Նախապատվելի կլիներ, որ ընտրություններից առաջ լիներ ավելի ընդգրկուն եւ լայն համախմբում. Մանուկ Սուքիասյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

— Գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ցանկանում է հանրահավաք անցկացնել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Այդ նախաձեռնությունը շատ արդիական է։ Անշուշտ, նախապատվելի կլիներ, որ ընտրություններից առաջ լիներ ավելի ընդգրկուն եւ լայն համախմբում, սակայն այս պահին ունենք այն, ինչ ունենք եւ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների քվեն բարեհաջող կերպով իրացնելու եւ սպասարկելու համար հիշյալ հայտարարությունը շատ արդիական է եւ հետագա գործողություններ ենթադրող։

Անպես որ, կարծում եմ, որ պարոն Կարապետյանի կոչն անարձագանք չի մնա, եւ հետագա գործընթացների համար արդեն ընդդիմադիր դաշտից կլինեն համապատասխան ազդակներ: Ես սա համարում եմ ողջունելի։

Այսինքն՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, որի նախընտրական ցուցակում էին «Մայր Հայաստան»-ի անդամները, պատրա՞ստ են գնալ այդ առաջարկին ընդառաջ։

Տեսե՛ք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց համատեղ հանրահավաք գործողություններ անելու առաջին քայլն արված է, եւ դա ինքնին խոսուն փաստ է, որ որեւիցե ինչ-որ խոչընդոտող գործոն, հետագա համատեղ քայլեր անելու համար գոյություն չունեն: Հետագայում, թե ինչպիսի քայլեր կձեռնարկվեն, ինչ զարգացումներ կլինեն, իհարկե, ենթակա է քննարկման: Խորհրդակցությունների արդյունքում համատեղ գործողությունների պլան կազմելու հեռանկարից է կախված այդ ամենը: Այնպես, որ պրոցեսները պետք է, որ ընթանան լավատեսական սցենարով։

«ԹԵ ԻՆՉՈՒ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ, ԱՅԴ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՐՑԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ»

Պարոն Սուքիասյան, տարբեր քաղաքական ուժերի կողմից նախքան ընտրությունները՝ նախընտրական շրջանում, եղել են միանալու եւ միասնական ուժով հանդես գալու առաջարկներ: Ո՞րն էր խնդիրը, որ համախմբում չեղավ, եւ ներկայիս իշխանությունը վերընտրվեց։

Ես կարող եմ այս պահին պատասխանել «Մայր Հայաստան»-ի կողմից, որ մենք ինքներս ու քանիցս հայտարարել ենք լայն ֆորմատով համախմբման անհրաժեշտության եւ պատրաստակամության մասին: Իսկ թե ինչու չի ստացվել, կարծում եմ, այդ առումով հարցի հասցեատերը մենք չենք: Բայց ինձ համար առավել ակտուալություն է ներկայացնում՝ անցած ճանապարհին հետահայացք գցելով, առավելապես դեպի ապագան միտված գործողությունների եւ վերլուծությունների հարցը։ Այնպես որ, մեր հայացքը փորձում ենք այս պահին ավելի շատ հետագա անելիքների վրա կենտրոնացնել։

Արդյո՞ք մենք այդքան ժամանակ ունենք, որ հին սխալների պատճառով «կրկին փորձենք»։

Միգուցե ունենք, միգուցե չունենք, չգիտեմ, բայց ունենք այս պահին այն, ինչ որ կա, եւ գոնե, ըստ այդմ, պիտի հետեւություններ անելով շարժվենք առաջ եւ փորձենք հնարավորինս ներառական լինել եւ համարժեք արձագանքել թե՛ քաղբանտարկյալների խնդրին, թե՛ առհասարակ իշխանափոխության օրակարգին: Մենք այդ պայքարին անմնացորդ նվիրվելու որեւիցե տատանում չենք ունեցել ու հիմա էլ չունենք: Մենք պատրաստակամ ենք` նպաստելու եւ մաս կազմելու հետագա արդեն գործողությունների բացթողումները վերանայելով:

«ԱՄԵՆԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԻՏՔԸ»

Դուք դիմել եք Սահմանադրական դատարան։ Ի՞նչ սպասումներ ունեք այս կառույցից՝ հաշվի առնելով, օրինակ, 2021-ի փորձը:

Տեսեք, իրավաբանները մեր կողմից համապատասխան փաստաթղթերը պատրաստել են, որը մուտք է արվել Սահմանադրական դատարան: Այնտեղ անդրադարձ կա տարբեր դրվագների, ընտրությունների կազմակերպման տարբեր թերությունների վերաբերյալ: Բայց, իհարկե, աղաղակող եւ ամոթալի դրսեւորում էր 3 տեղամասերում ձայների առոչինչ համարելը, եւ փաստացի դրանով թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ին պառլամենտից դուրս թողնելը, թե՛ առհասարակ պառլամենտի ընդդիմադիր խճանկարը, ընդդիմադիր ընդհանուր պատկերը փոփոխելու իշխանական այդ մոլուցքը, որը այլ կերպ դժվար է բնորոշել, քան քաղաքական «բեսպրեդել», ինչի արդյունքում ձայների բաշխումը ստացել է ոչ լեգիտիմ բնույթ: Դա «ական է» դրված այս պառլամենտի տակ, որը հետագայում անպայման ինչ-որ կերպ պղպջակների տեսքով դուրս է գալու ջրի երես։

