Մեր պարագայում ձայներ փոշիացնելը կեղծ թեզ է. Սուրեն Պետրոսյան
ՆերքաղաքականՕրեր առաջ «Ալյանս» կուսակցությունը դուրս եկավ ընտրապայքարից: Կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը դարձավ 18-ը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ, որը կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է:
— Պարոն Պետրոսյան, նախ կցանկանայի գնահատեիք, թե ինչպես է անցնում նախընտրական քարոզարշավը:
— Շատ լավ է անցնում ամեն բան: Իհարկե, վերջին գնահատականը հունիսի 7-ին ժողովուրդը կտա, բայց մեր գնահատմամբ՝ ամեն բան շատ նորմալ է ընթանում՝ բավականին դրական: Հիմնականում մարզերում ենք լինում՝ Սյունիքից մինչեւ Տավուշ: Երեւանում մեկ օր ենք անցկացրել:
— Եթե անկեղծ եւ օբյեկտիվ գնահատեք, ապա Ձեր շանսերը ԱԺ անցնելու որքա՞ն է:
— Թվերով ասելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց մենք վստահ ենք, որ լավ կլինի: Մնացածը քաղաքացին պետք է որոշի եւ գնահատական տա, քանի որ հանդիպումներն ամեն անգամ ավելի մեծ վստահություն են ներշնչում, բայց դա, բնականաբար, բավարար չէ: Հունիսի 7-ին կորոշվի ամեն ինչ:
—Պատահական չէր հարցս, քանի որ օրեր առաջ «Ալյանս» կուսակցությունը դուրս եկավ ընտրապայքարից եւ նրա առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ես որեւիցե կերպ ինձ իրավունք չեմ վերապահի խառնվել ուրիշի գործերի մեջ, եւ ասել դա ճիշտ, թե սխալ որոշում էր: Ես ասել եմ` մեր պարագայում ձայներ փոշիացնելը կեղծ թեզ է: Թե իրենց պարագայում ինչպես են իրենք այդ հարցին նայում, չգիտեմ, որովհետեւ, մեղմ ասած, «ընդդիմադիրները» ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական առումով իրավունք չունեն իրենց նկատմամբ վստահության պակասը լրացնել մեր մասնակցության իրավունքը սահմանափակելով:
Եթե ունեն բանավիճելու կամ ավելի մրցունակն ապացուցելու, օրինակ եմ ասում, եկեք գաղափարական դաշտով քննարկենք: Առանց այն էլ ռեսուրսների առումով ամբողջությամբ այլ քաղաքականություն են կիրառում: Բայց իրավունք չունեն այդ խոսույթով գեներացնել, ու նաեւ ասեմ, որ չափազանց վտանգավոր օրակարգ է, որով, ըստ էության, մարդկանց պարտադրում են իրենց ընտրության հիմքում դնել տեխնիկական սկզբունքը: Այսինքն՝ ընտրեք վատի ու վատագույնի միջեւ: Անպայման ընտրեք, բայց այդ երկուսի միջեւ: Չեն ասում գնացեք ընտրության ու ընտրեք ձեր համոզմունքների, սկզբունքների, տեսլականի շրջանակներում: Այլ ասում են՝ գնացեք զուտ տեխնիկական սկզբունքով՝ ով ավելի շատ ձայն կստանա, նրան ավելի շատ քվեարկեք: Սա քաղաքական մտքի եւ քաղաքական մշակույթի դեգրադացման ամենավառ օրինակն է:
— Այսինքն՝ Դուք մինչեւ վերջ մասնակցելո՞ւ եք ընտրություններին:
— Բնականաբար: Եթե մենք մասնակցելու չլինեինք, ընդհանրապես չէինք մասնակցի: Ես չեմ կարծում, որ այս մի քանի օրվա մեջ այնպիսի բան պետք է լիներ, կամ կարող է լինել, իհարկե, ֆիզիկական ֆորսմաժորը չհաշված, որ մենք մտածեինք, թե պետք չէ մասնակցել: Մենք շատերի նման ո՛չ ընտրություններից առաջ ենք ձեւավորվել, ո՛չ ակտիվ քաղաքականությամբ սկսել ենք զբաղվել ընտրության ընթացքում եւ ո՛չ էլ մեր քաղաքականությամբ զբաղվելը միայն լայվերով կամ ինչ-որ բաներով է արտահայտված եղել: Մենք միշտ, այս 4 եւ ավելի տարիների ընթացքում եղել ենք գետնի վրա, իրականացրել ենք քաղաքականություն եւ գեներացրել ենք հսկայական մեծ պրոցեսներ ու այսպես շարունակ: Այսինքն, մենք ընտրությունից առաջ չէ, որ ձեւավորվել ենք, որ մի հատ էլ այդ օրակարգերը մեզ վերաբերեն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

