Ինչ առավոտ սպասել հունիսի 8-ին
ՎերլուծությունՀայաստանի քաղաքական կյանքը մտել է ընտրական ամենաթեժ եւ ամենավճռորոշ փուլերից մեկը: Մինչեւ քվեարկության օրը մնացել են հաշված ժամեր, սակայն քաղաքական մթնոլորտը ոչ թե հանդարտվում, այլ ավելի է լարվում։ Հանրահավաքները, Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած բանավեճը, իշխանության եւ ընդդիմության փոխադարձ մեղադրանքները, տարածքային զիջումների շուրջ աղմուկը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական զարգացումների մասին մտահոգությունները ձեւավորել են այնպիսի միջավայր, որտեղ ընտրողը հաճախ ստիպված է ոչ թե ծրագրերի, այլ վախերի, սպառնալիքների եւ փոխադարձ մեղադրանքների միջեւ ընտրություն կատարել։
Հանրային հեռուստաընկերության եթերում կազմակերպված եզրափակիչ բանավեճը, որը պետք է դառնար քաղաքական ծրագրերի մրցակցություն, շատերի գնահատմամբ վերածվեց փոխադարձ վիրավորանքների, ընդհատումների եւ բարձր ձայների մրցույթի։
Ընդդիմադիր շրջանակներում նույնիսկ շրջանառվում էր հետաքրքիր մարտավարական խորհուրդ՝ իրական ընդդիմադիր թեկնածուները հարցեր չտան Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը պարզ էր. եթե բանավեճի կանոնները նախատեսում են լրացուցիչ ժամանակ հարցին պատասխանելու համար, ապա Փաշինյանին ուղղված յուրաքանչյուր հարց փաստացի նրան տալիս է նոր հարթակ՝ իր օրակարգը ներկայացնելու, սեփական բացատրությունները տալու եւ կրկին դառնալու քննարկման կենտրոնը։
Այս տրամաբանության համաձայն՝ դեբատների գլխավոր ռեսուրսը ոչ թե սուր հարցն է, այլ եթերաժամանակը։ Քաղաքական պայքարում հաճախ ավելի կարեւոր է ոչ թե հակառակորդից պատասխան կորզելը, այլ սեփական ուղերձը հասցնել ընտրողին։
Սակայն երեկվա քննարկումները ցույց տվեցին մեկ այլ խնդիր եւս. Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել քաղաքական բանավեճի մշակույթ։ Անվտանգությունից, արտաքին քաղաքականությունից, տնտեսությունից եւ սոցիալական խնդիրներից խոսելու փոխարեն գերիշխում էին անցյալի մեղադրանքները, անձնական վիրավորանքները եւ հին քաղաքական հաշիվների պարզաբանումը։
Եթե այս նույն մշակույթը տեղափոխվի ապագա խորհրդարան, ապա քաղաքացին կարող է ստանալ ոչ թե լուծումներ առաջարկող օրենսդիր մարմին, այլ անընդհատ աղմուկի եւ բախումների հարթակ։
ՔՎԵԱՐԿԻ՛Ր, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՆՁՆԵԼ
Քարոզարշավի վերջին օրերին առանձնահատուկ աղմուկ բարձրացրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ճանապարհի հետ կապված զարգացումները եղել են սահմանազատման գործընթացի շրջանակում եւ ներկայացվել են որպես Հայաստանի իշխանությունների պահանջ։ Ընդդիմադիր դաշտը սա ներկայացնում է որպես հերթական վտանգավոր խոստովանություն՝ պնդելով, որ եթե իշխանությունները նման կերպ են մեկնաբանում տեղի ունեցածը, ապա վաղը նույն տրամաբանությամբ կարող են արդարացնել նոր տարածքային կորուստներ։
Այս թեման դարձել է ընտրարշավի առանցքային թեմաներից մեկը։ Ընդդիմությունը փորձում է ընտրողին համոզել, որ հունիսի 7-ի ընտրությունները ոչ թե սովորական քաղաքական գործընթաց են, այլ պայքար պետականության պահպանման համար։
Վերջին օրերին ընդդիմադիր քարոզչության հիմնական կարգախոսներից մեկը դարձել է մասնակցության կոչը։ Տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ եւ նույնիսկ կալանքի տակ գտնվող ընդդիմադիր ակտիվիստներ քաղաքացիներին հորդորում են անպայման գնալ ընտրության՝ պնդելով, որ չմասնակցելը փաստացի օգնում է գործող իշխանությանը։
Այս քարոզչական գիծը կառուցվում է մեկ հիմնական թեզի վրա. եթե իշխանությունը վերարտադրվի, ապա կարող են շարունակվել այն գործընթացները, որոնք ընդդիմությունը գնահատում է որպես Հայաստանի դիրքերի թուլացում տարածաշրջանում։
Սրան զուգահեռ ակտիվորեն շահարկվում է նաեւ Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը, որի շուրջ առաջիկայում Նախիջեւանում նախատեսվող միջոցառումները ընդդիմադիր շրջանակները ներկայացնում են որպես հերթական ազդակ Հայաստանի նկատմամբ ապագա պահանջների մասին։
«ՎՃԱՐՈՎԻ ԲՈՂՈՔԻ» ՊԱՐԱԴՈՔՍԸ
Սակայն ընդդիմությունը նույնպես բախվում է լուրջ խնդիրների։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ մեդիա տիրույթում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե ընդդիմադիր հանրահավաքների որոշ մասնակիցներ ներգրավվում են ֆինանսական խթանների միջոցով։
Այս պնդումների շուրջ ձեւավորվել է հետաքրքիր քաղաքական պարադոքս։ Որոշ վերլուծաբաններ նշում են, որ եթե մարդը հանրահավաքի է մասնակցում վճարի դիմաց, ապա նա կարող է շահագրգռված լինել հենց գործող իշխանության պահպանմամբ, քանի որ իշխանափոխության դեպքում նման ֆինանսական հոսքերը կարող են դադարել։
Այսինքն՝ փողոցում իշխանության դեմ կանգնած մարդը քվեախցիկում կարող է ընտրել հենց իշխանությանը։ Թե որքանով է այս վարկածը համապատասխանում իրականությանը, ցույց կտան միայն ընտրությունների արդյունքները։
ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ՝ ՈՐՈՇՈՂԸ ԸՆՏՐՈՂՆ Է
Քարոզարշավի ողջ ընթացքում ակտիվորեն քննարկվեց արտաքին դերակատարների ազդեցության թեման: Տարբեր շրջանակներում տարածվում են իրարամերժ վարկածներ՝ Ռուսաստանի, Արեւմուտքի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հնարավոր շահերի վերաբերյալ։
Մի հատվածը համոզված է, որ արտաքին ուժերը շահագրգռված են գործող իշխանության վերարտադրմամբ, մյուսները հակառակը՝ պնդում են, որ իշխանափոխությունն է սպասարկում արտաքին կենտրոնների շահերը։
Սակայն անկախ այս վարկածներից, ակնհայտ է մեկ հանգամանք. Հայաստանի ընտրությունները վաղուց դադարել են լինել միայն ներքաղաքական գործընթաց։ Դրանք դիտարկվում են նաեւ տարածաշրջանային ուժային բալանսի համատեքստում։
Քարոզարշավի վերջին օրերը ցույց տվեցին մի կարեւոր իրողություն. քաղաքական ուժերը շարունակում են խոսել հիմնականում միմյանց մասին, մինչդեռ հասարակությունը սպասում է պատասխանների՝ անվտանգության, սահմանների, տնտեսության, արտագաղթի, սոցիալական վիճակի եւ ապագայի վերաբերյալ։
Վերջին դեբատները եւ հանրահավաքները կարող են դառնալ Փաշինյանի քաղաքական «ռեւանշի» օրերը։ Բայց նույնքան հավանական է, որ դրանք վերածվեն հասարակական դժգոհության վերջին խոշոր ալիքի։ Ամեն ինչ կախված է մեկ հանգամանքից՝ որքան մարդ կհասնի ընտրատեղամաս եւ ինչ որոշում կկայացնի քվեախցիկում։
Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաեւ այն պատկերացման համար, թե ինչպիսի երկիր են ուզում տեսնել առաջիկա տարիներին։
Եվ որքան էլ քաղաքական ուժերը փորձեն ներկայացնել ընտրությունները որպես կյանքի ու մահվան պայքար, վերջնական խոսքը մնալու է ընտրողին։ Առաջ Աստված…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

