Ադլերի թաքնված տաղանդը. քանդակագործ Հովհաննես Ափոյանի պատմությունը
ՄշակութայինՅուրաքանչյուր քաղաք ունի պաշտոնական խորհրդանիշներ՝ զինանշան, դրոշ, հուշարձաններ։ Բայց տվյալ վայրի իսկական հոգին հաճախ ստեղծում են բոլորովին այլ նշաններ. փոքրիկ, անսպասելի, կարծես ինքնիրեն ծնված: Հենց դրանք են դառնում ձգողության կետեր, հանդիպման վայրեր, առարկաներ, որոնք ցանկանում ես թողնել հիշողությանդ և անձնական պատմությանդ մեջ:
Ոսկե ձկնիկը ծովի մոտ, նուրբ կարապները զագսի մոտ և հեքիաթային Եմելյան վառարանի վրա Վիսոկոյե գյուղում շատերին են ծանոթ: Երբ Սոչի քաղաքի Ադլերի շրջանի պատմության թանգարանը սկսեց փնտրել այս աշխատանքները ստեղծողին, պարզվեց զարմանալի մի բան. գեղարվեստական համայնքը լուռ էր։ Պարզվեց, որ դրանք ստեղծող մարդն այնքան համեստ է, որ նույնիսկ մասնագետները չկարողացան տալ նրա անունը։ Հովհաննես Ափոյանը մեծ սրտով և կյանքի հանդեպ կրքոտ սիրով քանդակագործ ու նկարիչ է, որը ստեղծել է Սոչի քաղաքի Ադլեր առողջարանային ավանի մշակութային ծածկագիրը (կոդ)։
Մանկության տարիներին ի հայտ եկած շնորհը
Հովհաննեսի ստեղծագործական ուղին սկսվել է հեռավոր Լենինականում (Գյումրի, 1992 թ.): Տաղանդը պատահաբար է հայտնաբերվել. երբ տղան երեք տարեկան էր և չէր ուզում քնել, մայրը նրան թողել էր մատիտը ձեռքին՝ հույս ունենալով, որ երեխան կխաղա և կքնի։ Վերադառնալով սենյակ՝ նա բարձի վրա տեսել է մի ճագարի նկար։ Երեխան քնեց, բայց նրա առաջին ստեղծագործությունը մնաց։
Ապագա նկարչի առաջին իսկական ինքնաբացահայտումը եղավ մանկապարտեզում։ Ուսուցիչը պլաստիլինից պատրաստեց Բուրատինո և առաջարկեց երեխաներին կրկնօրնակել: Տղան առաջինը գլուխ հանեց, և նրա աշխատանքն ավելի կատարյալ դուրս եկավ, քան ուսուցչինն էր: Կողքի դարակի վրա երկու Բուրատինո էին կանգնած, և փոքրիկ քանդակագործն առաջին անգամ զգաց, որ ինքն առանձնահատուկ շնորհ ունի:
Գեղարվեստի դպրոցը ամուր հիմք դրեց։ Ուսուցիչ Աղունիկ Բերթիկյանը, որն այժմ դասավանդում է Գյումրու արվեստի պետական ակադեմիայում, Հովհաննեսին սովորեցրեց ոչ միայն ծեփելու տեխնիկան, այլև ըմբռնել ձևը, ծավալը, գծի արտահայտչականությունը։
Ադլեր. այն վայրը, որտեղ ծնվում են քանդակները
2005 թվականին քսանամյա Հովհաննեսը հայտնվել է Սոչիի Ադլերի շրջանում։ Այստեղ՝ առողջարանային հողի վրա՝ ծովի և արևի միջև, նրա տաղանդը ձեռք բերեց նոր ծավալներ։ Ինչպես հաճախ է պատահում, ստեղծագործող մարդկանց կյանքում շատ բան են փոխում պատահական հանդիպումները: Սրճարանի տերը, տեսնելով երիտասարդին նկարելիս, ռիսկի է դիմել և անհայտ նկարչին պատվիրել ռեստորանի մուտքի համար ստեղծել երեքմետրանոց ատլասների անսամբլ։ Հարկավոր էր դրանք ստեղծել ոչ թե վարպետի համար սովորական դարձած պլաստիլինից, այլ մերձարևադարձային եղանակին դիմացող բետոնից։
Առաջին փորձերը բառիս բուն իմաստով ցավալի էին. երիտասարդ քանդակագործն իր անփորձության պատճառով չգիտեր, որ բետոնե խառնուրդը քայքայում է մաշկը, և աշխատում էր առանց ձեռնոցի։ Բայց հենց այդ ժամանակ է, որ նա իր համար ընտրում է նյութն ու տեխնիկան՝ ամրանի հենք, սալիկի սոսնձի և բետոնի հատուկ լուծույթ, հետո ձեռքի նուրբ աշխատանք ու զարդանկար։ Այսպես առաջացավ վարպետի ձեռագիրը՝ ճանաչելի ու անկրկնելի։
Քանդակներ, որոնք կերպարանափոխեցին քաղաքը
Սոչիի փողոցներում մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել գործեր, որոնց վիճակված էր դառնալ քաղաքի պատմության մի մասը։
