ դեպքերում՝
1. Ծանր հիվանդության դեպքում. Եթե ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չէին կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության պատճառով, ամուսնությունը կարող էր գրանցվել տանը կամ բժշկական հաստատությունում։
2. Կալանավորված կամ ազատազրկված անձանց համար. Եթե ամուսնացող անձանցից մեկը կալանավորված էր կամ պատիժ էր կրում ազատազրկման վայրում, ամուսնությունը կարող էր գրանցվել համապատասխան վայրում։
3. Ամուսնացողների ցանկությամբ՝ վճար կատարելու դեպքում. Եթե ամուսնացող անձինք ցանկանում էին, որ ամուսնության պետական գրանցումը կատարվի ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս (օրինակ՝ ռեստորանում, հյուրանոցում, բնության գրկում), և միևնույն ժամանակ բացակայում էին ծանր հիվանդության կամ կալանքի հանգամանքները, նրանք կարող էին օրենսդրությամբ նախատեսված գումար վճարել և ամուսնություն գրանցել ցանկացած վայրում։
Ի՞նչ է փոխվել 2026թ. ապրիլի 3-ից
ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 412-Ն որոշման համաձայն՝ Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 1283-Ն որոշումը։
Որոշումը ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը (2026 թվականի ապրիլի 2) հաջորդող օրվանից՝ ապրիլի 3-ից։
2026 թվականի ապրիլի երեքին ՀՀ արդարադատության նախարարի N 166 Ն հրամանով սահմանվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության գրանցում կատարելու դեպքերը և կարգը, ըստ որի տարածքից դուրս ամուսնության գրանցում կարող են կատարվել հետևյալ դեպքերում.
ա/ ամուսնացող անձանց կողմից ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում,
բ/ Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման համար ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության գրանցում կատարելու դեպքերին և կարգին կարող եք ծանոթանալ այստեղ – տեղեկացնում է Իրավաբան.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net–ը մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

