Նման է, որ այս անգամ Պուտինի սպառնալիքը տեղ հասել է
ՎերլուծությունԱյսպիսով, Նիկոլը սկսեց կամաց–կամաց արձագանքել Պուտինի վերջին կոշտ հայտարարություններին: Հիշեցնենք, ՌԴ նախագահն առաջարկել էր Հայաստանում հանրաքվե անցկացնել` պարզելու համար` ժողովուրդը ռուսական ուղեգի՞ծն է ցանկանում, թե` եվրոպականը` երկրորդ տարբերակի դեպքում «մեղմ, խելամիտ ամուսնալուծության» գնալու համար: Նաեւ, որ այդ թեման պետք է քննության առնել ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը, իսկ առաջիկա հանդիպումը մայիսի վերջերին է: Վերջապես հիշեցրեց, որ ուկրաինական գործընթացները եւս սկսվեցին եվրաինտեգրման նման ծրագրերից:
ՈՐՈՇՈՂԸ ՆԻԿՈԼԸ ՉԷ
Փաշինյանը, ինչպես ինքը հայտարարեց, համաձայն չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «ապահարզան» ձևակերպման հետ։ Այսինքն. «Քանի դեռ չկա թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո ընտրություն կատարելու անհրաժեշտություն, մենք նման հարց օրակարգ չենք բերում»,– նշել է Փաշինյանը: Սա, իհարկե, դիմացինին ձեռք առնելու պես մի բան է, քանի որ խորքում ունի նման իմաստ. քանի դեռ, գոնե մեր կարծիքով, ավելի լավ բան չենք գտել, մնում ենք ձեր հետ: Դրանով դիմացինիդ որեւէ երաշխիք, հնարավորություն չես թողնում գոնե ապագայի պլանների համար: Այսինքն, պլաններ կազմվում են, երբ կա որոշակիություն: Իսկ այն կուրսը, որը ներկայացնում է Նիկոլը, առնվազն զուրկ է որոշակիությունից. այսօր այստեղ եմ, վաղը, հենց մտքովս անցավ, կլինեմ, այլ տեղ տարբերակով:
Սա, ի դեպ, ստանդարտ դարձած պատասխան է. նման մեկնաբանություն Նիկոլից եւ նրա թիմից էլի է լսվել: Միայն թե այդ տրամաբանությունը ունի շատ լուրջ թերություն: Նիկոլն էլ պետք է որ դա լավ հասկանա, բայց երբ նույն տափակ միտքն է առաջ տանում, ենթադրելի է, որ այդպես էլ իրավիճակի հետ կապված ավելի լավ գնահատում չի գտել: Այդ թերությունը շատ պարզ է. եթե ինչ–որ մեկի հետ ինչ–որ բան ես անում, միայն դու չէ, որ կարող ես որոշել` շարունակել դա անել, թե` ոչ: Դիմացինդ եւս կարող է իր որոշումը կայացնել, ընդ որում, անգամ առանց կարծիքդ հարցնելու: Եվ կոնկրետ դեպքում Պուտինն ամենեւին էլ Նիկոլի հետ հերթական հեռավար բանավեճ չի սկսել` Հայաստանի ԵՄ գնալ–չգնալու թեմայով: Նրա հայտարարությունն այլ է, որ ԵՄ կամ մեկ այլ տեղ գնալը ոչ թե Նիկոլի որոշելիքն է, այլ` Հայաստանի քաղաքացիների` հանրաքվեով: Այսինքն, Նիկոլը չէ, որ նման հարց կարող է օրակարգ բերել կամ չբերել: Նա ընդամենը կարող է, ավելին` պարտավոր է դիմել ժողովրդին` նման կարեւորագույն հարցով որոշում ստանալու համար: Ու հենց այդ որոշումն է, որ ԵՄ կամ ԵԱՏՄ թեման կարող է օրակարգ բերել, կամ` ոչ, եթե ժողովուրդը հանրաքվեով նախընտրի ԵԱՏՄ–ն: Ըստ այդմ, Պուտինի խոսքից Նիկոլը մեկ բան չհասկացավ կամ ցույց տվեց, թե չի հասկանում. «մեղմ, խելամիտ ամուսնալուծության» առաջարկը ոչ թե նրան է ուղղված, այլ` Հայաստանի քաղաքացիներին: Վերջապես, եթե Նիկոլը կարծում է, թե այս ընդհանրական հարցն օրակարգում չէ, քանի որ ինքն այն օրակարգ չի մտցրել, հաջորդ կոպիտ սխալն է թույլ տալիս. դիմացինը, կրկնենք, եւս որոշելու իրավունք ունի, այսինքն, Հայաստանի հետ համագործակցելու հարցը (այդ թվում` ԵԱՏՄ–ում) կարող է նաեւ Մոսկվան բերել օրակարգ: Ավելին, բերում է, հաշվի առնելով ռուսական մեսիջը` թեման ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկելու մասին: Ընդ որում, եթե Նիկոլը որոշել է «թռնել» առաջիկա` մայիսի 29–ի նիստից, դա եւս բան չի փոխում. առանց նրա էլ ԵԱՏՄ–ում կարող են հարցը քննարկել եւ անգամ որոշել` Հայաստանի հետ այլեւս այդ ձեւաչափով համագործակցել չեն ուզում: Ալեն Սիմոնյանը փորձեց «սրամտել», թե բա գիտե՞ք, ԵԱՏՄ–ում որոշումները կոնցենսուսային են, եթե մենք դեմ լինենք, որոշում չի ընդունվի: Միգուցե: Բայց եթե հայաստանյան ամենամեծ շուկան`ՌԴ–ն հանկարծ փակի իր բոլոր դռներն ու պատուհանները մեր ապրանքների առաջ, այդ դեպքում Ալենը թող դիմի միջազգային դատարան:
Բայց, ամեն դեպքում, որ այսպես իրար են խառնվել, մեկ բան է հուշում` նման է, որ այս անգամ Պուտինի սպառնալիքները տեղ հասել են:
Այսպիսով, այս իրավիճակն արդեն Նիկոլին արված առաջարկ չէ` այս մեկը կամ այն մեկը ընտրելու հարցում: Իրականում սա, չասենք վերջնագիր, բայց նման մի բան, կարելի է անվանել: Ավելի կոնկրետ, պարզապես նկարագրվում է այն իրավիճակը, որին նիկոլյան ներկա կուրսի պարագայում Հայաստանը բախվելու է: Ընդ որում, դատելով ՌԴ ԱԳՆ–ից եկած նոր հայտարարություններից, դա դեռ ամենեւին էլ չի նշանակում, որ Նիկոլին կհաջողվի մինչեւ վերջ առաջ տանել եվրագլոբալիստների` Հայաստանը Ռուսաստանից պոկելու առաջադրանքը: Համենայնդեպս, քանի դեռ հանրաքվեով Հայաստանի բնակչությունն ընտրություն չի կատարել, ապա, գոնե ըստ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի. «Կշեշտեմ՝ Արևմուտքը, չնայած գեղեցիկ խոսքերին, չի կարող և տեսանելի հեռանկարում չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասի համար՝ ոչ անվտանգության ոլորտում, ոչ էլ տնտեսությունում։ Մեր շահերը տարածաշրջանում անսասան են»:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՍԱՎ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՇԵՄԻՆ
Ու թեեւ այս իրավիճակում Միրզոյան Արոն Նիկոլի ականջին եւ պատահաբար միացված մնացած խոսափողի առաջ «փստացրեց», թե թուրքերն ինչ–որ բան են բացում, սակայն ներկա իրավիճակում Անկարան եւս, թերեւս, կսկսի զգուշավորություն մեծացնել: Նկատի ունենք, որ այն իրավիճակը, որն այսօր գերակտիվ ընթացքով զարգանում է Կիեւում, շատ բան կարող է փոխել:
Այն, որ Զելենսկին ներկա պահին հայտնվել է Վաշինգտոնի միանգամայն ծանր ճնշումների տակ, վերջին օրերին միայն ավելի տեսանելի է դառնում: Ու ահա, բազում փաստերին, որոնց արդեն անդրադառնալու առիթ ունեցել ենք, գումարվեց եւս մեկը: Ու այն կարգի կոնկրետ փաստ, որը միայն միանշանակ ենթադրությունների տեղիք է տալիս:
Խոսքը` ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ուկրաինական հակակոռուպցիոն մարմինների կողմից Երմակին ներկայացված քրեական մեղադրանքների մասին է: Թե կոնկրետ ինչում են մեղադրում Զելենսկու մերձավորին` նրա աշխատակազմի նախկին ղեկավար եւ չնայած պաշտոնանկությանը, երկրի «գորշ կարդինալ» մնացած Անդրեյ Երմակին, իհարկե, երկրորդական հարց է: Խոսքը համեմատաբար մանր կոռուպցիոն սխեմայի մասին է, որը, սակայն, երկար պաուզայից հետո եկավ եւ հասավ Երմակին: Ու բոլորն են հասկանում` հաջորդն արդեն Զելենսկին է լինելու:
Առավել եւս, որ այս ամենին զուգահեռ, Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ցնցող բացահայտնումներով հանդես եկավ նաեւ Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը: Վերջինս դեռ էն գլխից էր ընկալվում, որպես ԱՄՆ–ի կողմից ներդրված պաշտոնյա, ով, բնական է, տիրապետում է հսկայական տեղեկատվության եւ պաշտոնանկությունից հետո «կոնսերվացված» վիճակում պահվում է ԱՄՆ–ում: Ու երբ նրան բերեցին առաջին պլան, դա միանշանակ պետք է համարել Զելենսկուն հասցված վաշինգտոնյան հերթական հարվածը:
Ընդ որում, Մենդելը շատ լուրջ բաներ է պատմում, որոնց մեջ ակնարկը, որ Զելենսկին կոկայինի սիրահար է, երեւի ամենամեղմն է: Շատ ավելի լուրջ են փաստացի մեղադրանքները, թե Զելենսկին անձամբ էր ղեկավարում կոռուպցիոն համակարգը, որը հասել է անձամբ նրա կողմից պաշտոնյաներին «սեւ աշխատավարձ» տալու աստիճանի: Ապա, որ «Զելենսկու ամենամոտ մարդիկ փաստացիորեն տոկոս էին վերցնում որոշ պետական ծրագրերից։ Ես նկատի ունեմ անօրինական տոկոս...», որոնց մասին « Զելենսկին գիտի»: Ապա Մենդելի խոսքը գնում–հասնում է նրան, որ Զելենսկին Բայդենին համարել է թույլ առաջնորդ եւ, չհասկանալով անգամ, թե իրականում այդտեղ ինչ մեխանիզմներ են, փորձել է օգտվել դրանից` ՆԱՏՕ մտնելու համար, թեեւ ավելի վաղ պաշտոնապես խոստացել էր Պուտինին, թե նման ծրագրեր չկան: Նաեւ, որ 2022թ.-ին պատրաստ էր Դոնբասը տալ Ռուսաստանին, սակայն արտաքին ազդեցությամբ հրաժարվել է դրանից: Մի խոսքով, ամեն ինչ տանում է այն մտքին, որ հանուն բազում միլիարդներ ձեռք բերելու, Զելենսկին Ուկրաինան հասցրել է ներկա վիճակին:
Այս գերակտիվ զարգացումները մեկ բանի մասին են խոսում. ԱՄՆ-ն Զելենսկուց պահանջում է` կա՛մ ստորագրում ես այն թուղթը, որը քո առաջ կդրվի, կա´մ շարունակությունն ավելի վատ կարող է լինել: Ասենք, հենց կոնկրետ նրան ներկայացվող միլիարդներ գրպանելու մասին մեղադրանքներից սկսած, վերջացրած ԱՄՆ–ի կողմից անվանական պատժամիջոցներով, որոնք կարող են հասնել ընդհուպ Զելենսկու լեգիտիմությունը չճանաչելուն` որպես ապօրինաբար Ուկրաինայի իշխանությունը պահող անձի:
Եվրոպան, իհարկե, փորձում է օգնության հասնել: Օրինակ, Կայա Կալլասը հորդորում է` արագացնել Կիեւին 90 միլիարդ տրամադրելու գործընթացը, Գերմանիայից ակնարկներ կան, թե գիտեք, Ուկրաինան նոր հեռահար զինատեսակներ է սկսել արտադրել, եւ այլն: Միայն թե «գլխավոր տիրոջ տանը»` Բրիտանիայում ներկա պահին մեծ հրդեհ է սկսվել` կապված իշխող Լեյբորիստական կուսակցության կատաստրոֆիկ պարտության հետ, որը հանգեցրեց Սթարմերի հրատապ պաշտոնանկության պահանջներին: Այսինքն, այս պահին Ուկրաինան չէ, որ առաջին պլանում է: Էլ չասած, որ իրանական ճգնաժամը սպառնում է առաջիկա երկու–երեք շաբաթներին, բացի նավթայինից, վերածվել նաեւ ընդհանուր տնտեսականի, որի հիմնական թիրախներից է հենց Եվրոպան: Ու այն, որ հիմա շատ ավելի բուռն վեճ է ոչ թե Զելենսկուն օգնելու, այլ այն հարցի շուրջ, թե ո՞ւմ ուղարկեն Պուտինի հետ բանակցելու, իր հերթին է լրջորեն թուլացնում ուկրաինական գործող իշխանությունների դիրքերը:
Արդյունքում, ուկրաինական միանգամայն տեղեկացված եւ միաժամանակ ամենահեռատես աղբյուրներից մեկն անգամ սկսել է խոսել այն բառապաշարով, որ պատերազմի ավարտը լիովին հնարավոր է դարձել: Իսկ դա, իհարկե, ոչ թե միայն Զելենսկու, այլ նրա տերերի համար է շատ ծանր պարտություն:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Հանրագումարում. այս դինամիկան ո՞ւր է տանելու ԵՄ–ն, գոնե իր ներկայիս տեսքով. շատ մեծ հարցականներ են առաջանում: Իսկ Նիկոլը կարո՞ղ է այլեւս հույս դնել գոնե հայտարարությունների տեսքով այս ԵՄ–ից եկող աջակցության վրա. այստեղ էլ նույն խոշոր հարցականներն են: Եթե ոչ, բա ո՞ւմ վրա է հույսը դնելու, երբ ուկրաինական գործընթացները հուշում են Թրամփի հետ Մոսկվայի միգուցե ոչ ամենաբարձր կարգի, բայց մեկ է` շատ ծանրակշիռ համագործակցության մասին: Այսինքն, եթե անգամ նա հաջողացնի այս ընտրություններում առաջին տեղում հայտնվել, մեկ է, Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության հարցը ոչ թե դրանով, այլ բոլորովին այլ մակարդակներով է լուծվելու:
Ասենք, դա վերաբերում է նաեւ Ալիեւին, եւ Էրդողանն այս նոր իրողությունները հազիվ թե կարողանա շրջանցել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/66999

