Մոսկվան ցույց տվեց, որ պատրաստ է առավելագույն սրացմանը
ՎերլուծությունԱչքի առաջ գերշիկացման հասնող հայ–ռուսական, ավելի ճիշտ` նիկոլա–ռուսական հարաբերություններին (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=341305&l=am) ի՞նչ երանգ կարող է տալ Ռուբինոյի հայաստանյան այցը: Որքանո՞վ Նիկոլը կարող է հույսեր կապել ԱՄՆ–ի հետ: Իհարկե, այս մասով շատ բան ցույց կտա պետքարտուղարի այցը: Բայց որոշակի ընդհանրական նրբերանգներ այս պահին էլ կան:
Այն, որ հայաստանյան ուղղությամբ ամերիկյան կուրսը մնում է մեծապես կախված նախ` ռուս–ամերիկյան, ապա նաեւ իրանա–ամերիկյան գործընթացներից, դա աքսիոմա է: Այսինքն, ԱՄՆ–ին պե՞տք է հայաստանյան ուղղությունը, որպես վտանգ, «կախել» Իրանի գլխին: Դա մի կողմից: Մյուս կողմից, եթե լինի նման ցանկություն, որքանո՞վ է այն հնարավոր, հաշվի առնելով, որ ինչպես Թեհրանի, այնպես էլ Մոսկվայի պատասխան ռեակցիան չի հապաղելու:
Կարճ ասած, Վաշինգտոնի համար հարավկովկասյան հարթակը հակաիրանական պլացդարմ դարձնելը կամ գոնե դրա ցանկությունը կարող է իմաստ ունենալ այն դեպքում, եթե ցանկանա Իրանի դեմ ցամաքային արշավ սկսել: Ընդ որում, նաեւ աչքի առաջ ունենալով, որ անգամ նման պլացդարմի առկայությունը դեռ երաշխիք չէ, որ կկարողանա հարձակվել եւ ողջ Իրանը նվաճել:
Բայց նաեւ, եթե այս պահին Ռուբինոն գալիս է Հայաստան, Բայրամովն էլ նախօրեին մեկնեց Նյու Յորք, ապա դա ակնարկ է, որ մեր տարածաշրջանի հետ կապված Վաշինգտոնում ինչ–ինչ մտորումներ, այնուամենայնիվ, կան: Թեեւ մյուս կողմից էլ վերջին օրերին ակտիվացել է Իրանի եւ ԱՄՆ–ի միջեւ պայմանավորվածության թեման, ինչի մասին, ի դեպ, մի գլուխ խոսում է նաեւ Թրամփը: Հասկանալի է, Թրամփի հայտարարությունները նույնքան արագ էլ կարող են 180 աստիճանով հակառակ ընթացք ստանալ: Բայց գլխավոր փաստարկը դրանից չի փոխվում: Այն է` Իրանի հետ բախումը Թրամփի համար գնալով միայն ու միայն խորացնում է առանց այդ էլ շատ խորը խնդիրները: Ընդ որում, կարող է ցամաքային պատերազմ սկսել, անգամ ներխուժման համար օգտագործել հարավկովկասյան տիրույթը, սակայն դա խոստանում է միայն ավելի խորացնել վիճակը: Ցամաքային օպերացիան, որտեղից էլ որ այն իրականացվի, մեկ է, բախվելու է իրանական մարտունակությունը միայն ամրապնդած, բարձր մարտական ոգի ձեռք բերած իրանական միլիոնանոց բանակի եւ մի քանի միլիոնանոց (ամենաառաջին փուլում) մոբիլիզացիոն ռեսուրսի հետ: Հսկայական կորուստները, որն այդ դեպքում անխուսափելիորեն ունենալու են ամերիկացիները, Թրամփին պաշտոնի մնալու որեւէ շանս չեն թողնում:
Մյուս կողմից էլ, օրերս նրա նկատմամբ հերթական մահափորձի «բեմականացումը» շատ բան ակնարկեց: Ակնհայտորեն, եւս մեկ անգամ Թրամփին ակնարկեցին, որ բեմականացման փոխարեն կարող է եւ իրական հարված լինել: Ու եթե կա նման սպառնալիքի կարիք, նշանակում է, որ բեմականացման հեղինակները կարծում են, որ Թրամփն, ի վերջո, կգնա Իրանի հետ պայմանավորվածությունների: Ընդ որում, հնարավոր պայմանավորվածությունների սխեման, որը ներկայումս ներկայացնում են տարբեր աղբյուրներ, կարծես թե այն տարբերակն է, որը կարող է բավարարել ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ` Թեհրանին:
Մի խոսքով` ասել, թե Ռուբինոն գալիս է Հայաստան, որպեսզի այստեղ սուր հակամարտություն սկսի Իրանի եւ Ռուսաստանի հետ, նախնական դիտարկումներով, քիչ հավանական վարկածն է: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում հաջորդ գործոնը, որը պետք է որ Թրամփին շահագրգռի` Մոսկվայի հետ ավելորդ հակասությունների չգնալ:
Նկատի ունենք, որ շարունակում է ծայրահեղ սրացումների հասնել գլոբալիստական Եվրոպայի` Թրամփի հիմնական թշնամու հետ Ռուսաստանի հարաբերությունները: Վերջին օրերի սրացումները` լուգանսկյան ուսանողական հանրակացարանին ուկրաինական կողմի հարվածն ու դրա պատասխանը` Կիեւը ծանր հրթիռակոծության ենթարկելու տեսքով, իհարկե, հենց այդ մասին են վկայում: Եվրալիդերները, որ, հասկանալի է, «չտեսան» հանրակացարանում 21 քնած երեխաների սպանությունը, շտապեցին բրյուսելյան ամենավերին չինովնիկության միջոցով դատապարտել Մոսկվայի հարվածները: Սակայն դա շատ բան չի էլ փոխում: Հաշվի առնելով, որ Մոսկվան այդկերպ գլոբալիստներին մեկ էական փաստ հուշեց: Այսինքն, «Օրեշնիկով» հարված հասցվեց հենց Կիեւին, երբ այդ կարգի ծանր հարվածներ մինչ այս «տաբուի» տակ էին: Ու դրանով Մոսկվան ցույց տվեց, որ նման «տաբուներից» հրաժարվում է. կարող է հարվածել «Օրեշնիկով», պետք եղավ, ավելի ծանր զինատեսակներով: Վերջապես, որ Կիեւն ամենեւին էլ միակ թիրախը չէ: Այսինքն, Մոսկվան ոչ թե նույնիսկ Կիեւին, այլ նրա տերերին ցույց տվեց, որ պատրաստ է անցնել էսկալացիայի ավելի բարձր մակարդակի, որին հասնել եվրագլոբալիստական ռազմական հնարավորությունները թույլ չեն տալիս: Միգուցե բացառությամբ Ֆրանսիայի, որը որոշակի միջուկային զինապաշար ունի: Սակայն այն, որ Մակրոնը շտապեց զանգահարել Լուկաշենկոյին, գալիս է հուշելու, որ նա այս խաղի մեջ մտնել չի ցանկանում:
Կարճ ասած, Եվրոպայի համար ամերիկյան ռազմական պոտենցիալը դառնում է միակ փրկօղակը, եւ թերեւս հենց այդ պատճառով էլ Կիեւին հասցված «Օրեշնիկի» հարվածին Վաշինգտոնը գրեթե ռեակցիա չցուցաբերեց. այն է, Թրամփը պետք է որ շատ ուրախացած լիներ այդ կապակցությամբ: Ու որքան Մոսկվան շարունակի Եվրոպային վախեցնել նման ծանր հարվածներով, այնքան Թրամփի ուրախությունն ավելանալու է:
Այսպիսով, եթե Իրանի հետ համաձայնությունը ստանա փաստաթղթի տեսք, ապա շատ մեծ է դառնում հավանականությունը, որ Ուկրաինայում եւս նման մի համաձայնագիրը շատ չի ուշանա: Նման իրավիճակում արդեն Նիկոլի համար մանեւրականությունը գործնականում դառնալու է զրոյական:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67516

