Ինչ անում եք, վատ եք անում, անգամ «տռուսիկի» կոլաժ սարքել չսովորեցիք. տեսանյութ
ՀասարակությունՀայի բախտ, հայի դարդ: Մեկ ասֆալտ չունեինք, որ վրան մեքենաները երթեւեկեն՝ առանց ջարդուփշուր լինելու, մեկ էլ քաղաքապետարանը որոշում է հրատապ վերանորոգել… Ու դա անում է իբրեւ թե ծածուկ՝ «чтобы никто не догадался» եւ հետո, որպեսզի չխանգարի երթեւեկությանը: Անշուշտ, կասեր դասականը՝ «բայց ներողություն արտահայտությանս համար՝ մենք էլ ենք մարդ»:
Գիշերվա 3-ին, երբ քաղաքապետարանը որոշում է կարկատաններ փորել ասֆալտի վրա, հարակից շենքերի բնակիչները հավասարապես մասնակցում են գործընթացին, պարզապես իրենց տանը անկողնու մեջ նստած՝ հայհոյելով:
Հասկանանք մի բան՝ եթե գիշերվա 3-ին սկսում են մեծ մեքենայով ասֆալտ փորելու գործընթացը, աղմուկից արթնանում է անգամ լսողական ապարատը հանած եւ քնած ծերունին, բա մանկահասակ երեխան ի՞նչ է լինում, պատմությունը թերեւս կլռի: Ասֆալտաքանդման աշխատանքները տեւում են մինչ լուսաբաց, հետեւապես՝ բարի մեր քաղաքապետարանը, այնպես է ամեն բան կազմակերպում, որպեսզի ոչ մի աշխատող քնած չմնա ու չուշանա աշխատանքից:
Բա փոշի՞ն: Քանի որ ասֆալտապատումից առաջ պետք է հանել հողն ու փոշին, որպեսզի վրայից կատարվի հաջոդիվ գործողությունը, պետք է տակի քարերն ու փոշին հնարավորինս հեռացվեն: Դա կատարվում է մի մեծ սարքով, որով փոշին, ոչ թե հեռացվում է, կամ ինչպես փոշեկուլն է կուլ տալիս, այլ տարածում է այս եւ այն կողմ՝ բարձրանալով օդ, ու ողջ տարածքը եւ հարակից բնակելի շենքներն ու խանութները ամբողջապես խեղդող փոշով ծածկում:
Հարց քաղաքապետարանի գիտակներին՝ լավ, արդյոք հնարավոր չէ նման աշխատանքներն անել նորմալ ժամանակահատվածում, որպեսզի ո՛չ ծեր, ո՛չ մանուկ վեր չթռնեն այդ սարսափելի աղմուկից: Արդյոք հնարավոր չէ այդ փոշու քարահեռացումն անել մեղմաղմուկ հանող սարքով եւ ջրով համեմված, որպեսզի մարդիկ չշնչեն աննկարագրելի փոշին ու հողը՝ առանց այդ էլ օդի աղտոտվածությամբ գերազանցում ենք բոլոր քաղաքներին:
Եվ վերջապես, ինչ անում եք, վատ եք անում, տղե՛րք, անգամ «տռուսիկի» կոլաժ սարքել չսովորեցիք...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

