Ոչ ոք առանձնաբար չի կարող հաջողել այս ընտրություններում. Արմեն Ռուստամյան
ՆերքաղաքականԸստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` ընդդիմությունը, անկախ ամեն ինչից, մի պարզ տրամաբանություն պետք է ընդունի. այսօր ոչ ոք առանձնաբար չի կարող հաջողել այս ընտրություններում։
— 50 տոկոսից ավել ոչ ոք չունի։ Բայց միասնական ընդդիմությունը, այո՛, կարող է ունենալ ավելին, քան` այսօրվա գործող իշխանությունները։ Եվ սա նշանակում է, որ պետք է առաջին հերթին հասնել մասնակցության տոկոսի բարձր մակարդակի։ Դա է տեղի ունենում բոլոր տեղերում։ Տեսնում եք, որտեղ որ իշխանությունը պարտվում է, պարտվում է, որովհետեւ մասնակցության բարձր տոկոս է գրանցվել։ Հունգարիան ձեզ օրինակ։ Այսինքն, եթե այստեղ էլ, ինչպես Հունգարիայում եղավ, 60 տոկոս մասնակցություն ունենանք, այս իշխանությունը վերընտրվելու տարբերակ չունի։ Բացառված է։ Խոսքն ընդդիմության մեծ շանս ունենալու մասին է։ Ընդդիմությունը պետք է աշխատի ընդհանուր ընդդիմության ձայները մեծացնելու ուղղությամբ։ Թե այդտեղ ով ինչ տոկոս կունենա, ինձ այդքան հետաքրքիր չէ։ Կարեւորը, որ բոլորը միասին ունենան ավելի շատ մանդատ, քան այսօրվա գործող իշխանությունը։ Դա հնարավոր է անել` ջանքերը համադրելով:

