Պահանջում ենք անհապաղ և խիստ արձագանք. Լեւոն Բաղդասարյան
ՆերքաղաքականԴՕԿ Կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Համակարգված եղանակով փորձ է կատարվում ԴՕԿ Կուսակցությանը ձայն տվող ընտրողներին զրկել ազատ և անկաշկանդ ընտրություն կատարելու սահմանադրական իրավունքից։
Մասնավորապես՝
- 8/25 ընտրական տեղամասում բացակայել է թիվ 15 քվեաթերթիկը, ինչի հետևանքով այն չի տրամադրվել ընտրողին։
- Նույնատիպ դեպք արձանագրվել է 2/6 ընտրական տեղամասում։
- 1/22 ընտրական տեղամասում ընտրողներին տրամադրվել են քվեաթերթիկներ, որոնցից բացակայել է թիվ 15 քվեաթերթիկը։
Նույնաբնույթ խախտումների առկայությունը ողջամիտ կասկած է առաջացնում, որ գործում է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ ունի ազդել ընտրությունների արդյունքների վրա և խոչընդոտել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։
Վերոգրյալով պայմանավորված՝ պաշտոնապես դիմում եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ ոստիկանությանը՝ անհապաղ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները, բացահայտել հնարավոր պատվիրատուներին և կատարողներին, իսկ ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական վարույթ և տալ համապատասխան քրեաիրավական գնահատական։
Յուրաքանչյուր գողացված կամ թաքցված քվեաթերթիկ հարված է ժողովրդավարությանը, իսկ յուրաքանչյուր անպատիժ խախտում՝ հարված Հայաստանի Հանրապետության պետականությանը։ Պահանջում ենք անհապաղ և խիստ արձագանք»:

