Ինչքան վառ եմ բեմում, այնքան փակ կարող եմ լինել կյանքում. Ֆլորա Բիչախչյանի բացառիկ հարցազրույցը

Մշակութային

Ֆլորա Բիչախչյանը Հայաստանը ներկայացնող միակ հայուհին է, որը դուրս է եկել «Նոր ալիք 2026» մրցույթի եզրափակիչ։ Կազմկոմիտեի տվյալներով՝ ներկայացվել էր ավելի քան 6000 հայտ։ Կիսաեզրափակիչ էին անցել 57 կատարող, եզրափակիչ՝ 13-ը։

Երգչուհին ծնվել է 1997 թվականին Վրաստանի Ախալքալաք քաղաքում, մեծացել Եկատերինբուրգում։ Ավարտել է Մոսկվայի պետական մշակույթի ինստիտուտը։ Ստեղծագործում է ջազ, սոուլ եւ R&B ժանրերում։ Երկու անգամ հաղթել է Moscow Jazz Festival-ում (2023, 2024)։ 2025 թվականին մասնակցել է Հայաստանի «Եվրատեսիլ»-ի ազգային ընտրությանը «Prayer» երգով՝ զբաղեցնելով ութերորդ տեղը։ Հայտնի է նաեւ «Голос» հեռուստաշոուից (Դիմա Բիլանի թիմ) եւ «Ну-ка, все вместе!» նախագծից (6-րդ եթերաշրջան, 100 միավոր)։

«Նոր ալիք 2026»-ի եզրափակիչը կկայանա Կազանում։ Հաղթողների անունները կհայտարարվեն ավելի ուշ։ Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է ՖԼՈՐԱ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ հետ նրա ստեղծագործական ուղու, երաժշտության, հայկական ավանդույթների եւ հետագա ծրագրերի մասին։

«ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԵՎ ԴԱ ԶԳՈՒՄ ՈՒ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՄ»

Ֆլորա, շնորհավորում ենք «Նոր ալիք»-ի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ 6 հազար հայտ, ընդամենը 13 եզրափակիչ անցած մասնակից, եւ Դուք նրանց թվում եք։ Անհավանական արդյունք է։ Երբ հայտարարեցին, որ եզրափակիչ փուլում եք, ի՞նչ զգացիք։

— Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Զգացի մեծ ուրախություն, հպարտություն եւ պատասխանատվություն, որովհետեւ ոչ միայն մասնակցում եմ այս մրցույթին, այլ պատրաստվում եմ ներկայացնել  Հայաստանը: Թեեւ ապրում եմ Ռուսաստանում, բայց իմ արմատներով ես, միեւնույն է, հայ եմ, եւ դա զգում ու գիտակցում եմ։ Այդ պատճառով ինձ համար սա ե՛ւ ուրախություն է, ե՛ւ պատասխանատվություն՝ ամեն ինչ անել բարձր մակարդակով, որպեսզի ստացվի իսկական, մեծ շոու։

Կիսաեզրափակչի ժյուրիի կազմում էին Իգոր Կրուտոյը, Ալեքսանդր Ռեւզինը եւ Անաստասիա Մուխինան։ Նրանցից ո՞վ ասաց հատկապես արժեքավոր խոսքեր կամ տվեց այնպիսի խորհուրդ, որին կհետեւեք։

— Բոլորն էլ ինձ շատ ջերմ ընդունեցին, թեեւ ես, իհարկե, միանգամից սովորական ձեւաչափի մեջ տեղավորվող կերպար չեմ։ Կարծում եմ՝ սկզբում մի փոքր զգուշավոր էին, որովհետեւ ես ոչ տիպիկ երգչուհի եմ։ Ամենաթանկ խոսքերն ինձ համար Ալեքսանդր Ռեւզինի խոսքերն էին, երբ ասաց, որ ես արդեն աստղ եմ։ Նա ասաց. «Դու արդեն աստղ ես, քեզ ընդհանրապես ոչինչ փոխել պետք չէ»։ Ամենակարեւոր խորհուրդը, հավանաբար, այն էր, որ պետք է պարզապես վստահ ելույթ ունենալ եւ մրցույթին չմոտենալ որպես մրցույթի, այլ անել սեփական շոուն՝ ինչպես իսկական արտիստը։ Հենց դրան էլ հետեւելու եմ։

Դուք Հայաստանի միակ ներկայացուցիչն եք։ Չի՞ ճնշում այդ կարգավիճակը, չի՞ վախեցնում այն միտքը, որ Ձեզնից սպասում են գրեթե անհնարինը՝ հաղթանակ ամբողջ երկրի համար։

— Դա, անկասկած, շատ պատասխանատու է։ Բայց ինձ չի վախեցնում, որովհետեւ վստահ եմ ինձ վրա եւ պատրաստ եմ անել ամեն ինչ, ինչ ինձանից է կախված։ Սակայն նման բաների վրա շատ գործոններ են ազդում. մասնակիցները շատ են, եւ նրանք բոլորը տաղանդավոր են։ Ես կանեմ ամեն ինչ հաղթանակ բերելու համար։ Դա ինձ համար շատ մեծ բան կլիներ։ Բայց նման շոուներում ամենակարեւոր հաղթանակը վառ կերպով ներկայանալն է եւ լավագույնների շարքում լինելը, որովհետեւ երբեմն հաղթողներին մոռանում են, իսկ նրանց, ովքեր մտել են մարդկանց սրտերը՝ ոչ։ Ինձ համար հրաշալի կլիներ ե՛ւ հաղթել, ե՛ւ իսկապես ուժեղ շոու ներկայացնել։

— «Նոր ալիքի» եզրափակչում հայերեն երգ կկատարե՞ք:

— Ռեպերտուարը դեռ հաստատվում է, չեմ կարող բոլոր գաղտնիքները բացել։ Դա շատ հավանական է, բայց առայժմ ոչինչ հստակ չէ։

Ելույթի ժամանակ հայկական գորգ, տարազ լինելո՞ւ է։

— Անկեղծ ասած՝ վստահ չեմ, որովհետեւ ես ունեմ իմ սեփական ոճը։ Իհարկե, իմ ոճում օգտագործում եմ հայկական ինքնության եւ հայկական կոլորիտի տարրեր, բայց ունեմ իմ պատկերացումը, թե ինչպես դա պետք է լինի։ Կարծում եմ՝ բավական երգչուհիներ են եղել, ովքեր գորգով ու տարազով են ելույթ ունեցել։ Բայց ես ժողովրդական ժանրի ներկայացուցիչ չեմ, այլ էստրադային եւ փոփ երաժշտության։ Այդ պատճառով փորձելու եմ մնալ ինքս ինձ հավատարիմ, ոչ թե ինձ հարմարեցնել ինչ-որ ձեւաչափի։ Կօգտագործեմ որոշ տարրեր կերպարում, գուցե նաեւ երաժշտության մեջ լինեն ազգային մոտիվներ, բայց ամբողջությամբ՝ ոչ։ Կարեւոր է պահպանել սեփական դեմքը եւ միաժամանակ չկորցնել արմատները։ Այսինքն՝ կլինի մի տեսակ համադրություն։ 

«ՀԱՅԵՐԵՆ ԵՐԳՈՒՄ ԵՄ ՆԱԵՒ ԻՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»

Պատմեք Ձեր ծնողների մասին. ինչպե՞ս ընդունեցին «Նոր ալիք 2026»-ում Ձեր մասնակցության լուրը։

— Մայրս ապրում է Եկատերինբուրգում։ Նա ունի իր գեղեցկության սրահը։ Հայրս հրաշալի մարդ էր, բայց, ցավոք, այլեւս մեզ հետ չէ։ Մայրս իմ հաջողությունները միշտ մեծ ուրախությամբ է ընդունում։ Շատ է աջակցում ինձ, գալիս է իմ բոլոր մրցույթներին ու համերգներին։

Որքա՞ն հաճախ եք տանը կամ ընկերների շրջանում հայերեն երգում։

— Շատ հաճախ... Հայերեն երգում եմ նաեւ իմ մենահամերգների ժամանակ, որոնք առայժմ լինում են Ռուսաստանում՝ Մոսկվայում, Եկատերինբուրգում։ Շատ եմ սիրում տանը երգել մայրիկիս, քույրերիս, հարազատներիս հետ։ Սիրում եմ ժողովրդական երգերը։ Շատ եմ սիրում Սայաթ-Նովային, հին հայկական երգերը։ Անկեղծ ասած՝ ժամանակակից հայկական երգերից այնքան էլ տեղյակ չեմ, բայց ժողովրդական ու ազգային երգերը շատ եմ սիրում։

Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում։

— Շատ հաճախ եմ գալիս Հայաստան։ Վերջին անգամ եղել եմ երկու ամիս առաջ։

Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում, ո՞ր վայրերն եք այցելում։

— Ինչպես գիտեք, ես Ախալքալաքից եմ, եւ, իհարկե, իմ ծննդավայրը Ախալքալաքն է։ Բայց Երեւանի եւ ընդհանրապես Հայաստանի հետ մտերմացել եմ արդեն հասուն տարիքում՝ վերջին մի քանի տարիներին։ Շատ եմ սիրում գալ Երեւան, բնակվել կենտրոնում, Բուզանդ փողոցի հյուրանոցներից մեկում։ Սիրում եմ քայլել քաղաքի կենտրոնում։ Սիրում եմ Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Մարտիրոս Սարյանի թանգարանը, այցելել տաճարներ, երեւանյան ջազ ակումբներ, համեղ ուտելիք փորձել, շրջել Երեւանում։

Շատ եմ սիրում գնալ Սեւան, այնտեղ ինձ հրաշալի եմ զգում։ Նախորդ այցի ժամանակ եղել ենք Դիլիջանում, որը նույնպես շատ հավանեցի։ Հարազատներ ունեմ նաեւ Գյումրիում, երբեմն գնում եմ այնտեղ։ Ինձ համար Երեւանը մթնոլորտ է, համ է, հոգի է եւ շատ լավ օդ։ Երբ գալիս եմ Երեւան, իսկապես սկսում եմ ավելի լավ շնչել։ Ամեն անգամ սիրում եմ նորովի բացահայտել քաղաքը։ Նախորդ անգամ նույնիսկ երգի գաղափար ծնվեց այնտեղ։

Հայկական խոհանոցի ո՞ր ուտեստներն եք պատրաստում տանը։

— Անկեղծ ասեմ՝ տանը հայկական ուտեստներ չեմ պատրաստում, որովհետեւ դա բավական բարդ է։ Տոլմա եւ նման բաներ պատրաստել չգիտեմ։ Իմ տաղանդը ուրիշ ոլորտում է, եւ դրանից չեմ ամաչում։ Բայց մայրս, երբ գնում եմ հյուր, սիրում է տոլմա պատրաստել։ Նա ընդհանրապես շատ լավ է պատրաստում։ Քանի որ Ախալքալաքից եմ, գիտեմ նաեւ վրացական ուտեստներ։ Բայց հիմա փորձում եմ հետեւել սննդակարգիս, իսկ մեր հայկական ուտեստներն այնքան էլ դիետիկ չեն։ Այդ պատճառով տանը պատրաստում եմ դիետիկ ուտեստներ՝ հնդկաձավար, հավ եւ նման բաներ։

«ԵՍ ՍԻՐՈ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ»

Ո՞վքեր են հաճախ գալիս Ձեր տուն։

— Ես ապրում եմ շատ արագ ռիթմով, անընդհատ ճանապարհներին եմ, աշխատանքի բերումով միշտ ինչ-որ տեղ պետք է լինեմ։ Այդ պատճառով հյուրեր հաճախ չեն լինում։ Եթե գալիս են, ապա ընկերներս, գործընկերներս, երաժիշտներ, արտիստներ։ Օրինակ՝ երեկ ինձ մոտ ընկերներ էին եկել, որոնք նույնպես մասնակցելու են «Նոր ալիք»-ին։

Կարո՞ղ եք հիշել Ձեր կյանքի զվարճալի դեպքերից մեկը։

— Երբ մոտ 16 տարեկան էի, մասնակցում էի «Հայաստանի ձայնը» նախագծի օնլայն քասթինգին։ Ես երգում էի, իսկ ժյուրին ծիծաղում էր։ Չէի հասկանում, թե ինչու են ծիծաղում։ Կարծում էի, թե ինչ-որ բան սխալ եմ անում։ Հետո պարզվեց, որ համակարգչում ձայնափոխման ռեժիմ էր միացված՝ ինչպես մուլտֆիլմի սկյուռիկների ձայնը։ Եվ ես ամբողջ ընթացքում այդպիսի ձայնով էի երգում։

Ի՞նչ կասեք անձնական կյանքի մասին. Ձեր սիրտն ազա՞տ է։

— Իմ սիրտն ազատ է, բայց անձնական կյանքս հիմնականում չեմ մեկնաբանում։

Տղամարդու ո՞ր հատկանիշներն եք ամենից շատ գնահատում։

— Բացի առանձին հատկանիշներից, ինձ համար կարեւոր է ընդհանուր ձգողությունը, զգալը՝ իմ մարդն է, թե՝ ոչ։ Շատ կարեւոր է, որ հարգալից վերաբերվի ուրիշներին: Լինի կայացած, որ միմյանց սիրող մարդիկ, երբ հանդիպում են, կախված չլինեն միմյանցից, եւ չապրեն մեկը մյուսի կյանքով։ Որ երկուսն էլ զարգանան, ունենան կարիերա։ Նաեւ ամենակարեւորը հումորի զգացումն է։ Կյանքում ես սիրահարվում եմ հենց հումորի զգացմանը։ Կարեւոր է, որ մարդը լինի մարդկային հատկություններով՝ առանց ստորության, առանց ուրիշին ծուղակը գցելու ցանկության։

