«Լակոտ, գող փիսո, քաչալ շուն». քարոզարշավը մտել է իր «բնականոն» հունի մեջ
ՆերքաղաքականՆախընտրական քարոզարշավի մեկնարկից անցել են հաշված օրեր, սակայն ոմանց, այդ թվում՝ իշխանության նյարդերը տեղի են տալիս: Բուն քարոզարշավը մոռացած, այդպես էլ երբեւէ իրականություն չդարձող խոստումները մոռացած, ամեն մեկն իր հոգու պարտքն է համարում հակառակ թիմակիցներին ծաղրելը: Սակայն, ծաղրանքից անցան առավել խորքային վիրավորանքների՝ է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո:
Այս անլուրջ եւ արդեն տհաճ բառապաշարը անտարբեր չի թողել նաեւ կուսակցության ղեկավարներին, որոնք թեեւ չեն մասնակցում 2026-ի ընտրություններին, սակայն վրդովված իրենց կարծիքն են արտահայտում: Այս համատեքստում «Արդար խոսք» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ նշում է. «Հետո էլ հարցնում են՝ ինչո՞ւ է հասարակության մեջ այսքան ագրեսիա, բռնություն ու նույնիսկ սպանություններ։ Երբ քաղաքական դաշտում նորմալ է համարվում քաղաքական ուժի ղեկավարի կողմից մեկ այլ ուժի ղեկավարի ընտանիքի անդամին «լակոտ» անվանելը, երբ սովորական են դարձել «զասոս արեց», «գլուխներդ կջարդեմ», «սեքսի նախարարություն» եւ նմանատիպ շատ արտահայտությունները, ապա ի՞նչ օրինակ պետք է վերցնի հասարակությունը։
Ամենացավալին այն է, որ նույն մարդիկ հետո կանգնում են ամբիոնների մոտ եւ սկսում խոսել «բարձր արժեքներից», «ժողովրդավարությունից», «հանդուրժողականությունից» ու «քաղաքական մշակույթից»։ Սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի։ Հարգանքը, զսպվածությունն ու խոսքի պատասխանատվությունը պետք է պարտադիր լինեն բոլորի համար՝ անկախ քաղաքական հայացքներից եւ դիրքերից»:
Կուսակցության նախագահը խիստ դատապարտում է ցանկացած քաղաքական ուժի կողմից նման բառապաշարի կիրառումը եւ ընտանիքի անդամներին թիրախավորող անձնական վիրավորանքները։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

