Այնպես չէ, որ եթե վաղը որոշեցինք սուբսիդավորել ու ասել՝ «վերցրեք տարեք, մենք ձեր փողերը կվճարենք
Տնտեսվարողպերը արդեն կրում են վնասներ ՌԴ սահմանափակումներից, քանի որ, բացի շուկաներ գտնելուց, խնդիր է նաև այն, թե ով է գնելու ապրանքը։ Այսինքն՝ այնպես չէ, որ եթե վաղը որոշեցինք սուբսիդավորել ու ասել՝ «վերցրեք տարեք, մենք ձեր փողերը կվճարենք», շուկաները գրկաբաց մեզ սպասում են,-անդրադառնալով հարցին, թե ի՞նչ վնասներ կարող են կրել հայ արտահանողը կարճաժամկետ հեռանկարում, նման դիտարկում է անում տնտեսագետ Գագիկ Մակարյանը, ընդգծելով.
- Հայաստանի բիզնեսների մեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ հաճախ չեն կարողանում ռիթմիկ մատակարարում կատարել․ կարող է մի ֆուռ ուղարկել, հաջորդը՝ երկու ամիս հետո։ Մատակարարումը պետք է կանոնավոր (ռեգուլյար) լինի, հակառակ դեպքում բիզնեսը կընկնի միջազգային արբիտրաժների, վեճերի, տույժերի ու տուգանքների տակ։ Այստեղ էլ հաջորդ խնդիրն է գալիս՝ ոչ բոլոր բիզնեսմեններն են գրագետ, և կարող են չտիրապետել օտար լեզուներին՝ հաղորդակցության կամ արբիտրաժներում իրենց շահերը պաշտպանելու տեսանկյունից։
Բոլոր խնդիրների լուծումն ունի հետևյալ ձևը․ առաջինը՝ մեր ներքին ստուգումները, որոնք ՍԱՏՄ-ն է իրականացնում, պիտի լինեն պարբերական, պրոֆեսիոնալ և անկողմնակալ, որպեսզի կուտակենք մեր սեփական վիճակագրությունն այն մասին, թե մեր ապրանքները լավն են, թե վատը։ Եթե վատն են, պիտի իմանանք ու այդ ընկերություններին զգուշացնենք, որ որակը լավացնեն, քանի որ պետությունը հիմա Էկոնոմիկայի նախարարության միջոցով աջակցության շատ տարբեր գործիքակազմեր ունի՝ սուբսիդավորում, գյուղատնտեսական սարքավորումների համար զրոյական լիզինգի տրամադրում և այլն։ Հիմա պետությունը պիտի ափսոսա իր ծախսած գումարները և հետևի, որ դրանք լինեն նպատակային՝ անպայման ուշադրություն դարձնելով նաև որակին։ Արտահանման ժամանակ կարելի է Հայաստանի սահմանին պատահականության սկզբունքով ստուգել որոշ արտահանողների ապրանքները։
Տնտեսագետը վստահ է, որ հայկական արտադրանքը իսկապես ունի որակական խնդիրներ.
- Որակական խնդիր կա. որքան էլ մեր պաշտոնյաներն ասում են, որ չկա, ես այդ կարծիքին չեմ ուզում համաձայնել, որովհետև բավականին տեղեկացված եմ տարբեր արտադրողների, ինչպես նաև այդ սերտիֆիկատների առկայության ու քանակների մասին։ Այնպես չէ, որ բոլոր այգիները կամ ջերմոցներն ունեն GLOBALG.A.P., փաթեթավորման GAP կամ ISO ստանդարտներ։ Տոկոսային հարաբերությամբ՝ կարող է ժամանակ առ ժամանակ ռուսական կողմը մեղմ վերաբերվի կամ աչքերը փակի և միայն «ճչացող» թղթերի բացակայության դեպքում սահմանափակումներ կիրառի, բայց երբ արդեն անհրաժեշտություն է լինում ավելի սաստկացնել, ռուսական կողմը դա անում է։ Քաղաքական ենթատեքստ ևս կա՝ ելնելով իրավիճակներից․ եթե քաղաքական խնդիր չկա, չտեսնելու է տալիս։ Այստեղ մեկ այլ խնդիր ևս կա․ տարբեր արտահանողներ ապրանք են բերում ու վերաարտահանում, բայց քանի որ կա տարածքների քարտեզագրում, ռուսական կողմը (նույնիսկ եթե ամեն ինչ մեր օրենքներով է արվում) կարող է պարզել, որ այդ արտադրանքը Հայաստանում չի արտադրվել։

