Սկսվեց Թրամփի Չինաստան այցը. ինչ է դա նշանակում
ՎերլուծությունՈւկրաինական իրողությունների այս թեժ պահին (Տես նաեւ https://iravunk.com/?p=340404&l=am) Թրամփը մեկնումէ Պեկին, եւ այս այցը եւս պետք է որ աշխարհի մասշտաբով կարեւոր հարցերի պատասխաններ տալ:
Սպասվող գագաթաժողովը, իհարկե, չի կարող վերջնական լուծում տալ չին–ամերիկյան տնտեսական պատերազմներին: Պայքարը համաշխարհային տնտեսությունում առաջատարի դիրքի համար է, որից բխում են բազում ու բազում հետեւանքներ, եւ նման մասշտաբային հարցերը առաջնորդների մեկ հանդիպումով չէ, որ կարելի է լուծել: Բայց գոնե մինչ այդ հնարավոր է որոշակի խաղի կանոններ հաստատել, ու հենց դա էլ, ըստ էության, այդ հանդիպման հիմնական թեման է: Իհարկե, կփորձեն տալ նաեւ հատկապես կարեւոր որոշակի հարցերի լուծումները: Բայց նաեւ հասկանալի է, որ կողմերը փորձելու են հնարավորինս շատ «վերմակն իրենց կողմը քաշել»:
Ահա այստեղ է, որ Թրամփը բախվում է լուրջ խնդրի. նա Պեկին է մեկնում` այդպես էլ չլուծելով իրանական թեման: Ավելին, այդտեղ նա դեռ մնում է պարտվողի կերպարում, որը նախագահ Սին կարող է շատ լավ օգտագործել:
Չնայած, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Իրողությունը, իհարկե, կա. իրանական հարցով Թրամփը պարտվողի կերպարում է, որը լրջորեն ազդել է նրա ներամերիկյան դիրքերի վրա: Եթե նա նաեւ Պեկինից վերադառնա նման պարտվողի կերպարով, շատ ավելի բարդ վիճակ է առաջանալու: Ու այս դեպքում արդեն Թրամփին մեկ տարբերակ կարող է մնալ` ամեն կերպ հաղթել Իրանում, որտեղ պատերազմի եւ խաղաղության հարցն ամենեւին էլ լուծված չէ: Ու հիմա պատկերացնենք նման սցենար. կարո՞ղ է ԱՄՆ–ն դիմել միջուկային զենքի` մեկ հարվածով թեման փակելու համար: Այսինքն, պետք է այստեղ հաշվարկել, թե դա ի՞նչ օգուտ կամ վնաս կտա Թրամփին:
Միջուկային հարվածը մեկ հետեւանք հաստատ կունենա. դա կարող է Պարսից ծոցի գոտուց նավթագազային արտահանումների թեման փակել շատ երկար ժամանակով: Այս պահին Պեկինն ու Իրանը փորձում են ի ցույց դնել, թե նավթի մատակարարման խնդրի այլընտրանքային լուծումներ ունեն, ասենք` երկաթուղով տեղափոխելով կամ Պակիստանով նավթամուղ կառուցելով: Իսկ ահա ԱՄՆ–ի միջուկային հարվածը նաեւ այդ հարցն է փակում: Հետեւանքը ոչ թե պարզապես նավթային, այլ` գլոբալ տնտեսական ճգնաժամի տեսքով է, որը չափազանց լուրջ հարված է դառնալու Չինաստանի համար: ԱՄՆ–ն, ոչինչ, ունի սեփական ռեսուրսները եւ կհայտնվի շատ ավելի շահեկան վիճակում: Ընդ որում այն, որ Թրամփի այցի շեմին ԱՄՆ–ն Ջիբլարթարի նեղուցով Միջերկրական ծով մտցրեց ատոմային զենք կրող սուզանավ, ընդ որում, խիստ գաղտնիության փոխարեն դա ի ցույց դնելով, իհարկե, հասկանալի ազդակ է:
Ու սա ամենեւին էլ այն հանգամանքը չէ, որ նախագահ Սին հազիվ թե ցանկանա Թրամփին լիովին ջախջախված վիճակում տուն ճանապարհել: Ավելին, այս պահին կան ենթադրություններ, որ լիովին հակառակն է լինելու. Թրամփը կարող է ԱՄՆ վերադառնալ մի շարք խոշոր պայմանագրերով, ինչը նկատելիորեն կբարելավի նրա ներամերիկյան դիրքերը: Բայց, իհարկե, որոշակի զիջումներ նրանից էլ են սպասում: Այդ թվում` Թայվանի, Իրանի հետ կապված: Թայվանի պարագայում, որ ԱՄՆ–ն առնվազն չի խրախուսում կղզու անկախության գաղափարը: Իրանի մասով, որ ԱՄՆ–ի համար կարող է լիովին ընդունելի դառնալ, եթե իրանական հարստացված ուրանի պաշարները ի պահ տրվեն Ռուսաստանին, ինչի մասին նաեւ Պուտինը հերթական անգամ խոսեց:
Ու խոշոր հաշվով, նման է մի իրավիճակի, երբ մի կողմից, միանգամայն հնարավոր են դարձել ռուս–ամերիկյան, մյուս կողմից` չին–ամերիկյան գոնե ամենաթեժ հարցերի շուրջ նախնական պայմանավորվածությունների հավանականությունը: Իսկ դա արդեն բոլորին կարող է շունչ քաշելու հնարավորություն տալ: Ամեն դեպքում, Թրամփի այցը խոստանում է չափազանց կարեւոր լինել:

