Բեմի ընդհատակից՝ դեպի Էմի Ուայնհաուսի ներաշխարհ. համարձակ առաջնախաղ՝ ռուսական թատրոնում
Մշակութային«ՄԵՆՔ ՓՈՐՁԵԼ ԵՆՔ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Դերակատարների շենշող հայացքների ներքո՝ հանդիսատեսը նեղ միջանցքներով հայտնվեց այնտեղ, որտեղ երբեք չէր եղել: Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր բեմի խորհրդավոր ընդհատակում օրերս կայացավ «Wine-house» ներկայացման առաջնախաղը, որը պատմում է բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Էմի Ուայնհաուսի բարդ, հակասական եւ ողբերգական կյանքի մասին։ Ներկայացումը համարձակ անդրադարձ է կախվածության, թունավոր հարաբերությունների, փառքի եւ ինքնակործանման թեմաների շուրջ, որոնք այսօր էլ շարունակում են հուզել հասարակությանը։
Ինչպե՞ս են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերարվեստի ամբիոնի դասախոս, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ուսանողները՝ երիտասարդ դերասանները, հաղթահարել հոգեբանական ծանր նյութը, արդյո՞ք ներկայացումը փորձում է արդարացնել Ուայնհաուսի անհագ սիրուն՝ Բլեյքին, որքանո՞վ էր ռիսկային նման թեմայով բեմադրություն ներկայացնել հայ հանդիսատեսին, ինչպիսի՞ն էր համատեղ աշխատանքը ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանի հետ, որը պիեսի հեղինակն է: Եվ վերջապես, ի՞նչ տեղի ունեցավ այն պահին, երբ առաջնախաղի ժամանակ անսպասելիորեն կոտրվեց բեմական սեղանը։ Այս եւ այլ հարցերի պատասխաններ բացահայտել է «Իրավունքը» ներկայացման բեմադրիչ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ զրույցում:
«ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԵՌՈՒ ՉԷ»
— Էմի Ուայնհաուսի կյանքը հաճախ ներկայացվում է որպես ողբերգություն։ Ունեի՞ք մտավախություն, որ հանդիսատեսը կարող է ռոմանտիզացնել կախվածությունը եւ ինքնաոչնչացումը։ Որտե՞ղ է անցնում այդ բարակ սահմանը։
— Այո՛, նման մտավախություն կար։ Սակայն ներկայացման ընթացքում հատուկ փորձել ենք ընդգծել այն փաստերն ու իրավիճակները, որոնք անմիջականորեն կապված են իրականության հետ։ Հենց այստեղ է անցնում այդ նուրբ սահմանը՝ երբ հանդիսատեսը տեսնում է, թե կախվածությունը եւ ինքնակործանումը մարդուն ուր կարող են հասցնել։
Իհարկե, յուրաքանչյուր մարդ իր դիտակետն ունի, բայց արդեն ունենք հանդիսատես, որը շատ հստակ կարդացել է այն ուղերձները, որոնք փորձել ենք փոխանցել։
— Որքանո՞վ էր բարդ երիտասարդ դերասաններին տանել այնպիսի հոգեբանական մութ տարածքներ, ինչպիսիք են կախվածությունը, թունավոր սերը եւ ինքնակործանումը։
— Որոշ դժվարություններ, իհարկե, եղել են, բայց պետք է նշեմ, որ ներկայացման թեմաները մերօրյա իրականությունից այնքան էլ հեռու չեն։ Դրամատուրգիան ուղիղ կապեր է ստեղծում այսօրվա կյանքի հետ։ Այդ երեւույթները կարելի է հանդիպել տարբեր միջավայրերում, նույնիսկ դպրոցներում։
Դերասանները շատ լավ հասկանում էին, թե ինչի մասին է խոսքը, քանի որ հաճախ փորձերի ընթացքում օրինակներ էինք բերում իրական կյանքից։ Կարծում եմ՝ այդ շեմը հաղթահարել ենք։
«ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԴԱՏԵԼ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՆԵԼԸ ՉԷ»
— Ի՞նչ եք կարծում՝ այս ներկայացման գլխավոր հակառակորդը ո՞վ է՝ Էմիի անհագ սեր Բլե՞յքը, թե՞ հենց Էմին։
— Կարծում եմ՝ տարբեր փուլերում տարբեր հակառակորդներ կան։ Սակայն եթե ամբողջ պատմությունը դիտարկենք մեկ ամբողջության մեջ, ապա հակառակորդ են ե՛ւ Բլեյքը, ե՛ւ Էմին՝ իր բնավորությամբ, ընտրություններով եւ ներքին հակասություններով։
— Շատերը կարծում են, որ Էմիի մահվան մեջ մեղավոր է Բլեյքը։ Ձեր ներկայացումն արդարացնո՞ւմ էր նրան, թե՞ հակառակը։
— Իրականում չեմ կարծում, որ արդարացնելը կամ չարդարացնելը ներկայացման հիմնական խնդիրն է։ Մեզ համար ավելի կարեւոր է ամբողջ պատմությունը փոխանցելը։ Բնականաբար, Բլեյքի կերպարը մարմնավորող դերասանը, ինչպես ցանկացած դերասան, փորձում է հասկանալ եւ ներքուստ արդարացնել իր կերպարի գործողությունները, սակայն ներկայացման նպատակը որեւէ մեկին արդարացնելը կամ մեղադրելը չէ։
Մեր խնդիրը պատմությունն ամբողջական ներկայացնելն է։ Իսկ թե հանդիսատեսն ում կարդարացնի, ում կմեղադրի կամ ինչ գնահատական կտա հերոսներին, դա արդեն թողնում ենք հենց հանդիսատեսի հայեցողությանը։
«ԱՐՎԵՍՏՆ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ»
— Կա՞ն փաստեր կամ դրվագներ Սառա Նալբանդյանի պիեսից, որոնք Դուք գիտակցաբար չեք ներառել, որովհետեւ չափազանց դաժան էին բեմի համար:
— Սառա Նալբանդյանի հետ աշխատանքը շատ ներդաշնակ էր։ Մենք գրեթե միաժամանակ էինք գրում եւ բեմադրում պիեսը։ Մի տեսարանը գրվում էր, հաջորդ օրը փորձվում։ Այդ պատճառով գրեթե ոչինչ դուրս չի մնացել։ Շատ արագ էինք հասկանում միմյանց, կարելի է ասել՝ կես բառից։ Թվում էր, թե մի քանի տարի արդեն իրար հետ աշխատել ենք այս գործի վրա:
— Համաձայնեք, որ հայ հանդիսատեսի համար՝ ներկայացումը շատ համարձակ է, ունեի՞ք ներքին տագնապ, որ աղմկոտ են լինելու արձագանքները եւ դրան պետք է կարողանալ դիմակայել:
— Այն կարող է շատ համարձակ համարվել, բայց կարծում եմ՝ արվեստն առանց համարձակության հետաքրքիր չէ։ Հենց այդ համարձակությունն էլ մեզ մղեց անդրադառնալ այս թեմային եւ ոգեւորեց աշխատել դրա վրա։ Մեր ամբողջ ստեղծագործական խումբը երիտասարդներից է կազմված, իսկ երիտասարդությունն առանց համարձակության, կարծում եմ, կարող է անհետաքրքիր թվալ։
Բացի այդ, պատմությունն ինքնին համարձակ է։ Էմի Ուայնհաուսի կերպարը հենց համարձակ կերպար է։ Բավական է թերթել նրա լուսանկարները, դիտել համերգներից կամ առօրյա կյանքից պահպանված տեսանյութերը, էլ չեմ խոսում ֆիլմերի եւ վավերագրական նյութերի մասին, որպեսզի հասկանաս, թե որքան արտասովոր ու համարձակ անձնավորության մասին է խոսքը։
Մեզ համար շատ հետաքրքիր էր ե՛ւ բացահայտել նրան, ե՛ւ փորձել նկարագրել նրա կերպարը։ Դերասանները երկար աշխատանքային փուլ են անցել՝ ուսումնասիրելով Էմիի շարժուձեւը, ժեստերը, վարքագիծը։ Նրանք վերցրել են հստակ ժեստեր, որոնք օգտագործում էր հենց Էմին։
Այս դեպքում մենք հակառակ ճանապարհով ենք գնացել։ Սովորաբար կերպարի վրա աշխատելիս նախ գտնում ենք նրա հոգեբանական շարժառիթները, գործողությունները, ներաշխարհը, եւ հետո անցնում արտաքին արտահայտչամիջոցներին։ Իսկ այստեղ արդեն ունեինք արտաքին նյութը եւ հակառակ ուղղությամբ էինք շարժվում՝ շարժումից, ժեստից եւ վարքագծից հասնելով կերպարի ներաշխարհին ու խնդիրներին։
— Եվ ամենաանհարմար հարցը՝ ներկայացման ժամանակ կոտրվեց սեղանը, որի տակից փայլուն դուրս եկան դերակատարները: Ի վերջո, դա բեմադրվա՞ծ էր:
— Իրականում դա անակնկալ էր բոլորիս համար, որովհետեւ ներկայացման մեկնարկից ընդամենը 9 վայրկյան անց սեղանը կոտրվեց։ Մենք այդ սեղանի հետ ունեինք երեք տեսարան, հետո նորից պետք է վերադառնայինք դրան։ Բայց շատ հետաքրքիր զուգադիպություն ստացվեց. սեղանը կոտրվեց հենց այն հնչած տողի ժամանակ, որտեղ խոսվում էր Էմի Ուայնհաուսի մահվան մասին։ Էմին մահացել է 27 տարեկանում… եւ գրեթե նույն պահին սեղանը կոտրվեց։
Հանդիսատեսից գրեթե ոչ ոք չհասկացավ՝ դա նախատեսվա՞ծ էր, թե՞ ոչ, որովհետեւ ամեն ինչ շատ բնական եւ գեղեցիկ տեղի ունեցավ։ Թվում էր, թե այդ դրվագը ներկայացման գեղագիտության մասն է, եւ շատերը մտածեցին, որ այն բեմադրված էր։ Բայց պետք է ասեմ, որ այդ ամենը բեմադրված չէր։
Այդ հատվածում շատ հետաքրքիր տեսարան ունեինք, որը պետք է խաղայինք, սակայն դերասանները փայլուն դուրս եկան իրավիճակից եւ նույնիսկ ավելի հետաքրքիր լուծում առաջարկեցին։ Դրանից հետո փոխեցինք սեղանը եւ շարունակեցինք ներկայացումն այնպես, ինչպես նախատեսված էր։
Պետք է խոստովանեմ, որ դա շատ հետաքրքիր փորձառություն էր, որովհետեւ բոլորս՝ դերասանները, ես եւ ներկայացման վրա աշխատող տեխնիկական խումբը, զգացողությունների տարբեր փուլերով անցանք։ Մենք բոլորս գիտենք ներկայացման ընթացքը, եւ երբ հենց սկզբում նման բան է տեղի ունենում, հասկանում ես, որ առաջնախաղի հետ կապված առանց այն էլ մեծ լարվածությունը կրկնապատկվում է։ Այդ պահին արդեն ավելի համարձակ որոշումներ էր պետք կայացնել, որպեսզի կարողանայինք հաղթահարել իրավիճակը եւ շարունակել ներկայացումը։
Ի դեպ, «Wine-house» ներկայացումը համալրել է թատրոնի խաղացանկը՝ հանդիսատեսին առաջարկելով ժամանակակից երաժշտական մշակույթի ամենավառ կերպարներից մեկի կյանքի նոր թատերական ընթերցում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

