Ցանկացած ուժ, որը հավակնում է ստանձնել իշխանություն, չի կարող շրջանցել Արցախի հարցը. Մետաքսե Հակոբյան
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:
— Վստահ ենք, որ ուսումնասիրել եք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը: Ոչ մի ուժի ծրագրում խոսք չկա Արցախ վերադարձի մասին: Ի՞նչ կասեք այս առումով:
— Որպես այդպիսի դրույթ, թե՛ քարոզարշավի եւ թե՛ նախընտրական ծրագրերում չենք տեսել: Ես միտումնավոր ներգրավված չեմ որեւէ կուսակցության նախընտրական քարոզարշավում, դրանով հնարավորինս պահպանելով արցախցիների միասնականոությունն այս հարցում, բնականաբար, ներքին խոսակցություններին եւ ծրագրերին այդպես լավ ծանոթ չեմ: Սակայն այն, ինչ ներկայացված է, պետք է, ցավոք, ասեմ, որ տեսնում եմ զգուշավորություն: Եվ այդ զգուշավորությունը, բնականաբար, պայմանավորված է նախ այս իշխանության լկտի ու ցինիկ մոտեցմամբ: Քանի որ քարոզչամեքենան այս իշխանությունների տարիների ընթացքում պարապ չի մնացել եւ այնպես է աշխատել մեր ժողովրդի մոտ, որ սերմանել են վախ. այն է Արցախի մասին խոսել նշանակում է գնալ հերթական պատերազմի եւ կորուստների: Հետեւաբար, ընդդիմության մոտ առկա զգուշավորությունը պայմանավորված է դրանով: Այսինքն՝ ստացվում է, որ այս փուլում խոսել Արցախի մասին, կնշանակի ընտրազանգվածի որոշակի կորուստ: Ամեն դեպքում, նման մտավախություն ես տեսնում եմ:
Սակայն ես լիահույս եմ, որ ազգային բոլոր ուժերը, որոնք ներգրավված են, եւ որոնց չեմ էլ ցանկանում առանձնացնել, Արցախի հարցն իրենց համար չի կարող փակ լինել: Շատ կարեւոր է, որ այդ ազգային ուժերը կարողանան հաջողություն գրանցել, որպեսզի կարողանան նաեւ բանակցային գործընթացում ունենալ ձեւավորված օրակարգ: Ինչու եմ ես սա վստահ ասում, որովհետեւ, ըստ էության, ընտրությունների արդյունքներով մեր օրակարգը չի փոխվելու: Չի փոխվելու, որովհետեւ արցախյան խելամիտ հատվածն ամեն բան կապում է իր տուն վերադարձի հետ: Ուստի՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու, մենք մեր գործընթացները շարունակելու ենք: Այս իշխանությունների, Աստված մի արասցե, վերարտադրվելու պարագայում, բնականաբար, շարունակելու ենք մեր օրակարգը, բայց արդեն վերաձեւակերպումներով: Մենք ունենք կարճաժամկետ ռազմավարությունը մինչ ընտրություններ, եւ ունենք ընտրությունների պարագայում՝ ելնելով դրա արդյունքներից հետագա ռազմավարական քայլերը: Դրանով պայմանավորված, այսօր ցանկացած ուժ, որը հավակնում է ստանձնել իշխանություն, նա պետք է գիտակցի, որ չի կարող շրջանցել եւ չխոսել Արցախի հարցի շուրջ:
«ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒՂԻՂ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ՝ ԻՐԵՆ ՉԵԶՈՔԱՑՐԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐ»
— Նիկոլ Փաշինյանն ամեն ասված խոսքից հետո հակասում է ինքն իրեն: Նախ ասաց Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո, թե՝ Արցախը երբեք մերը չի եղել: Այժմ էլ հայտարարում է, որ իբր սխալմունք է եղել արցախյան շարժումը: Այսինքն` մեր հայրերն ու եղբայրները երբ կռվել եւ ազատագրել են Շուշին, Արցախն ամբողջությամբ, սխալմո՞ւնք էր: Սրան կա՞ որեւէ բացատրություն:
— Եկեք, գանք վերջից ու չմոռանանք, որ 2016, 2020, 2023-ին այն 18-20 տարեկան տղաները եւս կռիվ են տվել, որ հայրենիք լինի: Այսինքն՝ այդ համոզմունքը եղել է այս երիտասարդ սերնդի մոտ: Ինչ վերաբերում է նրա նմանատիպ խոսույթին, կարծում եմ, ես գտել եմ դրա պատճառն ու պատասխանը, թե ինչու է նա իրեն այդպես պահում: Տեսեք, Նիկոլն ու իր խմբակը հանցագործներ են, ինչը, ըստ իս, որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Հանցագործներ են, որովհետեւ միայն հանցագործը կարող է հայրենիքը հանձնել, կանգնել ԱԺ բարձր ամբիոնից ասել, որ՝ այո՛, կարելի է կանգնեցնել պատերազմը ու ունենալ ելք, բայց դա իմ որշումն է եղել, եւ ես չկանգնեցրի պատերազմը: Այսինքն, ունեցանք զոհեր, բայց կարող էինք չունենալ: Դուք հասկանո՞ւմ եք, մարդը բարձրաձայնում է արդեն մի քանի տարի իր հանցանքների մասին:
Հանցագործների հոգեբանությունն է վերադառնալ այն վայր, թեկուզ տեսականորեն, որտեղ նա այդ հանցագործությունները կատարել է եւ անընդհատ շոշափել, թե որքանով են հետքերը մնացել: Որովհետեւ ցանկացած հանցագործ, նույնիսկ ամենալավ պլանավորման դեպքում, հետք թողնում է: Հետեւապես, նա պարտադիր հետ է վերադառնում, որպեսզի քողարկի, վերացնի թողած հետքերը: Հիմա իր բոլոր քայլերը եւ այդ խառնիճաղանջ, իրար հակասող մտքերը, որն անդադար ունի, գալիս է հենց դրանից: Այս առումով, ինքը դասական հանցագործից չի տարբերվում: Նա լավ գիտակցում է, որ վաղ թե ուշ պատասխան է տալու օրենքի ողջ ուժով: Ու քանի որ մեզ մոտ չկա այն ծայրահեղ պատիժը՝ մահապատիժը, հետեւաբար, պատկերացնում եմ ցմահ ազատազրկում:
Մենք բազմիցս նրան անվանել ենք «ազգի թշնամի», «դավաճան» եւ այլն, որ այդ բառերն էլ են արժեզրկվել: Այստեղ մենք փաստում ենք, որ իրավական համակարգ գոյություն չունի: Եթե լիներ իրավապահ համակարգ եւ չլիներ մի մարդու տակ, ապա վաղուց իրենք ձերբակալված կլինեին: 2020 թվականի դեկտեմբերին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարութունյանը հայտարարությամբ հանդես եկավ, եւ մինչ այսօր այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ուսումնասիրված չէ, մինչդեռ պարտադիր էր: Հարությունյանը, որպես երկրի գլխավոր հրամանատար, ընդամենը մեկ բան ասաց՝ արդյոք սեւ ու մութ ուժերը թույլ են տվել, որ նա իրականացնի իր առաքելությունը, արդյոք սեւ ու մութ ուժերը թույլ են տվել, որ նա տեղյակ լինի իրականությունից, թե ինչ է տեղի ունենում Արցախում պատերազմի ժամանակ: Այսինքն, այն ժամանակ Արցախի նախագահն ուղիղ հայտարարեց, որ իրեն չեզոքացրել են որպես երկրի ղեկավար եւ հայտարարեց, որ դրանք սեւ ու մութ ուժերն են արել:
— Ո՞ւմ նկատի ուներ` դա ասելով:
— Հաջորդ ԱԺ նիստի ժամանակ, կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում, ես այդ հարցը տվել եմ եւ, ցավոք, չեմ ստացել պատասխան: Պատասխան չստանալով` ես Արայիկ Հարությունյանին կրկին հարցրել եմ, որ եթե չեք տալիս հստակ պատասխան, կարո՞ղ ենք ենթադրել, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ինչին Հարությունյանը պատասխանել է լռությամբ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ լռությունը համաձայնության նշան է՝ կարո՛ղ ենք: Դրանից հետո, ես հաղորդում ներկայացրի գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին, հիմքում դնելով նախագահի հայտարարությունը, եւ խնդրեցի անհապաղ պարզել, թե ովքեր են եղել այս սեւ ուժերը: Որից հետո փորձել եմ բազմիցս ճշտումներ իրականացնել հենց դատախազից՝ հասկանալու համար, թե որ փուլում է գործը: Ստացել եմ պատասխան, որ ՀՀ իշխանությունները անդադար խոչընդոտում են վարույթ իրականացնել, որովհետեւ թելերը բերում էին Հայաստանի իշխանություններ, եւ թույլտվություն չէին ստանում` հարցաքննություն անցկացնելու:
«ՍԱ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»
— Ասացին, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, եւ զրո պատասխանատվություն…
— Գիտեք, դա քիչ է ընդամենը հանցագործություն որակելու համար, քանի որ դա անբարոյականություն է, ինչն արվել է գիտակցաբար, ոչ պատահական: Անձը, որի մասին, Դուք ակնարկում եք, նրա տղամարդը, ով զավթած է պահում իշխանությունը, բազմիցս ասել են, որ դեռեւս 90-ականներին պատերազմ հրահրողը Ռուսաստանն էր, ու այդ միտքը նրանք անդադար նստեցրել են մեր ժողովրդի մեջ:
Շատ քչերը գիտեն, որ այդ անձը, ով ասում էր մեր զավակների մասին նման բան, 2020-ի սեպտեմբերի 30-ին Արցախի ԱԺ էր եկել եւ ցանկություն էր հայտնել հանդիպել խորհրարանի հետ: Տեսեք, ինչ բարձր կարծիք ունի ինքն իր մասին: Իհարկե մերժվել էր, քանի որ նա չուներ այդ լիազորությունը հանդիպելու ԱԺ-ի հետ: Մաքսիմում նա կարող էր հանդիպել ԱԺ կանանց հետ: Ես այն ժամանակ միակ կին ընդդիմադիր պատգամավորն էի, ԱԺ նախագահի խնդրանքով գնացի այդ հանդիպմանը: Նաեւ մասնակցեցի, որպեսզի այդ տիկինը տեսներ, որ չնայած նրան, որ մենք պատերազմում ենք, բայց միասնական ենք եւ մեր նպատակը մեկն է՝ փրկել հայրենիքը հնարավորինս չունենալով զոհեր: Այդ օրը իրեն ուղեկցում էին ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունների լրագրողները: Այդ կադրերն այդպես էլ եթեր չգնաց, բայց ականատես ենք եղել 7 կանանցով, ինչպես նաեւ լրագրողներ եւ թիկնապահ: Բնականաբար, եթեր հեռարձակվեց միայն այն հատվածը, որը նա պատրաստել էր՝ հուզաճմլիկ դատարկաբանություն: Նա խոսեց այն մասին, որ պատերազմը, որը տեղի է ունենում, դա մեր բարեկամ պետության ջանքերով է: Բարեկամ պետություն ասելով՝ նկատի ուներ Ռուսաստանին: Եվ դա այն ժամանակ, որ ուղիղ կերպով երեւում էր Ռուսաստանի աջակցությունը՝ ի տարբերություն մյուս երկրների դատարկ հայտարարությունների: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ նա սեպտեմբերին 30-ին խոսում էր, որ Ռուսաստանը հայերի թշնամի են, իսկ իր ամուսինը նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն է կնքում որպես միջնորդ ունենալու Ռուսաստանի Դաշնության ղեկավարի: Այսինքն, սա կարելի է դիտարկել որպես նախապես ծրագրավորած ընթացք. այդ կինոն, որ իրենք խաղում էին, անունը պատերազմ էր, զոհերը «իրական» չէին, ուղղակի 18 տարեկան էին…
Այո, իրենց համար դա հանուն ոչնչի էր: Բայց մենք բոլորս եւ թե՛ այդ պատանիները գիտեին, որ գնում են զոհողության, ոչ թե ինչպես պատերազմից հետո ասում էին, որ մենք ապրենք, ո՛չ, այլ գնում էին զոհողության հանուն երկրի, հայրենիքի: Այդ տղաները զոհվել են, որ լինի հայրենիք եւ սերունդների շարունակականություն: Հասկանո՞ւմ եք, սա ծրագրավորած հանցագործություն է, որն իրենք պետք է անեին եւ այդ արածի մեջ, իրենց համար մեր տղաների զոհողությունը հանուն ոչնչի էր:
— Պատրաստվում են 300 հազար ադրբեջանցի ընդունել Հայաստան: Դա իրենից ենթադրում է, ադրեջաներեն գիր-գրականություն, հավատք, մզկիթներ եւ այլն: Ինչպե՞ս եք դա պատկերացնում, եթե պատկերացնում եք առհասարակ:
— Ես պետք է օրինակը կրկին Արցախով բերեմ: Գիտե՞ք, ինչու հենց 1988 թվականին սկսվեց շարժումը: 1960-ականներից արդեն կար ըմբոստություն, այդ պատրաստվածությունն առնվազն 20 տարվա պատմություն ուներ: Արցախում մաքսիմում ապրել են 20 տոկոս ադրբեջանցիներ: Խորհրդային ժամանակաշրջանում պետք էր արագ ադրբեջանցիներ բնակեցնել Արցախում եւ սկսեցին շատ արագ շենքեր կառուցել: Շատ լավ գիտենք, թե ինչ արագությամբ են նրանք բազմանում: Եվ երբ արդեն այդ վտանգն առկա էր, ու դրա դեմն այլեւս առնել չստացվեց, սկսվեց առանձնանալու գործընթացը: Հիմա նույնը Հայաստանի հետ են անում: Այն ժամանակ էլ էին ասում, թե դա խաղաղության նշան է, հիմա էլ են ասում նույնը, պարզապես հիմա ասում են ՀՀ իշխանությունները: Սա պետք է կանխել, հակառակ դեպքում՝ կունենանք Արցախի ճակատագիրը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

