Նիկոլի թուրքամետ քաղաքականությունը սպառնում է Հայաստանին որպես պետությանը
ՆերքաղաքականԻ՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե իշխանության ղեկին մնա ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Հարցը պարապ չէ, եւ դրա վերաբերյալ պետք է ունենալ հիմնավորված պատասխան, որպեսզի հետո գլուխներս նորից չբռնենք՝ թե այս ինչ պատահեց:
Այսպիսով, հիմնվում ենք փաստերի վրա եւ եզրակացություններ անում:
Նիկոլը տանում է դեպի համատարած բռնապետություն
Ընթացող նախընտրական խայտառակ քարոզարշավը ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական մեծամասնություն ստանալու դեպքում հետագայում հաստատվելու է համատարած բռնապետություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը փորձում է քողարկել անձնական նպատակներով ընդդիմության եւ բիզնեսի ճնշումները «օլիգարխների դեմ պայքարի» անվան տակ, որպես նախընտրական կուսակցական քարոզարշավ:
2026 թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՔՊ» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում Լոռու մարզում հայտարարեց «Արարատցեմենտ» գործարանի «ազգայնացման» մասին, որը պատկանում է առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին: Նույն օրը Գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ խախտումների փաստերով քրեական գործ հարուցելու մասին:
Սա առանձին դեպք չէ: Նույնը եղավ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ, որոնք խլվեցին գործարար եւ ընդդիմադիր Սամվել Կարապետյանից: Օրինաչափությունն երկու դեպքում էլ հետեւյալն է. քաղաքական հակառակորդների ակտիվները բռնագրավվում են հակակոռուպցիոն պայքարի պատրվակով, բայց միայն այն բանից հետո, երբ սեփականատերերը հրապարակայնորեն քննադատում են «ՔՊ» կուսակցության քաղաքական կուրսը: Հաշվի առնելով կուսակցության եւ անձամբ Նիկոլի վերահսկողությունը խորհրդարանի եւ կառավարության նկատմամբ՝ «հակակոռուպցիոն» օրակարգը դառնում է քաղաքական ճնշման գործիք, այլ ոչ թե արդարադատության:
Այն, որ իշխանությունը քննադատող ցանկացած գործարար կարող է զրկվել բիզնեսից, վախեցնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողներին: Էլ չենք ասում քաղաքական գործիչների մասին: Մայիսի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը «քայլելու են, բայց սահմանափակ տարածքում»՝ ուղղակիորեն սպառնալով նրանց բանտով: Բանտերում կամ տնային կալանքի տակ են մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ, լրագրողներ եւ անգամ հոգեւորականներ։ Օրերս նրանց ավելացավ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության նախըտրական ցուցակի 2-րդ համարում պատգամավորի թեկնածու Ա․Թեւանյանը։
Նախընտրական շքերտ եւ պաշտպանունակության նվազում
Ընդդիմադիր գործարարների եւ քաղաքական գործիչների նկատմամբ «ՔՊ» ղեկավարության ռազմատենչ գծի ֆոնին ինչ-ինչ պատճառներով նվազում է երկրի պաշտպանունակությունը:
2026 թվականի պետական բյուջեի պաշտպանական ծախսերը կրճատվել են 260 մլն դոլարով (15,2%)։ Սա ռազմական բյուջեի առաջին կրճատումն է 2021 թվականից ի վեր: Զուգահեռաբար «ՔՊ»-ի կողմից վերահսկող խորհրդարանը հաստատեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը 24 ամսից մինչեւ 18 ամիս: Հայկական բանակի մոտ 50 000 մարդ թվաքանակի պայմաններում զորակոչի ժամկետի 25%-ով կրճատումը ստեղծում է անձնակազմի պակաս, որը կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ փոխհատուցել պայմանագրային զինծառայողներով:
Միաժամանակ Ադրբեջանը, ընդհակառակը, մեծացնում է իր պաշտպանական բյուջեն մոտ 4%-ով՝ մինչեւ մոտ 4,7 մլրդ դոլար 2026 թվականին: Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը վտանգավոր նիշի է հասել՝ 1:3, այսինքն՝ Բաքուն պաշտպանության վրա ծախսում է Երեւանից երեք անգամ ավելի:
Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները Արցախի կորուստից հետո ռազմական սպառնալիքը համարում են սպառված՝ հակառակ ռազմատենչ հարեւանի հետ լարված հարաբերությունների ու վերջինիս անթաքույց պահանջների։ Օբյեկտիվ իրականությունը այն է, որ Ադրբեջանը ոչ միայն չստորագրեց խաղաղության պայմանագիրը, այլեւ, ընդհակառակը, ավելացնում է իր ռազմական ծախսերը:
Ինքնիշխանության փոշիացում
«ՔՊ»-ի որոշումների պատճառով ՀՀ ինքնիշխանությունը տուժում է պաշտպանունակության նվազման զուգահեռ:
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդները ստորագրեցին «Թրամփի երթուղի» (TRIPP) տրանսպորտային միջանցքի ստեղծման հռչակագիրը: 2026 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ նախագծի կառավարման համար ստեղծվել է TRIPP Development ընկերությունը, որում ԱՄՆ-ը ստանում է 74%, Հայաստանը՝ ընդամենը 26%, կոնցեսիայի ժամկետը՝ 49 տարի՝ եւս 50 տարով երկարաձգելու իրավունքով: Նախագիծն ընդգրկում է երկաթուղիներ, ավտոմայրուղիներ, օպտիկամանրաթելային գծեր, նավթա- եւ գազատարներ: Ըստ էության, Հայաստանը այս ենթակառուցվածքի (որը, ըստ էության, Ալիեւի պահանջած Զանգեզուրի միջանցքն է) կառավարումը հանձնում է ամերիկյան ընկերությանը 100 տարով (!):
«ՔՊ»-ն պնդում է, որ նախագիծը «կբացի ռազմավարական տնտեսական հնարավորություններ»: Սակայն փորձագետները նշում են. TRIPP մոդելում Հայաստանը հանդես է գալիս որպես «տարանցիկ երկիր, բայց ոչ տարանցիկ կենտրոն»: Ինչպես նշել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը. «Սա տարանցման իմիտացիա է, այլ ոչ թե տնտեսական դիվիդենտ»:
Ադրբեջանն արդեն իսկ հրամայական տոնով հայտարարել է, որ միջանցքը պետք է ապահովի «անարգելք տեղաշարժ՝ առանց Հայաստանի կողմից մաքսային հսկողության»: Թեեւ Վաշինգտոնյան հռչակագիրը հռչակում է «ինքնիշխանության հարգանք», սակայն ամերիկյան ընկերությանը 100 տարով կառավարման փաստացի փոխանցումը ստեղծում է իրավիճակ, երբ Հայաստանը չի կարողանա լիարժեք վերահսկել տեղաշարժն իր տարածքով: Սա խարխլում է երկրի ինքնիշխանությունը առանցքային տարածքային հանգույցում՝ Իրանի եւ Ադրբեջանի սահմանին:
Ազգային ինքնությունը սպառնալիքի տակ է
«ՔՊ»-ի գործողությունները ՀՀ ինքնիշխանության, ազգային անվտանգության եւ հայ ժողովրդի ազգային հպարտության համատեքստում պարզապես ապշեցնում են:
2026 թվականի մայիսին, Բրյուսելում Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդարանի համագործակցության ձեւաչափի նիստի ժամանակ, «ՔՊ» խմբակցության պատգամավորները ձեռնպահ մնացին քվեարկությունից՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին հայտարարություններից զերծ մնալու Ադրբեջանին կոչ անելու առաջարկի վերաբերյալ: Այսպիսով նրանք, ըստ էության, արգելափակեցին փաստաթղթի ընդունումը:
Սա մեկուսացված դեպք չէ: Նախկինում՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն արդեն դեմ էին քվեարկել համատեղ հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության մասին դրույթը ներառելուն: Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը արձանագրել է, որ եվրոպացի պատգամավորները աջակցել են առաջարկին, իսկ իշխող կուսակցության պատգամավորները մերժել են: Այսինքն՝ հրաժարվել են ազգային հիշողության պաշտպանությունից՝ հանուն իրենց անձնական քաղաքական կոնյուկտուրայի:
Եզրակացություն. Եթե հավաքենք թվարկված բոլոր փաստերը մեկ պատկերի մեջ, ապա պատկերը հուսադրող չէ. «ՔՊ»-ի քաղաքական կուրսը համակարգված կերպով նպատակային թուլացնում է Հայաստանը որպես պետություն:
Համակարգային սպառնալիքի բաղադրիչները.
Անվտանգություն.
Պաշտպանական բյուջեի եւ զինվորական ծառայության ժամկետի կրճատումը Ադրբեջանի ռազմական ներուժի մեծացման պայմաններում ստեղծում է ռազմական խոցելիության օբյեկտիվ սպառնալիք: Կուսակցությունը, որը վերահսկում է կառավարությունն ու խորհրդարանը, որոշումներ է կայացնում, որոնք նվազեցնում են երկրի պաշտպանունակությունը անկայուն իրավիճակ ունեցող տարածաշրջանում:
Ինքնիշխանություն.
Սյունիքի տրանսպորտային ենթակառուցվածքի վերահսկողության փոխանցումն ամերիկյան ընկերությանը 99 տարով (ԱՄՆ-ի 74% բաժնեմասի դեպքում) փաստացիորեն ստեղծում է արտատարածքային գոտի Հայաստանի հարավում: Սա սահմանափակում է ինքնիշխանությունը առանցքային տարածաշրջանում եւ Հայաստանը դարձնում է կախյալ երրորդ երկրների աշխարհաքաղաքական շահերից:
Ինքնություն.
«ՔՊ»-ի հրաժարումը Բրյուսելում Ադրբեջանի միջամտություններին Հայաստանի ներքին գործերին դիմակայելու եւ Ցեղասպանության թեմայի պաշտպանությունից ինքնիշխանությունն ու ազգային հիշողությունը դարձնում են սակարկության առարկա, ինչն անընդունելի է:
Արդարադատություն եւ ժողովրդավարություն.
Քաղաքական հակառակորդների տնտեսական ակտիվների ընտրողական «ազգայնացումը», ընդդիմության առաջնորդներին բանտարկությամբ սպառնալիքները, դատախազության օգտագործումը նախընտրական քարոզարշավում. այս ամենը ստեղծում է նախադեպեր, որոնք քայքայում են իրավական պետության ինստիտուտները: Կուսակցությունը, որը իշխանության եկավ կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներով, հակակոռուպցիոն հռետորաբանությունը վերածել է քաղաքական ռեպրեսիաների գործիքի:
Ժողովրդագրական գործոն.
Բնակչության արտահոսքի, ծնելիության անկման եւ զրոյին մոտեցող բնական աճի պայմաններում պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության պահպանմանը: Փոխարենը իշխող կուսակցության քաղաքականությունը պայմաններ է ստեղծում հետագա արտագաղթի համար՝ տնտեսական անկայունություն, անվտանգության նվազում, քաղաքական բեւեռացում:
Զարմանալի չէ, որ Gallup-ի (դեկտեմբեր, 2025) հարցման տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրելու պատրաստ են ընտրողների 16,5%-ը՝ գրեթե երեք անգամ պակաս, քան 53,9%-ը՝ 2021 թվականի ընտրություններում: Ընդ որում, հարցվածների 80%-ը բացասական է գնահատում իշխանությունների գործողությունները, իսկ երիտասարդության 69%-ը պատկանում է չկողմնորոշված էլեկտորատի հատվածին: Իշխող կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ոչ թե ժողովրդի աջակցության շնորհիվ, այլ ընդդիմության մասնատվածության պատճառով:
Ա․ Հովհաննիսյան

