Կարճ պատերազմը կարող է բանակցային փակուղուց ելք դառնալ
ՎերլուծությունԻրանի շուրջ ստեղծված «ո՛չ պատերազմ – ո՛չ խաղաղություն» իրավիճակն այդպես էլ չի հանգուցալուծվում: Իհարկե, հանգուցալուծում կարող է լինել ցանկացած պահի, եթե ԱՄՆ–ն վերսկսի պատերազմը: Ամեն դեպքում, ներկա իրավիճակը դեռ այս սցենարն է թողնում առաջնային տեղում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=339601&l=am):
Թրամփի հույսերը, որ բլոկադայի միջոցով կարող են խնդիր լուծել, նման է, որ չեն արդարանում: Իմաստը Իրանին այնպիսի ծանր տնտեսական վիճակի հասցնելն է, որ Թեհրանին այլ ելք չմնա, քան էական զիջումներով խաղաղության հասնելը: Միայն թե պարզվում է, որ Իրանը ոչ միայն բլոկադան մահացու չի համարում, այլ անգամ կարող է դրանից որոշակի օգուտ քաղել: Ընդ որում, նման է, որ դա վերջապես հասկացան նաեւ արեւմտյան աղբյուրները: Այսպես, The Wall Street Journal-ը հանկարծ կռահեց, որ Իրանն ամենեւին էլ կղզի-պետություն չէ, այսինքն, կարող է արտաքին աշխարհի հետ կապվել ցամաքով: Ընդ որում, երկաթուղային կայուն կապ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Չինաստանի հետ: Ավելին, Չինաստանի հետ կան խոշոր կոնտեյներային բեռնափոխադրումների, ինչպես նաեւ նավթի մատակարարումների ոչ թե մշակված, այլ` գործող սխեմաներ: Իսկ այն բանից հետո, երբ նախօրեին Պակիստանը հայտարարեց Իրանի հետ իր սահմանային անցակետերը բացելու մասին, եւ, թերեւս, ոչ առանց Պեկինի միջամտության, բեռների հոսքը վերականգնվեց: Այսինքն` հիմա Իրանը նավթի այն ծավալը, որը Չինաստան էր տեղափոխում ծովով, կփորձի տեղափոխել երկաթուղով։ Իհարկե, այստեղ խնդիրներ կան, պետք են ենթակառույցները հզորացնելու, թողունակության ավելացման հարցեր լուծել: Բայց քանի որ դա շոշափում է նաեւ Չինաստանի կենսական շահերը, այս խնդիրները կարող են շատ արագ` չինական աշխատանքային տեմպերով լուծվել: Սպասելիքը Պեկին օրական ավելի քան 2 միլիոն բարելի նավթ տեղափոխելն է, որը լուծելի խնդիր է։
Ընդ որում, այստեղ կան նաեւ այլ խորքային շահեր: Այդ ենթակառույցներն առանց ամերիկացիների բլոկադայի էլ պետք է ուժեղացվեին, ու հիմա լավ առիթ եղավ: Իսկ հետո այդ ողջ համակարգը կաշխատի «Մետաքսի ուղու» շրջանակներում: Արդյունքում, երկաթուղային կապը հնարավորություն է տալիս Իրանից Չինաստան մատակարարման ժամանակը կրճատել մինչեւ 15 օր՝ ծովային մոտավորապես 40 օրվա փոխարեն:
Իսկ ահա ԱՄՆ-ն պետք է իր նավատորմից երեք ավիակրային խումբ պահի բլոկադայի համար:
Կարճ ասած, թեեւ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում արդեն հասցրել է Հորմուզի նեղուցի քարտեզը տեղադրել` «Թրամփի նեղուց» (լուսանկարում) անվան տակ, բայց հաստատ դա էլ իրավիճակ չի փոխում. նավթի համաշխարհային գները մոտենում են 130 դոլարին, ինչը միայն մեծացնում է Վաշինգտոնի հանդեպ համաշխարհային դժգոհությունը: Ու անգամ ՕՊԵԿ–ի համար փլուզման սպառնալիքի ստեղծումը` Էմիրաթներին այդ կառույցից հանելու միջոցով, ոչ թե նվազեցնող, այլ աճի էֆեկտ թողեց համաշխարհային գների վրա:
Այսպիսով, եթե բլոկադան չի աշխատում, Թրամփը նորից մնում է իրանական խնդրի լուծման երկու հին տարբերակների առաջ` վերսկսել պատերազմը կամ ընդառաջ գնալ իրանական պահանջներին: Նախօրեին կայացավ Պուտինի եւ Թրամփի մեկուկես ժամանոց հեռախոսազրույցը: Դատելով մեկնաբանություններից, որոնք եկան Մոսկվայից եւ Վաշինգտոնից, նման է, որ Պուտինը փոխանցել է այն քննարկումների արդյունքները, որոնք նա անցկացրեց Իրանի հետ` արտգործնախարար Արաղչիի վերջին այցի ժամանակ: Թրամփն էլ իր հերթին սկսեց խոսել ոչ միայն Իրանի, այլ նաեւ ուկրաինական ուղղությամբ հնարավոր արագ խաղաղության մասին: Այս ամենը, իհարկե, որոշակի մեսիջներ պարունակում են ռեալ խաղաղության հասնելու մասով: Առավել եւս, որ, ըստ Ուշակովի. « Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները Իրանի, Պարսից ծոցի երկրների, Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ»: Այսինքն, Մոսկվան սկսում է իրեն ի ցույց դնել, որպես միջնորդ, ընդ որում, տարածաշրջանում համալիր լուծումներ գտնելու «մասնագիտացմամբ»:
Բայց մյուս կողմից էլ Պենտագոնը պաշտոնապես հայտարարեց` պատրաստել է Իրանի դեմ «կարճ եւ հզոր» հարվածների շարքի ծրագիր, որը դրված է Թրամփի սեղանին: Այսինքն, կա նաեւ ռազմական գործողությունների վերսկսման հարցը, որը, ի դեպ, որոշակի իմաստ ունի: Այսինքն, ակնհայտորեն կա բանակցային փակուղի, անկախ այն բանից` միջնորդը Մոսկվա՞ն է, թե՞ մեկ այլ կողմ: Այն է` հենց այսպես Իրանի հետ պայմանավորվելն ու հեռանալը կընկալվի` որպես Թրամփի համար պարտություն: Կամ, եթե Թեհրանը որոշի ինչ–որ «սոուսով» բավարարել Թրամփի միջուկային պայմանները, դա կունենա հակառակ էֆեկտը: Հրադադարի առաջին օրերին այս հարցերում կոմպրոմիսը կարող էր ընկալելի լինել, սակայն Իսրայելը կարողացավ խանգարել: Հիմա ժամանակը բաց է թողնված: Այսինքն, «կարճ եւ հզոր» հարվածաշարերը կարող են դառնալ բանակցություններում այս փակուղուց դուրս գալու միջոց:
Ամեն դեպքում, փորձագիտական մի շարք հեղինակավոր աղբյուրներ եւս այն կարծիքին են, որ Թրամփն այլեւս ժամանակ չունի եւ պետք է իր քայլը կատարի:

