«Վարորդը նաև հսկիչ է». սա իրականում շոու է, տրանսպորտային համակարգի փոփոխության մաս չէ․ Բաբկեն Պիպոյանը քաղաքային տրանսպորտի ոդիսականի մասին
ՀանդիպումՔաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, երբ քաղաքապետը նշեց, որ հանրային տրանսպորտի վարորդները պետք է մասնակցեն գումարների հավաքագրմանը, քանի որ, ըստ Տիգրան Ավինյանի, արդար չէ, որ նրանք աշխատավարձ են ստանում, բայց չեն մասնակցում այդ գործընթացին, վարորդները, ըստ էության, սկսել են կատարել այդ գործառույթը ևս: Որքանով է վերը նծվածը մտնում վարորդի պարտականությունների մեջ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից, ով նախ նկատեց․
-Քաղաքային իշխանություններին չի հուզում առանցքային հարցը՝ ո՞նց էր լինում, որ Երևանում, իրենց բնորոշմամբ՝ «մահվան ԳԱԶել»-ները ապահովում էին 600 հազար ուղևորափոխադրում, հիմա ունենք 400 հազար ուղևորափոխադրում, կարո՞ղ է հիմա տրանսպորտային համակարգն ավելի խայտառակ է, տեղյակ չենք: Չի հետաքրքրում, որովհետև իրենց համար կարևորը պատկեր ստանալն է, իրենք չեն աշխատում, իրենք խոսում են: Մշտապես ասել եմ, կրկնում եմ. պետական պաշտոնյան, որը նկարում է երեք տեսախցիկով ռիլ, օրը երկու անգամ, չի աշխատում երեք ժամ, նկարահանումների մեջ է, մենք այն երկի՞րն ենք, որտեղ նախարարը կամ քաղաքապետը կարող է երեք ժամ չաշխատել: Անունը դնում են, թե թափանցիկ են և այլն, հասարակությունն էլ դրանից ուրախանում է, ո՛չ, չաշխատող պաշտոնյա է, շատ խոսել, քիչ գործ անել, իմիտացիա են ստեղծում, թե գործ են անում: Այս բոլոր որոշումներն էլ գալիս են իրենց չարածը կոծկելուց:
«Վարորդը նաև հսկիչ է». սա իրականում շոու է, տրանսպորտային համակարգի փոփոխության մաս չէ, հավաքագրման հետ կապ չունի, կեղծ օրակարգ է՝ իբր տրանսպորտի այս վատ վիճակը վարորդներին հավաքագրման մեջ չներառելու պատճառով է: Հարց՝ թանկացման ժամանակ խոսում էին, իբր բարեփոխման ծրագրի իրականացման համար են թանկացնում, անցել է մեկ տարուց ավել ժամանակ, քանի՞ նոր տրանսպորտ եկավ, քանի՞ հատ 18-մետրանոց ավտոբուս եկավ, զրո, բա ինչո՞ւ մարդը պետք է վճարի 150: Ավելին, որպեսզի մեր քաղաքացիներն էլ լավ հասկանան ու թվերով պատկերացնեն. եթե 10 մարդ նստում է ավտոբուս ու վճարում է 100 դրամ, գոյանում է 1000 դրամ, եթե 5 մարդ է նստում, գոյանում է 500 դրամ, եթե մեզ պետք է ունենալ 1000 դրամ, որ կարողանանք Ա-ից Բ մեքենայի շարժն ապահովել, մենք կա՛մ պետք է 5 հոգուց վերցնենք 200 դրամ, կա՛մ 10 հոգուց՝ 100, այսինքն՝ ծախսից բացի կա նաև մուտքի կարևորություն: Քաղաքային իշխանությունները չեն հասկացել, թե ամենակարևոր խնդիրը որն է, պետք է կարողանալ հնարավորինս շատ մուտք ապահովել, այսինքն՝ այնպես պետք է անել, որ տրանսպորտ նստողների թիվը շատանա, ոչ թե քիչ նստողների վրա թողնենք բեռը: Քանի այս խնդրին մոտ չենք եկել, մենք ունենալու ենք այն, ինչ ունենք:
Վարորդի ուշադրությունը պետք է լինի բացառապես մեքենա վարելը, անվտանգության հետ գործ ունենք, վարորդը մարդու կյանքի հետ գործ ունի, նա մաքսիմալ պետք է այլ գործ չունենա, որ հանգիստ իր գործն անի՝ մարդկանց անվտանգ տեղափոխի Ա-ից Բ կետ: Եթե նրա վրա ֆունկցիա ես դնում՝ վճարմանը հետևելու, ինքը չվճարելուց նյարդայնանալու է, չէ՞, ու այդպես մեքենա է վարելու:
Մասնագետի դիտարկամբ․
-Հիմա քաղաքային իշխանությունները մեղավոր կկարգեն բոլորին՝ բացի իրենցից, բացի որոշումներ կայացնողներից, որոնք այս «բարեփոխումը» բերել են: Տրանսպորտային բարեփոխումը մի քանի ձեռք բերված նոր տրանսպորտը չէ, դա մեծ, ամբողջական համակարգ է: Քանի որ իրենք քաբաբ շատ են սիրում, բերեմ օրինակը քաբաբի վրա. քաբաբ պատրաստելու համար առաջինը պետք ունենալ միս, հետո նոր՝ սոխ ու համեմունք, աշխարհի ամենալավ սոխով ու համեմունքներով քաբաբ չեն սարքում: Իրենք առանց մսի քաբաբ են սարքել, հիմա աղն ու բիբարն են քննարկում, մենք՝ որպես հանրույթ, քննարկում ենք, իսկ արդյոք կարո՞ղ էր բիբարն ազդեցություն ունենալ քաբաբի համի վրա, այո՛, կարող էր, բայց առաջին հերթին միս է պետք, որը չկա:
Միջազգային խորհրդատուն, որի «հետևից ընկան» շատ երկար ժամանակ, որ վերջին գումարը չտան, գրել, կազմել էր մեծ պլան. սևով սպիտակի վրա հստակ գրել էր, որ այս հանձնարարականները չպետք է փուլային անել, պետք է միանգամից անել: Հիմա իրենք որոշել են, որ անում են փուլային՝ առանց հանձնարարականի, իրենք մի օր գիծ են հատկացնում, հաջորդ օրը դա հանում են:
Միջազգային խորհրդատուն գծել է ցանց 600 հազար ուղևորափոխադրման համար, ավելին՝ նախատեսել է, որ կարող է լինել մինչև 15 տոկոսով աճ, եթե տրանսպորտը բարեփոխվի, այսինքն՝ մոտավորապես 700 հազար ուղևորափոխադրման համար: Իրենք փոփոխություններ են բերում 400 հազար ուղևորափոխադրման օրոք:

