«Գորշ գայլերը» Երեւանում. պարբերաբար կրկնվող անտեսված հանցագործության հետքերով

Հանդիպում

Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգուր Գուզելը սոցցանցում ապրիլի 24-ին լուսանկար է հրապարակել Երեւանից: Նա Հանրապետության հրապարակում ցուցադրել է ահաբեկչական եւ հակահայկական «Գորշ գայլեր»-ի ժեստը, ողջունել իր հետեւորդներին: Հերթական սադրանքը գալիս է փաստելու ոչ միայն այն, որ մինչ հայաստանյան իշխանությունը խոսում է խաղաղության չեղած օրակարգից՝ Թուրքիան շարունակում է ցուցադրել ցեղասպանական նկրտումներ հենց Երեւանի սրտում, այլ իրավապահ մարմինների համառ անտարբերության հետեւանքով անընդհատ կրկնվող նույնանման հանցագործության մասին՝ հայ ազգի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2022 թվականին հանրային լայն արձագանք էր գտել «Գորշ գայլերի» համակիր թուրք բլոգեր Բերքայ Թյուրքմենի տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է նա, Ծիծեռնակաբերդում գտնվելով, ձեռքով «Գորշ գայլերի» նշանը ցույց տալիս ու թուրքերեն ցինիկաբար հայտարարում, թե հուշահամալիրը կրկես է: Դրան հաջորդել էր նաեւ նախորդ տարի՝ 2025 թվականին եւս մի թուրք բլոգերի հրապարակումը Հանրապետության հրապարակից: Օգյուն Օզդեմիրը տեսանյութ էր հրապարակել եւ Հայաստանն անվանել «պատմական Ադրբեջան»:

Ինչպե՞ս են «Գորշ գայլեր»-ի համակիրները պարբերաբար հայտնվում մայրաքաղաքի հենց կենտրոնում, ինչու են նրանք մնում անպատիժ, «Իրավունք»-ը թեմայի շուրջ զրուցել է «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

— Տեղեկացանք, որ արդեն հաղորդում եք ներկայացրել հանցագործության մասին՝ Երեւանում թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգուր Գուզելի «գաստրոլների» վերաբերյալ: Ի՞նչ է հայտնի այս անձի մասին:

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը, որը ներկայացնում է Ուգուր Գուզելը, ծայրահեղ ազգայնական եւ հակաարեւմտյան ուժ է, որը ղեկավարում է Դողու Փերինչեքը։ Կուսակցությունը հայտնի է Հայոց ցեղասպանության հետեւողական եւ կոշտ ժխտմամբ: Դողու Փերինչեքը նույնիսկ դատական գործընթացների մեջ է եղել ՄԻԵԴ-ում («Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի»), որտեղ պայքարում էր ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքների դեմ։ Նրանց քարոզչությունը հիմնված է այն թեզի վրա, որ 1915 թվականի իրադարձությունները ոչ թե ցեղասպանություն էին, այլ «պատերազմական պայմաններում տեղի ունեցած տեղահանություն», եւ որ հայկական կողմն է իրականացրել հանցագործություններ։ Նրանք Հայաստանը հաճախ ներկայացնում են որպես «Արեւմուտքի գործիք» տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է անձամբ Ուգուր Գուզելին, նա ակտիվ քաղաքական գործիչ է, որը զբաղվում է կուսակցության արտաքին կապերով եւ քարոզչությամբ։ Հայտնի է իր պանթյուրքիստական հայացքներով եւ Թուրքիայի ազդեցության ընդլայնմանն ուղղված կոշտ հայտարարություններով։ Նրա կողմից Երեւանում «Գորշ գայլերի» (թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպություն) նշանը ցուցադրելը դիտարկվում է որպես ուղղակի սադրանք եւ հարգանքի բացակայություն Հայաստանի պետականության նկատմամբ։ Հիմա հետաքրքիր է, թե քրեական գործը որ հոդվածով կհարուցվի: Այո՛, համոզված եմ, որ քրեական գործ հարուցվելու է, որովհետեւ չհարուցելու դեպքում լուրջ խնդիրներ են ունենալու հենց իրավապահ մարմինները: Դիմել նաեւ ՀՀ ԱԺ նախագահին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ ԱԱԾ-ին՝ իր մասով:

— Պարոն Բաբայան, կա՞ն տեղեկություններ, թե ինչպես է թուրք քաղաքական գործիչը հայտնվել Երեւանում եւ ի՞նչ առաքելությամբ:

— Նա Հայաստանում է եղել որպես զբոսաշրջիկ կամ մասնավոր այցով, սակայն ապրիլի 24-ի համատեքստում նման լուսանկարի հրապարակումը փաստում է, որ այցի իրական նպատակը եղել է քաղաքական սադրանքը եւ «Գորշ գայլերի» գաղափարախոսության ցուցադրումը հենց Հանրապետության հրապարակում։  Չնայած Ուգուր Գուզելը պաշտոնապես ներառված չէ միջազգային ահաբեկչական ցուցակներում որպես անհատ, նրա կողմից օգտագործված սիմվոլիկան («Գորշ գայլեր») կապված է մի կազմակերպության հետ, որը մի շարք երկրներում (օրինակ՝ Ֆրանսիայում) արգելված է որպես ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորում։ Հայտնի է քաղաքական սպանություններով, բռնություններով եւ էթնիկ զտումների քարոզով։ Հիշեցնեմ նաեւ, որ Եվրոպական խորհրդարանը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին «Գորշ գայլերին» դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքին։ Հետեւաբար, նրա գործողությունները Երեւանում կարող են որակվել որպես ահաբեկչության եւ ատելության քարոզչություն, ինչը հիմք է տալիս իրավապահ մարմիններին քննություն սկսելու համար։

— Համանման մի դեպք էլ եղավ 2022 թվականին: Այն ժամանակ «Գորշ գայլերի» նշանը հենց Ծիծեռնակաբերդից ցույց էր տալիս թուրք բլոգեր Բերքայ Թյուրքմենն ու ծաղրում Հայոց ցեղասպանությունը: Դեպքից գրեթե մեկ տարի անց՝ 2023 թվականին Ձեր ջանքերի շնորհիվ հարուցվեց քրեական վարույթ նրա նկատմամբ: Ի՞նչ եղավ հետո:

Նախ հիշեցնեմ, թե ինչ եղավ 2022 թվականի օգոստոսին: Հանրապետության հրապարակում զբոսնելիս տեսնում եմ երեք թուրք, որոնք թուրքերեն խոսելով` հանգիստ քայլում են: Նրանցից մեկին նմանեցրի այդ նույն սրբապիղծին, ով տեսանյութ էր հրապարակել Ծիծեռնակաբերդից: Մոտեցա ոստիկանին եւ ասացի, որ սա «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող այդ թուրքն է, որը հայհոյում էր մեր նահատակվածների հիշատակը ու Ծիծեռնակաբերդն անվանել էր հայերի համար կրկես, ժխտել էր ցեղասպանության իրողությունը եւ մի շարք այլ տեսանյութեր էր հրապարակել նաեւ Գառնիից ու Գեղարդից եւ երեւանյան փողոցներից: Միանգամից զանգահարեցի 1.02` տեղեկացնելով, որ այդ թուրքին եմ հայտնաբերել: Չերկարացնեմ, միայն ասեմ, որ երբ նրան տանում ենք Կենտրոնի ոստիկանություն, անձնագիրը բերում են եւ հարցաքննում, ու զարմանալիորեն պարզվում է, որ պլանշետ ու մահակ ունեցող պարեկները չունեն անգամ այդ կասկածյալի անուն-ազգանունն ու այլ տվյալներ: Մինչդեռ նա է, թե` ոչ, կարող էինք նախքան քաղմաս բերելը որոշել: Եվ այդ պահին հարց առաջացավ` կարո՞ղ է քրեական գործ էլ չի հարուցվել թուրքի հանդեպ: Հարցնում եմ ոստիկանությանը, ասում եմ` քրեական գործ չկա: Դրա համար էլ ինքս եմ հաղորդում տալիս եւ ինձ կանչում են Մալաթիայի ոստիկանության բաժին, անգամ թուրքերենի մասնագետ են բերում, որ մեկնաբանի տեսանյութերում հնչող այդ բլոգերի ասածները: Սակայն քրեական գործ այդպես էլ չի նախաձեռնվել, որովհետեւ եթե նախաձեռնվեր, իրեն պետք է հարցաքննեին, մինչդեռ նա, ուղղակի, «թռել է»:

