Ովքեր են իրանական պատերազմի շահողներն ու տուժողները
ՎերլուծությունԻրանական պատերազմի վերսկսման–չվերսկսման թեման շարունակում է մնալ անորոշ: Բանը հասավ նրան, որ Թրամփը ստիպված էր գնալ հրադադարի միակողմանի երկարացման, մինչդեռ Թեհրանը շարունակում է նույն բանը պնդել` կչեղարկեք բլոկադան եւ բոլոր ուղղություններում կդադարեցնեք կրակը, նոր միայն կարող ենք խոսել բանակցելու մասին:
Ո՞ՒՄ Է ՎՆԱՍՈՒՄ ՓԱԿ ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑԸ
Սա, հասկանալի է, ստեղծել է փակուղային վիճակ: Մի կողմից, ԱՄՆ–ն միանգամայն հասկանալի պատճառներով չի կարող հավերժ շարունակել բլոկադան: Մյուս կողմից, Իրանի համար եւս խնդիրներ կան. անորոշությունը կարող է ներքին այս միասնությունը քայքայել: «Թրամփը ձգտում է Իրանին մղել տնտեսական փակուղու և անորոշության՝ սոցիալական քայքայումը խթանելու համար»,– մեկնաբանում է իրանական փորձագետը։ Ըստ այդմ էլ, պատահական չէ Սպիտակ տան զգուշացումը, թե մինչ պատերազմի վերսկսումը Թրամփը մի քանի օր եւս կսպասի: Իսկ Իրանում դա կապում են USS H.W. Bush ավիակրի հետ, որը մոտենում է տարածաշրջանին, Թրամփի հայտարարած ավելացված հրադադարի վերջնաժամկետին, այն է` 3-5 օրից կլինի տեղում: Արդյունքում, ԱՄՆ–ն կունենա երեք ավիակրային նավախմբեր եւ կվերսկսի պատերազմը:
Իհարկե, հնարավոր է, որ այս հավելյալ ժամկետը Թրամփին պետք էր ամերիկյան ռազմական ուժն էլ ավելի մեծացնելու եւ նոր միայն հարձակման անցնելու համար: Մյուս կողմից, դեռ այնքան էլ տեսանելի չէ, թե ինչ է փոխելու նոր ավիակիրը: Առանց այդ էլ ԱՄՆ–ն ունեցած ուժերով կարողանում էր հասցնել այն քանակով օդային հարվածներ, որոնք ցանկանում էր հասցնել: Այսինքն, եթե եղած մոտ 500 ինքնաթիռին ավելանա USS H.W. Bush ավիակրի եւ 90 ինքնաթիռը, դա չէ, որ կդառնա ԱՄՆ–ի համար հաղթանակ ապահովող գործոն: Ու մյուս կողմից, Իրանը դեռ ունի մի շարք քայլերի հնարավորություն, որոնք կարող են էլ ավելի սրել Թրամփի շուրջ առկա գլոբալ նեգատիվը:
Մի խոսքով, եթե անգամ պատերազմը վերսկսվի, մեկ է, դա դեռ չի նշանակում, որ առկա փակուղային վիճակը կհանգուցալուծվի: Թեեւ այստեղ մեկ էական հարց եւս կա. իսկ ԱՄՆ–ին, ասենք նաեւ Իրանին պե՞տք է, որ այս իրավիճակն արագորեն լիցքաթափվի: Այսինքն, նրանք ի՞նչ են ստանում կամ կորցնում ներկա իրավիճակից եւ, խոշոր հաշվով, այս ողջ պատերազմից:
Այստեղ թերեւս հիշեցնենք այն ենթադրությունը, որը ժամանակին` դեռ այս պատերազմի սկզբնական փուլում, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Այն է` իսկ արդյո՞ք այս պատերազմն Իրանի համար միայն խնդիրներ է ստեղծում: Երկիրը, իհարկե, մարդկային, նյութական, ռազմական որոշակի կլորուստներ ունի, եւ դա բացասական կողմն է: Բայց մեկ ընդգծված, գնալով ավելի տեսանելի դարձող ձեռքբերում եւս կա. այս պատերազմն Իրանին վերածում է գերտերության` պետության, որը երկարաժամկետ հատվածում կարող է ոչ թե նույնիսկ տարածաշրջանային, այլ` համաշխարհային նշանակության հարցեր լուծել, նրա կարծիքն աշխարհի մասշտաբով դառնում է թելադրող, բնականաբար, եւս երեք թելադրողների հետ միասին: Որեւէ այլ իրավիճակում Իրանն այս մեծագույն ձեռքբերումը, որը հետագայում հնարավորություն կտա բազմապատիկ փոխհատուցել ներկա կորուստները, չէր ունենա: Ու հիմա, առավել եւս, եթե կարողանա պահել այս պահին ունեցած դիրքերը, կունենա: Ու այստեղ ամենամեծ հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ–ն սխա՞լ քայլերի արդյունքում Իրանին նման շանս տվեց, թե՞ այս ողջ պատմության տակ այլ, դեռ քիչ տեսանելի հանգամանքներ կան:
Մյուս կողմից ԱՄՆ–ն, իհարկե, Հորմուզի նեղուցի պատճառով ունի որոշակի դիրքային եւ հեղինակության կորուստ, որը պատերազմի բացասական արդյունքն է: Բայց մյուս կողմից էլ արդեն այս պահին կան նաեւ ընդգծված օգուտներ: Այստեղ նախ կա մեկ պարզ հարց. իսկ ինչո՞ւ Իրանը փակեց Հորմուզի նեղուցը, դրանով ո՞ւմ է հարվածում: ԱՄՆ–ն, որպես էներգառեսուրսների խոշորագույն արդյունահանող–արտահանող, հաստատ դրանից չի տուժում, ընդհակառակը, գնային ներկա թռիչքներից միայն շահում է, գումարած, որ միաժամանակ իր վերահսկողության տակ է մեկ այլ խորոշագույն նավթարդյունահանող երկիր` Վենեսուելան: Որոշակի վնասներ, այդ թվում` ներքին ինֆլյացիայի մասով կան, բայց ընդհանրական իմաստով, ԱՄՆ–ին այս իրավիճակը ֆինանսապես ձեռնտու է: Ձեռնտու է նաեւ աշխարհաքաղաքական իմաստով, ելնելով այն հանգամանքից, թե ովքեր են տուժում Հորմուզի նեղուցի փակ լինելուց, որը, խոշոր հաշվով, իրանական այս պատերազմի առանցքային գործոններից մեկը դարձավ:
ՈՎՔԵՐ ԵՆ ՏՈՒԺՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Կարեւոր տեղեկատվություն տրամադրեց եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։ Ըստ նրա` ԵՄ երկրների էներգետիկ հավելյալ ծախսերը Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով, հակամարտության սկզբից ի վեր, այսինքն` մեկուկես ամսում կազմել են 24 միլիարդ եվրո: Այս մասին հայտնում է` «Սա օրական մոտ 500 միլիոն եվրո է, և դա զգացվում է Եվրամիության բոլոր երկրների, արդյունաբերությունների և բնակիչների կողմից»:
24 միլիարդը Եվրոպայի համար, իհարկե, մահացու մեծություն չէ: Սակայն մի շարք փորձագետներ ընդգծում են` դա միայն էներգակիրների թանկացումից առաջացած ուղիղ վնասն է: Բայց կա նաեւ միլտիպլիկատիվ էֆեկտը: Այսինքն, թե էներգետիկ թանկացումներն ինչ հավելյալ ծախսեր են առաջացնում, եւ դա ինչ էֆեկտ է ունենում տնտեսության վրա: Ու ընդհանրական հաշվարկով, իրական վնասները պետք է առնվազն տասնապատկել: Իսկ դա նշանակում է, որ մեկուկես ամսում Թրամփի սկսած իրանական պատերազմի պատճառով Եվրոպան իրականում տուժել է առնվազն 300 միլիարդ եվրոյի չափով: Ընդ որում, այդ կորուստները գնալով կտրուկ ավելանում են: Այսինքն, եթե հակամարտության սկզբնական փուլում աշխարհում կար այդ պահին էժան նավթի որոշակի պաշարներ (տեղափոխման մեջ գտնվող կապ տարբեր երկրներում եղած), ապա հիմա դրանք սպառված են, եւ կա ֆիզիկական դեֆիցիտի վտանգ: Այսինքն, եթե պատերազմը շարունակվի եւս մեկուկես ամիս, ապա 300–ի փոխարեն կլինի եւս 500 միլիարդի հավելյալ ծախս, եւ այդպես շարունակ: Փորձագիտական գնահատումներով, արդեն այս պահին նավթի պակասորդը չորս անգամ ավելի մեծ է, քան նավթի շուկաների պատմության մեջ որևէ այլ պակասորդ։ Եվ եթե պատերազմը շարունակվի մինչեւ աշուն, Եվրոպան և մի շարք այլ տարածաշրջաններ կբախվեն էներգետիկ, ջեռուցման, լոգիստիկայի և պարենային ճգնաժամերի:
Ընդ որում, կրկնենք, արագ կարգավորման հույսեր չկան: Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մինչև վեց ամիս, հայտարարել է Պենտագոնը` Կոնգրեսում փակ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է The Washington Post-ը: Այսինքն, եթե անգամ այս պահին նեղուցը բացվի, շուկան դեռ երկար ամիսներ ուշքի չի գալու: Ընդ որում, եթե բացվի Իրանի պայմաններով, այն է` կիրառվեն նեղուցով անցման հարկեր, դա արդեն իսկ նկատելի հետք կթողնի համաշխարհային գների վրա, ընդ որում` մշտական տարբերակով:
Այս ամենը, իհարկե, առանց այդ էլ ռեցեսիոն վիճակին մոտ գտնվող եվրոպական տնտեսության համար իրոք շատ ծանր հարված է: Բայց ամենավատն այն է, որ վիճակը դեռ կարող է շատ ավելի վատթարանալ:
Պատերազմի վերսկսման դեպքում Իրանն ունի մի շարք քայլեր: Դրանից մեկի մասին շատ է խոսվել` Բաբ էլ–Մանդեբի նեղուցի փակման, որը մոտավորապես նույն կարգի հարված է դառնալու Եվրոպայի համար, որքան Հորմուզի նեղուցի փակումը: Սրանից զատ, Իրանը հնչեցրեց եւս մեկ սպառնալիք: «Tasnim» լրատվական գործակալությունը հրապարակել է Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մայրուղիների մանրամասն քարտեզը: Այն է` Թեհրանը կարող է դրանք կտրել, որը, առանց չափազանցության, «թվային ապոկալիպսիս» կառաջացնի Մերձավոր Արեւելքում: Եվ ոչ միայն Մերձավոր Արեւելքում: Դա անմիջական եւ անդառնալի ազդեցություն կունենա ֆինանսական և թվային համակարգերի վրա՝ բանկերից մինչև ֆոնդային բորսաներ եւ էլեկտրոնային առեւտուր, ինչպես նաև տրանսպորտային ծառայություններ: Կտուժեն նաեւ ամերիկյան եւ չինական որոշ ընկերություններ, սակայն հիմնական հարվածն այս դեպքում հասնելու է Եվրոպային եւ առաջին հերթին` Բրիտանիային: Իհարկե, նաեւ արաբական երկրներին: Ու սա կարող է դառնալ անգամներով ավելի մեծ խնդիր, քան Հորմուզի նեղուցով նավթի անցման կանգն է:
Ընդ որում, Իրանն ինքը չի տուժի, քանի որ նրա մալուխային երթուղին տարբերվում է տարածաշրջանի հարավային երկրների երթուղիներից` անցնելով Թուրքիայով, Հայաստանով եւ Ադրբեջանով, պարզաբանել է «Tasnim»-ը:
ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՍՊԱՍԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Այսպիսով, ո՞վ է հիմնականում տուժում իրանական պատերազմի վերսկսումից: Իրանն ու ԱՄՆ–ն, հասկանալի է, որոշակի կորուստներ ունենալու են: Բայց դա մեծ չափով կախված է պատերազմի ընթացքից եւ վերջնական արդյունքից:
Որոշակի ռիսկեր կան նաեւ Չինաստանի համար. վերջինս իր հերթին է նավթի խոշոր ներմուծող, բայց ի տարբերություն Եվրոպայի, հանգիստ օգտվում է ռուսական այլընտրանքից, նաեւ իրանական այն նավթից, որը, չնայած բլոկադային, այնուամենայնիվ, դեռ դուրս է գալիս տարածաշրջանից:
Իսկ ահա Եվրոպայի համար հետեւանքները կարող են լինել մահացու: Այսինքն, եթե այս պահին եվրոպական լիդերները դեռ փորձում են ինքնուրույնության նշաններ ի ցույց դնել, խոսում են անվտանգության նոր համակարգերից, վերազինվելուց, ապա եթե իրավիճակը զարգանա վատագույն սցենարով, որպես աշխարհաքաղաքական միավոր Եվրոպան կպահպանվի. այստեղ մեծ հարցականներ կան: Ընդ որում, այդ դեպքում նույնիսկ կասկածելի է ամերիկյան «հայրական օջախ» վերադառնալու տարբերակը. Վաշինգտոնի ինչի՞ն է պետք Եվրոպային կերակրելը, որի դիմաց էական բան չի ստանում: Որոշ առանձին երկրների, որտեղ ունի ռեալ շահ, իհարկե, կպահի թեւի տակ: Բայց ԵՄ կոչված միասնությանը. ո՞րն է իմաստը:
Ու վերջում կարող է ստացվել, որ իրանական պատերազմը բերեց մեկ պարզագույն փոփոխության` Եվրոպան իր աշխարհաքաղաքական միավորի ֆունկցիան փոխանցեց Իրանին: Հենց սա է այս պահին ամենահավանական տեսքն ունեցող սցենարը, եւ հարց է առաջանում` Թրամփը դրան դիտավորյա՞լ գնաց, թե` չհասկանալով:

