Թրամփն այդպես էլ չկարողացավ կռվացնել ռուսներին եւ չինակցիներին
ՎերլուծությունՆկատենք, որ իրանա–ամերիկյան պատերազմի վերսկսվելու հարցով ձգձգման մեկ կարեւոր պատճառ եւս կարող է լինել (Տես նաեւ https://iravunk.com/?p=340885&l=am): Նկատի ունենք, որ մեկնարկեց Պուտինի այցը Պեկին, որի արդյունքները, թերեւս, Թրամփի համար եւս հուշում են, թե որ ուղղությամբ է ավելի նպատակահարմար շարժվել:
Ի դեպ, այն, որ Պուտինը Թրամփից մի քանի օր անց մեկնեց Պեկին, իհարկե, հատուկ չէր արված: Պուտինի այցի մոտավոր ժամկետների մասին խոսվում էր դեռ ամիսներ առաջ: Ստորագրվել են տասնյակ պայմանագրեր, որոնց նախապատրաստումը եւս երկար ժամանակ էր պահանջում: Փոխարենը, Թրամփի այցը ծրագրված էր դեռ իրանական պատերազմի սկզբնական փուլում, եւ հենց պատերազմի պատճառով էլ այն հետաձգվեց: Եվ որ այն նախորդեց Պուտինի արդեն ծրագրված այցին, դա արդեն կարող էր հատուկ իմաստ ունենալ: Օրինակ, փորձել Պեկինում փոխել որոշակի տրամադրություններ, կապված Մոսկվայի հետ հարաբերությունների հետ: Դրա համար պետք էր Պուտինից ավելի շուտ մեկնել Պեկին, ու, թերեւս, դա այնքան էր կարեւորվում Վաշինգտոնի կողմից, որ Թրամփն այդ քայլին գնաց անգամ իրանական թեմայով ունեցած դիրքային թուլացումը հաշվի չառնելով:
Այսպիսով, ի՞նչ կարող էր տեղի ունենալ Պեկինում` Պուտինի այցի շրջանակներում, որը, այսպես ասենք, այնքան էլ ցանկալի չէր Թրամփի համար: Նախ, Պուտինի այս այցի առանցքային փաստաթղթերց մեկն էր երկու առաջնորդների կողմից ստորագրված` «Բազմաբեւեռ աշխարհի եւ նոր տեսակի միջազգային հարաբերությունների հաստատման մասին» հռչակագիրը: Թե ինչ է այն իրենից ներկայացնում, դեռ հասկանալ է պետք: Բայց միայն անվանումը շատ բան է հուշում. բազմաբեւեռ աշխարհ ասվածն այն հասկացությունն է, որը նշանակում է ամերիկյան հեգեմոնիայի վերջնական մերժում: Սա նույնիսկ ոչ թե մարտահրավեր, այլ, առկա իրողություններից ելնելով, առաջարկ է ԱՄՆ–ին` նոր «Պոտսդամի կոնֆերանս» անցկացնելու մասին: Այն է` ինքնակամ հրաժարվել հեգեմոնիայից եւ միանալ բազմաբեւեռ աշխարհի սկզբունքին:
Միաժամանակ փորձագետները շատ կարեւոր են համարում հատկապես էներգետիկ ոլորտում ռուս–չինական հարաբերությունների աննախադեպ խորացման մասին ծրագրերը: Այսինքն, դրանով կարող է էապես մեծացվել Ռուսաստանի կողմի Չինաստանին վաճառվող էներգակիրների ծավալները, որը կնվազեցնի երկուսի կախվածությունը համաշխարհային շուկաներից, գնային տատանումներից: Սա եւս ԱՄՆ–ի համար լուրջ խնդիր է: Նախ, այսպիսով էներգառեսուրսների հերթական պատկառելի քանակությունը դուրս կգա «նավթադոլար» հասկացության ազդեցությունից. ռուս–չինական առեւտուրը նրանց սեփական արժույթներով է: Երկրորդը, դա ԱՄՆ–ն կզրկի Չինաստանի վրա էներգետիկ հոսքերը փակելու միջոցով տնտեսական ճնշումների հնարավորությունից: Ու չմոռանանք, որ հենց նման ճնշումն է համարվում Իրանի դեմ պատերազմի հիմնական պատճառներից մեկը: Եվ այն, որ Թրամփն իր պեկինյան այցի ժամանակ Չինաստանին առաջարկում էր ԱՄՆ–ից նավթ ու գազ գնել, իր հերթին է հիմնավորում, որ Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարումների ավելացումը Վաշինգտոնի համար առնվազն ցանկալի չէ:
Այսպիսով, կան նաեւ մի շարք այլ էպիզոդներ, որոնք Թրամփի համար առնվազն անցանկալի են դարձնում Պուտինի այս այցը: Ընդհանրական իմաստով, թրամփյան ռազմավարության հիմնական բաղադրիչներից էր ռուս–չինական կապերի մաքսիմալ թուլացումը: Բայց Պուտինի այցը միտված է հակառակ էֆեկտին` հարաբերությունների էլ ավելի խորացմանը, այսինքն, Թրամփի ռազմավարությունն այս ուղղությամբ գործնականում կարելի է ձախողված համարել:
Սակայն այս իրավիճակը Թրամփի համար ամենեւին էլ փակուղի չէ: Նա ակնհայտորեն կարող է միանալ ռուս–չինական այս համակարգին, որի բաղադրիչներից է նաեւ Մոսկվայից հնչած տարաբնույթ առաջարկները: Այդ թվում` ռեսուրսային ոլորտներում, ընդհուպ` «Հյուսիսային հոսք» գազատարում ԱՄՆ–ի հետ համատեղ մասշտաբային ծրագրերի մասին: Ընդ որում, Թրամփի համար շահագրգռող գործոն կարող է դառնալ, որ այս ամբողջական մեխանիզմը հիմնական թիրախում տեսնում է ոչ թե ԱՄՆ–ին կամ Թրամփին, որ Թրամփի գլխավոր հակառակորդներին` գլոբալիստական աշխարհը: Համենայնդեպս, փաստը, որ ներկա փուլում գլոբալիստները ծայրահեղորեն սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, հենց այդ մասին է ակնարկում:
Բանը հասել է նրան, որ Լիտվան բացահայտ կոչեր է հնչեցնում ՆԱՏՕ–ին` հարձակվել Կալինինգրադի մարզի վրա: Այս պահին խոսակցություններ կան, որ ուկրաինական ուժերը կարող են հենց Լատվիայի տարածքից անօդաչուներ արձակել Ռուսաստանի վրա: Նույնքան համառ խոսակցություններ են շրջանառվում Մերձդնեստրի վրա մոլդովա–ուկրաինական համատեղ հարձակման ծրագրերի մասին եւ այլն: Վերջապես այն, որ ողջ Եվրոպան զբաղված է ուկրաինականի անվան տակ ռուսներին հարվածող զենքերի արտադրությամբ, արդեն իսկ փորձագիտական հարթակներում համոզիչ է դարձրել այն, որ. «Ռուսաստանը ներկայումս պատերազմի մեջ է Եվրոպայի հետ»:
Մոսկվայի պատասխանը երեկ մեկնարկած ռազմավարական հրթիռային ուժերի, Խաղաղօվկիանոսյան եւ Հյուսիսային նավատորմերի մասնակցությամբ միջուկային զորավարժանքների տեսքով էր, այդ թվում` Բելառուսի մասնակցությամբ: Դրան էլ, հիշեցնենք, նախորդեց ռուսական նորագույն հրթիռային համակարգերի ցուցադրումը: Որքանո՞վ սա եվրոպական «տաք գլուխները» կհովացնի, դեռ կտեսնենք: Սակայն այս իրավիճակը Թրամփի համար էլ է հարմար` գլոբալիստների խնդրից ազատվելու համար:
Մեկ բան հաստատ է. աշխարհի մասշտաբով սկսվեց մի փուլ, որը կարճաժամկետ հեռանկարում պետք է տանի կա՛մ նոր աշխարհակարգի ստեղծման` երեք առաջատար ուժերի գլխավորությամբ, կա՛մ չափազանց ռեալ է դառնալու միջուկային բախումը: Պուտինի չինական այցը եկավ հուշելու, որ առաջին տարբերակի համար մնում է միայն Թրամփի համաձայնությունը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67269