Բազմիցս դատախազությունում բողոքարկում եմ ներկայացրել: Ութ ամիս պայքարել եմ: Ինձ ասում էին` «էդ թուրքը, որ գա, անպայման իրեն կբռնենք, քրեական վարույթ կնախաձեռնենք», այսինքն` էշ մի սատկի, գարուն կգա: Ես նաեւ հանդիպել եմ Երեւան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի հետ: Նա դատախազ Արբակ Զաքարյանին հարց տվեց, թե ինչու քրեական գործ հարուցված չէ, վերջինս ասաց` կարծեմ կա հարուցված: Ես էլ ասացի` թույլ տվեք զեկուցեմ, տիկին քաղաքի դատախազ, քրեական վարույթ չկա, չի նախաձեռնվել: Նա ասաց, որ կզբաղվի այդ հարցով: Այս ընթացքում բազմակի բողոքարկումներ եմ ներկայացրել, ասել եմ, որ խոսք է տվել այդ հարցով զբաղվել` մինչեւ ստացա նամակ, որտեղ նշված է, թե քրեական վարույթը նախաձեռնվել է: Ըստ ծանուցագրի` ինձ ներգրավել են` որպես վկա, եւ հորդորել ներկայանալ փաստաբանով: Երեւի, մտածում էին, թե կեղծ մատնություն եմ արել այդ «սուրբ» «Գորշ գայլ» տղու դեմ, հետո տակից ինչպե՞ս եմ դուրս գալու: Մինչդեռ այս դեպքում գործ ունենք իրավապահ մարմինների կատարյալ տարրական անգործության հետ:

— 2025 թվականին էլ Քննչական կոմիտեն իբրեւ գործ էր հարուցել թուրք մեկ այլ բլոգեր Օգյուն Օզդեմիրի նկատմամբ, որը տեսանյութ էր հրապարակել Երեւանից եւ Հայաստանն անվանել «պատմական Ադրբեջան»: Սակայն, այս գործն էլ, կարծես, ջրվեց:

— Այդ ժամանակ էլ ես միանգամից հաղորդում ներկայացրեցի եւ հիշեցրեցի, որ դրա նախադեպն արդեն եղել է Ծիծեռնաբերդում՝ 2022 թվականին: Ընդ որում՝ բոլոր դեպքերը եղել են հենց ապրիլքսանչորսյան օրերին: Իմ հարցմանն ի պատասխան՝ տեղեկացա, որ քրեական վարույթ նախաձեռնվել է՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:

Այո՛, գործերը հարուցվել են, բայց քննչական գործողություններ արդյոք իրականացվել են: Էրեբունիի «հզոր» քննչականն անգամ ծանուցում չի ուղարկում այն գործերով, որոնք առնչվում են, օրինակ, բլոգերներ Ռոման Բաղդասարյանին կամ Նատալի Ալեքսանյանին:  Քննչական կոմիտեից ասում են, թե նախաձեռնել են հոգեբանական եւ լինգվիստական փորձաքննություն, թե օրինակ ի՞նչ մտքով է Ռոման Բաղդասարյանը վիրավորելով արցախցիներին: Մինչեւ հիմա փորձաքննությունն ընթացքի մեջ է: Այնպես որ, իրավապահ մարմինները վախենում են քրեական գործեր հարուցել մեկ թուրքերի, մեկ էլ Ռուստամ Ավագյանի, Ռոման Բաղդասարյանը, Նատալի Ալեքսանյանի, Մանվել Սարգարցյանի նկատմամբ:

Ի վերջո, ո՞ր օղակների բացթողումն է, որ մենք պարբերաբար բախվում ենք «Գորշ գայլերի» սադրանքների հետ՝ հենց մայրաքաղաքի սրտում:

— Նախ ունենք շատ մեծ խնդիրներ սահմանապահների հետ կապված, որոնք շատ մեծ լոյալություն են ցուցաբերում ազգությամբ ադրբեջանցի եւ թուրք քաղաքացիների նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ հայտնի միջադեպ կա.  մի ռուս կին գնում է Բաքու ճանապարհորդության՝ իր 4 տարեկան երեխայի հետ, որն ուներ հայկական ազգանունի նմանվող ազգանուն: Երեխային չեն թողնում մոր հետ իջնել Բաքու: Մինչդեռ մեր մոտ համատարած լոյալություն կա թուրքերի, Իրանից եկած ադրբեջանցիների, նույնիսկ Ադրբեջանից եկած ադրբեջանցիների հանդեպ: Ասում են՝ էստի համեցեք, խաղաղություն է, հրապարակում ինչ ուզում եք, արեք:

Երկրորդ՝ սա ոստիկանության բացթողումն է: Դեպքը տեղի չի ունեցել Բանգլադեշի լողավազանում, եղել է մայրաքաղաքի գլխավոր շատրվանների մոտ՝ Հանրապետության հրապարակում, նույնիսկ Կարապի լճում չի եղել: Այսինքն՝ եղել է բոլորի աչքի առաջ: Երեւանի քաղաքապետարանը նույնիսկ ծառերն է կտրել, որ ծառերի տակ մարդ չթաքնվի, հանկարծ դիվերսիոն գործողություններ չլինի, հայտնաբերեն: Մի՞թե ոչ ոք չի տեսել:

Երրորդ օղակը դատախազությունը, քննչականը, Հակակոռուպցիոն կոմիտեն է, որը պետք է լինի շատ հետեւողական քննչական կոմիտեում քննիչների ապօրինի անգործության մասով:

Ոչ մի օղակ մեզ մոտ չի աշխատում՝ վերեւից ներքեւ, բայց գլխավոր խնդիրը մեր հասարակությունն է, որը լոյալ է դարձել թուրքերի հանդեպ, ավելին՝ ոմանք նույնիսկ կարող է գրկախառնվեն, պոնչիկ անեն, խմեն հետները: Մարդիկ անտարբեր են դարձել ոչ միայն իրենց վաղվա հանդեպ, այլ նաեւ իրենց սերունդների՝ իրենց երեխաների: Վերջերս մի տաքսու վարորդ ինձ ասաց. «Ով ուզում է գա, ինչ ուզում է լինի Հայաստանի հետ, ես, միեւնույն է, իմ տաքսին եմ քշելու»:

— Ի՞նչ վտանգներով է հղի այս ամենը:

— Սա ազգային անվտանգության հարց է: Որքան էլ այսօր սաղմոսներ կարդալը պոպուլյար է դարձել, անում են այնտեղ գրվածների հակառակ գործողությունը: Մեզ տանում են ի փորձություն: Աստված մի արասցե, եթե դիվերսիոն ակտեր լինեն Երեւանում, ոստիկանության զորքերը, ոստիկանական գվարդիան, պարեկային զորքերը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը, ՊՊԾ-ն կարո՞ղ են դիմակայել: Ընդամենը երկու դիվերսիոն գործողություն Երեւանում, ամբողջ քաղաքը կարող է կոլապսի ենթարկվել, ամենակարեւորը՝ խուճապ կլինի բնակչության մոտ: Եվ այսօր, երբ քաղաքական գործիչները կանխատեսում են, որ սեպտեմբերին պատերազմական գործողությունները կարող են վերսկսել, ինչի՞ են հրավիրվում այստեղ «Գորշ գայլերին»: Որ նրանք դիրքավորվե՞ն, կատարեն շպիոնա՞ժ, նաեւ ագենտուրա՞ ձեռք բերեն Երեւանում ու գյուղերում: Լավ, մեզ անտեսենք, բա հայ զինվո՞րը, որին թիկունքից հարվածելու են նշված անձինք: Սա է ամենակարեւոր հարցը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում