Ո՞ւմ հոգեհացին է ուզում «վայիս» լինել Զավենիչը
ՆերքաղաքականԻնչու է վերստին ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ուզում վերադառնալ խորհրդարան՝ այս անգամ իր «Հանրապետություն» կուսակցությունով, այլեւս գաղտնազերծված է: Դիլիջանում անցկացրած քարոզարշավի ժամանակ Զավենիչը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե ցանկանում է օրենքով արգելել հոգեհացը:
«Չկա ընտանիք, որ այդ խնդրի հետ շփված չլինի: Մարդն իր վիշտն ու դարդը թողած՝ հոգեհացի խնդիր է լուծում: Հետո գերեզմանի խնդիր է լուծում, որ կողքի գերեզմանից պուճուր չլինի, ավել ծախս են անում, որ չասեն՝ ամոթ է: Այս ամեն ինչը պիտի օրենքով կարգավորվի ու այս խնդիրները պիտի լուծվի: Ժողովուրդ ջան, մենք նաեւ այս խնդիրներն ենք տանելու Ազգային ժողով ու նման խնդիրներ ենք բարձրացնելու, որ մարդկանց փոքր հարցերից մինչեւ մեծ հարցեր կարողանանք իրավական եւ օրենսդրական առումով լուծումներ տալ», - մանրամասնում է Արամ Սարգսյանը:
Ի՞նչ է իրականում հոգեհացը, բարեպաշտական սովորություն, որով մենք մեր ունեցածից բաժին ենք հանում մեր հանգուցյալների հոգու փրկության համար: Կարո՞ղ է Զավենիչն ուղղակի կուսակիցներին է գլխանց զգուշացնում, որ հունիսի 7-ին՝ իրենց քաղաքական «հուղարկավորությանը» ոչ մի հացկերույթ չի հաջորդելու, որովհետեւ ձայներ փոշիացնողների հոգիները չեն ունենալու հոգու փրկություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

