Մենք երջանիկ մարդիկ ենք
ՄշակութայինՀարցազրույց հայտնի կատակերգուներ (հումորիստներ), դերասաններ Կարեն Ավանեսյանի և Գիա Գագուայի հետ
Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը
– Երբ ես տեսնում եմ ձեզ, տրամադրությունս բարձրանում է։ Հավանաբար, այս առումով ես միակը չեմ. կարծում եմ՝ շատերը, երբ տեսնում են ձեզ էկրանին կամ կյանքում, նրանց տրամադրությունն էլ է բարձրանում, և ուզում են ոչ միայն հումոր լսել ու ծիծաղել, այլև պարզապես ապրել։
Կարեն. Երբ ես ու Գիան քայլում ենք փողոցով, հատկապես երբ միասին ենք լինում, այնքան շատ մարդիկ են մեզ ճանաչում։ Հասկանալի է, որ մեր արտաքին տեսքն էլ առանձնահատուկ է։ Մեզ դեմ հանդիման եկող մարդիկ սկսում են ժպտալ։ Եվ ես միշտ ասում եմ. «Գի՛ա, ժողովուրդը մեզ է վերադարձնում այն ժպիտները, որոնք մենք նրանց պարգևել ենք հեռուստացույցի էկրաններից»։
– Կարե՛ն Գարեգինովիչ, ես կցանկանայի մեր զրույցը սկսել Ձեր մանկությունից։ Ես գիտեմ, որ Դուք ծնվել եք Բաքվում։ Իսկ ինչպե՞ս է վաղ տարիքից Ձեր մեջ կատակաբան դառնալու, մարդկանց ծիծաղեցնելու ցանկություն առաջացել։ Ընդհանրապես երեխաները ավելի շատ ուզում են դառնալ տիեզերագնացներ կամ տանկիստներ, իսկ Ձեր դեպքում այս ամենն այնքան անսովոր է։
– Ի՞նչ կարող եմ ասել։ Ես ծնվել եմ Բաքվի Արբատում. դա մի փողոց է, որով մեքենաներ երբեք չէին գնում, այն կոչվում էր Տորգովայա, համար 16 տանը։ Ես ծնվել եմ այդ տանը, այդտեղ է ծնվել հայրս, նրա ծնողները։ Ես միշտ դուրս էի գալիս փողոց և շատ բարձր ծիծաղում, ինձ էին մոտենում անծանոթ մարդիկ ու ասում. «Տղ՛ա ջան, էլի՛ սկսիր ծիծաղել», և ես էլի էի ծիծաղում։ Մանկուց ես մի այնպիսի հմայք ունեի՝ երկար գանգուրներ էլ ունեի, այս թավ հոնքերը, այս քիթը… Ես տեսնում էի, որ իմ ծիծաղը ուրախություն է պատճառում մարդկանց։ Իսկ դպրոցում ես արդեն սկսել էի ծաղրանմանակել իմ ուսուցիչներին, ինչը նույնպես ազդեցություն ունեցավ։ Եվ վերջապես, երրորդ դասարանում ես դիտեցի «Մորոզկո» ֆիլմը, հինգ թե վեց անգամ դիտեցի, իսկ հետո մտա դասարան և ասում եմ. «Ցույց տա՞մ ձեզ, թե ինչպես է խոսում Բաբա-յագան։ Օ՜հ, երիտասարդացնող խնձորներ»։ Դա առաջին ծաղրանմանակումս (պարոդիա) էր։
– Միլյա՞րը (խոսքը Բաբա-յագայի դերակատար Գեորգի Միլյարի մասին է)։
– Այո՛, Միլյարը։ «Օհ՜, երիտասարդացնող խնձորներ, իմ ինքնագնաց սահնա՜կ...»։ Եվ վերջ։ Հետո արդեն՝ Էտուշը («Կովկասի գերուհին», 1966 թվական)։ Եվ ահա այսպես սկսվեց ու գնաց, ես հասկացա, որ ինձ ձգում է բեմը։ Բայց առաջին խթանը ինձ տվեց փողոցը, որտեղ ինձ խնդրեցին. «Էլի՛ սկսիր ծիծաղել, տղա՛ ջան»։
– Գի՛ա Լևանովիչ, իսկ Ձերը մի փոքր ա՞յլ էր։ Դուք ծնվել եք Փոթիում, 10 տարեկանում տեղափոխվել եք Բաթում և արդեն այնտեղ ավարտել դպրոցը։ Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հայտնվեցիք նման կատակերգական ուղու վրա։
Գիա. Ես ծնվել եմ Փոթիում, պատկերացրեք, Լենինի փողոցում։
– Ամեն մի քաղաքում կա այդպիսի փողոց՝ ամենագլխավորը։
– Եվ ես ավարտել եմ Լենինի անվան համար 1 դպրոցը։
