Ես Սերգեյ Փարաջանովն եմ․ միստիկ նշան, որը փոխեց դերասանի կյանքը
ՄշակութայինԿինոյի մեծ հրաշագործ Սերգեյ Փարաջանովը ծնվել եւ մեծացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ «Արվեստ առանց սահմանների»՝ այս ձեւակերպումն ամենայն ճշգրտությամբ բնութագրում է նրա յուրահատուկ ստեղծագործական ուղին։ «Խոստովանություն. Ես Սերգեյ Փարաջանովն եմ» նրա վերջին ինքնակենսագրական կինոսցենարն է, որի հիման վրա բեմադրված ներկայացումը կյանքի է կոչվել Ախմետելիի թատրոնում՝ դառնալով բեմարվեստի միջոցով այս յուրահատուկ արվեստագետի կյանքի եւ արվեստի մասին պատմելու առաջին փորձերից մեկը։ Ներկայացումը Երեւանում ներկայացվեց «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ արժանանալով հանդիսատեսի մեծ հետաքրքրությանը։ Ներկայացման բեմադրիչն է Իրակլի Գոգիան, գլխավոր դերում՝ դերասան ԳԻՈՐԳԻ ԳԱՍՎԻԱՆԻՆ (ներկայացման լեզուն՝ վրացերեն), ում հետ էլ բացառիկ զրույց է ունեցել «Իրավունք»-ը։
«ԲԱՌԱՑԻՈՐԵՆ «ՎԱՐԱԿՎԵՑԻ» ԹԱՏՐՈՆՈՎ»
— Գեորգի, որքանով տեղյակ ենք, Դուք առաջին անգամ չէ, որ Երեւանում եք…
— Այո, ես արդեն եղել եմ այստեղ մոտ 15–16 տարի առաջ, կարծեմ՝ 2010 թվականին։ Նույնիսկ ապրում էի նույն հյուրանոցում։ Երեւանն ինձ համար շատ հարազատ քաղաք է։ Ընդհանուր առմամբ, այստեղ եղել եմ երկու անգամ։ Այն ժամանակ դա կապված չէր թատրոնի հետ, այլ՝ հեռուստատեսության եւ շոու-բիզնեսի։
— Ի՞նչ նախագիծ էր դա։
— Նախագիծը կոչվում էր «Մեկ գումարած մեկ»։ Մենք աշխատում էինք վրացի եւ հայ աստղերի հետ միասին։ Շատ հաճելի էր ծանոթանալ տեղական արտիստների՝ երգիչների, երաժիշտների հետ։
— Դուք էլ էի՞ք երգում:
— Ոչ, ես չէի երգում։ Երգում էր իմ ընկերը՝ Անրի Ջոխաձեն։ Մասնակցում էին նաեւ Վերիկո Թուրաշվիլին, Սալոմե Կորկուտաշվիլին, Սոֆիկո Գելովանին եւ շատ ուրիշներ։
— Դուք շարունակեցի՞ք աշխատանքը հեռուստատեսությունում։
— Այո։ Այժմ արդեն ութ տարի է՝ աշխատում եմ մի հեռուստաալիքում եւ վարում եմ «Ստի դետեկտոր» հաղորդումը, որը «Moment of Truth» ձեւաչափի ադապտացիան է։
— Մասնակիցներին իսկապե՞ս ստուգում են պոլիգրաֆով։
— Իհարկե, ամեն ինչ իրական է։ Մարդիկ անցնում են ստուգում եւ կարող են շահել գումար՝ 500-ից մինչեւ 10 000 լարի։ Մեզ մոտ մասնակցում են հայտնի դերասաններ, երգիչներ։ Նույնիսկ Ռոբերտ Ստուրուան եղել է իմ հաղորդման հյուր։
— Դուք համատեղում եք հեռուստատեսությունն ու թատրոնը։ Ո՞րն է Ձեզ ավելի հարազատ։
— Թատրոնն իմ կյանքն է։ Առանց դրա ինձ չեմ պատկերացնում։ Ես սկսել եմ զբաղվել թատրոնով ութ տարեկանից՝ Սուխումիում, Պատանի հանդիսատեսի թատրոնին կից ստուդիայում։
— Ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ։
— Իմ ընտանիքը կապված էր թատրոնի հետ. զարմիկներս այնտեղ խաղում էին։ Ես մի ներկայացում տեսա եւ բառացիորեն «վարակվեցի» թատրոնով։ Տանը մշտապես ինչ-որ բաներ էի բեմադրում, ծաղրում, ձայնավորում։ Այն ամենն, ինչ անում էի մանկության տարիներին, հետո դարձավ իմ մասնագիտությունը։
«ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԶԳԱ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀՈԳԻՆ»
— Դուք Սուխումիի՞ց եք։
— Այո։ Ես այնտեղ եմ ծնվել։ Երբ պատերազմը սկսվեց, ես վեց տարեկան էի։ Դրանից հետո գնացի թատրոն եւ մնացի այնտեղ ընդմիշտ։
— Որտե՞ղ եք սովորել։
— Ավարտել եմ թատերական համալսարանը, որտեղ իմ դասախոսը մեծ վրացի դերասան Գոգի Կավթարաձեն էր։ Արդեն երրորդ կուրսից սկսեցինք բեմում խաղալ։
— Ինչպե՞ս սկսվեց Ձեր մասնագիտական կարիերան։
— Համալսարանն ավարտելուց հետո ինձ հրավիրեցին Սուխումիի դրամատիկական թատրոն։ Դա հազվադեպ է՝ անմիջապես ուսումն ավարտելուց հետո թատրոն ընդունվելը։ 2008 թվականից արդեն պրոֆեսիոնալ բեմում եմ։
— Հիմա Դուք աշխատում եք Ախմետելիի թատրոնո՞ւմ։
— Այո, արդեն մոտ 12 տարի։ Դա իմ կյանքի շատ կարեւոր փուլ է։ Այնտեղ խաղացել եմ բազմաթիվ նշանակալի դերեր, օրինակ՝ Հուլիոս Կեսարը։
— Պատմեք այն ներկայացման մասին, որով եկել եք Երեւան։
— Դա բեմադրություն է Սերգեյ Փարաջանովի վերջին կինոսցենարի հիման վրա։ Ինձ համար այս դերը իսկական ցնցում դարձավ։ Ես երբեք չէի մտածի, որ հնարավոր է խաղալ Փարաջանովին՝ առավել եւս թատրոնում։
— Ինչո՞ւ։
— Որովհետեւ Փարաջանովը դասական դրամատուրգիա չէ, Շեքսպիր չէ։ Դա հատուկ աշխարհ է՝ էսթետիկա, կոլաժ, ներքին պատկերներ։
— Ինչպե՞ս հասաք այս դերին։
— Դա գրեթե միստիկական պատմություն է։ Տանը ունեի Փարաջանովի լուսանկարը, որը նվիրել էր լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։ Ես այն դրեցի շրջանակի մեջ եւ կախեցի մուտքում։ Որոշ ժամանակ անց ռեժիսոր Իրակլի Գոգիան առաջարկեց ինձ խաղալ մի դեր, որը ներշնչված էր Փարաջանովով։ Դա կարծես նշան լիներ։
— Միստիկա կա՞ ներկայացման մեջ:
— Անկասկած։ Եվ հենց Փարաջանովի մեջ, եւ նրա ստեղծագործության մեջ կա այդ միստիկան։ Բայց այն չի վախեցնում, հակառակը՝ ձգում է։
— Ներկայացման մեջ կան տեսարաններ, կապված թբիլիսյան հավատալիքների հետ։ Կպատմե՞ք դրա մասին։
— Փարաջանովը շատ նուրբ է զգում ժողովրդական դիցաբանությունը, կենցաղային նշանները։ Օրինակ, մեզ մոտ կա մի տեսարան, որտեղ հարեւանները քննարկում են, որ պետք է կտրել բալի ծառը, որովհետեւ այն ծաղկել է ձմռանը, իսկ դա վատ նշան է համարվում։ Կամ մեկ այլ հավատալիք՝ եթե հավը հանկարծ սկսում է ծուղրուղու կանչել, ինչպես աքաղաղը, դա նույնպես դժբախտության նախանշան է։ Այսպիսի մանրուքները շատ կարեւոր են։ Դրանք ստեղծում են քաղաքի մթնոլորտը, նրա ներքին կյանքը։ Սա է Փարաջանովի Թբիլիսին՝ աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է նշանների, վախերի եւ միստիկայի հետ։
— Ի՞նչ եք ուզում, որ հանդիսատեսը տանի իր հետ ներկայացումից։
— Սա խոստովանություն է։ Դրա մեջ կա գեղեցկություն, ցավ, հիշողություններ, մանկություն, Թբիլիսի, մարդիկ։ Ուզում եմ, որ հանդիսատեսը զգա արվեստագետի հոգին։
«ԵՍ ԲԼՈԳԵՐ ՉԵՄ, ԴԵՐԱՍԱՆ ԵՄ»
— Ի՞նչ է տալիս դերասանին փառատոներին մասնակցելը։
— Դա հսկայական փորձ է։ Դու ներկայացնում ես քո երկիրը, քո մշակույթը։ Մարդիկ քեզ չեն ճանաչում՝ նրանք պարզապես նայում են եւ զգում։ Եվ երբ ներկայացումից հետո մոտենում են ու շնորհակալություն հայտնում, իսկական երջանկություն է։
— Կա՞ երազանքի դեր։
— Չունեմ մեկ կոնկրետ դեր, ինչի մասին երազում եմ։ Սիրում եմ անսպասելի առաջարկներ։ Երիտասարդ տարիքում բոլորը երազում են Ռոմեոյի մասին, հետո՝ Համլետի։ Բայց ինձ ավելի հարազատ են բարդ, փիլիսոփայական, նույնիսկ միստիկական կերպարները։
— Ի՞նչի վրա եք այժմ աշխատում։
— Պլանավորվում է «Գծավոր գիշերազգեստով տղան» բեմադրությունը։ Հնարավոր է՝ այնտեղ խաղամ հոր դերը։ Բացի այդ, խաղում ենք «Խանումա»-ն, որտեղ ես կատարում եմ իշխանականի դերը։
— Ակտիվ ե՞ք սոցիալական ցանցերում։
— Ես բլոգեր չեմ, դերասան եմ։ Բայց մարդիկ իրենք սկսեցին տարածել իմ տեսանյութերը, եւ դա բերեց հայտնիության սոցիալական ցանցերում։ Ես պարզապես մնում եմ այնպիսին, ինչպիսին կամ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

