Դանի՜, դուխո՜վ. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱնդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացմանը՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ընդամենը հայտարարում է, որ փորձում է ամբողջացնել տեղեկատվությունը։ «Ես ասել եմ՝ խաղաղության իմ չափանիշը որն է։ 2 տարի է՝ սահմանին փոխհրաձգության հետեւանքով մարդիկ չեն զոհվում։ Այս թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետեւ այդ թեմաները երկսայրի սուր են։ Մենք պետք է միշտ հաշվի առնենք, ինչպես ասվում է Նոր կտակարանում՝ դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք։ Այնպես որ, մենք կնայենք, կվերլուծենք։ Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով»,- ասել է նա: Համաձայնեք, որ սա արդեն զգուշավորություն չէ, այլ՝ բացահայտ ուրացում։ Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրում է լռության ու խուսանավման ճանապարհը: Ի՞նչ է սա, եթե ոչ հրաժարում սեփական մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանությունից։ Երբ եկեղեցին է թիրախ դառնում, սա միայն քարերի հարց չէ, սա ինքնության հարց է։ Իսկ այդ ինքնության պաշտպանությունը պետական մակարդակով «չմիջազգայինացնելը» պարզապես քաղաքական որոշում չէ, այլ դիրքորոշում՝ չպաշտպանելու։ Խաղաղության մասին խոսել կարելի է, բայց ի՞նչ արժեք ունի այդ խաղաղությունը, եթե դրա դիմաց լռության են մատնվում նման հարվածները։ Այո՛, սա ուղիղ ուղերձ է՝ մենք չենք պայքարելու, այլ շարունակելու ենք տրվել ու հանձնվել:
Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ համաձայն չէ այն տեսակետին, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Դրա մասին նա հայտարարել է RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում։ «Ի՞նչ է նշանակում «ընդդիմության առաջնորդ»։ Կան մի քանի բավականին խոշոր ընդդիմադիր ձեւաչափեր, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է հաղթանակի, յուրաքանչյուրը տրամադրված է հաղթանակի, եւ ընդդիմադիր դաշտը մեկ անձի մեջ ընդհանրացնելն ու նույնացնելը պարզապես քաղաքականապես եւ քաղտեխնոլոգիապես անգրագիտություն է։ Կարելի է խոսել այն մասին, որ ըստ սոցիոլոգիայի` ինչ-որ մեկն առջեւում է, ինչ-որ մեկը մի փոքր հետ է մնում: «Ընդդիմության առաջնորդ» հասկացությունը նշանակում է մարդ, որը միավորում է ամբողջ ընդդիմությունը։ Դա այդպես չէ»։ Բա Քոչարյանն ասում էր միասին կարո՞ղ ենք, փաստորեն, ո՛չ ինքը միավորեց, ո՛չ Կարապետյանը, արդյունքում այսօր ընտրողը չունի «ընդդիմության առաջնորդ»:
Իսկ ահա «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ծրագրերի համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ երեք կարեւոր նորություն է առանձնացրել դաշինքից՝ նշելով, որ վարչական եւ իրավական ընթացակարգեր է նախաձեռնում թե՛ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության, թե՛ ապրիլի 19-ի եւ 23-ի համերգների, ինչպես նաեւ ապրիլի 23-ի՝ ՀՅԴ-ի ջահերով երթի ֆինանսավորման վերաբերյալ՝ պնդելով, որ դրանք առնչվում են կուսակցական գործունեությանը եւ պետք է համապատասխանեն կուսակցությունների մասին օրենսդրության պահանջներին։ Այսպիսով՝ դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ եւ դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին: Մեզ մնում է ավելացնել՝ Դանի՜, դուխո՜վ… Այսպես որ շարունակվի, Աննա Հակոբյանը մի անգամ էլ իրերը կհավաքի կառավարական առանձնատնից՝ այս անգամ ընդմիշտ:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

