Քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի «Կլոր սեղան» նախագծի շրջանակում շարունակվում են քննարկումները առաջիկա կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավի վերաբերյալ: «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ այս անգամ թեմայի շուրջ զրուցել է «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ եւ Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) նախագահ, ԱԺ պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
«ՉՓՈՇԻԱՑՆԵ՛Լ ԺՈՂՈՎՐԴԻ ՏՎԱԾ ՔՎԵՆ»
Հայկ Բաբուխանյանի հնչեցրած հարցին, թե որն է պատճառը որ նույնիսկ երկար տարիներով գործող կուսակցություններից շատերն այժմ չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին, Անահիտ Եղոյանն ասաց, որ իրենք թեպետ հայտարարել էին, որ մասնակցելու են 2026-ի ընտրություններին, սակայն վերադասավորելով իրենց ուժերը եւ քաղաքական հնարավորությունները, եկան համոզման, որ ավելի նպատակահարմար է չմասնակցել ընտրություններն եւ չփոշիացնել ժողովրդի տված քվեն:
— Սակայն մենք ուշիուշով հետեւում ենք քաղաքական անցուդարձին: Կարճ կասեմ, ես երբեւէ չեմ պատկերացրել, որ ընտրապայքարը կարող է լինել` միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով, մեկը մյուսին վիրավորելով: Մենք բազմաթիվ ընտրությունների մասնակցել ենք, եւ սա վերջին տարիների առաջին դեպքն է, որ չենք մասնակցում: Այս ողջ ընթացքում երբեւէ չի եղել, որ մենք վիրավորենք մյուս՝ հակառակորդ թիմի անդամին: Մեզ համար ընտրությունները հնարավորություն է ներկայացնելու այն բոլոր ծրագրերն ու նպատակները, որոնք մենք պարտավորվում էինք մեզ վրա վերցնել իշխանություն գալու պարագայում:
Իր ղեկավարած կուսակցության ընտրություններին չմասնակցելուն անդրադառնալով՝ Հովիկ Աղազարյանը նշեց, որ լայն լսարանին հայտնի է իր հարաբերությունները ՔՊ կուսակցության հետ, որը, մեղմ ասած, լավ չէր եւ իրեն վռնդել են կուսակցական շարքերից:
— Մոտավորապես 2022 թվականից սկսած պարբերաբար հարց էի բարձրացնում խմբակցության նիստերի ժամանակ` ուղղված վարչապետին կամ արտաքին գործերի նախարարին, որ Ադրբեջանի հետ բանակցությունների շրջանակներում արդյոք քննարկվում է ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան: Ստանում էինք բացասական պատասխան: Խոսքն այն 300 հազար ադրբեջանցիների մասին է, այդ ժամանակ միայն խմբակցությունում էինք խոսում: 2024 թվականին, մի իրադարձություն տեղի ունեցավ խմբակցությունում, որտեղ իմ նախաձեռնությամբ որոշում ընդունվեց, որը վարչապետի սրտով չէր, եւ արդեն այստեղից սկսվեց մեր հակասությունը: Անհամեստ չհամարեք, բայց կարծում եմ` վարչապետը անհանգստություն ունեցավ, որ ինչ-որ վճռորոշ պահ կարող է գալ, երբ հնարավոր է` մենք համախմբվենք գործընկերների հետ եւ խնդիրներ առաջացնենք: Դա եղավ առիթ, որ նա ինձ sms-ով դիմեց, որպեսզի ես հրաժարվեմ մանդատից: Ես մերժեցի, որից հետո սկսվեցին դատական գործընթացներ:
Մենք այդ ժամանակ հասկացանք, որ 2018 թվականից բան չի մնացել եւ Նիկոլ Փաշինյանը, որպես մարդ, ֆիզիկապես եւ բարոյապես նույնը չէ ու իրեն սպառել է: Հետեւապես վտագավոր կլինի նրա վերարտադրությունը, եւ որոշեցինք հիմնադրել մեր կուսակցությունը: Որոշեցինք ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտանք, նույնիսկ մեր համեստ հնարավորություններով նրա վերարտադրությունը՝ որպես ՀՀ վարչապետ:
Այո՛, մենք պատրաստակամ էինք մասնակցել ընտրություններին, սակայն հաջողվեց որոշ ուժերի հետ համախմբածության գալ: Եվ, ինչպես նշեց տիկին Եղոյանը, որոշեցինք ձայները չփոշիացնել: Մեր համակիրների հետ հանդիպման ընթացքում հասկացանք, որ շատ դժվար կլինի այդ 4 տոկոս ձայների հաղթահարումը: Պատկերացրեք մի իրավիճակ, օրինակ, մենք հավաքեինք 3, 9 տոկոս ձայն եւ չանցնեինք: Այդ ձայներից 2 եւ ավել տոկոսը կգնար իշխանություններին, ու կստացվեր, որ այն, ինչի համար պայքարում էինք՝ թույլ չտալ նրանց վերարտադրությունը, նպաստելու էինք դրան:
«ԹՈՂ ՄԻԱՎՈՐՎԵՆ, ՀԱՆԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀԵՏՈ ՆԵՐԿԱՅԱՆԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Ինչպես նկատեց Հայկ Բաբուխանյանը, ընտրություններին մասնակցող 19 ուժերի մեծ մասը փոշիացնողներն են: Նրա հնչեցրած հարցին, թե, ըստ բանախոսների, ով կանցնի խորհրդարան, եւ մնացած ձայներ փոշիացնող քաղաքական ուժերն ինչու են որոշել գնալ այդ ճանապարհով, Անահիտ Եղոյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարան կանցնեն 4 ուժ՝ Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունները:
— Չեմ բացառում, որ կարող է շեմը հաղթահարել ԴՕԿ կուսակցությունը, քանի որ բավականին լուրջ ընտրազանգված ունեն իրենք: Բոլոր այն մնացած մասնակիցները, ըստ իս, կփոշիացնեն ձայները: Նրանցից մեծ մասն ունեն վառ երազանքներ դեպի Եվրոպա: Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դեռ քարոզարշավի մեկնարկը չտված՝ ՔՊ-ն սկսել է ընտրախախտումներով քարոզարշավը, ինչպես նաեւ մի քանի կուսակցություններ:
Իսկ Հովիկ Աղազարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա, որ Սամվել Կարապետյանը հասնի «ֆինիշին»:
— Ասեմ, որ՝ այո՛, 5 վերը նշված կուսակցությունները ունեն շանսեր անցնելու, ԴՕԿ-ն էլ, սակայն վերջինիս շանսերը քչացել են:
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, պետք է ասեմ, որ նկատում եմ վարչական ռեսուրսի կիրառում: Դա թոշակների բարձրացումն էր, երբ աշնանը փող չկար, իսկ փետրվարին, ըստ էության, 30 տոկոսով բարձրացրեց թոշակները: Համաշխարհային պատմության մեջ նման բան չկար: 30 տոկոսով թոշակ ավելացնելը տնտեսագիտական հանցագործություն է: Դա նշանակում է փող տպել: Դրա հետ միասին նաեւ ավելացել է գնաճը: Նաեւ առողջապահության ապահովագրությունը. բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված, եւ հետեւաբար լուրջ մտահոգություն կա, որ իրենց աշխատանքի արդյունավետությունը շատ թույլ կլինի: Տարին ամփոփելով՝ կտեսնենք 65+ տարիքի մարդկանց մեջ մահացածության քանակը որքան է, եւ կհամեմատենք նախորդ տարիների հետ:
Ձայների փոշիացման առումով, ասեմ, որ չեմ կարծում, թե կա մի ուժ, որը դիտավորյալ կցանկանա փոշիացնել ձայները, բայց կա բանաձեւ, որը կարող է խնդիրները լուծել: Մենք այդ բանաձեւը հնչեցրել ենք, եւ եթե ընդդիմությունն այդ բանաձեւով չգնաց ընտրության «ֆինիշին», ապա Փաշինյանը 2/3 կարող է հավաքել: Սա այն դեպքում, եթե հանի Կարապետյանին: Բանաձեւը հետեւյալն է. ընդդիմությունը ստեղծում է միասնական ճակատ եւ իշխանության է գալիս 3-4 ամսով: Ստեղծում է ժամանակավոր կառավարություն, եւ ժամանակավոր կառավարության մաս կազմում է նույնիսկ այն կուսակցությունը, որը չի անցել: 4 ամիս հետո պայմանական 5000 ձայն հավաքածը քարոզչություն է անում, եւ հեռացվում է իշխող իշխանությունը: Երբ դաշտը մաքուր կլինի, չի լինի վարչական ռեսուրս, չի լինի ռեպրեսիվ ապարատ, կարող է այս 5000 ձայն հավաքածն ավելի շատ ձայն հավաքել: Դա առաջինը: Երկրորդը` Սամվել Կարապետյանը այսօր հավակնում է հաղթել ընտրություններում: Լավ, եթե վարչական ռեսուրսների գոյության պայմաններում նա հավակնում է հաղթել ընտրություններում, ապա մեր ասած մեխանիզմով, երաշխավորված է հաղթում: Նույնն էլ Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞ւ չեն ցանկանում այս բանաձեւը: Ճակատ ստեղծելու համար հարկավոր է հուշագիր ստորագրել, եւ դնում են գերնպատակ` Փաշինյանին իշխանությունից հեռացնելու: Բոլորը հետաձգում են հայրենիքի փրկության գործը 4 ամսով, որպեսզի իրականում փրկենք հայրենիքը:
Եկեք նկատենք, որ ընդդիմադիր դաշտում ուժեր կան, որոնց հակասությունները միմյանց միջեւ ավելի խորքային են, քան նրանց հակասությունները Նիկոլ Փաշինյանի հետ: Այսինքն` բոլոր ուժերը թող միավորվեն, հանեն Փաշինյանին, հետո նոր ներկայանան ժողովրդին իրենց ծրագրով եւ արդար իրավական դաշտում եւ կազմակերպեն ընտրություններ: Եթե նմանատիպ բան չեղավ, ապա վարչապետը հաղթելու է:
Արձագանքելով Աղազարյանին՝ Անահիտ Եղոյանը ցավով արձանագրեց, որ մեր «ես»-ը, երբեք «մենք» չի դառնում:
— Մասնակից 18 ուժը, որոնք պետք է համախմբվեն, տեղի չի ունենա: Սա է հենց խնդիրը, որի վրա էլ հենվում է իշխանությունը:
«ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՐԾԱՆՈՒՄ»
Հայկ Բաբուխանյանը բոլոր դեպքերում կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: Նկատելով, որ խախտումներն արդեն չափն անցնում են՝ կան ե՛ւ ճնշումներ, ե՛ւ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում:
— Գուցե, Փաշինյանը` տեսնելով, որ պարտվում է, ստիպված այդպիսի ջղաձգված վիճակում գնում է խախտումների, քանի որ եվրոպական իր հովանավորները, նրան աջակցել եւ դաշտ են տվել, որպեսզի նա ինչ ցանկանա, անի, միայն թե մնա պաշտոնի:
Այս դիտարկմանը Եղոյանը, լինելով քաղաքական գործիչ, որը մշտապես մասնակցել է ընտրություններին, ասաց, որ գործող իշխանությունների ընտրախախտումները հետեւանք չեն ունենում, եթե ստանում են Եվրոպայից կամ որեւէ այլ պետությունից հովանավորչություն:
— Այո՛, այսօր գործող իշխանությունները այս 7 տարիների ընթացքում ունեցել են բազում խախտումներ եւ սխալներ: Չեն կատարել իրենց խոստումները՝ մեզ տանելով դեպի անորոշություն եւ կործանում: 2021 թվականի ընտրությունների ժամանակ բազում ահազանգեր ենք ստացել ընտրատեղամասերից, որ մեր կուսակցության քվեաթերթիկները շարված չէին սեղաններին` պատճառաբանելով իբր վերջացել է: Կարծում եմ՝ նման խախտում կկիրառվի նաեւ հիմա:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի շրջանակում առկա վիրավորանքներին, Աղազարյանն ընդծեց, որ այդ ամենի նախաձեռնողը Փաշինյանն է:
— Նա 2018 թվականից ոչինչ չթողեց, որովհետեւ այսօր նա, օգտագործելով վարչական ռեսուրսը, հրահանգում է մարզպետներին, համայնքների ղեկավարներին, որ մարդկանց բերեն հրապարակ, բայց հայտարարում է, թե՝ որ իմանամ նմանատիպ խախտումներ են եղել, աշխատանքից կհեռացնեմ:
Փաշինյանն ասում է, որ Սամվել Կարապետյանը օտարերկրյա լրտես է: Հասկանո՞ւմ եք, այստեղ այդքան կարեւոր չեն դառնում հետեւանքները, որքան կարճաժամյա էֆեկտները: Նա շատ լավ գիտի, որ այդ էֆեկտներն ազդում են, եւ օգտագործում է դա, որը եւս օրենքի խախտում է:
Եղոյանը ոչ միայն վիրավորական խոսք է նկատում, այլ նաեւ՝ սպառնալիք.
— Փաշինյանը վիրավորական խոսքով ասաց, որ Ծառուկյանի տղային կբռնի, կբերի, այս կանի, այն կանի, դա սպառնալիք է, ճնշում է: Կկրկնեմ, որ իմ եւ իմ կուսակցության համար, ընտրապայքարը ոչ թե մեկը մյուսին վիրավորելու առիթ է, այլ` ծրագրեր ներկայացնելու հնարավորություն:
Ըստ Բաբուխանյանի` ստացվում է, որ վիրավորանքը նպատակ ունի՝ ճնշել մրցակցին, ընդդիմությանը, սպառնալ եւ վախի մթնոլորտ ստեղծել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

