Հնարավո՞ր է Իրան–ԱՄՆ պայմանավորված պատերազմը
ՎերլուծությունԻնչպես եւ իրանական պատերազմի մեկնարկի շեմին, հիմա եւս նույն կարգի խոսակցություն–քննարկումներ են ակտիվորեն պտտվում: Թեման սա է` կհարվածի՞ (կվերսկսի՞) Թրամփը Իրանին, թե` ոչ: Վաղը կհարվածի, մյուս օրը կհարվածի, այս շաբաթ կհարվածի եւ այլն. «հույժ հավաստի» աղբյուրների վրա հիմնված` նման վարկածների պակաս չկա: Քիչ չեն նաեւ հակառակ պնդումները, թե Թրամփը երկրորդ անգամ նույն փոսը չի մտնի:
ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ
Անձամբ Թրամփը, ասենք նաեւ Իրանը եւս ակտիվորեն մասնակցում են այդ քննարկումներին` էլ ավելի խճճված դարձնելով իրավիճակը: Նախօրեին Թրամփը նույնիսկ հայտարարեց` պատրաստվում էի վերսկսել հարվածները, բայց արաբական երկրները խնդրեցին, եւ մի քանի օրով հետաձգում եմ: Սակայն զորքերը պատրաստ են ամեն պահ անցնել հարձակման: Իրանական ամենատարբեր աղբյուրները եւս վստահ են, որ պատերազմը, միանշանակ, կվերսկսվի:
Եվ իրականում էլ, տրամաբանորեն պատերազմի վերսկսման հավանականության մասին փաստարկները գերիշխող են դարձել: Իմաստը հետեւյալն է: Չինաստան կատարած Թրամփի այցը նրան ցույց տվեց, որ Պեկինից Իրանի հարցով օգնություն պետք չէ սպասել: Ավելին, իրանական այդպես էլ չլուծված թեման Չինաստանի հետ բանակցություններում մշտապես կախված մնաց Թրամփի գլխին` էապես թուլացնելով նրա դիրքերը: Իմաստը սա է. Պեկինը նրան ցույց տվեց, որ եթե չի կարողանում լուծել Իրանի խնդիրը, ապա պետք է Չինաստանի հետ հարաբերություններում իրեն դրսեւորի հենց ԱՄՆ–ի այդ պոտենցիալից ելնելով: Այսինքն, ոչ թե առաջվա անառարկելի հեգեմոնն է, այլ հիմա ունի մոտավորապես Չինաստանին հավասար դիրքեր, եթե ոչ ավելի նվազ: Ուրեմն, թող Թրամփը բարի լինի Պեկինին պահանջներ ներկայացնել եւ ակնկալիքներ ունենալ հենց այդ դիրքերին համապատասխան: Դրան էլ գումարվեց փաստը, որ գլոբալիստական քարոզչամեքենան սկսեց մոտավորապես այսպես, այն է` պարտվողական ներկայացնել պեկինյան այդ «մենամարտը»: Ու այս ամբողջ թեման տանում է հիշատակված մտքին, բայց արդեն գլոբալ իմաստով. Թրամփը պետք է իրեն ավելի համեստ եւ ներկայիս թուլացած դիրքերին համահունչ պահի ոչ թե միայն Չինաստանի հանդեպ, այլ` առհասարակ ամենուր, սկսած ներամերիկյան հարթակից, վերջացրած Եվրոպայի հետ հարաբերություններով: Բանն այն է, որ արդեն անգամ Զելենսկին է հանդգնում ինչ–որ մեղադրանքներ հնչեցնել Վաշինգտոնի հասցեին, թե գիտեք ինչ կա, ԱՄՆ–ն օգնել է, որ ռուսները Ղրիմից ցորեն արտահանեն:
Որ այս բարդ իրավիճակը Թրամփի շուրջ ձեւավորվեց, ավելի կոնկրետ իր գագաթնակետին հասավ Իրանում հաջողության չհասնելու արդյունքում, դա հասկանալի է: Հասկանալի է նաեւ, որ գլոբալիստները կակտիվացնեն իրենց ներկայիս ճնշումները, ինչը Թրամփի համար բազմապատկում է աշնանը սպասվող ընտրություններում Կոնգրեսում մեծամասնություն պահելու հետ կապված խնդիրները: Իսկ մեծամասնություն կորցնելը նրան խոստանում է հետագա պարտությունների նորանոր շարաններ: Օրինակ. ներկա փուլում դեմոկրատները քանիցս օրակարգ բերեցին Իրանի դեմ պատերազմը կանգնեցնելու պահանջով օրինագիծ: Բնականաբար, դրանք բոլորը մերժվեցին: Բայց այն պահից, երբ Թրամփը կորցնի մեծամասնությունը, ոչ թե միայն Իրանի հարցով, այլ ցանկացած ուղղությամբ Կոնգրեսը` դեմոկրատները կարող են տորպեդահարել Թրամփի ցանկացած գործողություն: Ընդ որում, Պեկինը թեեւ փորձեց մեղմել Թրամփի նման ներամերիկյան վիճակը` որոշ կարճաժամկետ էֆեկտով տնտեսական պայմանագրեր կնքելով: Բայց դա ինչ–որ առանձնակի օգուտ Թրամփին չի տալիս. նրա վիճակը կարող է փոխել, առաջին հերթին, Իրանում գոնե հաղթանակի նշույլ ունեցող հանգուցալուծումը: Միայն թե Թեհրանը որեւէ զիջման գնալ չի պատրաստվում, թերեւս նաեւ հասկանալով այն թույլ ընդհանրական դիրքերը, որում հայտնվել է Թրամփը: Ու վերջինիս համար, ըստ այդմ, միակ տարբերակ է սկսում դառնալ պատերազմի վերսկսումը:
ԹՐԱՄՓԸ ՉՈՒՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ
Միայն թե ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ներկա փուլում ամբողջ հարցն այն չէ, թե ինչ է ուզում Թրամփը, այլ այն, թե ինչի կարող է հասնել: Եթե ունենար գոնե «նվազագույն հաշվով» հաղթանակի հնարավորություն, հաստատ այս զինադադարին չէր գնա: Զինադադարից հետո ինչ–որ բան փոխվե՞լ է, որը կտրուկ կամրացներ ամերիկյան ուժերի վիճակը: Իհարկե, մեծ ծավալներով զենք–զինամթերք ԱՄՆ–ն տեղափոխել է իրանական ուղղություն: Բերել է նաեւ ցամաքային որոշ ստորաբաժանումներ, այդ թվում` ամենաէլիտար զորամիավորումներից: Աշխատանքներ են տարվել նաեւ արաբական որոշ երկրների հետ: Քրդերը միգուցե այս անգամ ավելի ակտիվ լինեն: Իրանում վտանգ են տեսնում, որ հարվածներ կարող են ստանալ նաեւ հյուսիսային թեւից` Ադրբեջանից եւ այլն:
Բայց մյուս կողմից Իրանն էլ այս դադարն ակտիվորեն օգտագործում էր: Քիչ չեն հաղորդումները, որ կարողացել են վերականգնել պատերազմի ժամանակ օգտագործված ռազմական պոտենցիալը: Ցամաքային ուժերը, որոնք հիմնականում օդային բախումներից բաղկացած նախորդ փուլում պարապ էին մնացել, իրենց պոտենցիալը չէին էլ օգտագործել: Ավելին, հիմա ունեն կամավորականների մի այնպիսի հեղեղ, որը կարող է պետք եղած ժամանակ ցամաքային ուժերի թվակազմը հասցնել 5–10 միլիոնի: Ամենակարեւորը. իրանական կողմը հաստատ ուսումնասիրել է պատերազմի առաջին փուլում իր տակտիկական թերությունները, նաեւ հակառակորդի առավելությունները: Էապես չեզոքացրել է երկրի ներսում տարածված լրտեսական ցանցը: Ունեն նոր հարվածային սխեմաներ, այդ թվում, Հորմուզի նեղուցով անցնող ինտերնետային կաբելներն արգելափակելու տեսքով: Վերջապես, Իրանն իրեն զգում է, որպես հաղթող` դրանից բխող բարոյահոգեբանական առավելություններով հանդերձ:
Կարճ ասած, եթե Թրամփի համար նոր պատերազմը հնարավոր է, որ ընդհանուր իրավիճակում բեկում մտցնելու մեծ հավանականություն ստացած ուղղություն է, ապա մեկ է` կա շատ խոշոր հարցական: Իսկ նա երաշխիքներ ունի՞, որ կկարողանա ծնկի բերել Իրանին: Այն իմաստով, որ եթե այս անգամ էլ ձախողվի, ապա դա դառնալու է ոչ միայն Թրամփի կարիերայի, այլ` առնվազն Մերձավոր Արեւելքում ամերիկյան անգամ ոչ թե հեգեմոնիայի, այլ ներկայության վերջնակետը: Ըստ այդմ, քննարկվող տարբերակներից է մինչեւ իսկ միջուկային զենքի օգտագործումը: Միայն թե անգամ սա որեւէ բան չի երաշխավորում. Իրանը «կիսապաշտոնապես» սպառնում է հասցնել պատասխան միջուկային հարված: Ինչո՞վ, երբ այս պատերազմի պաշտոնական հիմքը հենց միջուկային զենքի թեման է: Չնայած, այս դեպքում արդեն դա էլ էական չէ. երաշխիքներ, որ Իրանը միջուկային պատասխան հարված չի հասցնի, հազիվ թե Վաշինգտոնը եւ Թել Ավիվն ունենան:
ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳ
Այս ամենը, իհարկե, պատերազմի վերսկսման դեմ փաստարկներ են եւ շատ լուրջ փաստարկներ: Սակայն կա եւս մեկ նյուանս, որն օրակարգից հանել հնարավոր չէ: Այն է. սա այն դեպքն է, երբ նաեւ բանակցություններով արդյունքի հասնելն արդեն դարձել է շատ քիչ հավանական: Իրանն ունի իր հստակ գիծը, որից հետ կանգնելը կընկալվի որպես պարտություն: Նույնը կարելի է ասել ԱՄՆ–ի մասին: Ու հնարավոր չեղավ կողմերի` 180 աստիճանով տարբերվող մոտեցումներն այնպես եւ այնքան իրար մոտեցնել, որ երկուսն էլ կարողանան որպես «հաղթող» ստորագրել խաղաղության պայմանագիրը:
Այսինքն, մի կողմից` բանակցային խորը փակուղին է, մյուս կողմից` ռազմական ոչ պակաս խորը փակուղին: Կա նման տերմին` «երկկողմանի ցուգցվանգ». շախմատում այն շատ քիչ է հանդիպում, քաղաքականության մեջ` շատ ավելի քիչ: Ու նման է, որ հիմա իրանա–ամերիկյան հակամարտությունը հենց «երկկողմանի ցուգցվանգի» է հասել. երկուսին էլ պետք է հնարավորինս շուտ այս իրավիճակից դուրս գալ եւ երկուսին էլ պետք է դուրս գալ հաղթողի կերպարով: Եթե ավելի լայն նայենք, իրանական հակամարտության նման արագ եւ երկուսի «հաղթանակով», այն է` ուժեղացած Իրան եւ մի փոքր թուլացած, բայց վերջնականապես չպարտված Թրամփ տարբերակով ավարտը լավագույն ելք է նաեւ Մոսկվայի եւ Պեկինի համար: Սակայն դա ամենավատ ելքն է Եվրոպայի համար:
Կարող է պարադոքսալ թվալ, սակայն նման ելքի հնարավոր է հասնել, թերեւս, միայն պատերազմի վերսկսման դեպքում: Այսինքն, այն դիրքը, որտեղ պատերազմը կանգ առավ, բանակցություններով հակամարտությունն ավարտելու հնարավորություն գոնե այս պահին չի տալիս: Պետք է մի փոքր փոխել ստատուս–քվոն, որի տեսանելի տարբերակը կարող է «պայմանավորված պատերազմի» սխեման լինել:
Թրամփի պեկինյան այցի կուլուարներում, ավելի կոնկրետ` Թրամփի եւ Սիի առանձնազրույցներում նման սխեմա քննարկվե՞լ է, իհարկե, հնարավոր չէ ասել: Բայց այն, որ պեկինյան այցից հետո ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական կողմը մասնավորապես բանակցային առաջարկությունների փոխանակման ժամանակ սկսել են իրար ծայրահեղ անհանդուրժողական, դիմացինի համար միանգամայն անընդունելի տարբերակներ առաջադրել, այն տպավորությունն է առաջացնում, որ երկուսն էլ սկսել են նախընտրել ռազմական գործողություններին վերադառնալը:
Տես նաեւ https://t.me/iravunk/67268