– Դե, ամենակարևորը Լենինի անվանն էր, դրանում զարմանալի ոչինչ չկա։
– Փոթի քաղաքը արևմտյան Վրաստանն է։ Ինչով է հայտնի Փոթին. իմ պապը Վրաստանի առաջին ֆուտբոլիստն էր, և նա մարզել է այնպիսի հրաշալի, լեգենդար ֆուտբոլիստի, ինչպիսին Բորիս Պայչաձեն է։ Դրա մասին ֆիլմ էլ կա՝ «Առաջին ծիծեռնակը»։
Երբ ես հինգ տարեկան էի, շատ լավ էի երգում, վաղ մանկությունից։ Չէ՞ որ բոլոր վրացիները պոլիֆոնիկ են. հենց ծնվում են, երգում են։ Եվ Բորիսն ինձ ասաց. «Պապիկն ասում է, որ դու հրաշալի ես երգում։ Երգիր որևէ բան»։ Ինձ աթոռի վրա կանգնեցրին, և ես սկսեցի երգել։ Եվ հորեղբայր Բորյան գրկեց ինձ, համբուրեց ու ասաց. «Վե՛րջ, արտիստ ես դառնալու»։ Ես պատասխանեցի. «Այո՛»։ Եվ ամեն անգամ, երբ նա գալիս էր, քեֆ էր լինում, իհարկե, նա ինձ նվիրում էր սռնապաններ (գամաշներ՝ կոշիկի վրայից հագնելու հատուկ պատյան), ֆուտբոլի կոշիկներ։
–Ինչո՞ւ այնուամենայնիվ երգեցողությամբ չզբաղվեցիք։
– Ինչու չզբաղվեցի՞։ Ես Բաթումում ունեի իմ խումբը. նվագում էի բաս կիթառ, թմբուկ, երգում էի կենդանի հնչողությամբ։ Ես այնտեղ հաղթում ու հաղթում էի մշտապես, մինչև 9-րդ դասարանը։
– Ինչպես Կարենին, Ձեզ էլ ընկալում են որպես ուրախ, կենսուրախ մարդու։ Դուք մի՞շտ եք այսքան ուրախ, թե՞ դա Ձեր աշխատանքն է։
– Ո՛չ, բնույթով այդպիսին եմ։ Շատ եմ սիրում ընկերներիս, սիրում եմ ընտանիքս, շատ եմ սիրում զբոսնել որպես կովկասցի՝ լինել թամադա, կազմակերպել խնջույքներ։
– Այսինքն՝ դա Ձեր բնավորությո՞ւնն է։
– Այո՛, դա բնավորություն է։
– Կարե՛ն Գարեգինովիչ, իսկ Դո՞ւք։
Կարեն. Ամեն բան ճիշտ այնպես, ինչպես Գիան է ասում։ Ես բացարձակապես դրական մարդ եմ. սիրում եմ անեկդոտներ, ծիծաղ։ Կարող եմ քրքջալ, եթե դա շատ ծիծաղելի է։ Եվ ընդհանրապես, տանը մենք կարծես դրականորեն ենք տրամադրված։ Բայց, անշուշտ, լինում են պահեր, երբ ես շատ տխուր եմ լինում, երբեմն վշտանում եմ, եթե, Աստված չանի, ինչ-որ բան է պատահում։ Ես չեմ կարող անընդհատ այդքան լայն ժպիտով շրջել, բայց, իհարկե, փորձում եմ դա ավելի քիչ ցույց տալ։ Եթե մարդիկ ինձ ճանաչում են, ես միշտ փորձում եմ։ Գիտե՞ք՝ ինչ են ասում, թե ինչ տարբերություն կա հրեայի ու հայի միջև։ Հրեան ասում է, որ ինքը ավելի քիչ փող ունի, իսկ հայն ասում է, որ ինքն ավելի շատ փող ունի, քան իրականում կա։ Եվ ես ահա միշտ ուզում եմ ցույց տալ, որ ես ավելի լավ վիճակում եմ, քան բոլորը կարծում են։ Որ ամեն բան կարգին է։ Չնայած կան սարսափելի պահեր, երբ կորցնում ես շատ մտերիմ մեկին, շատ դժվար է, իհարկե, այդ դեպքում։
– Հենց նման մի ողբերգության մասին էի ուզում հարցնել Ձեզ։ Ինչպե՞ս ընդունեցիք Արցախի ժողովրդի ողբերգությունը, երբ 2023 թվականին 120 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց տները՝ թողնելով ամեն ինչ՝ հարյուրամյակների ընթացքում վաստակած ունեցվածքը, և միանգամից դարձան փախստական։
– Ես դա մեծ ցավով ընդունեցի, քանի որ ինձ համար դա իմ մանկության մի հատվածն է, այն քաղաքը, որտեղ ես ծնվել եմ, բայց վերադառնալ արդեն չեմ կարող։ Որովհետև ամեն բան, ինչ կապված է իմ երջանիկ մանկության հետ, անշուշտ այն է, երբ ես այցելում էի իմ տատիկին ու պապիկին այնտեղ՝ Ղարաբաղում։ Ես գնում էի այնտեղ ամեն տարի։ Եվ ինձ համար դա այնքան ահավոր ողբերգություն էր... Այնտեղ իմ նախնիների գերեզմաններն են, որտեղ միշտ գնում էի, այնտեղ մնաց իմ պապիկի ու տատիկի տունը, որտեղ մենք ապրում էինք։ Այնտեղ մնացին այն պնդուկի ծառը, այն աղբյուրը... Այնտեղ այնքան շատ պահեր կային, որոնք ինձ այնտեղ էին քաշում, չնայած ես քաղաքի բնակիչ եմ։ Որքան մեծանում էի, այնքան ավելի շատ էի ձգտում դեպի մանկությանս վայրերը։ Ահա այն պնդուկի ծառի տակ նստում էի, ահա այստեղ ջուր էի խմում այն աղբյուրից, լողում էի այս լճում... Այս ամենը շատ ցավոտ է, հատկապես, երբ հասկանում ես, որ այլևս երբեք այնտեղ չես վերադառնա։
– Իսկ ե՞րբ եք վերջին անգամ եղել Լեռնային Ղարաբաղում, Արցախում։
Կարեն. 2019 թվականին։
Գիա. Դա ինձ համար էլ էր ողբերգություն։ Ես զանգահարեցի Կարենին, խոսեցի նրա հետ այդ մասին։ Փորձեցի, ինչպես որ կարող էի, աջակցել նրան ամբողջ հոգով ու սրտով։
Կարեն. Ես ամեն տարի գնում էի այնտեղ, բարեգործական համերգներ էի տալիս։ Ես երբեք ոչ մի ռուբլի չեմ վաստակել։ Միշտ ելույթի վերջում ասում էի. «Այն փողերը, որ դուք ծախսել եք տոմսերի վրա, ես հետս չեմ վերցնում։ Ես դրանք թողնում եմ սարքավորումների համար, որպեսզի այստեղ կարողանան միկրոֆոններ և այլ բաներ գնել»։
– Եթե խոսում ենք դժվար ժամանակների մասին, ապա չենք կարող չհիշել 2008 թվականը, երբ Վրաստանը Սաակաշվիլու նման անհամարժեք անձի ղեկավարությամբ ռազմական գործողություններ սկսեց Հարավային Օսեթիայի դեմ, և Ռուսաստանը ստիպված եղավ միջամտել։ Նա միջամտեց, և մի քանի օր ռազմական գործողություններ ընթացան։ Ինչպե՞ս ընդունեցիք 2008 թվականը։
Գիա. Դա նույնպես ինձ համար ողբերգություն է։ Պարզապես ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, և Աբխազիայում, Օսեթիայում, Վրաստանում, ամենուրեք ազգականներ, ընտանիք, ընկերներ կային, բոլորը նույն լեզվով էին խոսում։ Որպես ուղղափառ, որպես քրիստոնյա՝ ես ծանր ապրումներ ունեի և մտածում էի՝ ինչ կարող եմ անել։ Ես գնացի Սարով։ Դա փակ քաղաք է, բայց այդ ժամանակ «ЭксББ»-ն շատ հայտնի խումբ էր, մենք մարզադաշտեր էինք լցնում, և իմ ընկերներից մի քանիսը ինձ համար այնտեղի անցաթուղթ ձեռք բերեցին։ Ես գնացի և երկու օր աղաչում էի սուրբ Սերաֆիմ Սարովացուն, աղոթում էի Աստծուն իմ բառերով, որ ամեն ինչ ավարտվի, որ խաղաղության պայմանագիր կնքվի։ Հինգերորդ օրը ես վերադարձա և իմացա, որ ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվել։ Ինձ համար դա հրաշք էր, և ես շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն ինչ ավարտվեց։
– Ուզում եմ հարցնել և՛ Ձեզ, և՛ Կարենին, թե տեղի ունեցած այս ամենից հետո ինչ հարաբերություններ ունեք Օսեթիայի, Աբխազիայի, Ադրբեջանի ժողովուրդների հետ։ Ի՞նչ զգացմունքներ ունեք այս ամենից հետո։
Գիա. Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, շատ ընկերներ ունեմ և՛ Աբխազիայում, և՛ ամենուրեք։
