«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որ ուժերն ու ովքեր են գնում ընտրությունների

Արխիվ 16-20

Երեկվա դրությամբ՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվել է միայն երկու առաջադրման հայտ՝ «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Բարգավաճ Հայաստանի» կողմից: Առաջադրումները կշարունակվեն մինչեւ ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն: Այսինքն` կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքներն ունեն այլեւս ընդամենը մեկ օր ժամանակ:

Իսկ մինչ այս պահը համագումարներն անցկացրել եւ նախընտրական ցուցակները հաստատել են շուրջ 19 կուսակցություն ու դաշինք, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը կայացած համագումարին որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին: Ինչպես նշեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, թեպետ հաստատվել է նախընտրական ցուցակը, բայց այն դեռ չեն հանրայնացնում, քանի որ սպասվում են անակնկալներ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է: Նրան հաջորդում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջին համարը կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն է, նրան հաջորդում է կուսակցական ակտիվից Անահիտ Ադամյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը: Հայտնիներից ցուցակում է Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը. նա 4-րդ տեղում է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի Նիկոլ Փաշինյանի նախկին հատուկ դեսպան Էդմոն Մարուքյանի առաջնորդությամբ: Երկրորդ տեղում է Արարատ Միրզոյանի նախկին խոսնակ, լրագրող Կարպիս Փաշոյանը, երրորդ տեղում՝ Շուշան Ավագյանը: Հայտնիներից նախկին ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, որը տեւական ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, հայտվել է 4-րդ տեղում, իսկ կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն ընդհանրապես ցուցակում չկա:

Միասնական ազգային սահմանադրական կուսակցութան՝ ՄԱՍԿ-ի նախընտրական ցուցակում առաջին համարը զարմանալիորեն զբաղեցնում է Օֆելյա Ավագյանը, ում վերաբերյալ փաստեր հայտնի չեն, նրան հաջորդում է ՔՊ-ական նախկին, այժմ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Սոցցանցերում այս նախընտրական ցուցակի շուրջ կատակում են: Օգտատերերից մեկը գրել է. «Լավ է Աղազարյանն ու Ասլանյանն իրենք իրենց նախընտրական ցուցակից դուրս չեն մնացել»: Մեկ ուրիշն էլ նշել է. «Կարեւորն իրենց բան չի եղել»:

Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, նրան հաջորդում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, երրորդ տեղում լրագրող Անի Ներկարարյանն է: Այս նախընտրական ցուցակում տեղ է գտել նաեւ Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության նախկին անդամ, այժմ՝ անկախ անդամ Գրիգոր Հարությունյանը. նա 4-րդ տեղում է:

«Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին եռյակն է՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, Պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Դավիթ Անանյանը եւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Աստղիկ Մատինյանը: 4-րդ տեղում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին: Հայտնիներից ցուցակում է ընդգրկվել նաեւ ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը: Նա ժամանակին եղել է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը: «Միասնության թեւեր»-ում Սեդրակյանը զբաղեցնում է ցուցակի 9-րդ հորիզոնականը:

«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակը բավական բազմերանգ է: Առաջին համարը «Ինստիգեյթ» ընկերության ներկայացուցիչ Սպարտակ Կյուրեղյանն է, նրան հաջորդում է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գեւորգյանը, երրորդ տեղում է «Նժար» կուսակցության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Ցուցակում է ընդգրկված նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, նախորդ ընտրություններում հենց այս քաղաքական ուժից առաջադրված պատգամավորի թեկնածու Միքայել Նահապետյանը. նա 5-րդ տեղում է: Քաղաքականությամբ ակտիվորեն զբաղվող գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը նույնպես հայտնվել է «Բոլորին դեմ եմ»-ի ցուցակում. նա ցուցակի 7-րդ հորիզոնականում է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում 107 թեկնածու կա, առաջին համարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է։ Ցուցակում տեղ են գտել նաեւ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը եւ այլ հայտնի քաղաքական գործիչներ:

«Ժողովրդական համախմբում» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի առաջնորդությամբ: Երկրորդ համարն է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդ տեղում Հասմիկ Գաբրիելյանն է:

Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ցուցակի առաջին եռյակն է՝ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան եւ Տաթեւ Զորյան: Ցուցակում տեղ են գտել ինչպես երիտասարդ, այնպես էլ հին լեւոնական քաղաքական գործիչներ:

«Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը եւս հաստատվել է առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները։ Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը եւ անկուսակցական, փաստաբան Լուսինե Զեյնալյանը։ Ցուցակում ընդգրկված են նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը եւ Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքը մինչեւ երեկ դեռ միակն էր, որը հայտարարել էր ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ երկու կուսակցությունների դաշինքավորման մասին է՝ ՀՅԴ-ի եւ «Առաջ» կուսակցության: Նախընտրական ցուցակի առաջին եռյակն է Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Երեկ կայացած համագումարի ժամանակ հայտնի դարձավ, որ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը նույնպես կմասնակցի ընտրություններին դաշինքով: Նախընտրական ցուցակը գլխավորում է Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, նրան հաջորդում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը եւ սահմանադրական հարցերով փորձագետ Գոհար Մելոյանը:

Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը թեպետ համագումար անցկացրել է, հայտարարել է ընտրություններին մասնակցելու որոշման մասին եւ հաստատել նախընտրական ցուցակը, սակայն պատգամավորի թեկնածուների անվանացանկ դեռ չեն հրապարակել՝ մամուլի համար:

Անցկացված համագումարից հետո նախընտրական ցուցակը դեռ չի հրապարակել նաեւ Վարդան Ղուկասյանի՝ ԴՕԿ-ի «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունը: Միայն հայտնի է, որ ցուցակն առաջնորդելու է հենց Վարդան Ղուկասյանը, իսկ նախընտրական ցուցակի երկրորդ տեղում «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, փաստաբան Լեւոն Բաղդասարյանն է:

Իսկ «Նոր ուժ» կուսակցությունը հրապարակել է միայն առաջին համարի անունը: Այս կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը:

Նույն կերպ «Ազգային-ժողովրդավարական Բեւեռ» կուսակցությունն է հայտարարել կայացած համագումարի, ընտրություններին մասնակցելու որոշման մասին եւ ներկայացրել իրենց վարչապետի թեկնածուին՝ Վարուժան Ավետիսյանին, որը գտնվում է անազատության մեջ: Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածուն էլ Գուրգեն Սիմոնյանն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան