Կարո՞ղ է մի օր էլ, ոգեւորված իսպանական փորձով, Աննայի դեմ հայց ներկայացնեն. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀանրայինի եթերում ՔՊ-ի եւ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի ներկայացուցիչների միջեւ բանավեճի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ զարմանալիորեն ավելի շատ արծարծեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման: «ՔՊ-ն շարունակում է ամեն առիթ օգտագործել Հանրապետականի դեմ «կռիվ տալու» համար, բայց դա գնալով ավելի շատ նմանվում է շեղված վարքագծի: Նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, ՔՊ-ն շարունակում է իր անգործությունը արդարացնել «նախկիններով»՝ ստեղծելով ակնհայտ հակասություն խոսքի ու իրական գործերի միջեւ։ Բայց ի տարբերություն իրենց, Հանրապետականը խոսում է փաստերով», - գրել է ՀՀԿ-ական Արմեն Հարությունյանը:
Իսկ ըստ սոցցանցերում ի հայտ եկած տեղեկությունների` Վաղարշապատ համայնքում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ Yandex ընկերությունում աշխատում է որպես տաքսու վարորդ. ուղեւորները ֆիքսել են նրան: Բայց այստեղ զարմանալին ոչ թե կատարած աշխատանքն է, այլ` այն, որ հակառուս պրոպագանդիստ Հարությունը, որն առավոտից իրիկուն Ռուսաստանին է քննադատում, ռուսական բիզնես համարվող ընկերությունում է աշխատում: Այո՛, հակառուսական հռետորաբանությամբ հանդես եկող գործիչը, որը քաղաքագետ է ներկայանում, իր առօրյա հացը վաստակում է հենց ռուսական ծագում ունեցող բիզնես համարվող ընկերությունում։ «Ես տաքսիստի աշխատանքի հետ խնդիր չունեմ, լրիվ նորմալ է։ Բայց սա չի նշանակում, որ ինքը խելքի է եկել կամ ծոցագրպանից ինքնասիրության փշուրներ է գտել ու որոշել մարդավարի ապրել… Հիմնական նպատակն այն է, որ ձեռքի հետ քարոզ պետք է անի ուղեւորներին: Դեռ Խորհրդային տարիներից ընդունված էր, որ ամենաարագ բամբասանքը տարածում էին տաքսիստների միջոցով։ Հիշեցնեմ, որ նրա սուտ ցուցմունքով արդեն մոտ վեց ամիս է` կալանքի մեջ են Վեհափառի ընտանիքի անդամները՝ եղբայրն ու եղբորորդին», - գրել է ֆեյսբուքյան օգտատերերից Արմինե Սնդոյանը։
Իսպանիայում ավարտվել է վարչապետի կնոջ՝ ԲԵԳՈՆԻԱ ԳՈՄԵՍԻ դեմ հետաքննությունը։ Նա մեղադրվում է ազդեցության չարաշահման, բիզնես կոռուպցիայի, գույքի յուրացման եւ վատնման մեջ: Այնուամենայնիվ, ըստ իսպանական մամուլի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքը կարճվել է համոզիչ ապացույցների բացակայության պատճառով։ Գործն ուղարկվել է ատենակալների դատավարության։ Դատարանի որոշման համաձայն՝ Գոմեսն օգտագործել է վարչապետի կնոջ իր կարգավիճակը՝ գործարար Խուան Կառլոս Բարաբեսի համար լոբբինգ անելու եւ Մադրիդի համալսարանում ամբիոնի վարիչի պաշտոն ստանալու համար։ Դատարանը կորոշի, թե արդյոք Գոմեսը կդատապարտվի։ Մեղադրական եզրակացությունը համընկել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եւ նրա կնոջ Չինաստան կատարած այցի հետ։ Իսպանիայի արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանիոսը համոզմունք է հայտնել, որ բարձրագույն իշխանությունները կչեղարկեն որոշումը եւ նշել, որ դատավորի գործողությունները «անարգում են դատական համակարգը»: Այս մասին հաղորդում է RTVE Noticias-ը։ Գոմեսի դեմ հայցը ներկայացրել է «Մանոս Լիմբիաս» («Մաքուր ձեռքեր») խումբը, որը բացահայտում է կոռուպցիան։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչով կարող էր պայմանավորված լինել Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի ապահարզանը: Ի՞նչ իմանաս, կարող է մի օր էլ, ոգեւորված իսպանական փորձով, Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանում դատարան հայց ներկայացներ Հակոբյան Աննայի դեմ:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