– Եվ ժողովուրդն էլ, հավանաբար, կապ չունի դրա հետ։
Կարեն. Այո՛, ժողովուրդը կապ չունի դրա հետ, իհարկե։
Գիա. Ես բոլորի հետ ընկերություն եմ անում. մեր միջև ընդհանրապես ազգային խնդիրներ չկան, այսպես կասեի ես։ Եթե մարդը լավն է, թող լինի թեկուզ ադրբեջանցի կամ աբխազ։ Ես շատ լավ ընկերություն եմ անում Ալան Դիամբեկովի հետ՝ նույնպես վաստակավոր արտիստ, ժողովրդական արտիստ։ Եվ ստեղծագործական առումով մենք շատ մտերիմ ենք։ Իհարկե, ողբերգություն է այն, ինչ եղավ, բայց ես հուսով եմ, որ երբևէ մենք կհաշտվենք նաև քաղաքական առումով։
Կարեն. Իմ մտերիմ ընկերների հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Ես ունեմ մի շատ մտերիմ ընկեր, դուք չեք հավատա, բայց մենք ընկերություն ենք անում արդեն 63 տարի՝ մանկապարտեզից։ Նա ադրբեջանցի է։ Նա Ադրբեջանում չի ապրում, ապրում է Գերմանիայում, բայց մենք օրը երեք անգամ զանգում ենք միմյանց։ Նա իմ ամենամտերիմ ընկերն է երկրի երեսին։ Եվ ամենադժվար պահերին նա իրեն շատ կարգին դրսևորեց՝ վտանգելով իր կյանքը։
– Իսկ նրանք սև ցուցակում չե՞ն, որ հայ Կարեն Ավանեսյանի հետ են ընկերություն անում։
Կարեն. Կա նման բան՝ նրանք աշխատում են շատ զգուշորեն դա անել։
– Զգուշորե՞ն են ընկերություն անում։
Կարեն. Այո՛։ Իմ ընկերներից մեկը, նույնիսկ երբ Բաքվում էր, խոսում էր ինձ հետ հեռախոսով, և ես զգում էի, որ նա իմ անունը չի տալիս։ «Ա՜, ընկերս։ Ինչպե՞ս են գործերդ, ե՞րբ եկար»,- և տեսնում եմ՝ ոչ մի անգամ իմ անունը չասաց։ Ես ասում եմ. «Ես քեզ հասկացա։ Անունս չտաս։ Դու խնդիրներ կունենաս»։ Իսկ նա ասում է. «Այո՛, այո՛, հասկացար։ Ես հիմա քաղաքի կենտրոնով եմ գնում, և այդ ամենը լսելի է...»։
– Գի՛ա Լևանովիչ, պարզվում է, որ Դուք ծառայել եք նաև Հյուսիսային նավատորմում։ Ի՞նչ է նշանակում ծառայել նավատորմում։ Դուք այն ժամանակ է՞լ էիք կատակերգու։
Գիա. Երբ ես ծառայում էի Հյուսիսային նավատորմում, վատ էի խոսում ռուսերեն. չէ՞ որ ես վրացական դպրոց էի ավարտել։ Եվ Հյուսիսային նավատորմում բոլորն այնքան ամրակազմ են, իսկ ես՝ փոքր ու ծուռ ոտքերով… Երե՜ք տարի։ Այնտեղ, որտեղ միանում են Բարենցի և Սպիտակ ծովերը։ Նոր տարում ես երգեցի «Չիտո-գվրիտո, չիտո-մարգալիտո» երգը։ Այնտեղ մշակույթի տանը նստած էին ծովակալներ, սպաներ՝ իրենց կանանց հետ։
Մեկուկես տարի երաժշտական վաշտում եմ ծառայել, մեկուկես տարի՝ ծանր տանկային գումարտակում, և այնտեղ շատ հայտնի էի. ինձ նույնիսկ ուզում էին այնտեղ պահել։ Մենք նվագում էինք նաև շքերթների ժամանակ։
Ես մեծ թմբուկ (բաս-հարվածային) ունեի։
– Դա ո՞ր թվականին էր։
– Դա 1980-1983 թվականներին էր։
– Հա, դեռ Խորհրդային Միություն էր։
– Այո՛, դա խորհրդային ժամանակներում էր։
– Իսկ այնուհետև ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը զինվորական ծառայությունն ավարտելուց հետո։
– Ես հայտնի էի, այո՛։ Մենք Բաթումում և ընդհանրապես Վրաստանում ունեինք մի այսպիսի ծրագիր՝ «Մոամբե» (կամ՝ «Ժամանակ», եթե թարգմանենք), ես նրանց հարցազրույց տվեցի։ Եվ ինձ հրավիրեցին «Էգրիսի» (դա վոկալ-գործիքային անսամբլ է Բաթումի ֆիլհարմոնիայում)՝ որպես մենակատար վոկալիստի։ Ես այնտեղ երգեցի երկու տարի։ Շատ գործիքներ էի նվագում։ Եվ ունեինք այնպիսի գալա համերգներ, որտեղ բոլոր աստղերն էին ելույթ ունենում, և մենք նույնպես նրանց հետ գնում էինք։ «Էգրիսի»-ից ինձ հրավիրեցին «Բիմ-Բոմ» խումբ, որը ղեկավարում էր Վալերի Լյովուշկինը։ Ես սկսեցի զբաղվել ակրոբատիկայով, մարմնամարզությամբ, նմանակումով և ծաղրածուությամբ։
– Ձեր կենսագրության մեջ կա մի այսպիսի տող. Դուք զբաղվել եք բռնցքամարտով։
Գիա. Դա Բաթումում էր՝ 9-10-րդ դասարանում։ Ի դեպ, մեր ընկեր Վլադիմիր Խոմերիկին իմ մարզիչն էր. երկու տարի մարզվել եմ նրա հետ։
Կարեն. Լավ մարդ ու լավ ընկեր։
Գիա. Միաժամանակ ունեմ սև գոտի՝ 4-րդ դան թաեքվոնդոյից։ Հետո ես շատ լուրջ մարզվեցի։
– Բայց Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումը Դուք դրա համար չեք ստացել։
Գիա. Ո՛չ, ոչ դրա համար։ Սակայն, ըստ էության, ժողովրդական արտիստի կոչումը ստանալու համար ինձ շատ օգնեց այն, ինչով ես զբաղվում էի՝ շփումը, կառավարումը, խուսավարումը (մանևր), հարվածային տեխնիկան և այլն։ Ես ունեմ ձեռնամարտի իմ համակարգը։
– Կարճ ասած՝ Ձեզ հետ պետք է ընկերանալ, այլապես դա կարող է վտանգավոր լինել։ Կարե՛ն Գարեգինովիչ, Դուք վաստակավոր արտիստ ես։ Դուք դեռ աճելու տեղ ունեք մինչև դառնաք ժողովրդական արտիստ։
Գիա. Դե նա իրականում արդեն վաղուց ժողովրդական է։
– Իրականում՝ այո, բայց ցանկալի է, որ դա պաշտոնապես ճանաչվեր։
Կարեն. Պարզապես ես դրանով հատուկ չեմ զբաղվում։
– Ձեր ժողովրդականությունը, ինչպես և Գիայինը, բավականին բարձր է։ Հատկապես, երբ միասին քայլում եք փողոցով։ Եվ հիմա էլ, երբ եկաք մեզ մոտ, ձեզ բոլորը ճանաչեցին։
Գիա. Կարենը անընդհատ հեռուստատեսությունում է։ Նա հաղորդավար է։ Այժմ բոլոր կենտրոնական հաղորդումները նա վարում է արդեն շատ երկար տարիներ։ Ես շատ հայտնի էի «ЭксББ»-ում։
– Բայց եկել է ժամանակը նաև ժողովրդական արտիստ դառնալու։ Կարե՛ն Գարեգինովիչ, ունե՞ք ինչ-որ նոր ծրագրեր։ Ինչ-որ նոր պլաններ կամ նախագծեր։
Կարեն. Ես նկարահանվել եմ 25 ֆիլմերում՝ տարբեր դերերում։ Այժմ ես և Գիան նկարահանվում ենք հայկական սերիալում՝ «Կայսրության թևերը», որտեղ խաղում եմ օրենքով գող Սլավիկ Տաշքենդսկու դերը։ Սա ինձ համար շատ սարսափելի մարդու առաջին լուրջ դերն է։
Գիա. Իսկ ես խաղում եմ ԱԴԾ-ի (Անվտանգության դաշնային ծառայություն) գնդապետի դերը։
– Այսինքն՝ դուք հակամարտության մեջ եք։ Ի՜նչ հետաքրքիր է։ Եվ որտե՞ղ է նկարահանվում ֆիլմը։ Երևանո՞ւմ։
Կարեն. Երևանում, ԱՄՆ-ում, Թբիլիսիում, Էմիրություններում, Մոսկվայում...
– Դա կատակերգությո՞ւն է։
Կարեն. Ո՛չ, սա շատ լուրջ, նույնիսկ քաղաքական դետեկտիվ է։ Սա Գոռ Վարդանյանի ֆիլմն է։ Նա շատ հայտնի, շատ լավ ռեժիսոր է։ Մի փոքր ընդդիմադիր։
– Ընդդիմադիր ո՞ւմ նկատմամբ։
– Հայաստանի ներկայիս իշխանության։ Այնտեղ կան որոշ տեսարաններ պատգամավորների հետ և այլն։
– Հետաքրքիր է։ Իսկ ե՞րբ է ֆիլմը էկրան բարձրանալու։.
– «Արմֆլիքսում» արդեն երրորդ եթերաշրջանն է ընթանում։ Եվ նրանք հիմա պատրաստվում են վերահնչյունավորել, քանի որ այնտեղ նկարահանվում են ոչ միայն հայ, այլև ռուս դերասաններ։ Նրանք ուզում են այն վաճառել ռուսական հեռուստատեսությանը. նույնիսկ բանակցություններ են ընթանում։
– Ֆիլմը միայն հայերենո՞վ է ընթանում։
– Ո՛չ, մենք խաղում ենք ռուսերեն։
– Իսկ ֆի՞լմը։
– 50 ։ 50 է։ Այնտեղ կան ռուս կերպարներ, կան հայ կերպարներ։ Այնտեղ ամեն ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, բայց, իհարկե, Սլավիկ Տաշքենդսկին չի կարող հայերեն խոսել, թեև ես տեղ-տեղ ինչ-որ բան մի քանի հայերեն բառերով եմ ասում։
– Էլ ի՞նչ նոր բան կա։
– Հետաքրքիր է, որ ես վերջապես ունեմ իմ հաղորդումը, որը սկզբում վարում էի Ելենա Գրիգորևնա Ստեպանենկոյի հետ, որը կոչվում է «Հումորի շքերթ» («Парад юмора»)։ Հիմա ես այն վարում եմ Ելենա Վորոբեյի հետ։ Ինչպես ասում են՝ աղջիկները փոխվում են, իսկ տղամարդը միշտ մնում է։
– Դա 2-րդ ալիքո՞վ է։
– Ռոսսիա-1»-ով, այո՛։ Ծրագիրը հեռարձակվում է կիրակի օրերին, սկսվում է ժամը 15.00-ին և ավարտվում 17.00-ին։ Ամեն շաբաթ։ Ես այդ ծրագրի վարողն եմ և միաժամանակ պետք է ամեն անգամ նոր համար պատրաստեմ։ Ես գործնականում չեմ հասցնում նոր համարներ ստեղծել, քանի որ շաբաթական հաղորդում է։ Ես արդեն նկարահանել եմ, չեք հավատա, 70-ից ավել համար։
–Ձեզ պե՞տք է լրացուցիչ օգնություն։
–Ես ունեմ լավ հեղինակներ, որոնք օգնում են ինձ։ Եթե ես ինչ-որ բան չեմ հասցնում անել, խնդրում եմ օգնել ինձ տեխնիկապես։ Ինձ մի քանի հուշարարով ու էկրաններով են ապահովում, և ես պարզապես աննկատ նայում եմ տեքստին, որպեսզի հանդիսատեսը չշեղի ինձ, քանի որ դա շատ լուրջ ծրագիր է։ Եվ, ինչը ինձ դուր է գալիս, որ դահլիճից իսկական ծիծաղ է ձայնագրվում. նրանք դահլիճում միկրոֆոններ են տեղադրում։
Եվ դրա հետ մեկտեղ ես նաև, փառք Աստծո, հրաշալի հարաբերություններ ունեմ Եվգենի Վահանովիչ Պետրոսյանի հետ, մենք նկարահանվում ենք նաև նրա հաղորդումներում։
– Իսկ ի՞նչն է Ձեզ և Կարենին մտերմացրել և ի՞նչն է ձեզ միավորում։ Այս հարցը ուղղված է ձեզ երկուսիդ։
Կարեն. 1985 թվականին էստրադային արտիստների մրցույթ էր։ Ես դուրս մնացի. պատրաստ չէի, բայց ինձ նկատեցին ռեժիսոր Վալերի Սեմյոնովիչ Ժակը և հեղինակ Գեորգի Կարպովիչ Տերիկովը, որոնց Դուք շատ լավ գիտեք։ Նա մեր համերկրացին է, հայրենակիցը։ Եվ Տերիկովը ինձ հրավիրում է հանդես գալու «Նմանակումների շքերթ» («Парад пародий») անվանումով շատ մեծ ծրագրում։ Եվ հանկարծ այդ ծրագրում ես տեսնում եմ «Բիմ-Բոմ» անսամբլին։ Մենք աշխատում էինք «Լուժնիկի» մարզապալատում։ Մոտենում է ինձ Գիան և ասում. «Ախպե՛ր ջան, հայ ե՞ս»։ Ես հարցնում եմ. «Դու է՞լ ես հայ»։ Նա՝ «Ո՛չ, ես վրացի եմ», ես ասում եմ. «Նույնպես վատ չէ»։ Այսպես էլ մենք ծանոթացանք։ Այդ պահից սկսած մենք կյանքում միշտ միասին ենք։ Եվ երբ հրաշալի վրացի կոմպոզիտոր Թեյմուրազ Բոջգուան և բանաստեղծ Վլադիմիր Աբշիլավան մեզ անսպասելի առաջարկեցին մի նախագիծ, առաջին երգը եղավ «Դու վրացի ես, ես հայ եմ» երգը։ Եվ մեզ սկսեցին հրավիրել։ Այսինքն՝ մեր երգերը սկսեցին հնչել մեր պատմական հայրենիքներում։
Գիա. Իսկ Վինոկուրը. հիշո՞ւմ ես, ինչ ասաց։ Որ դա լավագույն զուգերգն էր։
Կարեն. Այո՛, Վինոկուրին դուր եկավ, նա ասաց. «Տղե՛րք, սա պետք է առաջ տանել։ Պետք չէ կանգ առնել»։
– Իսկ ի՞նչն է միավորում։ Ունե՞ք ինչ-որ համատեղ նախագծեր։
Կարեն. «Georgian армяне» (վրացահայեր), ինչպես երբեմն մենք կատակում ենք, «բնիկ մոսկվացիներ»։ Մեր շոուն հենց այդպես էլ կոչվում է՝ «Բնիկ մոսկվացիներ»։
– Դուք միասին հյուրախաղերի մեկնե՞լ եք։ Վրաստա՞ն, Հայաստա՞ն։
– Այո՛, մենք մեր տեսահոլովակներն ենք նկարահանել այնտեղ։ Մեր ամենալավ ռեժիսորը համարվում է քլիփմեյքեր (clipmaker - կարճ տեսահոլովակների ռեժիսոր և ստեղծող) Արեն Բայադյանը, նա է նկարահանել մեր խինկալիի ու տոլմայի մասին տեսահոլովակը։
– Ես գիտեմ, որ դուք շատ ուրախ մարդիկ եք, սիրում եք խնջույքներ։ Բայց խնջույքը առանց համեղ ուտելիքի չի լինում։ Ո՞րն է ձեր ամենասիրելի վրացական ուտեստը։
Գիա. Խինկալի, խաչապուրի, լոբիո, խորոված։
Կարեն. Տոլմա, խաշլամա, խաշ։ Ինձ համար խաշը ընկերների հետ հանդիպելու ծես է։ Տղամարդկանց ընկերախումբ է, միշտ հավաքվում ենք մեր ընկերների տներում։
– Այս զրույցից հետո ցանկություն առաջացավ գնալ որևէ ռեստորան, հայ-վրացական սեղան գցել։ Ի դեպ, ամենևին պատահական չէ, որ Մոսկվայում քիչ չեն, այսպես ասենք, այնպիսի վրացական ռեստորաններ, որոնց ճաշացանկում կան և՛ վրացական, և՛ հայկական ուտեստներ։
Գիա. Վերջերս մենք երեք տեսահոլովակ նկարահանեցինք Հայաստանում։ «Կովկասյան խնջույք»-ը հենց դրա մասին է, «Թամադա»-ն... Մենք այնտեղ վիճում ենք՝ ո՞վ է ավելի լավ թամադա՝ վրացի՞ն, թե՞ հայը։
Կարեն. Այսինքն՝ մեր երգն է այդպիսին՝ այդ սյուժեով։
Գիա. Մենք հիմա նոր տեսահոլովակ նկարահանեցինք՝ «Հայաստան և Վրաստան»։ Եվ այս ամռանը մենք ուզում ենք նկարահանել «Ես վրացի եմ, դու հայ ես, և Կովկասը մեզ համար մեկն է» («Я – грузин, ты – армянин, и Кавказ у нас один») տեսահոլովակը։
Կարեն. Օգոստոսին մենք հեռուստատեսությամբ նկարահանում ենք մի երգ, շատ լավը, մենք ուզում ենք այն ավելի զարգացնել։ Այն կոչվում է «Ռո՛ւս, դու մի՛ մոռացիր»։ Եվ այսօր, ինչպես երբեք, մենք կարծում ենք, որ սա նույնպես մեր որոշակի ներդրումն է ռուս-հայ-վրացական բարեկամության զարգացման մեջ։
– Դուք չե՞ք մտածել ձեր դուետը, օրինակ, եռյակի (տրիո) վերածելու մասին։ Ինչպես «Միմինո»-ում։ Որպեսզի հատկապես ռուսական հումոր լինի։ Այնտեղ ոչ միայն Ֆրունզիկ Մկրտչյանն ու Կիկաբիձեն են, այլև Լեոնովն է։
Գիա. Այո՛, տա Աստված։
– Ի՞նչ երազանք ունեք, Գի՛ա։
Գիա. Ես երազում եմ, որ մենք միշտ միասին լինենք և զվարճանանք։
