Все идет по плану, впереди тюрьма
ՎերլուծությունՆորաթուխ ընդդիմադիր ուժերը հանկարծակիի եկած բողոքում են փաշինյանական իշխանության ռեպրեսիաներից՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Տպավորություն է, որ լուսնից են իջել եւ ո՛չ լսել են, ո՛չ տեսել, թե ինչ էր կատարվում 2018 թվականից առ այսօր օրվա իշխանության օրոք:
Գործարար Սամվել Կարապետյանի թիմակից կնոջ ձերբակալությունը ներկայացվեց որպես աննախադեպ խայտառակ դեպք: Բայց հիշենք 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթեւ Վիրաբյանի, «Սրբազան պայքար» շարժումից Լիդյա Մանթաշյանի կալանավորումը: Չմոռանանք, թե ինչպես ոստիկանություն տեղափոխելու ճանապարհին խոշտանգեցին 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանին… Այս շարքն անսպառ կարելի է շարունակել: Բայց գլխավոր հարցը մնում է այն՝ իսկ ո՞ւր էին այսօրվա «փրկիչները», ինչո՞ւ էին լռում, ինչո՞ւ ի հայտ եկան միայն ընտրություններին ընդառաջ:
Ինչեւէ, շատ նման է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է կանխել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ընտրություններին մասնակցելու գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այսօր Կարապետյանների թիմակիցները տասնյակներով բերման են ենթարկվում՝ ընտրակաշառքի գործերով: Իսկ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաեւ հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար: Թեեւ եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ հորեղբայրն է իրենց վարչապետի թեկնածուն, նա այդ պաշտոնին չի կարող հավակնել օրենսդրական արգելքի պատճառով: Օրենքով՝ վարչապետի թեկնածու կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող անձը: Ահա, թե ինչու էր ամբողջ ընդդիմադիր դաշտը հորդորում միասնական ճակատ ձեւավորել եւ ընտրություններին գնալ միասնաբար: Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ սխալվեց Սամվել Կարապետյանը, սխալվեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ԾԵՐՈՒԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Հերթական փոդքասթի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է»: Ըստ նրա` ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը շատ-շատ ավելի հարցեր առաջացրեց ԹՐԻՓՓ-ի նկատմամբ:
Դիտարկմանը, որ իշխանության քարոզարշավի մեխը ԹՐԻՓՓ-ն էր, Քոչարյանն արձագանքել է. «Չկա, այդ մեխը ծռվել է։ Ես հետեւում եմ քարոզարշավին, որը իրենք վարում են»։
71-ամյա Ռոբերտ Քոչարյանը, սակայն, մոռանում է իր արած հայտարարությունները ոչ վաղ անցյալում: Ժամանակին հենց նա էր խոսում «Թրամփի ուղու» կամ ԹՐԻՓՓ ծրագրի հնարավոր օգուտների մասին:
«ԹՐԻՓՓ-ից ընդհանրապես հրաժարվել պետք չէ։ Պետք է մեծացնել ԹՐԻՓՓ-ի մասշտաբը, ներգրավել այն պետություններին, որոնց նկատմամբ Իրանում թշնամական վերաբերմունք չկա եւ Իրանի ընկալումը ԹՐԻՓՓ-ի նկատմամբ կփոխվի», - ահա այսպես էր կարծում ՀՀ երկրորդ նախագահը՝ այն ժամանակ, երբ առնվազն «Իրավունք» թերթը գրում էր Թրամփի ուղու վտանգավորության մասին՝ հենց Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների ֆոնին:
Իսկ Ռոբերտ Քոչարյանը մի կողմից խոսում էր այն մասին, որ դրանից «Հայաստանը ոչինչ չի շահելու», մյուս կողմից` հայտարարում, որ պետք չէ մերժել գաղափարը, այլ ինքներս պետք է կառուցենք նույն ճանապարհը՝ նույնիսկ պահպանելով անվանումը: Այսինքն՝ ստացվում է, որ նույն նախագիծը, եթե իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ուրեմն՝ այն անօգուտ է, եթե իշխանության գա Քոչարյանը եւ շարունակի այդ ծրագրի ճարտարապետությունը, այն կդառնա օգտակար:
Ավելին՝ նույն Քոչարյանը զգուշացնում է, որ ծրագիրը կարող է բերել ԱՄՆ-ի ռազմական-քաղաքական ներկայության աճի, ինչը վտանգ է, հատկապես Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից: Բայց միաժամանակ նշում է, որ հնարավոր է նախագիծը ընդլայնել ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, եթե դա ձեռնտու լինի Հայաստանին: Փաստորեն, մի կողմից ԱՄՆ գործոնը ներկայացվում է որպես սպառնալիք, մյուս կողմից՝ որպես հնարավոր գործընկեր։ Նա երբեմն բնութագրում է նախագիծը որպես անվտանգային լուրջ խնդիր, բայց միեւնույն ժամանակ ասում է, որ իրավիճակը ոչ թե մերժելու, այլ ընտրություն կատարելու հարց է՝ ընդլայնել եւ վերափոխել կամ ամբողջությամբ վերցնել հայկական վերահսկողության տակ:
Այսքանից հետո՝ ինչպե՞ս հասկանալ Քոչարյանին, դժվար է ասել, եթե աշխարհաքաղաքական իրադարձությունների կարճաժամկետ զարգացումներում նա չի կողմնորոշվում այսքան, ապա ինչպե՞ս է կրկին հավակնում ստանձնել երկրի կառավարման ղեկը: Թե՞, այնուհանդերձ, չի կողմնորոշվում Ռուսաստանից դիստանցիա պահելն իրեն ավելի շատ ձայն կբերի, թե՞ Միացյալ Նահանգների գիրկը նետվելը:
«ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԳՆԱԼ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ՝ Ո՞Չ
Ընդհանրապես, շատ տարօրինակ են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժի այլ դիրքորոշումները եւս: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը
Քոչարյանի առաջնորդած դաշինքի երկրորդ թեկնածուն է, առաջարկում է ընդդիմադիր ուժերին ընտրությունների վերահսկողությունն իրականացնել միասնաբար:
«Հրապարակային կհնչեցնեմ այն առաջարկությունը, որ հինգ ամիս արել ենք քաղաքական ուժերին: Անկախ նրանից՝ ինչ տարաձայնություններ կան քաղաքական ուժերի միջեւ, ու անկախ նրանից, որ առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, գոյություն ունեն կարեւորագույն օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական նշանակություն ունի: Խոսքն այս իշխանության ապօրինություններին ու հալածանքներին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելու ու ընտրությունները վերահսկելու մասին է», - ընդգծել է նա:
Ընկեր Իշխանն առաջարկում է` այս հարցերի օրակարգով ընդդիմադիր ուժերը միասնական հանրահավաք հրավիրեն: Ու ի՞նչ է ստացվում. «Միասին կարող եք» նշանաբանով գնում են ընտրության, միասնական ճակատ չեն ձեւավորում, նախընտրական ցուցակը կազմում են իրենք իրենցով, ամիսներ շարունակ հենց իրենց առաջարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենթի գործընթաց սկսել, քամահրանքով են վերաբերվում, բայց հիմա խոսում են միասին հանրահավաք ու ընտրություններում վերահսկողություն իրականացնելու մասին: Ընդ որում՝ միայն այն ժամանակ, երբ բոլոր սոցհարցումները գուժում են, որ այս ընտրություններին «Հայաստան» դաշինքն անգամ նախընտրական շեմը հաղթահարելու խնդիր ունի:
Ահա հենց այսպիսի վարած մարտավարությունն է, որ իշխանականների բերանը բացել է տալիս: Օրինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արձագանքում է ամենայն հեգնանքով. «Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք բաժանելու համար: Այսինքն՝ տողատակում կարդում ենք՝ եկեք ճնշենք, որ այլեւս չբռնեն, եւ ընտրակեղծարարները հասնեն իրենց մուրազին: Բայց լավ միտք է. հավաքվեք տեսնենք` ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում: Չնայած ամեն ինչ պարզ է»:
Եվ ընդդիմության այս խայտառակ պատկերի ներքո՝ կամաց-կամաց թեւակոխում ենք նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի շրջան, որտեղ Նիկոլ Փաշինյանի աթոռը ճոճող միասնական ընդդիմություն չկա, իսկ այլընտրանքային վարչապետի ռեալ թեկնածուի տեղը, ուղղակի, «недобор» է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