2008–2009 թվականներին Սոչի քաղաքի ներքաղաքային Լազարևսկոյեի շրջանի Ալթմեց գյուղում բարերար, Սոչիի Ռուսաստանի հայերի միության անդամ Ռուբեն Գառնիկի Յազըջյանի ֆինանսական աջակցությամբ կանգնեցվել է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը։ Շատերը մինչև հիմա համոզված են, որ հուշարձանը բերվել է Հայաստանից, թեև այն ստեղծվել է այստեղ՝ ադլերյան քանդակագործի ձեռքերով։
2010 թվականին Երիցուկների փողոցում (улица Ромашек) հայտնվեց գամբուզիա ձկան քանդակը։ Սա ամբողջությամբ հեղինակային աշխատանք է՝ էսքիզից մինչև մարմնավորում։ Սկզբում քանդակը արհեստանոցում ծնվեց պլաստիլինից, այնուհետև ստացավ բրոնզե միս ու արյուն։ Այն մեզ հիշեցնում է այն ժամանակները, երբ Սոչին մալարիայի շրջան էր, և այս փոքրիկ ձկները փրկեցին մարդկանց՝ ուտելով մոծակների թրթուրներին։ Մի անգամ դա նույնիսկ հարց դարձավ «Սեփական խաղ» հեռուստախաղում, և գիտակները չկարողացան ճիշտ պատասխան տալ: Այսօր «Գամբուզիա» բրոնզե քանդակը հանգստավայրի ամենաճանաչված քանդակներից է: Նա լուսանկարների շարքի (ֆոտոսեսիա) հերոսուհին է, իսկ նրա քիթը փայլելու աստիճան հղկված է նրա հրաշք ուժին հավատացողների կողմից:
Այնուհետև Վիսոկոյե գյուղում՝ հրուշակեղենի խանութի մոտ, հայտնվեց «Գայլաձկան հրամանով» ռուսական հեքիաթի հեքիաթային կերպարը՝ բետոնից ստեղծված Եմելյան։ Իսկ 2017-ին համանուն սրճարանում Լավեռնա անունով աղջիկն է, որը մարմնավորել է քանդակագործի պատկերացումները տոնի, քաղցրավենիքի և մանկության մասին: Ֆիգուրը կարծես հյուսված լինի փուչիկներից, շոկոլադե երանգներից և ուրախության զգացումից։
Սակայն իսկական աստղ դարձավ կարծես ծովից դուրս եկած ոսկե ձկնիկի քանդակային կերպարը՝ 2016 թվականին հաստատվելով «Չայկա» լողափի մոտ։ Նրա քիթը հարկ է լինում տարին մի քանի անգամ վերականգնել, այն մաշվում է հազարավոր հպումներից. ամեն ոք ուզում է մտքում ցանկություն պահել՝ հիշելով Պուշկինի հեքիաթի կախարդանքը:
2017 թվականին է ստեղծվել «Ժողովուրդների բարեկամություն» կոմպոզիցիան և դարձել հանդիպումների ու լուսանկարների շարքի սիրելի վայրը։ Քանդակը տեղադրվել է Կարլ Մարքսի և Կիրովի փողոցների միջև ընկած համանուն այգում՝ որպես Սոչիի բնակիչների բազմազգ միասնության խորհրդանիշ։ Իսկ 2018 թվականին Ադլերի զագսի գրասենյակի մոտ թագավորում էին հավատարմության և սիրո մարմնացում ձյունաճերմակ կարապները, առանց որոնց այժմ անհնար է պատկերացնել հարսանեկան արարողությունները։
Ստորջրյա թագավորություն
Հ. Ափոյանի ստեղծագործության առանձին էջը դարձան “Sirena” սուզվելու կենտրոնի համար ստեղծված ստորջրյա քանդակները։ 2011 թվականից սկսած Իմերեթիի ցածրավայրի մոտ՝ ծովի հատակին, սկսեցին հայտնվել ֆանտաստիկ բնակիչներ՝ երեքմետրանոց շնաձկներ, տրիտոններ, մեդուզաներ և նույնիսկ հեքիաթային կերպարներ։
Առաջին շնաձուկը գնաց «ազատ լողալու». նրան քշեց տարավ փոթորիկը: Մյուսներին ավելի ապահով կերպով ամրացրին: Ծովն աստիճանաբար փոխակերպում է բետոնե քանդակները. դրանք պատված են խեցիներով, ծածկված են ջրիմուռներով և դառնում են ստորջրյա աշխարհի մի մասը։ Ջրասուզակների համար այս քանդակները պարզապես զարդարանք չեն, այլ կենդանի արվեստ, որը փոխվում է տարերքի հետ:
Բազմաժանր արվեստագետ
Քանդակը Հովհաննես Ափոյանի տաղանդի միայն մի կողմն է։ Նա գեղանկարիչ է, ջրանկարիչ, աբստրակցիայի և ծաղրանկարի վարպետ։ Գեղանկարչության մեջ նա նախընտրում է կրկնօրինակել դասականների գործերը՝ հղկելով տեխնիկան։ Ջրանկարչության մեջ ազատություն է տալիս երևակայությանը, թույլ է տալիս ներկերին ինքնուրույն ընտրել՝ որտեղ իրենք պետք է լինեն և ինչպես դասավորվեն: Սիրված նկարիչներն են Դալին և Բոսխը՝ սյուրռեալիզմի առաջին վարպետները։
Հովհաննեսի ստեղծագործական ընթացքն անկանխատեսելի է. անհնար է նախապես ասել, թե ինչ կծնվի այսօր՝ ջրաներկի աբստրակցիա, դիմանկար թե շարժ։ Ձեռքն ինքն է ընտրում գործիքը, իսկ կերպարները գալիս են խորքից, որտեղ կուտակվում են տեսած դեմքերից, բնապատկերներից, պահերից ստացած տպավորությունները։
Վերջին տարիներին վարպետը յուրացրել է նոր տեխնիկաներ։ Նա ստեղծել է վիթխարակերտ (մոնումենտալ) որմնանկար՝ հինգը երեք մետրի վրա, Հայաստանում՝ Իջևանի գինու և կոնյակի գործարանի համար։ Աշխատանքը տևել է գրեթե երկու ամիս։ Ավելի ուշ այնտեղ հայտնվեց «Հայաստանի բնությունը» ծավալուն դիորաման՝ 1:24 մասշտաբով, անհավանական մանրամասներով և լազերային անիմացիայով։ Փոքրիկ ծառեր, խոտ, ձեռակերտ ժայռեր՝ մի ամբողջ աշխարհ՝ ստեղծված տաղանդով ու երևակայությամբ։
Թաքնված ադամանդ
Մի հայտնի նկարիչ, ցուցահանդեսում տեսնելով Հովհաննեսի աշխատանքները, նրան անվանել է «թաքնված ադամանդ»։ Բնութագրումը ճշգրիտ է. քաղաքի ճանաչելի պատկերներ կերտող քանդակագործը մնում է ստվերում։ Նա չի ձգտում հրապարակայնության, չի գովազդում իրեն, աշխատում է հանգիստ ու կենտրոնացած:
Առևտրային պատկերասրահներում ցուցադրվելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին. այնտեղ նախընտրում են հնչեղ անուններ: Բայց Ադլերի թանգարանը փնտրեց վարպետին և նախատեսում է վառ ցուցահանդես։ Թերևս սա կլինի վաստակի արժանի ճանաչման սկիզբը:
Այժմ նկարչի արվեստանոցում ապրում է նոր երազանք՝ «ծովային կենտավրոսը»՝ մարդուն և ծովաձիուն միավորող ֆանտաստիկ արարածը: Նախագիծը սպասում է իր ժամին։ Քանդակագործն այն տեսնում է որպես վիթխարակերտ, երեքմետրանոց, կանգնած ափին` Օլիմպիական այգու մոտ:
Ժառանգությունը բրոնզից և բետոնից
Հովհաննես Ափոյանի աշխատանքները դարձել են առողջարանային քաղաքի անբաժանելի մասը։ «Ոսկե ձկնիկ», «Գամբուզիա», «Կարապի հավատարմություն», «Եմելյան վառարանի վրա», «Ժողովուրդների բարեկամություն», «Մեսրոպ Մաշտոց» և այլ քանդակներ ապրում են իրենց կյանքով, դառնում լեգենդներ, դառնում լուսանկարների և հիշողությունների հերոսներ։ Հազարավոր մարդիկ սիրահարվում են նրանց, դիպչում նրանց, որպեսզի ցանկություններ հայտնեն և ժամադրություններ նշանակեն։
Բայց թե ով է այս կերպարները նվիրել քաղաքին, երկար ժամանակ նրա անունը մնում էր անհայտ։ Այժմ «թաքնված ադամանդը» գտնվել է։ Հովհաննես Ափոյանի պատմությունը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են ոգեշնչումը, տաղանդն ու համեստությունը փոխել հանգստավայրի տեսքը: Հեռավոր Գյումրիից ժամանած նկարիչը մնաց այստեղ ու ստեղծեց մի բան, առանց որի Սոչիին այլևս հնարավոր չէ պատկերացնել։
Յուրաքանչյուր քանդակի հետևում կանգնած է զգայուն սրտով ու հավատարիմ ձեռքերով մարդ։ Մարդ, որը տեսնում է գեղեցկությունը սովորական բաների մեջ և կարողանում է բետոնը վերածել պոեզիայի։ Հովհաննես Ափոյանը շարունակում է աշխատել իր արհեստանոցում, և հնարավոր է, շուտով փողոցներում հայտնվեն նոր կերպարներ՝ բարի, լուսավոր, ճանաչելի։
Չէ՞ որ իսկական արվեստը չի ճչում իր մասին։ Այն ուղղակի ապրում է մեր կողքին՝ աշխարհը մի փոքր ավելի գեղեցիկ դարձնելով։
Ալվինա Վալչենկո,
արվեստագիտության թեկնածու,
Սոչի քաղաքի Ադլերի շրջանի պատմության թանգարանի տնօրենի տեղակալ