– Իսկ Դո՞ւք։
Կարեն. Իմ երազանքն է ամենուրեք լինել ընտանիքիս հետ։
– Կարե՛ն, Դուք երջանի՞կ մարդ եք։
Կարեն. Շատ։ Շատ երջանիկ։
– Ո՞րն է Ձեր երջանկությունը։
– Ամեն ինչ, ինչի մասին երազել եմ, իրականացել է։ Ես ունեմ հրաշալի ընտանիք, ունեմ հրաշալի երեխաներ, ունեմ հրաշալի թոռնիկ։ Ես ունեմ հրաշալի ազգականներ, իմ քույրիկը, նրա ընտանիքը։ Եվ ամենակարևորը՝ ես երջանիկ եմ, որովհետև ինձ սիրում են, և ես դա տեսնում եմ։ Ինձ ճանաչում են, և փառք Աստծո, նույնիսկ կենցաղային խնդիրները կարող եմ լուծել։ Ես կարող եմ մտնել ցանկացած կաբինետ, թակել դուռը և քարտուղարուհուն ասել. «Փոխանցեք ղեկավարին, որ այսինչ-այսինչ արտիստը ուզում է նրան տեսնել»։ Թողնում եմ համարս, և ինձ անմիջապես զանգում են։
– Իսկ Դուք երջանի՞կ մարդ եք։
Գիա. Այո՛, շատ երջանիկ։ Ես մեծ ընտանիք ունեմ, ինչպես ասում են Կովկասում։ Կինս՝ Օլգան, բնիկ մոսկվացի է, նա շատ է սիրում Կովկասը, Վրաստանը, դրա համար էլ մենք արդեն 37 տարի միասին ենք, ունենք երկու դուստր։
– Կարո՞ղ ենք ասել՝ Կարեն Ավանեսյանը և Գիա Գագուան երջանիկ մարդիկ են։
Կարեն. Միանգամայն։ Եվ ես չեմ ուզում զրոյից սկսել, որովհետև հանկարծ ինչ-որ բան կարող է այնպես չդասավորվել, ու ես չեմ ստանա այն, ինչ ունեմ այսօր։
Գիա. Երջանիկ ենք, այո՛։
– Եվ վերջին բանը, որ ուզում էի հարցնել մեր հարցազրույցում. ի՞նչ կմաղթեիք Դուք՝ Կարե՛ն Գարեգինովիչ, մեր դիտողներին, մեր թերթի ընթերցողներին։
Կարեն. Խաղաղություն և հանգստություն, սա այն է, ինչ կարող եմ ցանկանալ։ Մեծերին առողջություն։ Փոքրերին երջանկություն։ Եվ, իհարկե, ավելի շատ ուրախ, հաճելի իրադարձություններ։
– Գի՛ա, իսկ ի՞նչ կմաղթեիք Դուք։
Գիա. Առողջություն, երջանկություն, սեր, գեղեցկություն, բարգավաճում, լավ տրամադրություն։ Աստված առողջություն տա Ձեզ՝ մեզ հրավիրելու համար։ Մենք շատ ենք սիրում «Նոև կովչեգը», որովհետև դա Հայաստան է, և ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ լինելը։ Շնորհակալություն Ձեզ, Ձեր բոլոր ընկերներին, Ձեր բոլոր ընթերցողներին։ Ջերմ ողջույն մեզնից՝ Կարենից ու ինձնից։
Կարեն. Ես շատ շնորհակալ եմ, որ մեզ այսօր այստեղ է հավաքել Գրիգորի Յուրևիչը։ Ես շատ եմ սիրում այս թերթը՝ մեր թերթը։ Ես ասում եմ հենց «մեր», որովհետև ես արդեն քանի տարի է նրա հետ ընկերացել եմ և միշտ անհամբեր սպասում եմ հերթական համարին, քանի որ այստեղ եմ իմանում ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որն իրականում կա։
– Շատ շնորհակալություն։
Լուսանկարում՝
Ձախից աջ՝ Կարեն Ավանեսյանը, «ՆԿ»-ի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը և Գիա Գագուան թերթի խմբագրությունում տված հարցազրույցի ժամանակ
Գիա Գագուան՝ «ЭксББГия» շոու խմբի Մոսկվայի երաժշտական նմանակումների առաջին թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը
2024 թ. ալբոմի շապիկը
Բեմում Եվգենի Պետրոսյանի հետ

