ՀՀ իշխանությունները հիբրիդային պատերազմի մեջ են մտել ՌԴ-ի դեմ. Հայկ Այվազյան
ՆերքաղաքականԻշխանությունը թմբկահարում է, թե իբր Ռուսաստանն իր գործակալների միջոցով Հայաստանում իշխանափոխություն է ծրագրում: Անդրադառնալով վերոնշյալին՝«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ ընդծում է՝ հետխորհրդային տարածքում ռուսական գործակալներ փնտրելու գործընթացը արևմտյան հատուկ ծառայություններում վաղուց մշակված օպերացիա է։
— Երբ ժամանակին Վրաստանում Սահակաշվիլու օրոք կամ Ուկրաինայում փչում էին իրենց երկրներում Ռուսաստանի լրտեսական գործունեության փուչիկը, ապա դրանով քողարկում էին ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետախուզությունների լայնածավալ եւ անարգել գործունեությունը։ Ընդ որում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետախուզությունների կողմից հավաքագրված գործակալները այդ երկրների կառավարությունների մեջ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք էին։ Թե ինչ ծանր հետեւանքներ այդ ամենը ունեցավ Վրաստանի եւ Ուկրաինայի համար, գիտենք։
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը Հայաստանում գործակալական ցանց պահելու կարիք երբեք չի ունեցել, քանի որ մենք դաշնակցային բազմաթիվ կապերով, պայմանագրերով կապված պետություններ էինք, եւ մեզ վնասելու նպատակ ՌԴ-ն չի ունեցել։ Այդ դաշնակցային համագործակցության շրջանակներում պետական մարմինների միջեւ, օրինական ճանապարհով, այնքան տեղեկատվություն էր փոխանակվում, որ գաղտնի որեւէ բան անելու կարիք չկար։ Փաստորեն ՀՀ իշխանությունները հիբրիդային պատերազմի մեջ են մտել Ռուսաստանի դեմ:

