Ոչ միայն Նիկոլը, այլ նաեւ Ալիեւն է փորձում աթոռ պահելու հարց լուծել
ՎերլուծությունԻնչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել եվրոպացիներին`Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի, ԵՄ-Հայաստան գագաթաժողովի շրջանակներում: Երեւանում կլինեն միանգամայն բարձրաստիճան եվրոպացիներ` Եվրոպական խորհրդի նախագահից եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահից սկսած, Մակրոնով վերջացրած:
ԻՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Թե Նիկոլն ինչ հարցեր է ցանկանում լուծել եվրոպացիների հետ` հայաստանյան ընտրությունների շեմին նման միջոցառումներով, դեռ անդրադառնալու առիթներ առաջիկայում կունենանք: Իսկ նախնական տպավորությունը, բնական է, այն է, որ այդ միջոցառումը Նիկոլը կօգտագործի քարոզի համար, թե ինձ ընտրեք, որ Եվրոպա գնանք:
Բայց մյուս կողմից էլ կա այն հարցը, թե եվրոպացիներն ի՞նչ են փնտրում Հայաստանում: Չնայած, մայիսի սկզբներին Հայաստանում նման միջոցառման անցկացումը վաղուց էր հաստատված, այն ժամանակ, թերեւս, ինչպես Նիկոլի, այնպես էլ եվրոպացիների ծրագրերը, պատկերացումները «մի փոքր» այլ էին: Դրանից հետո տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, ու միայն իրանական պատերազմը հաստատ կարող էր այդ բոլոր նախնական պատկերացումները գլխիվայր շրջել: Պարզ օրինակ. Մակրոնը ներկա պահին, թերեւս հասկանալով այն էներգետիկ ճգնաժամը, որը միայն խորանում եւ կատաստրոֆիկ հետեւանքներ է խոստանում Եվրոպային, սկսել է ակտիվորեն խոսել Իրանի հետ լեզու գտնելու մասին: Մի փոքր ավելի «կապրիզնիության» դաշտում է դեռ մնում Ֆոն դեր Լայենը. տիկին Ուրսուլան նախօրեին հայտարարեց, որ դեռ մի փոքր վաղ է համարում իրանական պատժամիջոցները չեղարկելը, թե Իրանը մարդու իրավունքները չի պաշտպանում: Իրանից, իհարկե, չհապաղեցին մի լավ նախշել, իրենց բնութագրմամբ, «եվրավհուկ» դեր Լայենին, որ եթե «մարդու իրավունքների» տակ հասկանում են տարաբնույթ այլասերվածներին, ապա թող իրենք նրանց մասին մտածեն, իսկ Իրանը կշարունակի ապրել իր ավանդական արժեքներով: Ու սրան զուգահեռ, արդեն պաշտոնապես, Թեհրանը հիշեցրեց, թե ինչպես են նույն եվրոպական երկրները հերթով շարվել` պաշտոնական եւ ոչ պաշտոնական եղանակներով Իրանից խնդրելով թույլ տալ, որ իրենց մի քանի նավերն անցնեն: Այսինքն, երեւի անգամ տիկին Ուրսուլան է լավ գիտակցում, որ իր ղեկավարած ԵՄ-ն հիմա իրանական ուղղությամբ խնդրողի դերում է: Ասենք, երբ նա անցնում է այնպիսի տերմինաբանության, թե գիտեք, դեռ հիմա չենք կարող պատժամիջոցները չեղարկել, դա նշանակում է, որ այդ չեղարկման թեման եվրոպացիների մոտ առնվազն գործնական օրակարգում է:
Վերջապես, բուն Եվրոպայում էլ է ներքին փոփոխությունների շունչ զգացվում: Այսպես, վերջին ժամանակներս գերմանացի Մերցն է սկսել իրեն առաջնորդ պատկերացնել, որն այդքան էլ տիկին Ուրսուլայի սրտովը չէ: Հաշվի առնելով, որ, օրինակ, Գերմանիան առաջ է քաշել եվրողեկավարության ֆունկցիաները նվազեցնող 27 կետանոց փաստաթուղթ, ինչը, հասկանալի է, նշանակում է մասնավորապես նույն Ֆոն դեր Լայենի լիազորությունների նկատելի կրճատում: Որոշակի ներքին «բազարներից» հետո տիկին Ուրսուլան խեղճացած ձայնով հայտարարեց, թե պատրաստ է գնալ ԵՄ կառավարման համակարգի «բարեփոխումների»: Թե ինչ է ուզում Մերցը, դա եւս կարելի է հասկանալ: Մայիսի 1-ից Ռուսաստանը փակում է «Դրուժբա» նավթամուղի այն գիծը, որը ղազախական նավթը հասցնում է Գերմանիա: Ղազախները թերեւս չեն տուժելու. նրանց նավթը կտեղափոխվի դեպի Հունգարիա գնացող ուղղություն, որը օրերս Զելենսկին վերագործարկեց: Տուժելու է Գերմանիան, որը հին պայմանագրերով, այն է` շուկայականից էժան ձեռքբերվող ղազախական նավթի փոխարեն հիմա կստանա եւս մոտ 25 տոկոսանոց դեֆիցիտ: Ընդ որում, ղազախական նավթը վերամշակվում է հենց Գերմանիայում` ապահովելով մի շարք առանցքային ուղղություններ` ավիացիա եւ այլն: Կարճ ասած, հարվածը շատ ծանր է լինելու Գերմանիայի համար: Այն կարգի, որ Մերցը սկսել է բացահայտ հայհոյել Թրամփին` Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, էլ չասած, որ նույնքան բացահայտ հայտարարում է, թե Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Ռուսաստանին, եթե ունի ԵՄ-ին անդամակցելու ծրագրեր: Կարճ ասած, Գերմանիան փորձում է ցույց տալ, թե ինքն է Եվրոպայի առաջատար ուժը, որի համար պետք է ճնշել Ֆոն դեր Լայենին եւ սկսել էներգետիկ կամուրջներ գցելու փորձեր Մոսկվայի եւ Թեհրանի ուղղությամբ: Ակնհայտորեն նույն ընթացքն է փորձում բռնել նաեւ Մակրոնը: Ընդ որում, նաեւ հասկանալով, որ եթե փորձեն հույսները կապել Կենտրոնական Ասիայից Ադրբեջանով եւ Հայաստանով նավթ եւ գազ Եվրոպա տեղափոխելու ԵՄ-ի հայտնի գաղափարախոսության հետ, ապա դա ձախողման ամենակարճ ուղին է: Կհաջողվի՞ այդ նախաձեռնությունը, եթե անգամ Ադրբեջանն ու Հայաստանն աշխատեն դրա օգտին, արդեն իսկ մեծ հարցական է, քանի որ Կասպից ծովը հատելու գերխնդիր կա: Եթե անգամ հաջողվի, ֆանտաստիկ տարբերակով` Իրանն ու Ռուսաստանը դեմ չգնան, ապա դրանից այն կողմ Թուրքիան է, որը հաստատ կփորձի դառնալ էներգետիկ հաբ Եվրոպայի համար, որի պարագայում հաստատ Անկարայի ձեռքն են քաղաքական իմաստով կրակն ընկնելու: Իսկ անհնար տարբերակով, եթե ամեն բան լավ լինի, տարիներ են պետք Կենտրոնական Ասիայից լուրջ ծավալներով նավթ ու գազ Եվրոպա հասցնելու համար: Մինչդեռ եվրոպական երկրներին էներգակիրներ հենց այս պահին են պետք, այլապես կարող են բախվել այնպիսի ճգնաժամերի, որից հետո այլեւս այդ էներգակիրների համար կարող է փող չունենան:
Արդյունքում, այս պահին փաստը հետեւյալն է` Եվրոպայում ընթանում են որակ փոխող գերակտիվ գործընթացներ, ընդ որում, ոչ ի օգուտ ԵՄ-ի: Ու թե այս արմատապես փոխվող իրավիճակում առնվազն տարօրնակ է, թե Նիկոլն ինչ ակնկալիքներ ունի ԵՄ-ից, երբ անգամ այդ ԵՄ-ում չգիտեն, թե վաղը «գլխներին ինչ է գալու»:
ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱԾ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ ԶԵՆՔ ԱՐՏԱԴՐԵԼ
Բայց ահա Նիկոլից զատ, նաեւ Ալիեւն է վերջին ժամանակներս փորձում խաղարկել եվրոպական խաղաքարտը: Այսպես, թեեւ մի կողմից, Հեյդարովիչը դարձել էր «Թրամփի ուղու» ակտիվ ջատագովը, բայց մյուս կողմից, բավականին տարօրինակ խաղերի մեջ է մտել ուկրաինական ուղղությամբ: Այսինքն, Թրամփը փորձում է այս պահին ճնշել Կիեւին, Եվրոպան դրան ձգտում է խանգարել` փող տալով: Իսկ ահա Ալիեւը հանկարծ պաշտոնապես առաջարկեց Զելենսկուն` համատեղ ռազմական արդյունաբերություն ծավալել: Այն դեպքում, երբ բացի ուկրաինական թեմայով Եվրոպա-ԱՄՆ հակասություններից, նաեւ ոչ միայն Ռուսաստանը, այլ Իրանն է Կիեւին ընկալում, որպես բացահայտ թշնամի` իրանական պատերազմի հետ կապված Զելենսկու հայտնի խաղերի արդյունքում:
Այն, որ Ալիեւի նման հայտարարությունն արդեն իսկ թշնամանքի հերթական ալիքն է ծավալելու Մոսկվայի հետ, դժվար չէ տեսնել ռեակցիայից, որն առաջացավ ռուսական փորձագիտական դաշտում: Ու այստեղ այն պարզ հարցն է, թե դա Հեյդարովիչի ինչի՞ն է պետք, այն էլ` այս խառը ժամանակներում:
Չնայած, որոշ բաներ այդ մասին ակնարկում է այն գնահատումը, որը ներկա իրավիճակի հետ կապված տալիս է ալիեւյան փորձագետներից քաղաքագետ Էլդար Նամազովը: Ռուսաստանը կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ եւ Չինաստանին մեկուսացնել, ասում է Նամազովը: Ըստ նրա. «Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիեւի խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ներկայումս քննարկվում է մոտ 20 տրիլիոն դոլարի տնտեսական համագործակցության ծրագիր։ Սա աստղաբաշխական թիվ է: Եթե այն իրականացվեր, դա կնշանակեր Ռուսաստանի համար կտրուկ շրջադարձ դեպի ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն…»:
Նկատենք, որ ռուս-ամերիկյան ռազմավարական գործընկերություն ասվածը հազիվ թե Ալիեւի, ասենք նաեւ Նիկոլի երազանքների գագաթնակետը լինի: Այսօր նրանց, ավելի կոնկրետ` «տիկնիկավարների»` Բրիտանիայի ողջ քաղաքական խաղը մասնավորապես հարավկովկասյան տիրույթում հիմնված է տարածաշրջանում ռուս-ամերիկյան հակասությունների վրա: Իսկ եթե հանկարծ ռուսներն ու ամերիկացիները սկսեն « աստղաբաշխական թվի» վրա հիմնված համագործակցություն, ապա այդ դեպքում Վաշինգտոնի համար հարավկովկասյան տիրույթը հազիվ թե որեւէ արժեք ներկայացնի: Պարզ պատճառով. այդ համագործակցության ուղղությունը հյուսիսն է` արկտիկական տիրույթը: Ընդ որում, այն ենթադրում է ինչպես հանքահումքային ռեսուրսների շահագործման, այնպես էլ` մասշտաբային լոգիստիկ ծրագիր: «Հյուսիսային երթուղին», որի գործարկման պարագայում «Թրամփի ուղի», «Զանգեզուրի միջանցք» եւ նման այլ հասկացությունները լիովին կկորցնեն արդիականությունը: Վերջապես, եթե ԱՄՆ-ին չհետաքրքրեր հարավկովկասյան տիրույթը, ապա, հաշվի առնելով նաեւ Իրանի` գնալով աճող գործոնը, Բրիտանիան եւս այս տարածաշրջանում խաղեր տալու մեծ հնարավորություններ այլեւս հազիվ թե ունենա: Իսկ դա կնշանակի Ռուսաստանի ամբողջական աշխարհաքաղաքական վերահսկողություն:
Այս ամենին խանգարող երկու գործոն է Նամազովը տեսնում: «Առաջինը՝ պատերազմն է, որը դեռեւս շարունակվում է։ Այս պատերազմի լուծումը պետք է լինի ռուս-ամերիկյան այս փաթեթի մաս։ Առայժմ Մոսկվայի եւ Կիեւի դիրքորոշումները այնքան հեռու են միմյանցից, որ կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող: Երկրորդն այն է, որ Թրամփի վարչակազմն է նման հնարավորություններ ստեղծում Մոսկվայի համար։ Հաջորդ վարչակազմը, եթե այն դեմոկրատական լինի, կվերադառնա իր նախկին քաղաքականությանը»:
Կարճ ասած, Ալիեւին պետք է, որ Ուկրաինան կարողանա կռվել, քանի դեռ Թրամփը նախագահ է, որից հետո ամեն բան կարող է փոխվել: Այն նույն տեսլականը, որով այսօր առաջնորդվում են եվրալիբերալները:
Ըստ այդմ էլ, պատահական չէ, որ Ալիեւը ցուցադրաբար համալրում է Ուկրաինայի մարտունակությունը բարձրացնել ցանկացողների շարքերը, այն էլ այնպիսի կտրուկ մոտեցումներով, ինչպիսին է համատեղ ռազմաարդյունաբերությունը: Նույնքան հասկանալի մոտեցում է, ինչպես Նիկոլի «եվրոպականացումը». աթոռ պահելու հարց է պետք լուծել: Կհաջողվի՞. դա արդեն կախված է ինչպես իրանական, այնպես էլ` ուկրաինական պատերազմի հետագա ընթացքից:

