Չեմ տեսնում միանալու առիթ, առավել եւս, երբ չկա ինչ-որ օրակարգ․ Բաբկեն Հարությունյան
ՆերքաղաքականԽորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում շարունակվում են քննարկումները քաղաքական ուժերի հետագա քայլերի, հնարավոր համագործակցությունների եւ պայքարի ձեւաչափերի շուրջ։ Այս համատեքստում նոր հարցեր են առաջացել ինչպես ընտրություններին մասնակցած ուժերի անելիքների, այնպես էլ վերջին շրջանում հնչող համախմբման նախաձեռնությունների վերաբերյալ։ Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
«ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ ԵՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, Ի՞ՆՉ ՕՐԱԿԱՐԳՈՎ, Ի՞ՆՉ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ»
— Պարոն Հարությունյան, ինչպես արդեն գիտենք, գործարար Սամվել Կարապետյանի կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնության կոչ է հնչել։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կմիանա՞ այդ կոչին:
— Գիտեք, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, գնահատականներ հնչեցնել, բայց եթե կարճ ասեմ՝ կարծում եմ՝ ոչ։ Չեմ տեսնում միանալու առիթ, առավել եւս, երբ չկա ինչ-որ օրակարգ։ Օրակարգը ո՞րն է: Եղել է հայտարարություն, որ համախմբում են, հանրահավաք են անում, բայց ինչի՞ շուրջ են համախմբում, ի՞նչ օրակարգով, ի՞նչ հանրահավաք, եթե բացառում են փողոցային պայքարը, եթե ասում են փողոցային պայքարը կբերի սադրանքների, զոհերի: Յուրահատուկ կերպով կյանքե՞ր են փրկում: Այսինքն, որ մենք՝ ես, բազմաթիվ այլ ընդդիմադիր ընկերներ, կուսակցություններ, 2020 թվից սկսած տարբեր փուլերում փողոցային պայքար ենք իրականացրել, ստացվում է այն ժամանակվա լիդերներին ենք սադրե՞լ: Դա ի՞նչ խոսույթ է, ի՞նչ քաղաքական հիմնավորում։ Ես առայժմ փորձում եմ գտնել քաղաքական տրամաբանություն իրենց քայլերում, բայց դեռեւս չի ստացվում ինձ մոտ։ Հուսով եմ` մի օր իրենց մոտ կստացվի այնպիսի քաղաքականություն վարել, որ իմ ու ինձ նման մարդկանց մոտ քաղաքական տպավորություններ գոնե առաջացնեն։
— Արթուր Վանեցյանն ի՞նչ է պատրաստվում անել, այսպես լռե՞լ ու քաշվել մի կողմ, թե՞ ինչ-որ գործողություններ կան, որոնք դեռ պետք է զարգանան։
— Նախ սպասենք, տեսնենք մանդատները վերցնում են, չեն վերցնում, նոր հասկանանք: Չնայած ես կարծում եմ՝ իրենք վերցնելու են մանդատները։ Եվ այն ուժերը, ովքեր մասնակցել են ընտրություններին, մանդատներ են ստացել կամ պետք է ստանան, դեռեւս անորոշ է, իրենք իրենց քայլերը կհստակեցնեն, մենք իրավիճակը կհասկանանք, նոր հետո մեր անելիքները կորոշենք: Իհարկե, նաեւ գաղտնիք չեմ բացահայտի, որ ասեմ, Վանեցյանը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել , հիմա վերականգնման փուլում է: Նաեւ դա մեծ նշանակություն ունի ներկայիս որոշակի պասիվ գործունեության մասով։
— Ամեն դեպքում, բացառո՞ւմ եք, որ Արթուր Վանեցյանը կմիանա Սամվել Կարապետյանի կողմից ձեւավորվող միասնական խորհրդին։
— Քաղաքականությունը, առավել եւս մեր երկրում, տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, այնպիսի բան է, որ չենք կարող միանշանակ ոչինչ բացառել: Բայց ես շատ քիչ հավանական եմ համարում, ու դա իմ անձնական կարծիքն է: Ասեմ նաեւ, որ դեռեւս մենք կուսակցությունում նման քննարկում չենք ունեցել։ Քիչ հավանական եմ համարում, որ մենք կմիանանք։
«ՄԻԱԿԻ ԴԻՐՔԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ ՍԽԱԼ ԷՐ ՈՒ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ»
— Իսկ ավելի նպատակային չէ՞ր լինի, որ այդ ընդդիմադիր միասնությունը լիներ նախքան ընտրությունները։
— Գիտեք, եթե հիշում եք, Սամվել Կարապետյանը, երբ մտնում էր քաղաքական դաշտ, ասում էր, որ գալիս է համախմբելու, իսկ այդ համախմբումը, ինչպես տեսանք, եղավ հիմնականում երկու կուսակցությունների հետ, որը ստեղծվել էր ընտրություններից մի քանի օր առաջ կամ շաբաթ առաջ: Այսինքն՝ խոսելով ինչ-որ նրա կողմից համախմբման կոչի մասին, պետք է ընդգծենք, որ այն չեղավ, այդպիսի պրոցես տեղի չունեցավ; Նախընտրական շրջանում չհամախմբեց, հետընտրական շրջանում մտածում է համախմբման մասի՞ն, խիստ կասկածում եմ, որ կստացվի նրա մոտ:
— Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ կլինի՞, որ այդքանից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը մանդատները վերցնեն։
— Մանդատների թեման շատ է քննարկվել։ Երկու տարբերակն էլ կարող է լինել արդարացած միայն մեկ պարագայում, եթե հստակ կանգնեն, ընդունեն, որ պարտվել են ընտրություններում: Այդ միակը լինելու սինդրոմից պետք է ձերբազատվեն։ Հաղթելու, կրելու, հաջորդ վարչապետ լինելու խոսույթը եւ միակի դիրքավորմամբ հանդես գալը ոչ թե քաղաքական գիծ էր, այլ` սխալ ու չհիմնավորված։ Իրենք իրենց սխալների արդյունքում ունեն այն, ինչ ունեն: Ընդունում են արդյունքները, մանդատները վերցնում են, սկսում են աշխատել, խնդիրներ բարձրացնել: Ստանդարտ խորհրդարանական աշխատանքային պրոցես: Սա այն դեպքում, եթե վերցնում են մանդատներ։
Իսկ եթե չեն վերցնում մանդատները, այսինքն, ավելի շուտ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, ասում են՝ լեգիտիմ չէ, շատ լավ տարբերակ է, ու այդ տարբերակը նույնպես ընդունելի է, որից հետո նոր թող ներկայացնեն իրենց հետագա քայլերը։ Այսինքն, դրանով նրանք կարող են ապալեգիտիմացնել Ազգային ժողովի աշխատանքը։ Բայց որ ասում են, գիտեք ինչ, լեգիտիմ չէ, բայց մենք մանդատները վերցնում ենք, ուրեմն՝ դուք էլ լեգիտիմ չեք։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

