«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԺՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ»
ՎերլուծությունԱմեն դեպքում, ակնհայտ է, որ ուկրաինական խաղատախտակին եվրագլոբալիստները շատ վտանգավոր խաղ են սկսել: Բայց նաեւ տեսանելի է, որ դա ինչ–որ տեղ նաեւ ճարահատյալ քայլ է. ուկրաինական թեման կարող էր փակվել ցանկացած պահի, եւ միայն ներկայիս ծայրահեղ էսկալացիան, որը կարողացան պարտադրել Մոսկվային, դեռ մի որոշ ժամանակ կհետաձգի խաղաղությունը: Չնայած, շատ նման է, որ ոչ շատ երկար. ամիսներ, եւ արդեն տարեվերջին միանգամայն իրատեսական է դառնում պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը:
Մյուս կողմից, այս փուլում շարունակում է հետեւողականորեն սրվել նաեւ հայաստանյան ուղղությամբ իրավիճակը: Ինչքանով դա կազդի ընտրությունների արդյունքների վրա, դա դեռ հարցի մի կողմն է: Սակայն այս սրացումները այս հիմնական խորքային մեսիջն են հղում. Մոսկվան այսպիսով ազդարարեց, ընդ որում, ոչ թե Նիկոլին, այլ` Արեւմուտքին եւ տարածաշրջանային ուժերին, որ անկախ հետագա զարգացումներից, ինքը ոչ մի պարագայում այս տարածաշրջանից չի հարժարվում: Այսինքն, եթե ժամանակին այդ մասին ասվում էր հիմնականում հռետորաբանության միջոցով, հիմա դա պարզապես ստացել է ճնշումային տեսք:
Դա է պնդում նաեւ ռուսական իշխանական շրջանակների անցուդարձից տեղյակ փորձագիտական կենտրոնը. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե Փաշինյանը հաղթի Հայաստանի ընտրություններում, Ռուսաստանում հայ գործարարների ներկայացուցիչները կարող են բախվել նմանատիպ խնդիրների, որոնց բախվում են ներկայումս Ադրբեջանի ներկայացուցիչները։ Կրասնոդարի երկրամասը եւ տեղական իշխանությունների կապերը հայազգի գործարարների հետ, որոնք հաջողության են հասել բիզնեսում, գտնվում են ուշադրության կենտրոնում։ Անվտանգության ծառայությունների համար Փաշինյանի հաղթանակը մի տեսակ «քարտ բլանշ» է զտումների համար. շատ տարածաշրջանային գործարարների գործունեությունը կարող է վերջնականապես պիտակավորվել որպես «էթնիկ կազմակերպված հանցավոր խմբեր»։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանի եւ մի քանի այլ առաջատար գործարարների համաձայնությունը՝ աջակցելու Ռուսաստանի պետական քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, մեծ մասամբ պայմանավորված է այս հեռանկարներով։ Հայ գործարարները կենթարկվեն հավատարմության ստուգումների։ Փորձությունը չհանձնողների ակտիվները կազգայնացվեն, եւ նրանց սեփականատերերը, լավագույն դեպքում, կկարողանան լքել Ռուսաստանը»:
Սա, թերեւս, ընդամենը ճնշման միջոց չէ ռուսահայ գործարար շրջանակների համար: Այսինքն, «հավատարմության ստուգումներ» արտահայտության տակ կարելի է կարդալ նաեւ այս իմաստը. ռուսահայ գործարար, ֆինանսական շրջանակները ի՞նչ վերաբերմունք ունեն, նաեւ վերարտադրվելու դեպքում կունենան նիկոլյան ռեժիմի նկատմամբ: Ընդ որում, հաշվի առնելով այդ շրջանակների հնարավորությունները, հայաստանյան կապերը, մինչեւ իսկ «խոպանչիների» այն քանակը, որոնք այդ գործարարների մոտ են աշխատում, նրանց ընտանիքներով, շրջապատներով եւ տարբեր այլ կապերով հանդերձ: Այսինքն, այդ «հավատարմության ստուգումներ» արտահայտության տակ նաեւ կարելի է տեսնել հականիկոլյան մեկ մեծ համակարգի ստեղծման հեռանկար, որը կգործի անգամ Նիկոլի վերարտադրման դեպքում:
Ամեն դեպքում, փորձագիտական աղբյուրը միտքը տանում է հետեւյալին. «Ռուսաստանի համար Հայաստանն այժմ առաջնահերթություն է Կովկասում եւ կմնա այդպիսին հաջորդ տասնամյակում։ Մոլդովայի հետ միասին այն պոտենցիալ լարվածության եւ Արեւմուտքի հետ բախման կետ է՝ տնտեսական, քաղաքական եւ նույնիսկ հնարավոր է՝ ռազմական։ Ոչ մի սցենար չի բացառվում»: Ինչ խոսք, մտահոգիչ, ավելին` վտանգավոր հեռանկար է, բայց ի սկզբանե հենց դա էլ ենթադրելի էր` Նիկոլի քաղաքական կուրսը հաշվի առնելով:
Մյուս կողմից, Ռուբիոյի հայաստանյան այցը եւս եկավ հուշելու, որ իրականում գործ ունենք ոչ թե Մոսկվայի` Նիկոլի դեմ կռվի (դա անլուրջ կլիներ), այլ` Ռուսաստան–Արեւմուտք դիմակայության հետ: Միայն թե հաշվի առնելով, որ Արեւմուտք ասվածն էլ արդեն երբեմնի միատարր հասկացությունը չէ, եւ դա ներկա խաղին որոշակիորեն խուճուճ տեսք է տվել:
Իհարկե, դեռ հասկանալու շատ հարցեր կան, թե իրականում ինչ էր Հայաստանում փնտրում պետքարտուղարը, ինչքանո՞վ էր նրա այցը համահունչ իր ներամերիկյան մրցակցի` փոխնախագահ Վենսի այցի հետ: Բայց ամեն դեպքում ասել, թե Ռուբիոյի այցի տակ, հաշվի առնելով նաեւ ստորագրված փաստաթղթերը, ընդգծված աշխարհաքաղաքական երանգներ կամ Մոսկվային ուղղված հստակ մարտահրավեր կա, դա էլ դեռ հաստատ չէ: Հայաստանում կարող է եւ իրողություններ փոխվեն: Իսկ Ռուբիոն ընդամենը ֆիքսում է այն, ինչ այս պահին կա` թեկուզեւ այլ իշխանությունների դեպքում դիրքերի շարունակականության իմաստով:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67551