Ինձ համար առաջին տեղում մարդկայնությունն է, ջերմությունը, հարգելու կարողությունը, միմյանց հետ խոսելու, անկեղծ լինելու կարողությունը, որովհետեւ կյանքում ամեն ինչ լինում է։ Իդեալական մարդիկ չկան։ Ինձ պետք չէ սպիտակ ձիու վրա արքայազնը, դա անիրատեսական է։ Ես հասկանում եմ, որ բոլորը կարող են սխալվել։ Բայց սխալները մի բան են, իսկ ստոր լինելը՝ ուրիշ բան։ Ուստի՝ ինձ համար շատ կարեւոր է, որ մարդը սկզբից ներքուստ հավաք լինի, կենտրոնացած, ունենա իր նպատակներն ու իր արժեքները։

Սիրո համար կթողնե՞ք բեմը։

— Ո՛չ, երբեք… Ես սիրո կամ որեւէ այլ բանի համար իմ կյանքից չեմ հրաժարվելու։ Կարծում եմ, որ սերն ու հարաբերությունները պետք է լինեն կյանքի հավելում, ոչ թե սահմանափակում։

«ԿՈՒԶԵԻ ՀԱՐՈՒՍՏ ԼԻՆԵԼ՝ ԱՅՆՔԱՆ, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵՄ»

Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք այս տարի։

— Շատ երգեր թողարկել։ Հիմա ամեն ամիս նոր երգ եմ թողարկելու, այդ թվում նաեւ հայերեն։ Համերգներ տալ, շատ հայտնի երգչուհի դառնալ։ Եվ կուզեի նաեւ հարուստ լինել՝ այնքան, որ Երեւանում բնակարան գնեմ։ Շատ եմ ուզում այս տարի անպայման համերգ տալ Հայաստանում, որովհետեւ երբեք Երեւանում մենահամերգ չեմ ունեցել։ Մարդիկ հաճախ գրում են ու հարցնում համերգի մասին։ Երազում եմ ելույթ ունենալ Երեւանում։ 

Ի՞նչ տեղ է զբաղեցնում ջազը Ձեր կյանքում։

— Կասեի՝ ամենագլխավոր տեղերից մեկը։ Երաժշտությունը չեմ բաժանում առաջին ու երկրորդ տեղերի։  Ես շատ եմ սիրում ջազը։ Ես ինքս էլ ջազ եմ։ Ջազը կյանքի ոճ է։

Գուցե մի օր որոշեք երգել ոչ միայն ջազ, այլ նաեւ ռաբի՞ս։

— Ես լավ հումորի զգացում ունեմ։ Նույնիսկ մտածել եմ ընկերոջս հետ հումորային ռեփ երգել ռաբիս ոճով։ Կարծում եմ՝ մարդը չպետք է իրեն սահմանափակի։ Թեեւ դա ամբողջովին իմը չէ, բայց կարող է շատ զվարճալի ստացվել։

Կյանքում զգայո՞ւն մարդ եք։

— Շատ։ Ես նաեւ շատ նուրբ զգայուն մարդ եմ։ Մարդկանց զգում եմ երեք կիլոմետրից՝ ինչ են ուզում ասել, ինչ են մտածում։ Զգում եմ ուրիշների ցավը։ Շատ բարձր էմպատիա ունեմ, դրա պատճառով հաճախ ծանր եմ տանում, երբեմն փակվում եմ, երբեմն ուզում եմ բոլորից մեկուսանալ։ Ինչքան վառ եմ բեմում, այնքան փակ կարող եմ լինել կյանքում։

Ի՞նչ եք զգում, երբ նայում եք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում։

— Իմ երազանքներում եւ ծրագրերում կա մի կարեւոր նպատակ՝ ինչ-որ պահի օգտակար լինել Հայաստանին։ Ես այդ մասին շատ եմ մտածում։ Շատ եմ անհանգստանում եւ շատ եմ ցանկանում, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը, ի վերջո, զարգանան ճիշտ ուղղությամբ, որ երկիրը կրկին ոտքի կանգնի, վերադառնա արժանապատվության զգացումն ու այն գիտակցությունը, որ իրականում Հայաստանը մեծ եւ բազմամշակութային երկիր է։ Այն ստեղծված չէ միայն տառապելու եւ բազմաչարչար լինելու համար, այլ նաեւ երջանիկ ու ուրախ լինելու այնպես, ինչպես մենք կարող ենք։ Քանի որ մենք, որպես ժողովուրդ, շատ հյուրընկալ եւ կենսախինդ ազգ ենք, եւ դա երբեք չպետք է մոռանալ։ Ես նույնիսկ երգեր ունեմ, որոնք նվիրված են Հայաստանում տեղի ունեցող որոշ իրադարձությունների։ 

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում