Հոգևոր լռեցում բանտերում․ երբ իշխանությունը հերթական անգամ հատում է վտանգավոր սահմանը
ՀանդիպումՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայությունը, միեւնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը եւ անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսեւորվել է նաեւ ՀՀ Զինված ուժերում եւ կրթական ոլորտում։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ ՄԱՇՏՈՑ աբեղա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:
«ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ, ԶԻՆՎՈՐԸ, ԱՇԱԿԵՐՏԸ, ՀԱՎԱՏԱՑՅԱԼԸ»
— Հայր Սուրբ, ի՞նչ է նշանակում կալանավորին հոգեւոր խնամքից զրկելը։
— Դա պարզապես վարչական որոշում չէ․ դա մարդասիրության հիմնարար սկզբունքի ոտնահարում է։ Ավետարանը հստակ է՝ «Բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ Երբ իշխանությունն արգելում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցչի մուտքը բանտ, այն ոչ միայն սահմանափակում է եկեղեցու գործունեությունը, այլ բացահայտորեն խզում է մարդու կապը հոգեւոր մխիթարության եւ հույսի հետ՝ այն պայմաններում, երբ այդ կապը ամենաանհրաժեշտն է։
— Ո՞ւմ է իրականում ուղղված այս քայլը։ Հոգեւորականների՞ դեմ։
— Ո՛չ։ Սա հարված է ամբողջ հասարակությանը։ Թիրախում ոչ թե առանձին հոգեւորականներն են, այլ՝ հայ մարդն իր ամբողջությամբ՝ կալանավորը, զինվորը, աշակերտը, հավատացյալը։ Սա համակարգային քաղաքականություն է, որը հետեւողականորեն նսեմացնում է ազգային-հոգեւոր հենասյուները։
— Արդյո՞ք սա առանձին դեպք է։
— Բացարձակապես՝ ոչ։ Սա նույն շղթայի հերթական օղակն է։ Նույն իշխանությունն է, որը սկզբից փորձեց նվաստացնել եկեղեցին՝ գրոհելով նրա հեղինակությունը, թույլ տալով հրապարակային հակաեկեղեցական արշավներ, լռությամբ խրախուսելով հայհոյանքը սրբությունների նկատմամբ։ Ի՞նչ էր արել հայ ժողովուրդը, որ այս իշխանությունն իր արշալույսին հալածեց Հայ Եկեղեցին՝ գրավված պահելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատունը, թույլատրեց Սուրբ Աննա եկեղեցու բակում մի անաստված խմբի կողմից «նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական արշավների իրականացումը՝ ամեն տեսակ լուտանք լցնելով հայ հոգեւորականի ու եկեղեցու վրա։
Նույն տրամաբանությամբ դպրոցից դուրս մղվեց եկեղեցու պատմությունը՝ հայ դպրոցականին զրկելով սեփական հավատի ու եկեղեցու պատմությունը սովորելուց , ճնշումների ենթարկվեց հոգեւոր կրթությունը՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի գործունեության համար, այն հաստատության, որտեղից բազում մեծանուն հայ մտավորականներ են ծնունդ առել եւ առնում, իսկ բանակից դուրս բերվեցին գնդերեցները՝ հենց այն մարդիկ, որոնք պատերազմի ամենածանր օրերին զինվորի կողքին էին։
«ՍԱ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ ՉԷ․ ՍԱ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»
— Ինչո՞ւ է հատկապես վտանգավոր կալանավայրերում հոգեւոր ծառայության արգելքը։
— Քանի որ բանտը այն վայրն է, որտեղ մարդը կանգնած է իր կյանքի ամենախոր ճգնաժամի առաջ։ Այնտեղ հավատքը հաճախ դառնում է վերջին փրկօղակը։ Երբ իշխանությունն այդ հնարավորությունն էլ է խլում, այն փաստացիորեն մարդուն թողնում է լիակատար ներքին խավարի մեջ։ Սա ոչ թե պարզապես որոշում է, այլ՝ գիտակցված հոգեւոր մեկուսացում։
— Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս քաղաքականությունը։
— Ազգային միասնականության քայքայում։ Երբ քանդվում են հոգեւոր եւ արժեքային հիմքերը, հասարակությունը դառնում է խոցելի, պառակտված եւ անպաշտպան։ Սա արդեն քաղաքական հարց չէ․ սա գոյության հարց է։ Ովքեր այսօր թուլացնում են այդ հիմքերը, վաղը պատասխան են տալու ոչ միայն իրենց ժամանակակիցների, այլ նաեւ ապագա սերունդների առաջ։
— Ի՞նչ ուղերձ կարելի է հղել այս իրավիճակում։
— Չխաղալ ապագայի հաշվին։ Այսօր ընդունված յուրաքանչյուր որոշում ձեւավորում է վաղվա իրականությունը։ Երբ օրը մթնում է, դա չի նշանակում, որ պետք է խավարի մատնել նաեւ գալիք առավոտը։ Եթե նույնիսկ ներկան լի է անորոշությամբ, դա իրավունք չի տալիս ոչնչացնելու այն, ինչ սերունդներ են կառուցել եւ փոխանցել։

