Ոլորտը կանգնած է խոշորամասշտաբ կորուստների առջև, գոնե այս պահին ակցիզային հարկի բարձրացումը դիզվառելիքի համար անընդունելի է․Տնտեսագետ
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, ԵՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցումը, ինչպես նաև առաջիկա տարիներին կանխատեսվող գների աճով պայմանավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումն է: Օրինագծով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը:
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ անդրադառնալով ակցիզային հարկի բարձրացմանը, այն կարծիքին է, որ կառավարությունը մի ձեռքով փորձում է սուբսիդավորել այդ ընկերություններին, որպեսզի նրանք կարողանան իրենց ապրանքներն արտահանել Եվրոպա, մյուս ձեռքով ակցիզային հարկ է բարձրացնում, որը հարվածելու է նախևառաջ հենց այդ ընկերություններին․
-Սա նշանակում է, որ գյուղմթերքը, որը մենք արտադրում ենք, որի շուկաներն այս պահին, կարելի է ասել, շատ վատ հարված են ստացել, դրան գումարվելու է դիզվառելիքի թանկացումը, որովհետև խոշոր արտադրողները, բնականաբար, 10-20-100 լիտր չէ, որ գնում են, այլ շատ ավելի շատ, և, բնականաբար, այդ ամենը բերելու է գյուղատնտեսական արտադրանքի գների էլ ավելի բարձրացման։ Մինչդեռ գործող իշխանությունները այս խնդիրների հետ կապված վստահորեն կարող են նշել, որ ոչինչ չեն անում, որովհետև այս պահին, երբ այդ ոլորտը կանգնած է խոշորամասշտաբ կորուստների առջև, գոնե այս պահին ակցիզային հարկի բարձրացումը դիզվառելիքի համար անընդունելի է։

