Դարձել ենք երկիր-прослушка. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:
— Կայացավ խորհրդարանական ընտրությունները, նախ ինչպե՞ս կգնահատեք անցկացված քարոզարշավն ու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գլխավոր բանավեճերը:
— Եկեք ի սկզբանե անկեղծ ասեմ՝ ես չեմ հետեւել: Տոքսիկ բաներից ինձ զերծ եմ պահում: Միայն պատմեցին, որ բոլորը բոլորի վրա գոռում էին: Ես առհասարակ չեմ տեսնում քաղաքական կերպարների եւ դեբատ նայում եմ այն դեպքում, երբ սպասումներ ունեմ: Ներկայիս քաղաքական ներկապնակում, ովքեր մասնակցում էին քաղաքական պրոցեսին, նրանց մեջ ես ունեմ ընկերներ, ֆավորիտներ, մարդիկ, որոնց վերաբերյալ կարծում եմ, որ կայացած քաղաքական գործիչներ են, բայց որ սպասեի քաղաքական «фейерверк»-ի ու նստեի նայեի, ասեմ, որ՝ ոչ, չեմ արել: Կարող է ինչ-որ կտորներ նայած լինեմ՝ զուտ ընդհանուր պատկեր ստանալու նպատակով:
— Օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, թե 300 հազար ադրբեջանցիների գալը Հայաստան բացառվում է: Որքանո՞վ եք հավատում նրա խոսքերին: Սա Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է ու վերջ» շարքի՞ց է, թե՞...
— Այդ մասին ասաց նաեւ Նիկոլը՝ նրբորեն ակնարկելով, թե իբր պայմանավորվածություն կա Ալիեւի հետ, որ մենք փակում ենք արցախցիների Արցախ վերադարձի թեման, իրենք էլ փոխադարձաբար 300 հազար ադրբեջանցիների թեման: Ու դա, ըստ ՔՊ-ական իշխանության, ֆեյք օրակարգ է զուտ Ադրբեջանի ներքին լսարանի համար: Եթե ֆեյք օրակարգ է, հիմա հարց՝ ինչո՞ւ է հունիսի 18-19-ը Նախիջեւանի Օրդուբատ քաղաքում նախատեսված մեծ համաժողով՝ «վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» խորագրով, որը ֆինանսավորվում է պետության կողմից:
Հիշեցնեմ, որ «Արեւմտյան Ադրբեջան» ՀԿ-ի ղեկավարը գործող իշխանության կուսակցության, միլիմեջլիսի պատգամավոր է, եւ այդ ողջ պրոցեսն ու ՀԿ-ն ֆինանսավորվում են Ալիեւի աշխատակազմի կողմից: Այս վերջերս կրկին Ալիեւի աշխատակազմի պատասխանատուներից մեկը՝ Հիքմեթ Հաջիեւը կրկին այդ հարցը բերեց օրակարգ:
Գիտեք, այս իշխանությունն ասաց «Արցախը Հայաստան է եւ վերջ», որոշ ժամանակ հետո դարձավ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Ես` որպես գործիչ, շատ ակտիվորեն համագործակցում եմ տարբեր միջազգային կառույցների հետ, կարող եմ ասել այն, ինչ ես եմ տեսնում: Միջազգային գրեթե բոլոր կառույցներում Ադրբեջանն այս հարցը դրել է՝ որպես իր համար առաջնային օրակարգ: Ավելին, ցանկանում եմ հիշեցնել Ալիեւի վերջին հայտարարություններից մեկը, որ «Ղարաբաղի հարցը լուծելուց հետո, մեզ համար ազգային կարեւորագույն օրակարգը մեր հայրենակիցների վերադարձն է»: Հիմա եթե Նիկոլի հետ պայմանավորվածության արդյունքում Ալիեւն իր հերթական ազգային իղձից հրաժարվել է, չգիտեմ, բայց Եվրոպայի խորհրդում իրենք այդ հարցը բերում են օրակարգ՝ հղում անելով միջազգաին նորմերին, որ փախստականներն իրավունք ունեն վերադառնալու իրենց ծննդավայրերը:
Անգամ ասեմ, որ 30 տարի շարունակ ես չեմ հիշում որեւէ ելույթ, որտեղ իրենք չխոսեն փախստականների, գրավյալ տարածքների մասին: Հետեւաբար, տեսնելով թե Ադրբեջանի համար սա ինչ կենսական հարց է եւ լսելով Ալիեւի հայտարարությունը, որ Ղարաբաղից հետո սա իրենց համար կարեւոր հարց է, դժվար է հավատալ, որ 300 հազար ադրբեջանցների թեման փակված է: Եթե փակված է, ինչո՞ւ է միլիմեջլիսում գործում «մեծ վերադարձ» հանձնախումբը, որը մշակում է օրենսդրական նախաձեռնություններ, թե ինչպես պետք է ապահովվեն ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում: Ու անգամ նրանք պետք է ունենան իրենց առանձին ոստիկանությունը՝ իրենց հայրենակիցների անվտանգությունը ապահովվելու համար: Ինչպես նաեւ սեփական հեռուստաընկերությունները, ակումբները, դպրոցները եւ, բնականաբար, լինեն խորհրդարանում՝ որպես տվյալ երկրում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ:
— Տիկին Զոհրաբյան, որքանո՞վ եք օրինական համարում այն փաստը, որ իշխանությունը, փաստորեն, ուներ հասանելիություն` ողջ ազգին գաղտնալսելու: Այս օրերին եղան իրավապահների կողմից հրապարակված բազմաթիվ նման հրապարակումներ, աղմկոտ ձերբակալություններ: Արդյոք դատարանը տվել է նման թույլտվություն, որպեսզի հասարակ քաղաքացուն գաղտնալսեն:
— Ի՞նչ դատարանի մասին է խոսքը: Իհարկե, բոլորին գաղտնալսում են: Ու ասեմ, որ որեւէ մեկը դատարան չի դիմել՝ որեւիցե թույլտվություն ստանալու համար: Մենք այստեղ եւս տեսնում ենք տոտալ «իգնոռ» եւ անտարբերություն միջազգային կառույցների կողմից, որ համատարած «прослушка» է իրականացվում: Դարձել ենք երկիր-«прослушка»: Սա ոչ միայն նորմալ չէ, այլ նաեւ խայտառակություն է: Ցավոք, ունենք այն, ինչ ունենք: Ու ինչ էլ անի այս ռեժիմը, միջազգային հանրությունը լռելու է:
Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց ինձ տարիներ առաջ Եվրոպական միության մի այլեւս նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նա ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը անգամ քեզ ուղիղ եթերում ուտի, մենք դա ողջունելու ենք՝ ասելով, որ դա արվել է Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու նպատակով, որովհետեւ նա մեզ համար այն կատարյալ գործիքն է, որով մենք այս ռեգիոնում՝ Հայաստանի միջոցով լուծելու ենք Ռուսաստանի հարցերը»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

