Կա ուկրաինական պատերազմն արագորեն ավարտելու իրական շանս
ՎերլուծությունԱյն, որ իրանական պատերազմի արդյունքներն էական փոփոխություններ են մտցնելու նաեւ Հարավային Կովկասում, հայտնի տրամաբանություն է: Ընդ որում, դժվար չէ կռահել, որ Իրանի դիրքերի ամրապնդումը Հայաստանի համար լավագույն տարբերակը կարող է դառնալ:
Մյուս կողմից, էլ ավելի հին տրամաբանություն է, որ կովկասյան ուղղության վրա էլ ավելի արմատական ազդեցություն կարող է ունենալ նաեւ ուկրաինական պատերազմի ավարտը: Այն, թեեւ, իրանականի ֆոնին որոշակիորեն երկրորդ պլան է մղվել, սակայն դա ավելի շատ պայթյունի շեմին հանդարտության տեսք ունի:
Նախ, այս ընթացքում Ուկրաինան այդպես էլ չկարողացավ լուծել իր ֆինանսավորման խնդիրը, որն ամենամոտ ժամանակներս լրջագույն խնդիրներ է խոստանում: Նախ, եթե մինչ իրանական պատերազմն ԱՄՆ–ն էապես կրճատել էր Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ապա այն խոշոր ներդրումները (ֆինանսական եւ զենքի տեսքով), որոնք Թրամփն իրականացնում է Իրանի ճակատում, Ուկրաինայի աջակցությունը գործնականում զրոյացրել է: Դա, նման է, որ վերջապես հասկացել են նաեւ Կիեւում: Ամեն դեպքում, ինչպես գրում է The Atlantic–ը` Կիեւը այլեւս հույս չունի` կապված Վաշինգտոնի հետ. «Ուկրաինան վերջապես հրաժարվեց Թրամփից: Զելենսկին դուրս է գրել ԱՄՆ-ին իր հաշվարկներից»:
Ինչ վերաբերում է Եվրոպայի խոստացած 90 միլիարդ դոլարին, ապա թեեւ դրա արգելակման հիմնական մեղավոր էին համարում Օրբանին, ապա նա թեեւ կորցրեց վարչապետի աթոռը, սակայն այդպես էլ չկան նշաններ, որ այդ փողը կտրամադրվի: Ու մեծ հարց է, թե իշխանության եկած նոր ուժերը, որնքան էլ որ Եվրոպայի հովանավորյալներն են համարվում, ինչ–որ բան կփոխե՞ն այս հարցում:
Մյուս կողմից, ինչպես ցույց տվեցին Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունները, այս երկրի հետ կապված եւս հարցեր են առաջացել: Հաղթել է նախկին նախագահ Ռումեն Ռադեւի կուսակցությունը, «Արեւմուտքը խուճապի մեջ է», «ԿԳԲ-ն Եվրոպայում նոր գործակալ է ակտիվացրել», «կրեմլամետ», «Պուտինի մարդ», «կրեմլի գործակալ», «երկրորդ Օրբան», «ո՞րն է Ռադեւի կոչումը ԿԳԲ-ում», «Պուտինն ունի նոր լավագույն ընկեր Եվրոպայում» արտահայտությունները ողողել են եվրոպական լրատվամիջոցները: Իրական են դրանք, թե` ոչ, սա դեռ հարցի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ այդ արտահայտությունները քիչ չէին նաեւ ընտրություններից առաջ, ու չնայած դրանց կամ միգուցե դրանց հաշվին Ռադեւը հաղթեց: Այն է` նրան ժողովուրդն աջակցեց անգամ նման կոչերի պարագայում: Իսկ միակ բանը, որն այս պահին փաստ է, դա այն է, որ Ռադեւի կուսակցությունը բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների օգտին եւ դեմ է Ուկրաինային աջակցելուն: Այսինքն, Ուկրաինային խոստացված 90 միլիարդի հարցը շարունակելու է մնալ առնվազն օդից կախված:
Ու այս ամենի հետ մեկտեղ, Կիեւում նոր աղմուկ է առաջացել: Օրերս Զելենսկին սպառնում էր առեւանգել Լուկաշենկոյին, թե իբր Բելառուսը ռազմական դիրքեր եւ մոտեցումներ է ստեղծում ուկրաինական ուղղությամբ: Թեման ծաղկեցրեց Զելենսկու թիմակիցներից` Ուկրաինայի նախկին արտգործնախարար Կուլեբան` պնդելով, որ բելառուսները ներկայումս «ուժեղացնում են իրենց օդային պաշտպանությունը՝ պատրաստվելով հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր արձակել Ուկրաինայի ուղղությամբ»: Մի խոսքով` Բելառուսը պատրաստվում է երկրորդ ճակատ բացել Ուկրաինայում:
Սա, իհարկե, կարող է նաեւ ընդամենը քարոզչական շոու լինել` իրանական պատերազմի ֆոնին ինչ–որ սկանդալային պատմություններով Ուկրաինայի վրա ուշադրություն հրավիրելու համար: Բայց ժամանակներն այնքան «տարօրինակ» են դարձել, որ նաեւ այս վարկածի իրական լինելը չպետք է բացառել: Մեծ հաշվով, հիմա նման ռազմական իրավիճակ է: Ուկրաինական ուժերը փորձեցին մեկ–երկու ամիս տարբեր հակահարձակումներ իրականացնել, որի արդյունքը, ինչպես նաեւ Կիեւում են բացահայտ խոստովանում, հիմնականում խոշոր կորուստները եղան: Փոխարենը ռուսական ուժերը շարունակում են պատրաստվել գարուն–ամառային կոմպանիային եւ, դատելով եղանակային պայմաններից (Ուկրաինայում գետինն արդեն չորանում է) եւ գործնականում ողջ ռազմաճակատով մեկ` Սումիի գոտուց մինչեւ Զապորոժիե տիրող ակտիվությունից, ռուսական ուժերն արդեն գրեթե պատրաստ են մեծ հարձակման: Ու եթե այս անգամ հետեւի նաեւ Բելառուսի ուղղությունից հարվածը, ապա, նաեւ հաշվի առնելով ուկրաինական վերջին կորուստները, արեւմտյան օգնության էական կրճատումները, պատերազմը կարող է շատ արագ տեմպերով գնալ դեպի հանգուցալուծման: Ամեն դեպքում, Մոսկվայի համար այս պահը «հնարավորության պատուհան» է: Մի կողմից, ներքին տնտեսական խնդիրներն են արդեն հրամայում արագացնել պատերազմը: Մյուս կողմից, քանի դեռ ԱՄՆ–ն ու Եվրոպան գզվռտոցի մեջ են, չի կարելի առիթը ձեռքից բաց թողնել:
Կարճ ասած, կա ուկրաինական պատերազմն արագորեն ավարտելու իրական շանս: Մնացած հարցերում բան չի փոխվում. Ռուսաստանը, ինչպես պատմությունն է հուշում, Ուկրաինայից հետո անմիջապես ուղղվում է դեպի Հարավային Կովկաս, ապա միայն Կենտրոնական Ասիա: Առավել եւս, որ կովկասյան ուղղությամբ շարժն այս դեպքում նաեւ Իրանի թիկունքը պահելու իմաստն ունի: Եթե ստացվի, դա կդառնա մեծ խաղի վերջը:

