Սկսեցին խոսել «արա»-ով, «բոմժեր կբոմժացնենք»-ով, «բոքսի տանձիկ կսարքենք»-ով․ Ստեփանյան
ՀասարակությունԵրեւանի ավագանու նիստում կատարված «բեսպրեդելի» եւ նրա հետեւանքների մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ, որը, կարծես թե, իրադարձությունների առաջին պլանում էր։
— Պարոն Ստեփանյան, ի՞նչ պատահեց, ինչի՞ց հրահրվեց վեճը, որը տեսանք ավագանու նիստի ժամանակ։
— Հիշեցնեմ, որ սա եթե չեմ սխալվում, երրորդ դեպքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն իրեն բնորոշ լկտի պահվածք է դրսեւորում: Քաղաքական խոսույթը թողել է մի կողմ, հիմա անցել է արդեն անձնական վիրավորանքների: Իրենք չեն հանդուրժում մարդկանց նորմալ քննադատությունները։ Սկսեցին խոսել «արա»-ով, «բոմժեր կբոմժացնենք»-ով, «բոքսի տանձիկ կսարքենք»-ով, «դուրս արի ասեմ»-ով ու նմանատիպ լկտի պահվածքով։
— Պարոն Ստեփանյան, ո՞վ էր հիմնականում նման խոսույթ օգտագործում։
— «Քաղաքացիական պայմանագրի» կին ավագանու անդամ, որն իրեն թույլ է տալիս օտար տղամարդուն ասել՝ ձեզ բոքսի տանձիկ կսարքեմ, երեւի մարդը բոքսի տանձիկ է սեփական ընտանիքում։ Հիմա դա կարեւոր չէ, ես չեմ ուզում անդրադառնալ իրեն, քանի որ կին է: Որից հետո մարդիկ անցան արդեն վիրավորանքների, ինչին պատասխան ստացան: Հասկացան, որ չեն կարողանում, ինչից հետո, իրենց հարիր ոճով ձեն տվեցին նոր վաշտի նոր աշխատակիցներին: Կարմիր բերետավորների տեղը նոր վաշտ են ընդունել, մի քանի 100 հոգանոց։ Իրենց ձեն տվեցին, որպեսզի օգնության հասնեն։ Այս մարդկանց մեջքի հետեւից հանում ենք իշխանության շորշոփը, տակը ոչ մի բան չի մնում, ուրիշ բան չկա։ Իմացե՛ք։ Իրավապահ համակարգը հանեք ՔՊ-ի հետեւից, տակը բան չկա։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

