Մարդ ա վատացել
ՎերլուծությունՀայաստանի ներքաղաքական դաշտում վաղուց արդեն գաղափարների պայքար չկա: Կա մեկ մարդու անվերջ ձգվող հոգեվիճակ, որը պետական կառավարման փոխարեն վերածվել է հիստերիկ շրջիկ թատրոնի։ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի նախընտրական ելույթները, մարզային այցերը, «լայվերը», փողոցային շփումները, անգամ դեմքի միմիկան այլեւս քաղաքական քարոզչություն չեն հիշեցնում։ Դրանք ավելի շատ նման են պարտվող, նեղացած ու սեփական հասարակությունից վախեցած ղեկավարի նյարդային ցնցումների շարանի:
Նա գոռում է, հաճախ առանց տրամաբանության: Հետո փորձում է կիսալաց ձայնով համոզել, որ ժողովուրդն իրեն «չի հասկացել»: Երբեմն էլ մունաթ է գալիս մարդկանց վրա՝ այնպես, կարծես քաղաքացիներն են մեղավոր, որ իր խոստացած «նոր Հայաստանը» վերածվել է հոգնած, հիասթափված ու անվստահ երկրի:
Փաշինյանի այսօրվա քարոզարշավը գաղափար չունի։ Այն ամբողջությամբ կառուցված է զգայական ճնշման վրա՝ վախ, մեղադրանք, վիրավորանք, երբեմն էլ՝ ողորմություն: Մի օր նա սպառնում է նախկիններով, մյուս օրը՝ աշխարհաքաղաքական աղետներով, երրորդ օրը փորձում է համոզել, թե հենց ինքն է Հայաստանի վերջին փրկիչը։ Բայց հանրությունը տեսնում է բոլորովին այլ պատկեր. իշխանություն, որն արդեն կորցրել է սեփական վստահությունը եւ հիմա փորձում է դա փոխհատուցել բարձր տոնով։
Ամենաողբերգականն այն է, որ Փաշինյանը նույնիսկ պետական ծրագրերն է վերածել նախընտրական հոգեբանական թատրոնի։ Դրա ամենացայտուն օրինակը առողջապահական համընդհանուր ապահովագրության թեման է: Տարիներով խոստացված համակարգը այդպես էլ ամբողջական ու հասկանալի տեսքով չի կայացել, սակայն վարչապետը շարունակում է այն ներկայացնել որպես գրեթե պատմական հեղափոխություն։ Ինքը նույնիսկ խոստովանել է, որ համակարգը ներառելու է առողջապահական ծառայությունների ընդամենը մոտ 30 տոկոսը, բայց դա ներկայացնում է որպես հաղթանակ:
Միաժամանակ իշխանությունը փաստացի ընդունում է, որ համակարգը մտնում է կիրառման փուլ բազմաթիվ անպատրաստ խնդիրներով. մասնագետները, մամուլը եւ նույնիսկ շարքային քաղաքացիները խոսում են չհստակեցված մեխանիզմների, վճարների եւ սպասարկման անորոշության մասին։
Փաշինյանի խոսքերն արդեն հաճախ ավելի շատ հիշեցնում են ոչ թե պետական գործչի հաշվետու ելույթ, այլ դժգոհ դասղեկի քարոզ։ «Մի գրոհեք հիվանդանոցները», «Սա սեւ ուրբաթ չէ»՝ ասում է նա՝ առողջապահական համակարգի մասին խոսելիս: Այդ ձեւակերպումների մեջ ակամա բացահայտվում է ամբողջ իրականությունը. իշխանությունն ինքն էլ վստահ չէ իր կառուցած համակարգին։
Սակայն ամենից աղմկահարույցը թերեւս այն հայտարարությունն էր, երբ Փաշինյանը բաց տեքստով սկսեց բացատրել, թե թոշակառուն ինչու չպետք է ինքնուրույն տնօրինի իր գումարը։ Նրա տրամաբանությամբ՝ պետությունն ավելի լավ գիտի, թե քաղաքացուն ինչ է պետք: Սա արդեն պարզապես տնտեսական կամ սոցիալական քաղաքականություն չէ։ Սա վերաբերմունք է սեփական ժողովրդի հանդեպ։
Եվ ահա այս ամենի ֆոնին վարչապետը մարզից մարզ ընկած բուկլետներ է բաժանում։ Երբեմն՝ քարտեզներով։ Այդ քարտեզներն էլ դարձել են սիմվոլիկ։ Ոչ ամբողջական, կրճատված, «կրծված» Հայաստանի պատկերով։ Մի երկրի ղեկավար, որի օրոք Հայաստանը տարածքային ու հոգեբանական կորուստների անվերջ փուլ է ապրել, հիմա փորձում է թղթի վրա տպված քարտեզներով համոզել, թե դեռ վերահսկում է իրավիճակը։
Բայց խնդիրը նույնիսկ միայն Փաշինյանի քաղաքական ձախողումները չեն: Խնդիրն այն է, որ իշխանության ամբողջ խոսույթը աստիճանաբար կորցրել է պետականության զգացողությունը: Երբ երկրի ղեկավարի յուրաքանչյուր ելույթ կառուցվում է անձնական վիրավորվածության, նեղացածության ու ներքին թշնամիներ որոնելու վրա, պետությունն էլ կամաց-կամաց սկսում է ապրել նույն նյարդային ռիթմով։ Հանրային քննարկումները դադարում են գաղափարների մասին լինելուց եւ վերածվում են հոգեբանական դիմակայության՝ ով ում ավելի բարձր կվիրավորի, ով ում ավելի ուժեղ կվախեցնի:
Այս ընթացքում իրական խնդիրները մնում են նույնը՝ արտագաղթ, սոցիալական ծանր վիճակ, անվտանգության ճգնաժամ, անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ: Բայց իշխանությունն այդ ամենի մասին խոսելու փոխարեն անընդհատ փորձում է նոր էմոցիոնալ շոուներ ստեղծել։ Մի օր թիրախում են բժիշկները, մյուս օրը՝ ուսուցիչները, հետո՝ հոգեւորականները, նախկինները, ընդդիմությունը, սփյուռքը կամ պարզապես դժգոհ քաղաքացիները։ Թվում է՝ իշխանությունը չի կարող գոյատեւել առանց հերթական ներքին թշնամու։
Սա արդեն քաղաքական տեխնոլոգիա էլ չէ։ Սա հոգեբանական կախվածություն է։ Փաշինյանի իշխանությունը վաղուց դադարել է ապագա կառուցելու լեզվով խոսելուց։ Այն ապրում է միայն մշտական լարվածության, բաժանման եւ հասարակությանը իրար դեմ հանելու հաշվին։ Որովհետեւ հենց որ աղմուկը դադարի, մարդիկ սկսելու են տեսնել դատարկությունը՝ չկատարված խոստումները, փոշիացած կարգախոսներն ու այն իրական Հայաստանը, որը մնացել է պատերազմից, պարտություններից ու անվերջ արդարացումներից հետո։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

