Եթե Նիկոլը դրանց պաշտոն տար, «կազաչոկ» պարելով կվազեին, բայց այսօր ընդդիմադիր ցուցակներում են. Զոհրաբյան
ՆերքաղաքականՆախընտրական քարոզարշավի, ձերբակալությունների նոր ալիքի եւ ընտրություններից սպասելիքների վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:
— Այն ընդդիմադիր ուժերը, որոնք կարծում են, թե Նիկոլը ընտրական պրոցեսով պարտվի, հանգիստ ընդունելու է այդ պարտությունը եւ հեռախոսը վերցնի, ցիվիլ ձեւով շնորհավորի, ապա ասեմ, որ շատ կցանկանամ ունենալ այդպես մտածող մարդկանց լավատեսությունից: Մենք տեսնում ենք այդ տեռորը, որը վերսկսվել է երեկվանից «Ուժեղ Հայաստանի» հանդեպ, ես շարունակում եմ չբացառել, որ ինքը կգնա նաեւ մոլդովական սցենարով՝ մեկ, ինչու ոչ, նաեւ երկու ուժերին ընտրական պայքարից հանելու: Այս պահին, կարծես թե, ուժեղ պրեսինգի տակ է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Ենթադրում եմ՝ մարդիկ իրենց շտաբերի աշխատողներին աշխատավարձ են վճարում, դա վերագրել են չգիտեմ ինչերի:
Եթե Նիկոլին հաջողեց ընտրական պրոցեսից հանել «Ուժեղ Հայաստան»-ին կամ որեւէ այլ ուժի, ու մյուս ընդդիմադիր ուժերը, ովքեր իրական առաջատարներն են համարվում, կշարունակեն Նիկոլի հետ ընտրապայքարը եւ դուրս չեն գա փողոց եւ չեն փորձի նաեւ փողոցային շարժում գեներացնել, այլ հլու-հնազանդ կգնան ընտրության իրենց մի քանի մանդատի համար, ուրեմն՝ կարծում եմ, հասարակությունը այդ ուժերի գնահատականը պետք է տա, քանի որ նրանք կլինեն Նիկոլ ու Նիկոլի ճտեր: Սա կհամարվի, որ սա սցենար է եղել իշխանության եւ ընդդիմության թիկունքում:
Ես կրկին իրավաբանների հետ խոսել եմ, ուրեմն՝ մինչեւ հունիսի վերջ, ըստ սահմանադրագետների, մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, իմպիչմենտի: Եթե ինչ-որ մեկին հանեց, իսկ մնացյալ ընդդիմադիրներն այն հանված ուժի հետ միասին չփորձեցին օրենքի, Սահմանադրության եւ մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում փողոցային պայքար ձեւավորել, չդադարեցրին իրենց մասնակցությունը այդ ընտրական պայքարում, ուրեմն՝ այս ամենը նախապես պայմանավորված սցենար է եղել՝ մի քանի կռճոն մանդատ պոկելու համար: Որովհետեւ երբ տեսնում եմ որոշ ցուցակներում հանգրվանած «ընդդիմադիրների», որ եթե Նիկոլը դրանց, օրինակ, ավագ մասնագետի պաշտոն տար նախարարություններից որեւիցե մեկում, «Կազաչոկ» պարելով կվազեին, բայց այսօր ընդդիմադիր ցուցակներում են: Ցանկանում եմ ասել՝ ողբամ ձեզ…
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

