Ո՛չ թուրքի գործակալներին եւ հավատուրացներին
ՎերլուծությունԱպրիլի 24-ը հայ ժողովրդի հիշողության, արժանապատվության եւ պատմական արդարության պահանջի խորհրդանիշն է։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը՝ մի ողբերգություն, որի միջազգային ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն անցյալի գնահատման հարց է, այլեւ՝ պետականության, ինքնության եւ ապագայի անվտանգության հիմնասյուն։
Սակայն տարիների ընթացքում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ պետական մակարդակում այդ հարցի ընկալումը ենթարկվում է վտանգավոր վերանայումների։ Եթե Անկախության հռչակագրի ընդունման պահին, ծանր պայքարի արդյունքում, հաջողվեց ամրագրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, ապա այսօր նույն գաղափարը հայտնվել է լուսանցքում՝ երբեմն նույնիսկ դիտարկվելով որպես «խանգարող հանգամանք» արտաքին քաղաքական հաշվարկներում։
Հռչակագրի քննարկումների ժամանակ արձանագրված փաստերը խոսուն են։ Դեմ էին քվեարկում այն ուժերը, որոնք հետագայում դարձան պետական կառավարման առանցք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական թիմը, նրա համախոհները՝ Երջանիկ Աբգարյան, Աշոտ Բլեյան եւ այլք։ Այդ ժամանակ նրանց մոտեցումը ներկայացվում էր որպես «պրագմատիկ», սակայն իրականում այն արդեն իսկ պարունակում էր այն վտանգավոր տրամաբանությունը, որը մենք այսօր տեսնում ենք առավել ընդգծված ձեւով։
Տասնամյակներ անց ոչինչ չի փոխվել, այլ հակառակը՝ խորացել է։ Թիրախում է հենց Անկախության հռչակագիրն իր գոյությամբ: Ներկա իշխանությունների քաղաքականությունը հաճախ բնութագրվում է որպես հրաժարում պահանջատիրությունից։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ միջազգային հարթակներում պասիվություն է նկատվում։ Խնդիրն այն է, որ աստիճանաբար փոխվում է բառապաշարը թեմայի վերաբերյալ, մոտեցումը, առաջնահերթությունները։ Ցեղասպանության հարցը այլեւս չի ներկայացվում որպես համազգային պայքար, այլ վերածվում է դիվանագիտական «զգուշավորության» թեմայի։
«ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ Է ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ»
Նման մոտեցումները նախկինում բազմիցս քննադատվել են «Իրավունք» թերթի հրապարակումներում։ Տարբեր տարիների վերլուծականներում շեշտվել է, որ ցանկացած փորձ՝ նսեմացնելու կամ երկրորդական դարձնելու Ցեղասպանության հարցը, վտանգում է ոչ միայն պատմական հիշողությունը, այլեւ ազգային անվտանգությունը։ Այդ հրապարակումները զգուշացնում էին, որ «մոռացության քաղաքականությունը» վաղ թե ուշ վերածվելու է ինքնության ճգնաժամի։
Այսօր այդ մտահոգությունները շատերի համար արդեն իրականություն են թվում։ Հանրային դիսկուրսում նկատվում է վտանգավոր միտում՝ «չսրել հարաբերությունները» Թուրքիայի հետ, «առաջ նայել» եւ «անցյալում չմնալ»։ Սակայն հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք մի ժողովուրդ «առաջ նայել», եթե իրենից փորձում են խլել իր պատմական հիշողությունը։
Հատկանշական է նաեւ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը։ Այլեւս վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե իրենք երբեք պետական օրակարգում չեն դրել ցեղասպանության ճանաչման պահանջը, ըստ էության բացահայտում է նույն քաղաքական գիծը։ Թեեւ այն ներկայացվում է որպես «խոհեմություն», իրականում շատերի համար այն ընկալվում է որպես հրաժարում ազգային օրակարգից։
Այս ամենը հիմք է տալիս հարցնելու՝ արդյո՞ք մենք գործ ունենք տարբեր քաղաքական ճամբարների հետ, թե՞ նույն գաղափարական հենքի տարբեր դրսեւորումների։ Եթե առանցքային հարցերում տարբերություն չկա, ապա հակադրությունն ինչի՞ շուրջ է։
Ավելին՝ այսօր արդեն քննադատվում է ոչ միայն արտաքին քաղաքականությունը, այլեւ ներքին խորհրդանշական քայլերը։ Հանրային դժգոհություն է առաջացնում այն, երբ պետական մակարդակում խախտվում է սգի եւ հիշատակի մշակույթը։ Երբ ազգային տոները եւ սգո օրերը խառնվում են իրար, երբ խորհրդանշական օրերի շուրջ որոշումներն ընկալվում են որպես անհամապատասխան կամ անլուրջ, դա, ըստ քննադատների, ոչ միայն քաղաքական սխալ է, այլեւ արժեհամակարգային խնդիր։
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ԿՀԱՋՈՐԴԻ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՔԵՖ-ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Այս համատեքստում առավել սուր է հնչում այն մեղադրանքը, որ գործող իշխանությունը «հարամում է» թե՛ տոնը, թե՛ սուգը՝ խաթարելով ազգային օրացույցի տրամաբանությունը եւ արժեզրկելով դրանց խորհուրդը։ Նման գնահատականները, թեեւ կոշտ են, սակայն արտահայտում են հասարակության լայն հատվածի խոր անհանգստությունը։ Այո՛, ապրիլի 25-ին ՔՊ-ականները տոնելու են իրենց հնարած քաղաքացու օրը:
Այս ամենի ֆոնին առավել արդիական է դառնում «ոչ» ասելը՝ ոչ միայն արտաքին սպառնալիքներին, այլեւ ներքին այն քաղաքական գծին, որը տանում է դեպի մոռացություն եւ ինքնությունից հեռացում։ ՍԻՄ կուսակցության կարգախոսներից մեկը՝ «Ո՛չ Թուրքիայի գործակալներին եւ հավատուրացներին» ձեւակերպումը, որքան էլ հուզական հնչի, արտացոլում է այն մտահոգությունը, որ ազգային հարցերը կարող են դառնալ քաղաքական զիջումների առարկա։
Ապրիլի 24-ը պետք է մնա ոչ միայն սգի, այլեւ պահանջի օր։ Պահանջ՝ հիշելու, պահանջ՝ ճանաչելու, պահանջ՝ չհրաժարվելու։ Որովհետեւ պատմությունը ցույց է տվել՝ երբ ժողովուրդը հրաժարվում է իր պահանջից, վաղ թե ուշ ստիպված է լինում հրաժարվել նաեւ իր իրավունքներից։
ՄԻԱՍԻՆ ՉՈՒԶԵՑԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ, ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ
Այս գահավիժման ընթացքը կասեցնելու համար էր սպասումները հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից: Բայց, ինչպես տեսանք, ընդդիմությունը մեծ-մեծ ճառեր ասաց միավորման մասին, բայց իրար բրթբրթելով շտապեցին առանձին-առանձին գրանցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ որպես ընտրության մասնակից: Այսպիսով՝ երեկ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը: Առաջադրման հայտ են ներկայացրել 19 քաղաքական ուժ, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն: Պատկերը հետեւյալն է՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի շնորհապետական կուսակցություն, «Բոլորին դեմ եմ» կուսակցություն, «Ուժեղ Հայաստան» դաշինք, «ժողովրդավարական համախմբում», «Միասնության թեւեր», «Լուսավոր Հայաստան», «Ազգային ժողովրդավարական բեւեռ», «Հայաստան» դաշինք, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն, Հայ ազգային կոնգրես, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն, «Հանրապետություն», «Ալյանս», Ռեֆորմիստների կուսակցություն, «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն, «Քոչարի ազգային վերածնունդ եվ ազգի զարթոնք» կուսակցություն, «Հանուն հանրապետության» կուսակցություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