Որպես քաղաքական դաշտի սուբյեկտ՝ իշխանությունները գնացել են բիրտ ուժի եւ հարկադրանքի, իսկ կատարողները պատվեր կատարելու այդ խոտոր ճանապարհով, որը առաջին հերթին ուղղված է սահմանադրական կարգի դեմ՝ երրորդ հանրապետության դեմ։ Ես գտնում եմ, որ դա ադրբեջանական պահանջները կատարելու շարքից է, որպեսզի աղճատեն ընտրողի քվեն եւ ունենան պառլամենտում իշխանական հնարավորինս բարենպաստ դիրք։ Կարծում եմ, որ այդ ամենի հիմքում ընկած է ամեն գնով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու միտքը, որի գեներացիան ի սկզբանե եղել է Բաքվի պատվերը եւ նարատիվը: Այս իշխանություններն էլ, մշակելով սահմանադրական փոփոխությունների նախագիծ, մինչեւ ընտրությունները նենգաբար թաքցրել են հասարակությունից, թե այդ ինչ սահմանադրական փոփոխության նախագիծ են իրենք մշակել:

Եթե իշխանությունը վախեր չունենար, որ ակնհայտ է դառնալու այդ սահմանադրական նախագծի Ալիեւի պահանջներին համահունչ լինելը, պիտի որ նախընտրական փուլում հրապարակեին: Իրենք ունեին վախեր եւ պատերազմի սպառնալիքով ստացել են նախորդ 2021 թվականի ընտրություններից շուրջ 50 000-ով ավելի ձայն, բայց, միեւնույն ժամանակ էլ գրեթե 200 000 ձայնով էլ ավելին ընդդիմությունն է ստացել: Այնպես որ, ձայների հարաբերակցությունը ակնհայտորեն փոխվել է 2021 թվականի համեմատ։ Հիմա մնում է կարողանալ կապիտալիզացնել եւ արդյունքների հանգեցնել ընդդիմադիր տրամադրված մարդկանց քվեները:

Միեւնույն ժամանակ էլ այն քաղաքացիներին, ովքեր այդուհանդերձ քվե են տվել «Քաղաքացիական պայմանագրին», հասու դարձնել, որ այդ խաղաղության բաժակաճառերը, որը Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է, ընդամենը գալիս է սքողելո՛ւ, կոծկելո՛ւ այն ադրբեջանական պատվերը, որը վերաբերելու է մեր պետության հիմքին, մեր անկախության հռչակագրին, Սահմանադրությանը: Ըստ իս, մոտ ապագայում, անգամ ՔՊ-ին ձայն տվածների մոտ, լրջագույն հիասթափություն է լինելու, որից զատ նաեւ այս տնտեսական մարտահրավերները, սպասող թանկացումները, արտահանման սահմանափակումները, իշխանություններին կանգնեցնելու են լրջագույն ճգնաժամի առաջ։

«ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՀԵՏ»

— Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը օգտագործել է իշխանական լծակները, իշխանություն ասում է, որ ընդդիմությունը կաշառք է բաժանել: Ստացվում է, որ երկու կողմերն էլ կարծում են, որ այս խորհրդարանը ոչ լեգիտիմ է լինելու, բայց, այնուամենայնիվ, այն ձեւավորվելո՞ւ է ։

Տեսեք, ես կուզեի անդրադառնալ հնչած պնդումների ակունքներին: Եթե իշխանության պնդումները ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ուղեկցվում են այդ աղմկոտ ձերբակալություններով, որոնք դեռ պիտի ստանան ինչ-որ դատական հանգուցալուծում, ասեմ, որ դեռեւս չկա գեթ մեկ դատական վճիռ` դրա հետ կապված: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, արդեն իսկ փաստ է: Այդտեղ արդեն դատարանը եւս արձանագրեց, որ ձայների չեղարկումը ենթադրում է նոր ընտրություններ, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կացնային տարբերակով չնշանակեց: Այսինքն՝ ի տարբերություն իշխանության պնդումների, ընդդիմության պնդումներն արդեն իսկ շատ կոնկրե՛տ ինստիտուցիոնալ եւ իրավական դրսեւորումներ ունեն:

Իսկ եթե խոսքը վերաբերում է տարբեր է դրվագներով ֆինանսական չարաշահումներին եւ այլն, պետք է արձանագրենք, որ այդ նույն տրամաբանությամբ էլ «Իմ քայլը» հիմնադրամն է ընտրություններից առաջ եւ քարոզչության ընթացքում էլ օգտագործել լծակներ՝ հօգուտ ՔՊ-ի քարոզ տանելու եւ մարդկանց շրջանում քվե կորզելու։ Հետեւապես, այդտեղ իշխանությունները պիտի որ լռեն: Իրենք, մեղմ ասած, ամաչելու շատ բան ունեն: Եվ ընդհանուր առմամբ այս պառլամենտը, այո՛, եթե ուրիշ դրվագ էլ չլիներ միայն կացնային տարբերակով «Բարգավաճ Հայաստան-»ին պառլամենտից դուրս թողնելը բավարար է պնդելու համար, որ մենք գործ ունենք ոչ լեգիտիմ պառլամենտի հետ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում